Մեզ չի փրկելու ոչինչ մարդկային,
ասպետ ու փալաս, ցավակցեք իրար,
շարվի՛ր, ճորտամբոխ, ոգի՛ր դև-հանճար,
փոխքրիստոսներ, տիրացեք գահին.
ինչ տարբերություն` ով ում է մորթում
(շահը` ներքինուն, լրտեսը` շահին)
բոզիտղության շուկայում այս հին
ապստամբ գաղութները դարձան հողաթումբ։
«Սոնետների պսակ N-ի համար», Արմեն ԴԱՎԹՅԱՆ
«ԵՐԵՔ ՀԱՍՏԼԻԿՆԵՐ»-Ը ՀՀ-ՈՒՄ
(ֆելիետոն-նամե)
Ես հաճախ եմ հիշում օդեսացի տոհմիկ լեհ Օլեշա Յուրիի «Երեք հաստլիկներ» գլուխգործոցից մի դրվագ։ (Թախանձագին պաղատում եմ, որ ԱԺ գրասերները նախ վերընթերցեն սույն նշանավոր գործը և հնարավորինս հանրամատչելի եղանակներով այն ըմբռնելի դարձնեն մականունազարդ գրոհայիններին, հավատացեք, արժե։ Ի վերջո, այս հոգնատանջ մոլորակում կարծես ոչինչ չի փոխվում, հով տեղում աճած մեր հայրենական դդումն է պատուհասում շրջակայքը, և մեր միս ու արյուն իշխանություններն են շարունակում իրենց վայելքները։ ՈՒ մի՞թե նրանց համար կարևոր է, թե ինչպես կանդրադառնան իրենց սև ու մամռոտ ձեռնարկներին սերունդները)։ Սակայն դառնանք Օլեշային. «Հաստլիկները բազմել էին գլխավոր տեղերում, վեր խոյացած մնացած հասարակության վրա։ Նրանք բոլորից շատ էին ուտում։ Նրանցից մեկը սկսեց անգամ անձեռոցիկն ուտել։
-Դուք անձեռոցիկն եք ուտում...
-Մի՞թե։ Ես գայթակղվեցի։
Նա թողեց անձեռոցիկն ու միանգամից սկսեց ծամել Երրորդ Հաստլիկի ականջը։ Ի միջի այլոց, այն լցոնած կարկանդակի տեսք ուներ։
Բոլորը ծիծաղից թուլացան։
-Թողնենք կատակները,- ասաց Երկրորդ Հաստլիկը, բարձրացնելով պատառաքաղը։- Գործը լուրջ բնույթ է ստանում։ Տորթն են բերել։
-ՈՒռա՜»։
Արևելյան մի գերեզմանատան տապանաքարերին գրված էին արտառոց թվեր` 100 օր, 50 օր, 1 օր։ Մարդն ապրում է 80 տարի, ավելի շատ կամ քիչ։ Սակայն տապանաքարին դրոշմվում էին նրա ապրած, ոչ թե գոյատևած օրերը։ Այսինքն, 100 տարի անց 3-րդ հանրապետության ընդհանրական հուշաքարը կունենա այսպիսի տեսք. Երկրի քաղաքացի Հայկ Նահապետյան, 1950-2025 թթ. ապրած օրերի քանակը 5555։ Այսքան օր նա տառապել է, հուսացել, գործել է, սակայն չի դավել ո՛չ երկրին, ո՛չ էլ իր խղճին։ Հանրապետության հաստլիկ Վռամ Բոզոյան (մականունը` «Գրյազ»), 1950-2025 թթ., լիցքավորված օրերի քանակը 6666։ Այսքան օրեր հարգարժան «Գրյազը» թալանել է (երկրի բյուջեն), լափլիզել է (իշխանավորաց հողաթափերը), կլանել է (Սևանա ձուկը, Զանգեզուրի մոլիբդենը, որբանոցներին հատկացված կաթի սերը...)։ Ի դեպ, Նապոլեոնը Փարիզի տաճարներից մեկում հայկական տապանաքար է տեսնում և տեղեկանում, որ գերեզմանաքարի հորիզոնական դիրքը յուրօրինակ խորհուրդ ունի, նրան մոտեցողը ակամա խոնարհվում է ննջեցյալի առջև։ Պատմում են, որ կայսրը պատվիրել է մահից հետո իր շիրմին տապանաքար դնել։
ՄԵԾ ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐԸ
(պամֆլետ-օրատորիա)
