Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Երբ իշխանությունը դավում է պետությանը (3-րդ հանրապետության անկումը)

Երբ իշխանությունը  դավում է պետությանը (3-րդ հանրապետության անկումը)
13.06.2014 | 11:47

Կրակն` աչքաբաց, սև ծխի ծուղակ`
Լաց լացի հետքով քարընդերք հասել,
Իմ կրծքով անցել ու իր կրծքի տակ
Ագռավը սիրո սեղան է բացել...


«Սև սեղան», Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՕՎԱԼԱՁԵՎ ՔԱՌԱԿՈՒՍԻ

(ֆելիետոն-նամե)

Երեսփոխանարանում, հայտնի է, օվալաձև է դահլիճը, նաև հանրահայտ է, որ քառակուսի են ոմանց մտքերը և կրքերն են ոմանց բութանկյուն։ (Հայկազյան ազնվազարմ գենը գլուխկոնծի է տալիս ներկա իշխանականների մտքում-հոգում-փորոտիքում)։ Այնինչ աշխարհը ափիբերան էր, ծանոթանալով հայ ազգային ճարտարապետությանը, պարզվում է, որ այս անհասկանալի հայերը խաչաձև հատակագծի վրա կառուցել են կենտրոնագմբեթ եռահամակարգ եկեղեցիներ։ Եվ, խնդրեմ, դարուկես առաջ գերմանացի քննախույզ գիտնական Ստրժիգովսկին քարագրեց իր «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» կոթողային գործը։ Այսինքն, հայոց կոթողաշեն միտքը համազորեց ողջ եվրոպական քաղաքակրթությանը։ Այսօր ինչպիսի՞ն կլիներ որևէ պետականագետ այրի գնահատականը հայ նորանկախ պետականաշինությանը։ Հավանաբար այսպես. «Հայոց 3-րդ հանրապետության կառավարման կարգը և Բաբելոնի աշտարակաշինությունը»։ Մի խոսքով, իշխանությունը և ընդդիմությունը, մականունակիրների խառնամբոխն ու կուսակցական շամանները միևնույն ջանադրությամբ են խարխլում մեր պետականությունը, որը, առանց չափազանցության, նրանց ժառանգական անքակտելի սեփականությունն է։

Բարի, այժմ մի հարցի վրա կկամենայի բևեռել իշխանությունների ուշադրությունը։ Եվ գուցե նրանց գործողություններում ինչ-ինչ նոր սևեռումներ ի հայտ գան։ Գրեթե անհավանական է, սակայն լույսի ցոլքը թխպոտ երկնքում չէ, որ արեգակի ծագման առհավատչյան է։ Այսպես է նաև մեր ներկա հույսը առ երկինք։ Զի գրեթե անհույս է իշխանակույտի բարոյահոգևոր դարձը դեպի 1988-ի զարթոնքը։ Առայժմ քառակուսի մտքերն ու բութանկյուն կրքերն են տեր ու տնօրեն օրենսդիր մարմնում, որի գործառույթը կարծես թե այլ է և հնչում է որպես շարականի նախերգ` խորհուրդ խորին...

«ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆԸ» ՊԱՏՎԻՐԱՆ ՄՈՌԱՑՈՒԹՅԱ՞Ն. ՀԱՐԿԱՎ

(պամֆլետ-օրատորիա)

Վերջին տարիներին մեծ ձեռքբերում ունենք, իշխանականներն ըմբոստացել և դադարել են Նժդեհին ցիտելուց։ ՈՒրեմն թույլ տամ ինձ մի միտք մեջբերել պետականաշինության հանճարից. «Աչքը կո՛ւշտ ժողովուրդ- ահա մի ուրիշը` ամենահայկականը հայի գովելի հատկություններից»։

Իշխանությունների աչքը այսօր դաժան ոլորապտույտի մեջ է գալարվում, փառակալվում, չի կշտանում։ Այնինչ Նժդեհի ողջ աշխարհիկ հարստությունը նրա սպայական համազգեստն էր, սեղանի գիրքը և թուրք փաշայից գերեվարած թուրը։ Նժդեհը` ցեղակրոնության ռահվիրան, դաշնակցության ղեկապետերից Արամը, բոլշևիկյան Ռուսաստանի երևելի գործիչներ Շահումյանն ու Մյասնիկյանը Մեծ Թուրանի կոկորդի մեջ թուջե գեղարդի պես մխրճված կառուցեցին հայոց պետական տունը աշխարհաքաղաքական ծանրագույն պայմաններում, երբ քսանամյա ցեղասպանական մղձավանջից հետո գերագույն հակահայ մառախլապատ Ալբիոնը անթաքույց ձգտում էր Հայկազյան տան վերջնական կործանմանը։ Մի՞թե Անգլիայի թիվ 1 հետախույզ և գործնական քաղաքականության աջթևային Լոուրենս Արաբացու վերջնագրերը բրիտանական կայսրության պաշտոնական տեսակետը չէին. «Հայերի լիակատար կոտորածը կարող է սկանդալ դառնալ, եթե դա բրիտանացիներն անեն... Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը... Օ՜, ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել։ Նրանց կարելի է բերել Հայաստան և աշխատանքի լծել։ Աշխատուժի պակաս չկա»։

