ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Կիսալուսնի վտանգները (իշխանությունների պատերազմը)

Կիսալուսնի վտանգները (իշխանությունների պատերազմը)
27.06.2014 | 12:01

Հայերը թուրքերի հետևից կրնկակոխ վազում էին, հընթացս կրակելով՝ սրընթաց արշավում էին մեր հարյուրյակներն ու գնդապետ Սալիբեկովի Զեյթունի հեծյալ գունդը։ Թուրքերը փախան 50 վերստ։ Նրանք փախան դեպի սարերը և մի քանի օրից միայն կարող էին հավաքվել։
Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված։


Ալեքսանդր ՇՆԵՈՒՐ, 1918-ի Մայիսյան հերոսամարտի
Սարդարապատի զորամիավորման շտաբի պետ

ԴԱՆԱԿՆ ՈՒ ՈՍԿՈՐԸ, ԿՈՒՍՏՈՄՍՆ ՈՒ ՈՐԿՈՐԸ
(ֆելիետոն նամե)
Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում անսպասելի հանդիպեցի գործարար բարեկամիս։ Ավելի ստույգ՝ նա գտավ ինձ. «Մերսեդեսի» ազդանշանը երգեցիկ և թանկ հույզեր արթնացրեց։ (Մոռացա անգամ աչքերս խարտող նորհայկական գլուխկոտրուկը, հորդ անձրև էր, սակայն ջրցան մեքենան հորդաբուխ ջրցանում էր Կարապի լճի հարակից սիզամարգը)։ «Մերսեդեսը» կառանված էր կարմիր գծավանդակում։ Գործարար բարեկամս անտեղյակ էր, որ կարճաժամկետ կալանքի մեջ է, կարմիր վանդակում կառանվելու համար պիտի վճարի։ «Մերսեդեսի» սրահում, ինչպես միշտ, հնչում էր նրա պաշտելի «Լորկեն»։ Լևոնը Մոսկվա էր տեղափոխվել 2008-ի մի չարաբաստիկ հանդիպումից հետո։ Հրավիրել էին N նախարարություն, փոխնախարարի պաշտոնն զբաղեցնելու համար։ Հաշվի էին առել նրա ղեկավարման փորձը և՛ գորբաչովյան հալոցքի շրջանում, և՛ նորանկախական ազատ տնտեսակարգում։ Պատմեց, որ նախարարի նախասենյակից մազապուրծ փախել է, լսելով իր անձի «տեսակավորումը»։ Նախարարը հարցնում է Լևոնի թեկնածությունը առաջարկողին՝ ո՞ր կուսակցության անդամ է, ՀՀԿ-ակա՞ն է, ո՛չ, ՕԵԿ-ակա՞ն է, ո՛չ, միգուցե բարգավաճակա՞ն է, ո՛չ։ Բա էդ բոմժին խի եք դեմ տվել, աներեր եզրակացնում է ոտից մինչև պորտը, պորտից էլ մինչև կզակը քաղաքականացված նախարարը։ Ի դեպ, Լևոնը Մոսկվայում ճարտարապետական մի խոշոր ընկերությունում որպես փորձագիտական խմբի ղեկավար է աշխատում, 25 հազար եվրո կայուն աշխատավարձով։ Ես լավ եմ հիշում, «էդ բոմժն» իր կահույքի արտադրամասն ուներ, վճարում էր աշխատավարձը կանոնավոր ձևով, փայտամշակումից առաջացած թեփը բաժանում էր կարիքավորներին։ Ի դեպ, թեփը հիանալի վառելանյութ է, ամբողջությամբ ջերմության է վերածվում, շրջակա օդը չի աղտոտում և բազում ծառեր է փրկում կացնահարումից։ Լևոնը արտադրամասն աշխատեցրեց 1988-ից մինչև 2008-ը։ Հետո եկավ հարկային բռնաճնշումների ժամանակը։ Եվ լևոնները հեռացան. դանակը հասել էր ոսկորին, և բութ էր դանակն այդ և ժանգոտ։
Ի՞նչ ցուցանեց առակն այս. բացահայտելու նպատակով նավարկենք դեպի պամֆլետ-լճակը։

