ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս
24.06.2014 | 12:18

(սկիզբը` այստեղ)

Հարցս ուղղում եմ նորանշանակ վարչապետին, նրա կառավարության անդամներին ու վերջիններիս տեղակալներին (ի դեպ, նրանց զգալի մասը նույնիսկ չի էլ ծառայել բանակում). այդ ի՞նչ կախարդական փայտիկի ուժով ու զորությամբ են երկիրը դարձնելու սինգապուրյան: Տեղին է հիշել նաև ՀՀԿ ոչ այնքան անճանաչ դեմքերի` ոչ հեռու անցյալում հրապարակավ արտահայտած այն հայտարարությունները, թե մեր երկիրը ծաղկելու է շուտով, 21-րդ դարն էլ մերն է լինելու: Թերևս, կարևորը ոչ թե կատարելն է, այլ ժամանակ առ ժամանակ փանջունիական ճամարտակումներ բարձրագոչելը:
Պետական գործչի, պաշտոնյայի նվիրվածությունն ու հայրենասիրությունը, եթե, իհարկե, նա դրա կրողներից է, պատերազմական պայմաններում իր կյանքը չխնայելու հանրահայտ պարտականությունից բացի, խաղաղ պայմանների համար երկրի բարիքներն աչքի լույսի պես պահել-պահպանելն է, ազնվորեն ու անշահախնդիր ղեկավարելը: Որքան էլ դաժան լինի իրականությունը, պետք է նկատի ունենալ, որ պատերազմի դաշտում հայրենասեր լինելն ու հերոսանալն ավելի հեշտ է, քան խաղաղ պայմաններում: Քանզի խաղաղ պայմաններում դրա համար պահանջվում են ամենօրյա ու ամենժամյա ճիգ ու գործելակերպ, նվիրում ու պատասխանատվություն: Եվ ամենևին էլ պատահական չպետք է համարել, որ ահագնացող արտագաղթի շարքերը համալրում են նաև արտերկրներում մեր դեսպանատների պետական-դիվանագիտական գործիչները, ովքեր իրենց դիվանագիտական աշխատանքների ավարտից հետո (արդեն մտահոգությունների տեղիք տվող թվաքանակով) մնում են տարբեր երկրներում:
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ֆրանսիական «Nouvel-les d’ Armenie» ամսագրին (թիվ 178, 2011) տված իր հարցազրույցում ցավով և ոչ անհիմն նշել է. «…օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞Ւմ է դա ձեռնտու: Ընդամենը 3 մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզիի՞… Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել, ուրիշ ճար չկա: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, որը կամաց-կամաց մահանում է: Որքա՞ն են նրանք մնացել: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները նշում են 3,6 մլն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոնի, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ո՞Ւմ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞»:
Ցավոք, Ազնավուրի կանխագուշակումները օր օրի, որքան էլ այն անցանկալի լինի, իրականանալու են: Այնպես որ` գյուղական բնակչության անընդմեջ պակասելն առաջիկայում իշխանություններին ստիպելու է խոշորացնել հանրապետության գյուղական համայնքները և աշակերտության թվաքանակի սակավության պատճառով էլ` մի քանի գյուղերի համար թողնել մի դպրոց:
Ամենայն հավանականությամբ, այսօրինակ իրավիճակներից ելնելով է, որ տասնամյակներ առաջ Լեռ Կամսարը գրել է. «Ես իմ գլուխը վարձու կուտամ, կը ծախիմ նույնիսկ: Ներկայ կարգերու մէջ ապրողի մը համար մարմնոյն այդ մասը ոչ միայն ավելորդ է, այլև վնասակար»:
Ավելին, մտածում ես հանճարեղ Մովսես Խորենացու իրավացիության մասին, ով դարեր առաջ իր հանրահայտ «Ողբ»-ում արձանագրել է.
«Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացան:
…Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար… գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականներ, անթիվ նեղություններ են կրում ռամիկները…»:
Ավելի ենք տխրում ու տարտամում, երբ Խորենացու «Ողբից» շուրջ 1400 տարի հետո մեծն Կոմիտասը գրում է. «Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն… Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցաց է իբր հանդերձ, յուր մերկության մտած ծածկի ի միամիտ աչաց… ՈՒր է մեր խոհական Խորենացին… մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն ընչաքաղցությամբ:
Սիրտս փլած է»:
Սրտներս ավելի են փլվում ու տարտամում, երբ Կոմիտասից հետո մեր գրականության ակնառու դեմքերից մեկը` Դերենիկ Դեմիրճյանը մի քանի էջից բաղկացած իր «Հայը» խոհափիլիսոփայական խոսքում գրում է, որ հայը.
«Թուով ամենափոքր է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով` ամենից անփոփոխը:
....Դիվանագիտության մէջ մի բանումն է շատ հոգածու-անկեղծ լինել: Այնքան անկեղծ և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպաւորութիւն է անում:
…. Քծնում է, ստրկանում օտարի ոտքի տակ…հերոսանում է յանկարծ և ծառանում վիշապի նման:
…. Ամէն մի Հայ մի Հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թէ պետութեան և թէ գաղափարների մէջ: Իբրեւ ժողովական` անմիաբան է, անտանելի, խռովարար:
.… Իր օրիէնդացիան բացակայի օրիէնդացիան է: Թաթա՞րն է մօտը` սպասեց Ռուսին: Ռո՞ւսը եկաւ` աչքը եւրոպացուն էր: Եկա՞ւ Անգլիացին` դարձէալ Ռուսին էր սպասում: Ռո՞ւսն է գալիս` չի ընդունում… ՈՒրեմն, իր պետութիւնն է ուզում ստեղծել, չի ուզում ստեղծել` ի՞նչ իմանաս… Մի ձեռքը ճանկռտելով հիմնում է այդ պետութիւնը, միւս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու»:
Ժամանակին մի առիթով էլ Լեոն գրել է, որ հայերն ազգային դիվանագիտության բնագավառում «երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ» է:
Կարդում ենք այս ամենը, տմբտմբացնում մեր գլուխները և լռում… քանզի մեզնից շատերի համար աճպարարների շարժումներով պապանձված մեր լռությունը գին ու հատուցում ունի, որն արտահայտվում է այս կամ այն իշխանական կերակրատաշտակից բաժին, պաշտոն ու կոչում, պարգև ունենալ-կորզելու հանգամանքներով:
Եվ կարծես մեր ազգային միտքը օքսիդապատված ու օսլայապատված է և անընդմեջ անխելքների մեջ փնտրում ենք խելոքներ, աչքներս հառել ենք օտարների խղճահարությանն ու կարեկցանքին և ազգովին գտնվում ենք թմբիրի սարսափելի ազդեցության տակ: Եվ ամեն անգամ մոռանում ենք կամ անտեսում այն պարզ ու հստակ հանգամանքը, որ դեռևս 12-րդ դարում Մխիթար Գոշն է արձանագրել` օրենքի ուժի չգործելու դեպքում միշտ էլ գործում է ուժի օրենքը: Ցավոք, ինչի ականատեսն ենք բոլորս և գրեթե ամեն օր: Հենց այստեղ էլ` առանց այն էլ ծավալուն ստացված խոսքս վերջակետեմ մեծն Չարենցի քառյակով.
Օ, դո՛ւք մեր վաղեմի առաջնորդներ,
Առասպելյան Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին իղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ
ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1851

Մեկնաբանություններ