Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

«Որ մեզնից հետո եկող գրողները մեզ պես չապրեն»

«Որ մեզնից  հետո եկող գրողները մեզ պես չապրեն»
20.06.2014 | 00:30

Իմ ասելն էլ հենց էն է, որ իմաստուն ազգը չպետք է թողներ, որ էդպես մարդիկ խաղան իր բախտի հետ և ամենածանր աղետների դուռը հասցնեն իրեն։


Հովհ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

«ԲԱՅՑ ԿԱ ՑԱՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾԸ»

Վրե՛ժ, ականջդ քաղցրացնեմ մի անուշ զրույցով։
Դառը, դառնաղի չկյանքով ենք ապրում. տեսածներս` դառը, լսածներս` դառնաղի։ Հացն էլ լեղի՞ լինի։ Մեր կյանքն ինչո՞ւ էսպես թունավոր դարձավ։ Չենք կարողանում ուրախանալ։ Իրար փոր ու փսոր ենք թափում։ Անճարը դեղ ու ճար չունի։ Դու տեսնող աչք, արթուն-սուր միտք ու որսող ունկ ունես։ ՈՒնկիդ համար իմ տեսած, հա, հենց տեսած երկար զրույցը կարճառեմ։
Էս մեր պատերազմի ժամանակ չորս օր կոշիկ չէի հանել, հագուստ չէի փոխել։ ՈՒշ երեկոյան մտա Սանահին, բախեցի քեռուս սրտաբաց տան դուռը։ «Գալդ որդիա՞ն ա,- ձեռքն ուսիս դրեց քեռի Ոսկանը,- հլա ինձ մտիկ արա...»։ Ասացի` պատերազմից։ Քեռիս հայրենական պատերազմի մասնակից է, վերքակոլոլ, իր ուզած, նշան բռնած Բեռլին չհասած, եկել է։ «Է՜, հիմա պիտի կռվեի, որ իմ տված արյունից բան հասկանայի,- ասաց քեռիս ու նայեց իմ Սուլթան քեռակնոջը.- Ոտները թրջիր, հաց սարքիր, ֆոնի արաղը բեր, քրոջս տղան պատերազմից է եկել»։ Քեռակինս ոտքերս դրել էր տաք աղաջրի մեջ, փորձում էր լվանալ, իսկ ես մռնչում էի` չէ, չէ, չէ, այ քեռակին, բա եղա՞վ։
Հաջորդ օրը ծանոթացա... լի՜քը-լիքը զրույցների հետ։ Հանդիպեցի նաև ուսուցչուհի Ալվարդ Բաբայանին: Նա նաև բանահավաք է (հետագայում գիրք հրատարակեց. մեր սար ու ձորերը զրուցասեր բերանի պես լիքն են չափածո և արձակ բանարվեստով)։ Ամենատպավորիչը, անմոռացը էն էր, որ ցույց տվեց մի գեղեցկուհու լուսանկար ու շիկնելով ասաց. «Սոնաս է, երկուս դեռ չկա, երկրաշարժի... նվեր է»։ Լոռեցու ասած` կալը կալսել, ճիպոտն արդեն կամին են դրել ու մի կողմ քաշվել։ Բայց... պարզվում է` պատճառավոր է։ Պիտի հեռացնել տա պտուղը։ Օրը որոշված է։ ՈՒ հանկարծ միտքն իրեն ուտում է։ Երկրաշարժ եղավ, էսքան երեխաներ զոհվեցին, էսքան հղի հարսներ չմայրացան... Եվ սկսեց համոզել մտերիմ, ծանոթ կանանց, ովքեր որոշել են հղիությունն ընդհատել, նման հանցագործություն չանեն։ Էն ժամանակ աշխատում էի «Հայրենիքի ձայնում»։ Մի սիրուն հոդված գրեցի` հրաշք Սոնայի լուսանկարով։