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՃՈՂՎԱԾՔԸ
(պամֆլետ-օրատորիա)
Մենք արդյո՞ք լիարժեք հասարակություն ենք։ Կասկածում եմ։ Մենք շարունակ ապրում ենք տեսիլքներով, շարունակ անցյալ փառքերի հաշիշալիցք բարձերի վրա ենք դնում մեր տառապած, ոչ փառապանծ գլուխներն ու երազում, թե ոնց էլ լինի Արտաշես Աշխարհակալի և Տիգրան Մեծի ժառանգները կդիմակայեն, կհաղթահարեն, և, իհարկե, ի վերջո կվերականգնեն «Ծովից ծով Հայաստանը»։ (Ի դեպ, անվերապահ խոնարհվելով Արտաշես Աշխարհակալ մեծագործ արքայի առջև, խիստ վերապահումներ ունեմ Տիգրան Բ-ի նկատմամբ)։ Թույլ տվեք վերապահումներս ներկայացնել ձեզ։ Ահավասիկ ինչ է հատկանշում Հայկական սովետական հանրագիտարանի 11-րդ հատորի 699-րդ էջը. «Տիգրանակերտը կարճ ժամանակամիջոցում դարձել է Արևելքի հելլենիստական տիպի հռչակավոր քաղաքներից։ Տիգրան Բ Մեծի շքեղ պալատը գտնվել է քաղաքից դուրս, պարտեզների և ծաղկանոցների մեջ։ Տիգրան Բ Մեծը Տիգրանակերտում վերաբնակեցրել է հայ ավագանու շատ ներկայացուցիչների, բայց բնակչության հիմնական զանգվածը կազմել են Կապադովկիայի, Ասորիքի, Միջագետքի, Պաղեստինի, Փյունիկիայի քաղաքներից բերված օտարերկրացիները։ Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ծաղկուն շրջանում ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Տիգրանակերտը նվաճվել և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ.թ.ա. 69-ի արշավանքի ժամանակ։ Օտարերկրյա բնակիչներից շատերը լքել են քաղաքը»։
Տիգրան Բ Մեծի արքունիքում հունարենն էր խոսակցական լեզուն։ Եվ սա այն դեպքում, երբ Տիգրանի թիկունքում առնվազն 2-հազարամյա հայկական քաղաքակրթությունն էր լեռնացած։ Եվ մի՞թե Տիգրանակերտի հույն բերդապետը պիտի կենաց ու մահու կռիվ մղեր եթե ոչ արյունակից, ապա վստահաբար դաշնակից հռովմեացոց դեմ։ Ի դեպ, պատմությունը ոչ միայն պատմաբանների ձեռամբ է կերտվում։ Կան բազում բանավոր խոսք ու զրույցներ, որոնք, ահա, հաստատում են, որ Տիգրանակերտի կայազորը երկու տարի յուր վարձավճարը չէր ստացել։
Այսպիսով մոռանում ենք փառակալած անցյալը, անցնում ենք մեր կայծկլտուն նորանկախությանը և փորձում դասեր քաղել։ Չէ՞ որ պատմության դասի վատ սերտումն է մեր ներկա հեղեղումների գլխավոր դրդիչը։ Ինձ կարող եք չհավատալ, բայց պայծառամիտ Սևակին Պարույր, հուսամ, չեք անտեսի, նա է վերոնշյալը մեզ պատգամում։ Խնդրեմ, այսօր գիտնականները մեր պատվարժան ահասարսուռ փաստեր են ներկայացնում. 1991-ին ՀՀ-ում ապրում, հզոր և ազգային պետականություն էր երազում 32 հազար գիտնական։ Այսինքն, երկրի բնակչության 1 տոկոսը պրոֆեսիոնալ գիտնական էր։ Փառահեղ թվաբանություն է, այնպես չէ՞։ Հարկավ, սակայն 23 տարի անց (շատ գիտաշխատողներ հենց այս տարիքում են «ներխուժում» գիտության կաճառները) ՀՀ-ում առկա է 4 հազար գիտնական, այսինքն, գիտնականների թվաքանակը կրճատվել է ուղիղ 8 անգամ։ (Ինչպիսի՜ խորհրդանշական զուգադիպություն, չէ՞ որ մեր արիական աստղը ևս ութանկյուն է)։