«Այսօր իշխանությունը շատ ավելի արմատական է իր լուծումների մեջ և շատ ավելի գլոբալ խնդիրներ է բարձրացնում, որոնք քաղաքական ու տնտեսական իրական հետևանքներ ունեն»։ Միտքը պատկանում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ տիկին Հերմինեին։ Բայց մինչ նրան անդրադառնալը ևս մեկ մեջբերում ներկայացնեմ ընթերցողացս անաչառ դատաստանին. «Ես կարծում եմ` այստեղ կա մեծ տարընթերցում, գուցե այն հասկացության մասին է խոսքը, թե ինչ ենք հասկանում «գործարար» ասելով։ «Գործարար»` ես հասկանում եմ անձ, որի ամենօրյա գործունեությունը միայն գործարարությամբ զբաղվելն է, և ինքն անձամբ է կառավարում իրեն պատկանող բաժնետոմսերը։ Ես, որպես անձ, կարող եմ, որպես սեփականություն, ունենալ բաժնետոմսեր, եթե ես չեմ մասնակցում բաժնետոմսերի կառավարմանը, ապա որևէ երկրում չեմ դիտվի ձեռնարկատիրությամբ զբաղվող։ Անգամ եթե ես օգտվում եմ այն շահույթից, որ տալիս են այդ բաժնետոմսերը»։ Միտքը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավթինն է` Հարությունյան։ Եվ այն անվերապահ մրցակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյան Ռոբերտի թնդագին գլուխկոտրուկի հետ, թե հոսանքի գինը բարձրանում է, զի «... ընկերությունը վարկային մեծ պորտֆել է կուտակել, որի սպասարկման աղբյուրը չկա և կարող է հայտնվել բանկրոտի մեջ»։ Կարծեմ` սույն պարոնի աշխատավարձը գոյանում է հենց նրանց հարկերից, ովքեր «վարկային մեծ պորտֆելին» են զոհաբերելու իրենց դրամապանակը։ Նման հայտարարությունը ուղղակի սպառնալիք է, քանզի ուղղակի խոտորում է քիչ թե շատ բարոյական հասարակարգում ապրելու շատերիս երազանքը։ (Անշուշտ, ժամանակն է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում մի էական շտկում կատարելու, համաձայն որի, հանրային գիտակցությանը հարվածող պետչինովնիկը կամ այլ մեկը ենթարկվում է հարկադիր աշխատանքի։ Օրինակ, լեռնային գյուղերում աթար է պաշարում անասնաֆերմաները ձմռանը պատշաճ կերպով ջեռուցելու համար)։ Սակայն գործը լուրջ բնույթ է ստացել, խորհրդային ուշ շրջանում շատերի պես երջանիկ էի խորհրդային թիվ 1 հրաշամանուկ Դավիթ Հարությունյանով, անկախության վաղ շրջանում էլ ուղղակի հպարտ էի Հերմինե Նաղդալյանով։ Չգիտեմ` արգո դշխոն հիշո՞ւմ է մեր հանդիպումը նրա գլխավորած ձեռնարկատիրական հանրապետական միավորումում (կազմակերպության ճշգրիտ անվանումը, կներեք, մտահանել եմ, բայց մի՞թե դա է էականը), ուր տիկին Հերմինեն ներկայացավ որպես մեր ազատ և նախաձեռնող ժամանակի աջթևայիններից մեկը։ 1992 թվականն էր։ Ազգային տնտեսությունը հուսալի ձեռքերում է, այս էր համոզմունքս մեր մեկժամյա հանդիպումեն ետքը։ Լավ, դառնանք Դավթին։ Հարգարժան նախկին հրաշամանուկ, հանրապետության ողջ իշխանական վերնախավը այսօր պաշտոնապես միլիոնատեր է։ Մարզպետներն են հայտարարագրվում որպես միլիոնատեր, պատգամավորները` նույնպես, գեներալիտետը համեստաբար չի հայտարարագրվում (ինչպես և ոստիկանական վերնախավը), սակայն ոչ պակաս հսկա կարողության տեր է։ Ամենաէականը այս դառնաղի խավիծում գերօլիգարխ Լիմինդրովիչի «ինքնահրկիզումն է», վասն պետության, գործարարը նրա հարգարժան կողակիցն է, ինքն ընդամենը պատգամավոր է, ով զօր ու գիշեր օրենքներ է կերտում։ Թախանձագին պաղատում եմ, որ հարգարժան Ալեքսանյանը, ով պատգամավորում է մեկ տասնամյակից ավելի, գոնե բերանացի արտասանի ԱԺ բոլոր հանձնաժողովների ճշգրիտ անվանումները։