Մինչև ներկա տասնամյակի վերջը երկիրը գոյակերպվելու է Մելիք-Ադամյանի գեղակերտ սև շենքի հրամայականներով։ Այսպիսին է, համենայն դեպս, իշխող կուսակցության հավատո հանգանակը։ Դժվար է ասել, որ քաղաքական քառյակն ավելի ազնիվ է յուր նկրտումներում, վարք ու բարքում։ Քառյակը, ըստ էության, դարանակալել է պետականությանը, երկրին, ազգային տնտեսությանն ու մեր ապագային։ Դարանակալել է դարան մտած գազանի կենսաբանական կրքով, բավական է, որ իշխանական գահաթոռները երերան, քառյակը և նրա շուրջ ակնթարթորեն ձևավորվող ընդդիմությունը (այս ձևաչափում, քառյակ + «քաղաբիժնիկ» արբանյակներ+ՀՀԿ հածանավը մինչև երրորդ աքլորականչը լքած գործարարներ և ուրիշներ) կներխուժեն, կխժռեն, կսանձահարեն ու ծնկի կբերեն... Հասկանալի է, կներխուժեն նախագահական նստավայր և կառավարական տուն, կխուժեն դեպի (մի՞թե կասկածներ կան այս հարցում) մինչ այդ անհաս տնտեսական գերեռուն կաթսայատները, կսանձահարեն քիչ թե շատ ընդդիմադիր ուժերին և վերջնականապես ծնկի կբերեն բազմաչարչար հայ ժողովրդին։ Եվ մի՞թե սա չէ նրանց գերագույն իղձը։ Այստեղ ականջ դնենք Նժդեհի գաղափարական կաթնեղբայր Կոստան Զարյանին. «Մենք` հայերս, կանգնած երկու այս աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև, ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը։

Եթե մենք` հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ։ Պիտի կառչենք մեռնող եվրոպական քաղաքակրթությա՞ն, թե՞ առաջին պլանի վրա կանգնած` արևելյան մտքի նոր ճառագայթումի և նոր ստեղծագործական թափին հետ, պիտի հանդիսանանք ներուժ մշակութային կենտրոն»։

Դաժան և ամոթալի է խոստովանելը, սակայն, մեծապատիվ Զարյան, մի՞թե «չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակը» այսօր հենց ներհայաստանյան բարդույթ չէ։ Մեզ մաշկում են բազմապատկվող եռանդով, ընդ որում երկրի օրենքների սահմաններում։ Ո՞վ կասի մեզ, թե նորաթուխ վարչապետն ինչ երազ էր տեսել վաղ լուսաբացին, որ կառավարական տուն շտապելով խոշոր սեփականատերերին անհաճո շքեղության հարկը անտեսեց, երբ երկրի բյուջեն ցավագին տնքում է։ Եվ չինովնիկական վայրագ սամումներն են հանրապետությունը ելուզակում, զի բյուջեն լցոնել է պետք, թեկուզ հասարակությունից յոթ կաշի քերթելու գնով։ Եվ երկրի ողնաշարն է սայթաքում յուր առանցքից, քանի որ միջին խավը վաղուց է լքել մեզ։