2008-ի ամռանը մի երկու անգամ եղա Դրմբոնում։ Լսեցի, որ գեղեցկուհի Սոնան նույնպես Դրմբոն է եկել` էստեղ աշխատող հոր և եղբոր մոտ հանգստանալու` Արցախի բարբառը սովորելու։ Ի՜նչ շատ են էս մեր աշխարհում... չծնված երեխաները։ Կյանքն ամեն օր մեզ դասեր է տալիս, բայց հին դասերը ամեն օր մոռանում ենք, նորն էլ չենք սովորում։ Դա, իհարկե, ցավ է։ Վրեժ, քո բոլոր հրապարակումները, մանավանդ «Լճից լիճ Հայաստանը», քիչ է ասել տխրամած տողի ներքո տպագրված էջերը` «զարդարված» Նիկօի կոլաժներով, հուշում են, որ լավ լեզու ունես, խայթը` տեղը, քաջ գիտես մեր ժողովրդի պատմությունը։ Նորից ամեն ինչում մեծ Թումանյանին հիշեցի ու նրա ցավոտ խոսքը։ Իհարկե, ցավալի է, որ «մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց»։ «Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն,- շարունակում է Թումանյանը։- Մենք մեզ էլ չենք ճանաչում։ Երկիր ունենք- չենք ճանաչում, պատմություն ունենք- չենք ճանաչում, ժողովուրդ ունենք- չենք ճանաչում, գրականություն ունենք - չենք ճանաչում, լեզու ունենք - չենք իմանում։ Մտածում ենք` ի՞նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք։ Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք»։ «Պատմություն ունենք -տգետ ենք... Չգիտենք` մենք ի՞նչ ենք եղել, ի՞նչ ենք արել, ինչու և ինչպես, ի՞նչ օրով, ի՞նչ ճանապարհով ենք էստեղ հասել»։ Նույն հոդվածից էլ քաղ չանեմ։ Ինքներդ կարդացեք Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը, որը գրել է 1909-ին։
Չդառնացնեմ քեզ, սիրելի, ազնիվ, ըմբոստ, բանիմաց, գրոց-բրոց Վրեժ։ Ինչ ազնիվ ու արդար են մեր բանահավաքները։ Բերան-բերան, լեզու-լեզու մեր էպոսն են վիպել ու հասցրել գրավորին ճյուղ-ճյուղ։

ՀԻՄԱ` ԻՄ ՄԱՇՎԱԾ ՕՐ ՈՒ ՀԱԼԻՑ
Աստված քեզ օր է տվել. լույսը բարի է բացվել։ Բարի ասա ու բարի արա քեզ տրված օրը։ Ջուր տուր, մի բուռ ջուր տուր աչքերիդ, լեզվիդ, երեսիդ, փառք տուր Տիրոջը, որ չի թողել գիշերը քեզ տանեն։ Գիշերով կտանեն, թե ցերեկով, դա իմ գործը չէ, Աստծո գործերին չի կարելի խառնվել։ Շարունակիր երեկվա գործդ։ Պարապի շնչառություն, պարապ-սարապի զարմանք` էս ո՜նց մթնեց օրը, ամիսը ո՜նց թռավ, տարվա ոչ գալուց բան հասկացա, ոչ գնալուց։ Դու գործդ արա։ Գործս մարդկանց սիրելն է։ Գործս երկիրը սիրելն է։ Բայց երբ հիվանդ ես, քո աչքից հենց դու ես ընկնում։ Մի երիտասարդ, անպայման շնորհալի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան էն օրը գրել էր, թե էնքան գործ կա անելու, որ վախենում է չավարտի, դրա համար լաց է լինում։ Վաղուց ես էլ եմ իմ ներսում լաց լինում։ Այո, չարածներիս համար օրը հազար ափսոս եմ բաց թողնում։ Ինչո՞ւ չստեղծեցի. նախ` տուն։ Տուն` հողի վրա, թաքնված պտղատու ծառերի մեջ։ Այգու բուրմունքը` զավակներիդ, թոռներիդ։ Լուսահոգի թատերագետ Գևորգ Աբաջյանը հառաչելով ասել է` ա՜խ, ինչո՞ւ ես էլ հանճարեղ չծնվեցի։ Լուրը շրջած-խառնած-հունցած, ոնց որ պետք է լինում, տեղ են հասցնում ու, որովհետև, քշի-քշելու տարիներ են լինում, քշում-տանում են։ Վերադարձից