ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հերթը հասավ Համազասպ Բաբաջանյանին

Հերթը հասավ Համազասպ Բաբաջանյանին
27.06.2014 | 00:32

Այսօր մեր կյանքում որոշ անհատներ ակամայից միավորվելով` վերածվել են մի ողորմելի զանգվածի, որոնք կարծես որևէ լուրջ բանի ընդունակ չեն, անգամ սեփական ժողովրդի ծանր վիճակը շտկելուն, որևէ կերպ դրսևորվելուն: Ձեր տեղը քաղաքականությունը չէ: Կասեի նրանց` գնացեք գյուղ և կաղամբ աճեցրեք, որով էլ մանկապարտեզներին էժան բանջարեղեն կմատակարարեք:

Միկոյանի արձանի տեղադրման հարցը հաջող տապալելուց հետո այդ անբաններն այսօր ձեռնամուխ են եղել մեկ այլ փառավոր հայի վարկաբեկման գործին` ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը Երևանում տեղադրելու, թե չտեղադրելու հարցին: Բանը հասել է այնտեղ, որ նրան մեղադրում են 1956 թվականին իր ղեկավարած մեքենայացված բանակի միջոցով հունգարական ապստամբությունը ճնշելու մեջ, որի արդյունքում մոտ 6000 մարդ էր զոհվել:
Հարց, Բաբաջանյանը ճի՞շտ է վարվել, թե՞ ոչ։ Անկասկած, այո` կասեի ես: Էն ժամանակ մենք` խորհրդային մարդիկս, դեռ այնքան հասունացած չէինք, որ կարողանայինք ջոկել թացն ու չորը: Այժմ, երբ չկա ԽՍՀՄ-ը, և տեսնում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, երբ տեսնում եմ, թե ԱՄՆ-ը այս կամ այն երկրում գունավոր հեղափոխություններ կատարելու համար որքան է ծախսում և ամեն երկրում ինչպես է պատրաստ պահում հինգերորդ շարասյունը և կերակրում նրանց, նոր եմ հասկանում, թե ինչու են այսօր փորձում ոչնչացնել ցանկացած հետք, որ մնացել է հզոր պետությունից: Արևմուտքը նույնիսկ անամոթաբար փորձում է նսեմացնել խորհրդային զինվորի տարած փառավոր հաղթանակը: Բայց չի ստացվում, որովհետև ո՛չ անգլիացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ ամերիկացին և ո՛չ էլ որևէ մեկը` լեհ, չեխ, հունգար, բուլղար, ընդունակ չէին ջարդելու ֆաշիզմի ողնաշարը: Դրան ընդունակ էր միայն խորհրդային ժողովուրդը, ինչը և արել է:
Բաբաջանյանն իր երկրի փառապանծ զինվորն էր, որն անցել էր ամբողջ պատերազմի ճանապարհը և այն էլ շատ փառավոր ձևով: Ինչ է, այդ մեծ զորավարը պիտի ձեռքերը ծալած նստե՞ր կամ ոմն Գորբաչով պիտի լիներ և դեմագոգիկ հայտարարություններով հետևեր, թե ինչպե՞ս է կործանվում այն հայրենիքը, որի համար ինքը արյուն էր թափել: Գորբաչովն արյուն չէր թափել, և այդ մեծ կաշառակեր սրիկայի համար մեկ էր, թե ինչպես էր կործանվելու երկիրը: Այսօր միայն սրիկան չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում: ԽՍՀՄ-ը չկա, բայց աշխարհում չարիքը ոչ միայն չի վերացել, այլև հազարապատկվել է: Ամբողջ աշխարհում ԱՄՆ-ը միայն արյուն է հեղում: ՈՒր է Սիրիայի հայ համայնքն այսօր, ինչ է կատարվում Միջին Արևելքում քրիստոնյաների նկատմամբ: Բեռլինի պատի քանդումով և երկու Գերմանիաների վերամիավորումով հիմքը դրվեց այսօրվա աշխարհի քաոսին: Պատի քանդումով դադարեց գոյություն ունենալուց Վարշավայի պակտի երկրների ռազմական բլոկը: Եվ այդ ժամանակ չկար Բաբաջանյանի նման հայրենասեր մեկը, որ սատկացներ երկիրը քանդողներին: Ո՞Ւր է այսօր գնում ՈՒկրաինան: Ո՞Ւր է նայում Պուտինը, երբ նրան է նայում ՈՒկրաինայում ապրող 15 միլիոն ռուս ժողովուրդը:
Ասում են` 1956-ին Հունգարիայում 6000 մարդ է զոհվել, իսկ քանի՞ խորհրդային զինվոր է մեռել Բուդապեշտի գրավման համար: Մենք` հայերս, ինչո՞ւ ենք այդքան հեշտ մոռանում սեփական շահը և անձնազոհաբար կռվում ուրիշի շահի համար: Ինչպե՞ս վարվեց հունգարական կառավարությունը մարդասպան թուրք Սաֆարովի հետ: Ո՞Ւր էր նայում հունգար ժողովուրդը, և այսօր Համազասպ Բաբաջանյանին քննադատող հայը։ Լոնդոնում կանգնեցված է Կրոմվելի փառահեղ արձանը, այն Կրոմվելի, որի ձեռքերը թաղված են հազարավոր իռլանդացիների արյան մեջ: Խորհուրդ կտայի Սաֆարով-Սաֆարյաններին որևէ հայ անվանի մարդուն գնահատելուց առաջ մտածել, թե ինքն ով է և հենց այսօր ինչ է արել իր ժողովրդի համար, եթե ոչինչ, ապա գոնե լռելը ինչ-որ բան անել է նշանակում: Ո՞վ էր Նապոլեոնը: Պատասխանը մեկն է. խոշոր պետական, ռազմական գործիչը հանուն իր երկրի շահի, եթե դա է պահանջում իրավիճակը, միշտ էլ արյուն է հեղում, թեկուզ և անմեղ։ Բաբաջանյանն իր երկրի շահն է պաշտպանել: Հավատացած եմ, որ կգա այն օրը (այսօր արդեն դա նկատվում է), որ ոչ միայն խորհրդային փառավոր անցյալին կտրվի ճշմարիտ գնահատական, այլև նրա անվանի պետական, քաղաքական, ռազմական գործիչներին: Խորհրդային երկրի գաղափարախոսությունը աշխարհն է փոխել: Օբյեկտիվ մարդը չի կարող միակողմանիորեն գնահատել այդ ամենը: Ճշմարտությունը մեկն է` օբյեկտիվությունը: Բաբաջանյան զորավարը օբյեկտիվորեն արտահայտել է իր երկրի շահը: Նա արժանի է ոչ միայն Երևանում արձան ունենալուն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Մարդկային ցեղի պատմությունը պատերազմների ու արյան պատմություն է: Եվ յուրաքանչյուր ազգ (անգամ չունենալով այդ պատմությունը) հպարտանում է իր պատմությամբ: Հանեք մարդկային պատմությունից այդ արյան և պատերազմների պատմությունը, այնտեղ ոչինչ չի մնա: Կուզենայի վերջացնել միտքս հանճարեղ Գորկու խոսքերով. «Եթե քննադատելու լինենք աշխարհում այն ամենը, ինչ արժանի է քննադատության, ապա ապրելու իրավունք ոչ ոք չի ունենա»: Բաբաջանյանը և մյուս խորհրդային զինվորականները, պետական, քաղաքական գործիչները վաստակել են հետմահու ապրելու այդ իրավունքը:

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