Տպավորությունս (որն օր օրի համոզմունքի է փոխվում) սա է. մեր իշխանապետերը, ուս ուսի և սիրտ սրտի սերտաճած արտաքին վարկատու և աղանդավորական դավադիրների հետ, չափազանց ուշադիր են սերտել Հայաստանն ու հայերին պատմության բեմահարթակից անկյուն քշելու գաղափարաբանությունը։ Եվ իրագործում են։ Կհաջողվի՞։ Մի բան է զարհուրանք պատճառում. այս ամենը կատարվում է անկախ պետականության գոյության քառորդ դարին ընդառաջ։ Գուցե ՀՀ-ն բնավ չանհետանա աշխարհից, սակայն կկայանա որպես էժան աշխատուժով հռչակված տեղական իշխանիկներին և օտարերկրյա սատրապներին սպասարկող հլու պետություն։ Այո, եթե այսօր 5-հոգանոց հայ ընտանիքի ամսական վաստակը 500 դոլար է և ընտանիքը խիստ դժգոհ է յուր ճակատագրից, ապա չկասկածեք, աշխարհում միլիոնավոր սովալլուկներ երնեկ են տալիս նման ապրելակերպին, մասնավորապես Սոմալիի, Հնդկաչինի և այլ փառապանծ եզերքների բնիկները։ Սա, կրկնում եմ, միանգամայն իրական է և օրեր առաջ հնչած սպառնալիքը` էլեկտրաէներգիայի հերթական թանկացման առնչությամբ լուրը հնչեցնողի ապազգայնության դրսևորույթը չէր, Լոուրենս Արաբացու շուրթերով հնչած բրիտանական կայսրության հայամերժ ծրագրի առաջին փուլն է մեկնարկել։ Եվ սա պիտի գիտակցել։

Մի՞թե կզարմանանք, եթե արտագաղթի նման զարգացումներով պայմանավորված 2-3 տարի անց ՀՀ դեմոգրաֆիական պատկերը շրջվի գլխիվայր, այսինքն` Հայաստան ներխուժի էժան աշխատուժը հյուսիսից և հարավից, արևելքից ու Բոտսվանա երկրից։ Ով գիտե, գուցե հենց այս ծրագրի վերջնական կենսագործման նպատակով է երկիրը դաժան հետևողականությամբ վերածվում զբոսաշրջային տիրակալության։ Եկեք քաղաքատնտեսական մի պատկեր ուրվագծենք. ի՞նչ է անհրաժեշտ զբոսաշրջային տիրակալություն դառնալու համար։ Ահավասիկ մեր մայրուղիները մարզերում և մայրաքաղաքում բնավ անորակ չեն։ Պանդոկները, շոգեբաղնիքները, ռեստորաններն ու հյուրատները հանրապետության ամենեն գեղատեսիլ, շահեկան վայրերում են, Հրազդանի կիրճում են, Լոռվա սարահարթերում են, Սևանի ափին են և Արագածի լանջերին։ ՈՒնենք գերազանց խոհարարներ (շատերը, երևակայելն անգամ խինդով է պարուրում հոգիդ, երկու բարձրագույն կրթությամբ), և մի՞թե մեր միրգն ու աղբյուրները աննկարագրելի հմայք չունեն օտարի աչքում։ Իսկ վերականգնված Մատենադարանն ու Սարդարապատի հուշահամալի՞րը, իսկ Արարատն ու Զվարթնո՞ցը, և այսպես շարունակ։

Արտագաղթի տեմպերը, համոզված եմ, խիստ գոհացնող են իշխանական (առավել ևս` քառյակա-ընդդիմադիր) կտրվածքով։ Մականունակիրները, անշուշտ, տանջահարվում են օտար, երբեմն էլ, սա չթաքցնենք, թշնամական միջավայրում` Ազգային ժողովում, ուր պետք է բարձրաձայն չհայհոյել և ժամանակին ոմանց կոճակները սեղմել։ Համբերություն ձեզ, մականունակիր իմ ասպետներ, երկու-երեք տարի անց ամեն բան կհանգրվանի յուր տրամաբանական ակոսում, հանրապետությունում կմնան շուրջ 1 մլն աբորիգեն-հնազանդներ, և գերէժան աշխատուժը կլիացնի երկիրը, այսինքն` իշխանապետաց հոշոտմանը հանձնված հանրապետությունը։ Դուք էլ, մի՞թե պարզ չէ, եռագույն թզբեհն առած կզբոսնեք վարդագույն շոգեբաղնիքի (նախկին Աբովյան փողոց) անվան քուչով, նախ դեպի վեր, հետո դեպի վար։

ՎԱՍԱԿՅԱՆ ԾՈՒՂԱԿՆԵՐ

(սարկաստիկ հեքիաթ)

Ագռավը սիրո սեղան է բացել... Զի գոցվել են Մհերական դռներն ու դարպասները։ Եվս 2-3 տարի, մի քանի խոհական ձմեռ ու կենսաթրթիռ աշուն, և Հայաստանում հայը կարձանագրվի հետևյալ լոուրենսյան ձևաչափերում` նախ որպես իշխանապետ, այնուհետև որպես հյուրատան սպասարկող և առավելապես որպես` ազգագրական ցուցանմուշ։ Այսպիսով, կեցցե՜նք մենք, Վարդանի և Նժդեհի կարծեցյալ հետնորդներս և Վասակի հարազատ հոգեզավակներս։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