հետո, երբ Գյումրի-Լենինականում սիրահարվում է ու սեր է խոստովանում Վարդուհի Վարդերեսյանին, վերջինս ասում է` դու ի՞նչ տղամարդ ես, որ չես ծխում։ Լավ ծխել է սկսում ու... ամուսնանում են։ Տասնամյակներ հետո նույն Վարդուհին պահանջում է, որ Գևորգը ծխելը թարգի։ Աբաջյանը խոստովանում է, որ չի կարողանում։ «Է՜,- դժգոհում է տիկին Վարդերեսյանը,- դու ի՞նչ տղամարդ ես, որ չես կարողանում թարգել էս առողջություն քայքայող ծխախոտը»։
Մի խոսքով` հունիսի 6-ին, կեսօրեն ետք, երբ սպառել էի «վայմամաջան» կանչիս բարակած-թելվող համարյա կեսը, երբ վերջին հույսով ու եռանդով կլլել էի թանկուկրակ դեղահաբերիս մեկ երրորդը (հայոց ուշիմ հարկայինը կմտածի, որ շահութահարկը չեմ մուծել, թաքցրել եմ պետությունից, դրա համար...) մի խոսքով, մտքիս հետևն ընկած հիշել էի հին ու նոր դեպքեր, զրույցներ, վախը նկարվել էր աչքերիս դեմ` ինչպես պետք է և ինչ պետք է, որ ընտանիքդ սովի չմատնվի, վաղը նալերդ տնկես, շփոթահար զավակներդ ի՞նչ պիտի անեն, դիմես կառավարություն, ասես` էսպես ու էսպես, ես իմ օրը անցկացնում եմ կիսասով, հանձնաժողով կգա ու կապացուցի, որ ես ոչ թե կիսասոված եմ մնում, այլ կիսակուշտ։ Հայոց կառավարություն է, կօգնի իր գրողին։ Իսկ ես կասեմ` փրկեք հարյուր հազարավոր աղքատներին, անգործներին, մանավանդ ազատամարտիկներին, վերջում տակը եթե մի բան մնա, նոր իմ ընտանիքին։ Կցկտուր, ինձնից փախչող ու երամ-երամ նորից դարձող մտքերս ինձ հանգիստ չէին տալիս, իսկ ես կամա՜ց-դանդաղ շարունակում էի կարդալ Ստեփան Զորյանի «Հուշերի գիրքը»։ Հանկարծ հիշեցի, որ այսօր «Գրական թերթի», «Իրատես de facto»-ի օրն է։ Թերթավաճառ աղջիկը պահում է։ Հա, էսօր պիտի նաև «9-րդ հրաշալիք» ալյաց շաբաթաթերթ առնեմ. կարոտիս մասին, հեռուներում ապրող թոռնուհուս մասին պատմվածքս սիրով են տպագրել Վաչագան Ա. Սարգսյանը, Արտաշես Թադևոսյանը։ Կարդալու լի՜քը էջեր կան։ Աչք չկա, ժամանակ չկա։ Իմ սիրելի Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր-տերևներ» վեպը պիտի մատիտը ձեռքիս կարդամ (աչքով, հոգով կարդալը դեռ քիչ է. մատիտով պիտի կարդալ. հիշողության կորուստ ունես)։ Մեկ տարի առաջ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» քեզ է նվիրել թարգմանիչը` Սարգիս Սելյանը` ջերմ մակագրությամբ։ Այո, 2013-ի հունիսի 18-ին գիրքը քո տանը քեզ է նվիրել, կնոջ հետ գնացել Կիլիկիա, դարձել, հուզված ձայնել` ա՜խ, Կիլիկիա, մենք հայրենիք ստեղծող ու հայրենիք կորցնող ենք, հետո Ռումինիայում ծնվածը հասել է Ավստրալիա, ուր ապրում է, զանգ է տալիս, իմ մասին խոսք է ուղարկում գրողների մեր տուն ու... Վարուժանի գիրքը երկրներ է նվաճում, բազմալեզու ընթերցողներ։ Հայ չլիներ Վարուժանը, Նոբելյանի կարժանանար։ Բայց դեռ հավատանք։ Ազատամարտիկ-արձակագիր Հովիկ Վարդումյանից