Առակն այս ի՞նչ ցուցանե։ Ցուցանե մի բան. պատմությունն արդյունք է, ոչ թե արցունք։ (Միտքը մերօրյա պատմաբաններից մեկինն է, ցավոք, ազգանունը չեմ հիշում)։ Եվ մի՞թե 1991-ի Տեր-Պետրոսյանի փառահեղ հաղթանակը նախագահական ընտրություններում պետականության և ազգային ինքնության աստիճանական կորստի նախերգանքը չէր։ Եթե մեր գիտնականն ու մանկավարժը, երգահանն ու նկարիչը 1992-ի գարնանն ընդվզեին, գուցե թե կանխվեր երկրի տնտեսության վայրագ բռնագրավման էպոպեան։ Լավ, այն օրերին Արցախի ազատագրման համազգային և համապետական գերխնդիրն էր հրապարակում, և մենք արդյունք արձանագրեցինք։ Սակայն պատերազմում կորովի հաղթող, խաղաղ շինարարության օրերին հնազանդ նահանջողներ ենք։ Եվ այսօր էլ մեր ազգային վերնաշերտը, այսինքն՝ մտավորականությունը, բարոյական մեծ նահանջի մեջ է։ Ահա հրապարակում երկու ընդդիմադիր առուներ են հոսում, «ԴԵՄ ԵՄ» երիտշարժումն ու ազատամարտի վետերանները։ Մտավորականությունը հայեցողական հիացումի և սպասման մեջ է։ Եվ նրա սպասումները, անկասկած, արդարացել և շարունակում են արդարանալ, երկիրը թավշյա գաղութացման ճանապարհն է հաղթահարում։ Եվ մի՞թե անբարո չէ, երբ անիծում եք Հյուսիսային պողոտան ու նրա կնքահայրերի յոթանասունութ պորտը, երբ աչքի առջև Աֆրիկյանների տունն է հոշոտվում, և մենք երիտասարդներին թև ու թիկունք կանգնելու փոխարեն անվտանգ հեռուներից հիանում ենք, էլ ավելի հեռու քայլում և անիծում ենք ժամանակի իշխանություններին։ Է, դա մի՞թե դույզն-ինչ զսպում է նրանց նվաճողական ախորժակը։ Բնավ, զի իշխանությունները և նրանց թև ու թիկունք արտաքին չարագուշակ ուժակենտրոնները, անկախ այն բանից, թե որ դրոշի տակ են ասպարեզ իջնում, մեր ատամները լավ են հաշվել, ահավասիկ մի դրվագ մեր երեկվա օրերից։ Երբ գերմենաշնորհային Ծառուկյանը յուր եկեղեցին էր օծում, իրադարձությանը վայել տոնախմբություն էր երկնել։ Եվ եթե պարզ ու անարատ մեր ժողովուրդը բացօթյա սեղաններն էր ասպատակում, մտավորականությունը, հազարից ավելի մարդ, ինքնաբավ և անողոք գրոհում էր հատուկ իր համար, բացօթյա սեղանների ուտեստները կալորիականությամբ անշուշտ գերազանցող կերակրի վրա։ Ապշեցուցիչ էր մտավորականների բացատրությունը։ Երբ հարցնում էի, թե ինչու են հյուրընկալվել մի վայրում, ուր սեղան է գցվել panem et circensus՝ իմա՝ «հաց և զվարճանքներ» տխրահռչակ հայեցակարգով, պատասխանը հետևյալն էր. «...Դե մարդն ահռելի ծախս է տեսել, ինձ էլ հատուկ հրավիրել է, ո՞նց չգնայի»։ Գնացինք և գնալու ենք, միայն թե վախենում եմ, որ էլ երբեք սեղաններ չգցվեն, զի մենք դարձյալ վախենում, բայց կարծես թե վերջնագրորեն ենք մանկուրտացվում։ Եվ եթե խոսքս վերամբարձ է հնչում, առաջարկում եմ գրազ բռնել հայոց մտավորականության հետ։ Ահավասիկ գրազի պայմանը. էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում ոչ միայն համաժողովրդորեն չենք ընդվզի, այլև արհամարհական քմծիծաղով կպարգևատրենք անպտուղ պայքարի ելած հասարակական ակտիվին։ Իսկ մտավորական քաջածանոթ քծնասպետներն էլ կարդարացնեն մանկուրտացնողների վեհ ջանքերը վասն պետականության պահպանման։