Կենտրոնական բանկի նախագահն էր, կարծես, որ անողոք գրոհեց հանրային բարոյականության վրա, պնդելով, որ ինքը բնավ գործարարությամբ չի զբաղվում, որ իր հայտարարագրած 1 մլն դոլարն ընդամենը յուր բաժնեմասն է։ Եվ, ահավասիկ, տարընթերցվում է երկիրը։ Բնակչության 50 տոկոսի աղքատության և պետական պարտքի 5,5 միլիարդ դոլարի առկայության պարագայում եզրահանգումը մեկն է` կամ Հայաստանում նավթի և գազի, ոսկու և ադամանդի հանքեր են հայտնաբերվել ներկա հայտարարագիրների կողմից և նրանք օրինական միլիոնատերեր են, կամ էլ, ներող եղեք, նրանց լեռնացած ունեցվածքը մեծագույն տնտեսական տարընթերցում է։ Բայց դառնանք արգո դշխոյին։ Այո, միայն գլոբալ մտածողությամբ և արմատական ռեֆորմներով է հնարավոր սույն հակաերկրային ճահճից դուրս գալ։ Համոզված եմ, չեք էլ կասկածում, որ գարշաբույր այս ճահիճը, ուր վաղո՜ւց շնչելն է անհնար, իշխանությունների քաղաքական թյուրըմբռնումների և տնտեսական հացկատակության հետևանք է։ Առայժմ արմատականորեն սանձարձակվում են պետականապղծության հայտնի-անհայտ շերխանները։ Այնինչ ելքը, կարծում եմ, Ձեզ քաջ հայտնի է. ներկրումների և էներգետիկ համակարգի ազգայնացում, տնտեսության պետական հատվածի էական մեծացում և այլն։ Իսկ սրան հնարավոր է հասնել նախ խորհրդարանի լուծարմամբ և նոր խորհրդարանում մականունակիրների դեմ դուռ ու դարպաս գոցելով։ Սթափվե՛ք, քանզի ոտն ի գլուխ մխրճվում եք փակուղու մեջ։ «Պետականակերտիչ»-քերթիչներդ երեկ, այսօր (վաղը` ոչ մի դեպքում) ինքնաբուխ թքում եք քամուն հակառակ։ Է, ե՞տքը... ՈՒ մի՞թե իսպառ կորցրել եք տագնապի փրկիչ զգացողությունը, չէ՞ որ եթե ոչ այսօր, վաղը վստահաբար ձեր շահը մորթելու է ձեր ներքինուն։ Մենք էլ, հասկանալի է, ծափ կզարկենք, և մեր երջանկությունը եռագույն ծիածաններ կկապի Դսեղից Կարս և Ճարտար գյուղից Կումայրի քաղաք։
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐ
(սարկաստիկ հեքիաթ)
Առավոտ վաղ երկրի մարդկանց համար սկսվում է խրտվիլակի օրը։ Մենք ազատ ենք հայհոյելու, անիծելու և կիսաքաղց հորանջելու համար։ Գիշերը հանգիստ չի բերում, երազում հայտնվում է Խրտվիլակը` տնկված ազատ և անկախ բանջարանոցի աշխարհագրական կենտրոնում։ Խրտվիլակը` հուսալքումի գերանդին ուսին։ Առավոտ վաղ երկրի վարձկանների օրը սկսվում է պետականամետ ճառաբանությամբ և ավարտվում է զանգվածային նյութա-ֆինանսական նվաճումներով։ Դե, հասկանալի է, մթնելեն ետքը ձեզ մի բան է մնում` թոթափել ալիքվող կրքերը համապետական հրավառությամբ։
Սուրբ գիրքը պատգամում է. «Իշխանությանը և պետությանը հնազանդ լինել»։ Մի՞թե հնազանդ չենք, սակայն որքան մենք համակերպվող ենք, նույնքան պերճախոս են դառնում իշխանավորաց ու սնամեջ մեկնությունները։ Ի դեպ, պետությունը մեր պատմական փառավոր անցյալում զուգահեռվում էր հարստության հետ։ Զորօրինակ, Արշակունյաց կամ Արտաշիսյան հարստությունը։ Վստահաբար 3-րդ հանրապետությունը պատմության փոշեկուլ դասագրքերում կհաստատագրվի որպես «Մականունակիրների և նրանց զոդված պետայրերի նորհայկական հարստություն»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