ներողություն խնդրեցի, որ առողջության պատճառով չկարողացա ներկա գտնվել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում իր հետ հանդիպմանը, ասաց, ոչինչ, նոր վեպն է լույս տեսնում, կբերի, որ կարդամ։ Դիանա Համբարձումյանն էլ հեռախոսով ասաց` երկու օր առաջ վեպս լույս տեսավ... Լի՜քը-լիքը գրողներ։ Թերթի հոդվածներ... Մի՞թե հասցեատերերը չեն կարդում։ Մի՞թե ոչ թե ընտրվել, այլ թշնամու ձեռքով ընտրվել են, որ բնագավառ առ բնագավառ ավերեն ավետյաց երկիրն իր ավետյալ ժողովրդով։ Ավետյաց երկիրը աղետյալ է դարձել։ Մեզ ոչ մի թշնամի պետք չէ։ Մեր ժողովուրդը հենց ինքն իր թշնամին է։ Կուսակցախեղդ ժողովուրդ։ Հավատացող, ձեռքի նայող ժողովուրդ։ Խեղճացած ժողովուրդ։ Դու ոչ գերի ես, ոչ անտեր ու թշվառ, դու եսիր ես։ Քեզ անապատներով չէ, մեր ու մանուկ խառնած իրար չեն տանում։ Դու հեռանում ես։ Սա ծրագրված է։ Լեզվով հող չեն պահում։ Հողով են լեզու պահում։ Ժողովրդին, հողակոլոլ ժողովրդին կտրել են հողից։

ԿԵՆԱՑ, Ի՞ՆՉ ԿԵՆԱՑ, Ա՛Յ ՎՐԵԺ
Հա, թերթը վերցրի ու... Էս ե՞ս եմ։ Կարդում եմ ու... չեմ մերվում։ ՈՒշք ու միտքս Զորյանի «Թումանյան» դիմանկար-հուշագրությունն է։ Թումանյանը մտածում էր ամեն բանի մասին, նաև երիտասարդ գրողների մասին։ Մի երիտասարդ գրողի ասում է. «Հլա մի օր հավաքվեք-եկեք` ծանոթանանք-խոսենք»։ Հուշագիրը պատմում է. «Թեյի սեղանի շուրջը Թումանյանը, իր սիրալիր ժպիտը դեմքին, հետաքրքրվեց նախ մեր գրական աշխատանքներով,- ով ի՞նչ է անում, ի՞նչ ծրագիր ունի և արդյոք ապրուստի նեղություն չի՞ քաշում»։ Եվ լսվում է բանաստեղծի մտերմիկ ձայնը. «Մի քաշվեք, տղերք, պարզ ասացեք, որովհետև ես գտնում եմ, որ երիտասարդը պետք է լավ ապրի, որ կյանքին լավ աչքով նայի, լավ բաներ գրի, առողջ բաներ գրի, թե չէ մեր գրականությունը ժանգոտել է լացի ու արտասուքի մեջ։ «Պռոշյանը, կարծում եք, պակա՞ս տաղանդ էր. բայց մեր իրականությունն ու կյանքի անապահովությունը չթողին, որ նա զարգանա և արվեստի համաչափ գործեր տա։ Իսկ Աղայանը, մի շատ օժտված մարդ, մնաց պարզապես խանգարված գրող... Արվեստը մի թագուհի է, որ սիրում է նվիրվածություն ու շռայլություն։ Այ, ինչու համար եմ հարցնում ձեր ապրուստը»։ Թումանյանը մտածում էր ժողովրդին փրկելու մասին։ Հայրենակցական միությունների միության նախագահ Թումանյանը հաճախ էր հանդիպում գերմանական միսիայի պետ ֆոն Կռեսին` խնդրելու, որ «գերմանական միսիան միջոցներ ձեռք առնի, որպեսզի տաճիկ փաշաները Փամբակում, Լոռում, Ախալքալակում ու Ղարաբաղում չնեղեն ժողովրդին»։ Թումանյանը մեծ դիպլոմատ էր։ Անհրաժեշտ էր ստեղծել հայ-գերմանական ընկերություն։ «Մեր Անդրկովկասի ազգերի մեջ շովինիզմը թունավորել է շատերին։ Եվ սա ցարական իշխանության մեղքերից մեկն է։ Նա է հրահրել և ազգերին թշնամացրել միմյանց