Եվ մի՞թե ժամանակը չէ ըմբռնելու, որ մեր հանրային կատաղի հնազանդության վերջնարդյունքում չափազանց պարարտ հող է նախապատրաստվում քաղաքական դուրսպրծուկների հերթական երամների և նախիրների առաջ։

Առայժմ իշխող կուսակցությունը հնարավորինս գերիշխող դիրքեր է նվաճում քաղաքական շուկայում, ինչը միանգամայն տրամաբանական է, ես կպնդեի, անգամ բարոյական, չէ՞ որ երկրի քաղաքական և տնտեսական զարգացումները պիտի ներդաշն լինեն։ Ի վերջո, տնտեսության լիակատար մենաշնորհմանն այսօր կարծես թե խանգարում է Ծառուկյանի «կայսրության» բրգաձև փռվածքը՝ լայնքով ու երկայնքով։ Սակայն մի՞թե դույզն-ինչ կասկած կա, որ նա միևնույն հակապետական խաղի հանգուցային դերակատարներից է։ Եվ այս պարագայում, հավատացեք (ես լիասիրտ հավատում եմ), մի՞թե ՀՀԿ-ն շատ ավելի ազնվասիրտ չէ. գործում է բացահայտ, չի կոծկում և հեռու է քաղաքական կուրտիզանությունից։ Կեցցե՛ք։ ՈՒ մի՞թե սոցիալիստ հեղափոխիչներին սպասարկող շքեղաշուք շարժակազմերն ավելի ազնվաբարո են, քան ազգայնական-լիբերալների չորսանիվանի հածանավերը։ Եվ ես մտածում եմ, անգամ գլուխ ջարդում, իսկ եթե ողջ խորհրդարանը հանրապետականացվի, գուցե, իսկապես կշտկենք մեր մեջքն ու կպնդենք գոտկատեղը մեր։ Ի վերջո, իշխանակազմի ճանապարհը մեկն է՝ երկրի վերջնական կիսագաղութացումը, ինչին նրանք գրեթե հասել են և, հավատացեք, սպասում են մեր պատասխան քայլերին, վախն ամբարած հոգում, սրտում, որովայնում։

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅԴԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ
(սարկաստիկ հեքիաթ)
Համաշխարհային փորձը հուշում-հիշեցնում է՝ երբ իշխանությունները երկիրն ու ժողովրդին ծայրահեղ անարգման են հասցնում, վրա է հասնում հեղափոխական եղանը։ Ինչպես 1917-ին Ռուսաստանում էր և 2013-ին՝ ՈՒկրաինայում։ Ե՛վ ժողովրդի հետ մեկ բռունցք դառնալու, ներկա օրը մոռանալու և անցյալի հերոսներին (թեկուզ Տիգրան Բ Մեծին) վերակենդանացնելու համար մնում է մեկ բան՝ հայթայթել ընդհանուր ոսոխ, պատերազմել նրա դեմ, փրկել երկիր հայրենին և դարձյալ ու կրկին վայելել Արցախյան հերոսամարտի, Հայաստանի անկախ պետականության հաստատման (այսօր, հասկանալի է, վերահաստատման) գերհասուն պտուղները։ Այս պարագայում էլ մեր իշխանակազմը ճակատագրի ընտրյալն է։ Ոսոխ մի՞թե պիտի փնտրենք. ահա նա կարմրաներկ կիսալուսնի օրհնանքի տակ ցանկացած ակնթարթի պատրաստ է պատերազմի։ Հանուն ազգային պետականության հաղթանակի Էրմենիստանում, որը, անշուշտ, պարփակված կլինի Սարդարապատի հուշահամալիրի տարածքով։
Այնպես որ, խնդիրը մեկն է՝ ո՞վ է ում հետևից կրնկակոխ վազելու։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