Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս
20.06.2014 | 11:44

(սկիզբը` այստեղ)

Անդրադառնալով մեր երկրում պետականորեն իրականացվող տնտեսական ու վարչական ծրագրերին, ժամանակ առ ժամանակ իրագործվող բարեփոխումներին, որոնցից շատերը նպաստել են երկրի զարգացմանը, շատ հաճախ մենք մեզ «բռնում» ենք ատելության ճանապարհին և ինքներս մեզ համար, իրոք, դառնում ենք ոչ սիրելի: Քանզի այս ոլորտներում ևս այնքան էլ սրտացավ չենք և ազգային արժեքներն ու երկրի հարստությունները կողոպտման տնտեսական արշավանքների կամ էլ զանազան փորձարկումների ենք ենթարկում: Բերեմ մի քանի օրինակ:
ա) Դեռևս հիմնավորապես չհասունացած վիճակով, 2014 թ. սկզբներին կառավարությունը ներդրեց կենսաթոշակային կուտակային ծրագիրը, որն արդարացիորեն ենթարկվեց քննադատության և բնակչության մի մասի ըմբոստացումներին: Հիմա էլ նույն կառավարությունը և Ազգային ժողովը նույն հաջողությամբ ու «հերոսաբար» պայքարում են այդ օրենքի կասեցման-շտկման, վերստին ներդրման համար: Իշխանական թևը, չգիտես ` կե՞ղծ, թե՞ ազնվորեն, հայտարարում է, որ ինքն էլ է դեմ այդ ծրագրի պարտադիր դրույթներին: Եվ վերից վար իրար հաստատելով ու մերժելով, ասում են` «դե՛մ եմ, դե՛մ եմ»։ Եվ ընդհանուր հայտարարում պարզվում է, որ «դեմ անդեմ են» , կամ «անկողմ լինելով` կողմ են պարտադիրին»:
բ) Կամ մեկ այլ խնդիր: Հանրապետության պաշտոնյաները` խորհրդային իրականությանը բնորոշ գործելաոճով, ըստ իրենց քմհաճույքների, սրա-նրա համար ստեղծում են զանազան մեծ ու փոքր պետական կառույցներ (կոմիտեներ, վարչություններ, բաժիններ), ծախսում ոչ քիչ պետական միջոցներ: Եվ քիչ անց, հենց նույն հաջողություններով էլ հենց նույն պաշտոնատար անձինք էլ այս կամ այն պաշտոնյայից ու աշխատակիցներից ազատվելու համար կատարում են նույն հիմնարկների լուծարումներ ու վերամիավորումներ, հաստիքների կրճատումներ: Եվ ոչ ոք այս ամենի համար պատասխանատվություն չի կրում: Քանզի կարծես բնականոն են դարձել Քաջ Նազարի թագավորության ատրիբուտները` «տղերք, դեսն անցեք», «չէ, չէ, տղերք», կամ էլ երկիրը վերածվել է փորձարարական լաբորատորիայի: Մի խոսքով, մենք կարծես թե մշտապես մեզ համար զանազան խնդիրներ ենք ստեղծում և լծվում դրանց վերացման պայքարին:
գ) Չգիտես` գիտակցված թե անգիտակցված կարգով մեր երկրի այսօրվա գիտական ու մտավոր ներուժը գնալով ոչ թե մեկտեղվում է, այլ ցրվում է այս ու այն կողմ: Օրինակ, հանրապետության մշակութային օջախները` Հայաստանի Ազգային թանգարանը և հանրապետության այլևայլ թանգարանների մի մասը գտնվում են մշակույթի նախարարության ենթակայության, իսկ մնացած մասը` տեղական իշխանությունների տնօրինության տակ: Հայագիտական-հումանիտար մեկ տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ գործում են ԳԱԱ կազմում, մի այդքան էլ զանազան անվանումներով գիտական կենտրոններ` այս կամ այն բուհի, գերատեսչական մարմինների կազմում: Եվ ամեն մեկն իր համար ծրագիր ու թեմաներ է մշակում, մեծ մասամբ և ցուցադրաբար հանրապետական ու միջազգային գիտագործնական կոնֆերանսներ ու գիտաժողովներ գումարում, ամսագիր ու գրքեր հրատարակում։ Եվ այս ամենի արդյունքում կարծես բոլորն էլ զբաղվում են ամեն ինչով, հաճախ էլ կրկնում իրար, կատարում մեկը մյուսի գործառույթները։ Դա արդյունք է նաև պատմականորեն ձևավորված այն փաստի, որ զանազան օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով մենք ձեռք ենք բերել անհատապաշտական անուղղելի հատկանիշներ, որոնք բոլոր ժամանակներում և ամենուր արգելք ու խոչընդոտ են հանդիսանում թե՛ մեր պետական, թե՛ գիտամշակութային հավաքականության գործում: Ի վերջո, մեզնից յուրաքանչյուրն իր անհատականությունը հաստատելու կամ ի ցույց դնելու համար ճնշում կամ կործանում է մեկ ուրիշին: Այդ իսկ պատճառով արագընթաց կարգով սեփականացվում կամ արժեզրկվում են, քամու բերան տրվում դարերով ստեղծված ազգային արժեքները: Առաջացած այսպիսի վիճակով ու մեր անմիաբանությամբ ոչ միայն մեր հակառակորդների օգտին ենք աշխատում, այլև հենց մեր մեջ պարարտ հող ենք սերմանում տգիտության ու ամենաթողության բարգավաճման համար:
դ) Նույնն է վիճակը նաև մարզային ու գյուղական մշակութային տների, գրադարանների պարագայում: Էլ չեմ խոսում կինոդահլիճների վերացման, սոցիալական պայմանների պատճառով հանրապետության բնակչության գրեթե 80 տոկոսի` թերթ ու պարբերականներից զրկված լինելու մասին: Եթե մեր մտքի գանձարաններից Մատենադարանը կառավարությանն առընթեր է, ապա մյուս գանձարանը` Ազգային գրադարանը, մարզերի կենտրոնական և մի քանի այլ գրադարանները ենթարկվում են մշակույթի նախարարությանը: Հանրապետության մնացած գյուղական ու դպրոցական գրադարաններն էլ ենթարկվում են տեղական իշխանություններին ու ղեկավարվում նրանց կողմից: Արդյունքում գյուղական գրադարանների մի մասը փակվել է, մի քանի գրադարաններից բացի, մնացածների գրքային ֆոնդերը գտնվում են խիստ անխնամ վիճակում` քայքայված, խոնավությունից ոչնչացած, շենքերը` ավերակների ու փոշու կեղտերով պատած: Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ գրադարաններն անկախ Հայաստանի իշխանության օրոք` շուրջ 20 և ավելի տարիներ է, ինչ գրեթե չեն համալրվում նոր հրատարակված գրքերով ու պարբերականներով: Ասենք` ինչ համալրումների մասին է խոսքը, երբ հանրապետության շուրջ 960 բնակավայրերի առկայության պայմաններում տպագրվող գրքերի տպաքանակը 200-500 է, թերթերինը` 2000-6000: Գյուղեգյուղ ճրագներով պետք է ման գալ, որ մի քանի գյուղապետեր գտնեք, ովքեր վերջին տարիներին դրամական միջոցներ են հատկացրել իրենց համայնքային գրադարանների ֆոնդերը հարստացնելու գործին: Ասենք` ինչ անհաժեշտություն պետք է ունենա, երբ հենց միայն Երևանում գործող 60-ից ավելի գրախանութները փակվեցին, ու նրանց տարածքները սեփականաշնորհվեցին։ Հետո էլ տեղին-անտեղի պնդում-ասում ենք, թե գրապաշտ ժողովուրդ ենք։ Այս հետնախորքին էլ` 2012 թ., նշեցինք հայ գրատպության 500-ամյակը: Հանրապետությունում ընդամենը 3-4 կինոդահլիճների պայմաններում էլ պարբերաբար կազմակերպում ենք զանազան մեծ ու փոքր կինոփառատոներ։
Այսպիսով, կարծես հանրապետության բնակչությունն անուն չունեցող մի ահաբեկության է ենթարկվել: Եվ այս ամենն էլ հանգեցրել է այն վիճակին, որ ամենուր ոտնահարվում են օրենքը, հայերենը: Օրինակ, մեր պաշտոնյաների ու մտավորականների մի մասը հարցազրույցների, ելույթների ժամանակ խոսում է անկիրթ, հեռուստաեթերը ողողված է գռեհկաբանություններով, կապկում են Արևմուտքի ու Ռուսաստանի հաղորդումները: Եվ, այս ողբալի վիճակի հարատևությունը նկատի ունենալով, ուզես թե չուզես մտաբերում ես Վիկտոր Հյուգոյի այն խոսքերը, թե «Ամեն ինչ ավերակների ու սգի մեջ է, այստեղով թուրքեր են անցել» (իմա` անհոգի ու անպատասխանատու հայ պաշտոնյաներ): Կամ էլ պետք ենթադրել, որ այս տարածքներով անցել են Մսրա Մելիքի հարկահանները:
Եթե այսօր մեր Մատենադարանը իր գիտահետազոտական աշխատանքներով ու նշանակությամբ աշխարհահռչակ է, ապա նույնը չի կարելի ասել քիչ թե շատ անուն ունեցող մեր թանգարանների ու նրանցում աշխատող գիտական կադրերի մասին: Մեր թանգարանների մեծ մասի հարուստ և իրոք Հայաստանի դեմքն ու կշիռն ապացուցող նյութերն ու հավաքածուները և, առհասարակ, Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները դեռևս կարոտ են ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաներով հավուր պատշաճի ներկայացնելուն, այլև բանիմաց զբոսավարների ու զբոսավարական տեքստերի: Այնպես որ ամեն պետության ազգային-ժառանգական լինելու հասկացությունը գնահատվում է ոչ միայն քաղաքական ու տնտեսական կայունություններով, այլև պատմամշակութային ժառանգության գնահատմամբ ու հոգածությամբ, նրա զարգացման ապահովմամբ: Ցավոք, մերօրյա շատ ու շատ պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ իրենց դատապարտելի արարքներով ու գործելակերպերով, քաղաքական կուսակցությունների` իրենց կազմած անբնական դաշինքներով օրըստօրե սկսեցին խարխլել մարդկանց հավատը: Դրանով իսկ շատերը դարձան դիրքերի ու առանձնաշնորհների տերեր, սկսեցին և շարունակում են բզկտել երկրի բնական ու այլևայլ արժեքները:
Վերջերս ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ «իշխող քաղաքական ուժը և ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու համար երկու ձեռքերը. անհրաժեշտ են և՛ աջը, և՛ ձախը: Երկուսն էլ ունեն իրենց հստակ գործառույթները: Նրանցից մեկի խզումից մյուսն ավելի ուժեղ չի դառնում. պարզապես մարդը դառնում է անդամալույծ»: Դիտարկումը շատ ճիշտ է և ընդունելի: Սակայն երբ իշխանական ամբիոններից լսում ենք այդ «ձեռքերից» մեկի` իշխանականի, գործունեության մասին, ապա մեր երկրում գրեթե ամեն ինչը օրինական է, և ամեն ինչը կատարվում է միայն ու միայն հանուն Հայաստանի: Ինչպես նորանշանակ վարչապետ Հ. Աբրահամյանը օրերս հայտարարեց, թե մեր երկիրը գնալու է Սինգապուրի ճանապարհով: Տա՛ Աստված, որ վարչապետը ճիշտ լինի, և սխալվողն ու ներողություն խնդրողն էլ միայն ես լինեմ:
Այս նույն տեսակետից երբ լսում ենք մյուս «ձեռքին»` ընդդիմությանը, ապա երկիրը գնում է փտախտի ու ավազակապետության ճանապարհով։ Արդյոք ժամանակը չէ՞ վերջ դնելու նման աճպարարական գործելակերպին և ժողովրդին մասերի ու մասնամասերի բաժանելու արատավոր վարչարարությանը: Իմ անձնական կարծիքով` ոչ թե ժամանակն է, այլ մեր արագացող վազքերով անգամ դժվար թե կարողանանք հասնել այդ ժամանակին:
Ինչո՞ւ, իրավացիորեն կհարցնի ընթերցողը: Պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է: Քանզի ստի ու կեղծիքի հրապարակային ներկայացումը, անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորելը, մարդկանց հետ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելը, գողին ու կողոպտողին սրբի տեղ դնելն ու հերոսացնելը, այլևայլ արատավոր երևույթները, ցավոք, մեր օրերում դարձել են սովորական երևույթներ: Եվ մեր վերոնշյալ կամ չնշված երևույթներն ու անկարողությունները, տարբեր բնագավառների ապաշնորհությունները քողարկելու համար գրեթե պարբերաբար տարածում-հիմնավորում ենք, թե իբր դրանք կատարվել են արտաքին ուժերի կողմից: Չբացառելով այս կամ այն բնագավառներում արտաքին ուժերի ներգործուն ազդեցությունները, այնուամենայնիվ, դրանք մեծ մասով կապված են մարդու և երկրի արժանապատվության, կամ էլ նրանց ստրկամտության հետ, որն էլ արտահայտվում է զանազան եղանակներով:
Անդրադառնանք մեկ այլ հարցի: Վերջերս մեր նորանշանակ վարչապետը նախորդ կառավարության անդամների վերաբերյալ աջ ու ձախ հայտարարում է (մինչ այդ էլ` ՀՀ նախագահը վարչապետի նշանակման-ներկայացման առիթով), իսկ ՀՀԿ անդամ նախարարներն ու իշխանական պատգամավորներն էլ, անգիր արած, կրկնում են, թե «գնացողի» մասին չեն խոսում կամ չի կարելի վատ խոսել: Այստեղ պարզապես «հիացմունք» կարելի է արտահայտել, կամ էլ նորանշանակ կառավարությունն այդ ի՞նչ կախարդական փայտիկով է ղեկավարվելու, որ, մինչ իրենց գործի անցնելը, երկրի տնտեսության առանձին բնագավառների միջոցները առ և ապուռի վերածողներին ոչ մի պատասխանատվության չեն կանչելու, նույնիսկ չեն էլ պատրաստվում պախարակելու: Ավելին` տարիներով ստվերում աշխատող գործարարներին էլ պատասխանատվության կանչելու փոխարեն խնդրելով են դիմում, որ նրանք, ի վերջո, ենթարկվեն երկրի օրենքներին: Կարծես գողանալը բնականոն է, իսկ նրա դեմ պայքարելը` դատապարտելի ու տարօրինակ: Էլ ո՞ր երկրում գործարարների համար այսպիսի նպաստավոր պայմաններ կգտնենք, եթե ոչ Հայաստանում: Չէ՞ որ մերն ուրիշ է։

(շարունակելի)

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