հետ։ Հիմա պետք է ուրիշ ճանապարհ ընտրենք, և գրողներն էդտեղ մեծ դեր ունեն կատարելու»։ Թումանյանը ստեղծեց «Հայկազյան ընկերություն», որը «լայն նպատակներ» էր դնում իր առաջ` հիմնել հայկական համալսարան, հայկական ակադեմիա, ապահովել հայ գրականության, գիտության և արվեստի գործիչներին կամ, ինչպես Թումանյանն էր հավատում. «Դա հայ գրողին պիտի հանի մուրացիկի վիճակից և թև ու թռիչք տա նրան»։ Թումանյանը համոզված էր, որ «գրականության և արվեստի զարգացման նախապայմանը գրողի, արվեստագետի ապահովությունն է»։ Սարսափելի է, երբ չունես պետականություն. «Յուրաքանչյուր հայ գրող մեռել է ծրագրած, բայց չարած նյութերի մեծ ցուցակ թողնելով և երբեմն օրվա հացի կարոտ»։ «Չի եղել ո՛չ պետականություն, ո՛չ կազմակերպված հասարակություն, ո՛չ էլ մի մարմին, որ օգներ հայ գրողին, ուժ տար նրա գրչին, որ նա իր երազները, իր լավ հղացումները դարձնի շոշափելի գործ»։
Ժամանակի, դեպքերի հորձանուտների մեջ էր Թումանյանը։ Երբ ամեն ինչ խառնվել էր իրար, Թումանյանը մտածում էր Անդրկովկասի ազգերի մասին։ Եվ աչքը` երիտասարդ գրողների վրա. «Որ մեզնից հետո եկող գրողները մեզ պես չապրեն, այլ գրողին, ստեղծագործողին վայել կյանքով, որ նրանք էլ, մեր նախորդների ու մեզ պես, չգրած նյութերի ցուցակներ չտանեն իրենց հետ գերեզման»։ «Աղետներից ա՞չք ենք թափում, ախպեր, որ մարդ նստի մի լավ մտածի, աշխարհի չարն ու բարին կշռի, հետո մի էնպես բան գրի, որ սերունդները գան ասեն, թե սա էլ սրտումը խոհ ու խորհուրդ է ունեցել և իր խոսքն է ասել աշխարհին։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչու մենք մեծ գրողներ չունենք։ Մեր ազգը մտածելու ժամանակ չի ունեցել։ Աղետները կարկուտի պես թափվել են գլխին, նա էլ կամ լաց է եղել, կամ աղոթել»։
Ես չեմ ուզում, ավելի ճիշտ` չեմ կարողանում բաժանվել Զորյանի Թումանյանից, որովհետև վախենում եմ ճշմարիտ խոսք ասելուց։ Իհարկե, աղետների միջով անցավ Թումանյանը։ Բայց պակաս աղետակիրն էլ մենք չենք։ Ամեն օր մենք խորտակվում ենք։ Մենք` ազգը, ժողովուրդը, երկիրը։ Ամեն ինչով։ Հենց շորորավարգով գիշատիչներն են կործանվելով կործանում։ Իրոք, մենք մե՞նք ենք, թե՞ ուրիշն է տիրել ու թաքնվել հայի դիմակով։ Ինչպես ենք հող կորցնում, երկիր կորցնում, դեռ չգտած-չկայացած պետականություն կորցնում։ Մեր եռագույնը դեռ փողփողալ չսովորած` ճլորում է, որովհետև ագահ է իշխանավորը, դրոշակակիրը մոռանում է իր արյան գույնը։ Եվ քսան տարի է, ինչ զինադադար է։ Մենք անունը փոխում ենք, ասելով` մենք հաղթել ենք ու... Թիկունքի տղերքը էս ի՞նչ արեցին։ Ավերածություններ, թալան, կողոպուտ։ Ախր, շատ ենք ասում ու գրում։ Մեկ է, գրավոր խոսքը և ոչ մի արժեք չունի։
Սիրելի՛ Վրեժ, գրում ես, թե Լենինի արձանի հոյաշեն պատվանդանը քարուքանդ արվեց, և հարթաքանդակ գրանիտն ու բազալտը դարձան քանդարարների առանձնատների պարիսպն ու հիմքը։ Ճիշտ խոսք ես ասում` դարակազմիկ ոճիր։ Բայց մենք սովոր ենք ոճիր, ոճրագործություն ասելով հասկանալ թուրքին։ Այսինքն` ազգությունը նշանակություն չունի։ Պատվանդանը երբ քանդում էին, ասես մխիթարելու կամ մխիթարվելու համար գնացի Վարազդատ Հարությունյանի տուն։ Ես նրան շատ քիչ եմ տեսել զայրացած։ Ճարտարապետության պատմաբանը կանչում էր` ախր աշխարհում և ոչ մի տեղ չես կարող տեսնել նման հոյակապ պատվանդան... Ի՞նչ անեի։ Բոլորն ափսոսանք էին հայտնում, բայց... թերթում գրեցի. «Շատ ճիշտ են արել, որ քանդել են հոյակապ, անկրկնելի պատվանդանը, որովհետև այն տասնյակ տարիներ իր վրա առոք-փառոք պահել է Լենին պապիկի արձանը»։ Անկախությունը պատմություն է։ Ամեն երկրի անկախություն իր երկրի պատմությունն է։ Էսօրվա իշխող սրիկաները թռցրած խոսք են բռնել` Ամերիկան երկու հարյուր տարում դեռ Ամերիկա չի դարձել։ Դեռ ճանապարհին է։ Իսկ մե՞նք։ Պետականությո՜ւն նույնպես երազել ենք։ Ցլամարտիկի նման բռնեցին ցլի պոզերից ու զգետնեցին մեր էշխանավորները։ Այո, ամեն ինչ օլիգարխների, պաշտոնական-ցերեկային թալանչիների համար։ Ի՜նչ լավ է, որ գրող, գրոց-բրոցող Վրեժ Առաքելյանը հույս ունի, որ էս խորշակն էլ կանցնի։ Ո՞Ւր կանցնի։ Սրանից լավ տե՞ղ չի գտնի ոչ մի խորշակաբեր անցած ու գալիք նախագահ ու ընկ.։ Պետականության նեցուկը օրհասի պահին թե զինվորն ու մտավորականն են, ապա դա աչքի խաբկանք չէ։ Թվածդ անուններին (լույս դառնան)` Արթուր Մկրտչյան, Սիմոն Աչիկգյոզյան, Թաթուլ Կրպեյան (գրող Ռաֆայել Սահակյանը հրաշալի, արժանի գիրք է գրել Թաթուլի մասին, որը հուշարձան է ոչ միայն զոհվածի հարազատների համար), Մովսես Գորգիսյան, Արթուր Մալխասյան, Լեոնիդ Ազգալդյան, Դև (Դավիթ Սարապյան)... Երախտապարտ ենք հիշածդ անուններին։ Կարող ենք օր ու գիշեր նստել ու անուններ հիշել` Մոնթե, Յուրա Հովհաննիսյան, Դուշման Վարդան, Աշոտ Բեկոր... Անուններ հիշենք, էն էլ հարյուրավոր։ Եվ հարց է ծնվում` հանուն էս սարսափելի պայմանների՞... Էսպես ժողովո՞ւրդ են պահում։ Իբր մայր, քույր, կին պահել գիտենք, էս անտերները որ չեն ասում` սկսվում է կանանց միամսյակը, քիչ է մնում... Չգիտեմ ումից ի՞նչ եմ սովորել, բայց Դնեպրիկ Բաղդասարյանն ինձ սովորեցրել է ճանաչել ազատամարտիկին։ Ամեն ազատամարտիկ չէ, որ հերոս է։ Գուցե խփվել է թիկունքից, երբ փորձում էր փախչել։ Ինձ համար ազատամարտիկը հանրահայտ, բազմաշերտ Գագիկ Գինոսյանն է։ Նա ի՜նչ երանությամբ է պատմում իր հրամանատարի` Լեոնիդ Ազգալդյանի մասին, էն Լեոնիդի, որ արտասահմանցի լրագրողի հարցին ի պատասխան խոնարհվել, մի բուռ հող է վերցրել, ափը պարզել աչքերի պես ու ասել` ահա իմ կուսակցությունը։ Եվ մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռան` կրտսեր Թամանյանի մասին է պատմում։ Չէ՛, նժդեհականը, բազմազբաղը, հայրենասերը, գրողը, արվեստագետը, մտավորականը չի ուշացնի իր գիրքը։
Ոչ մեկը մեղավոր չէ, որ էս սխրանքը կատարած զինվորը չի մահացել, չորս տարում գոնե չի վիրավորվել։ Երբ խառն էր երկիրը ու շփոթահար էինք, մեկն ասում էր` պայքար, պայքար մինչև վերջ, մյուսն ասում էր` գնացքից թռչելու ժամանակն է, մեկը զարմանում էր, թե կոմունիստները ի՜նչ թեթևամտությամբ երկիրը տվեցին եսիմ ում, մի համեստ հհշական` Եսայի Ստեփանյան կոչված, յոթ միլիոն դոլար հափռեց ու ծորղեց։ ՈՒրիշներն էլ հափռեցին, բայց կանգնեցին, երես դեմ արին, որ մի թիքա էլ պոկեն։ Էսպես պոկեցին, կերան, քրքրեցին երկրի ողնաշարը, մարդուն պահեցին սով ու մթան մեջ (հիմա էլ ուղղում են մտցնում` ասեք ոչ թե սով ու մութ տարիներ էին, այլ հերոսական, հաղթական)։ Պատմությունը մեզ շատ բան է սովորեցրել։ Նա եկավ` սրատեց, էն մյուսն արշավեց-եկավ թրատեց։ Արարատյան դաշտը ոտքի կոխան դարձրին, մեր մատյաններն այրեցին, հնությունները քանդեցին... Մինչև մեր աչքով տեսանք, թե ինչպես են աղում-մաղում Նոր Ջուղայի վերջին հնությունները։ Դե, արի ապացուցիր, որ այստեղ հայություն է ապրել, սա էլ հետք-վկայությունները։ Նույն ավերածությունները չե՞ն անում հենց Երևանում, Հայաստանում։
Էս ո՜նց ենք հեռանում ինքներս մեզնից։ Մոնթեն ի՞նչ էր ասում։ Ասում էր` եթե Ղարաբաղը տանք թուրքին, ուրեմն շրջած կլինենք մեր պատմության վերջին էջը։ Էդ էջը երևում է արդեն։ Ամեն օր հաստանում է էջը` լցվում հուսահատությամբ, ավելի դժվար կյանքի սպառնալիքով։ Բայց քանի որ Թումանյանը հուսահատվողներից չէր, կարող էր ասել` Հույսի հայրենիք, Լույսի հայրենիք, Իմ նոր հայրենիք, Հզոր հայրենիք... Արի, Վրեժ ջան, արի մի կոչ ուղղենք հայ մայրերին։ 2015-ը հենց ԱՊՐԵԼ ամիսը դիմավորել մանկան ճիչով (լավ, թող մայիսին էլ լինի)։ Թող նվնվոցները չլսվեն` իսկի մի երեխա չենք կարողանում պահել։ Ասում են` ամեն երեխա իր հետ իր ղսմաթն է բերում։ Թող հղիանան նրանք, ովքեր ի վիճակի են հղիանալու (իհարկե` ամուսնացածները)։ Թող լի՜քը-լիքը ծառեր տնկվեն, թող որ...
Կհանդիպենք մեր տանը, մանավանդ տնական արաղներս փառակալել են։ Նաև կհիշենք, որ նման թեմայով մեր Արևշատը շատ հուզական բանաստեղծություն է գրել դեռ տարիներ առաջ։ Ինչ որ է։ Շնորհակալ եմ, պայքարի մարտիկ, արդարության կորովի Վրեժ։ Կոչ անենք նաև ազնիվ կաշառակերներին` թող հայոց դեմ կատարված եղեռնագործության 100-ամյա տարելիցի առթիվ գոնե ինն ամսով դադարեցնեն կաշառակերությունը, հայահալած քաղաքականությունը, երկրից հանել չտան բնիկներին... Էնքան անելու և մաքրվելու, հայ դառնալու հույսի ճամփաներ կան։ Լոռեցու ասած` միշտ դպա լավը։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