Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գիշատիչների շորորավարգը (հեռակա զրույց Հրաչօյի հետ)

Գիշատիչների շորորավարգը (հեռակա զրույց Հրաչօյի հետ)
06.06.2014 | 11:27

Տարիքս առած մարդ եմ։ Անհաշտ՝ երկիրը, ժողովուրդն էս օրը գցողների հետ։ Տեսել եմ Արարատյան դաշտի բնակավայրերի վերջին կավաշեն տները, ցանկապատերը, տեսել եմ՝ ինչպես են յուրացնում Արարատյան դաշտի աղուտները և հիմնում այգիներ։ Տեսել եմ՝ ինչպես են կառուցում Նոյեմբերյանի քառաստիճան ջրհան կայանը և ինչպես են հիմնում դեղձուտները, ասես մեծացնելով Արարատյան դաշտը։ Էս ովքե՞ր ավերեցին, ինչո՞ւ ավերեցին։
Ինչո՞ւ սերը պակասեց մեր աշխարհից։


«Սիրտս ցավում է», ՀՐԱՉՕ

ՀԵՌԱԿԱ ԲԱԺԱԿԱՃԱՌ
(ֆելիետոն-նամե)
Կենացդ, Հրաչօ, հուր-աչ և անհանգիստ հոգի։ Կենացդ և համբերություն, այս խորշակն էլ կանցնի, և կրկին գարունը կփռի թևերը Մռավից Աժդահակ և Թարթառից Արաքս։ Եվ ոգու սովը կլքի քարից հաց, բզեզից էլ որդան կարմիր կերտող ժողովրդին։ Այսօր, այո՛, արագավազ ավերում են, այնինչ կայսրապետության նահանգ հայոց 2-րդ հանրապետությունը հառնեց ավերակներից ընդամենը 70 տարում, որոնք մեր տասըհազարամյա քաղաքակրթության համատեքստում ընդամենը յոթ ակնթարթ են։ Այո, սիրելի Հրաչօ, որպես կայսրապետության մի դրվագ, անզուսպ շենացանք, և մեր կավը փոխարինվեց սրբատաշ տուֆով։ Սակայն պարզվում է, որ անկախությունը մեր քավարանն է դարձել, և երկիրն ավերվում է։ Ավերվում է այն երկիրը, որը «կիսալուսնին» մի պահ ծնկի բերեց՝ Արցախ-աշխարհը նրա երախից հետ բերելով։

1996-ին Հանրապետության հրապարակում դարակազմիկ մի ոճիր իրականացվեց. Լենինի արձանի հոյաշեն պատվանդանը քարուքանդ արվեց, և հարթաքանդակ գրանիտն ու բազալտը դարձան քանդարարների առանձնատների պարիսպն ու հիմքը։ Տեղում այսօր խոտհարք է, խոյակերպ խոյակները փոխարինվեցին հոտավետ սիզախոտով։ Ամեն բան արվեց 2-րդ հանրապետության քաղաքակրթական հսկա ժառանգությունը հողմացրիվ անելու համար։ Առջևում գերակա խնդիրն էր. հանրապետությունը նախ հայտավորվում էր վասալային պետության կարգավիճակում, հետո անցնում կիսագաղութացման և վերջապես ինքնաբավ հանգրվանում լիակատար գաղութացման կաղապարներում։ Այո, ՀԽՍՀ-ի 29,8 հազար քկմ-ն գիտության և մշակույթի օրրան էր, այժմ 40 հազար քկմ ենք «դարձել», սակայն երկիրը կծկվել է մի քանի հեկտարի վրա։
Լավ, փորձենք հասկանալ, թե ինչու խորշակն այսպես փարթամորեն պտղակալեց Մասսյաց հովիտներում։ Գուցե ավազակաբարո գե՞նն է արթնացել։ Գուցե, չէ՞ որ Ք.Ծ.Ա. 12-րդ դարում երևելի դիրք և հեղինակություն ուներ հայախոս ցեղերի Շուպրիա թագավորությունը, որն ընդգրկում էր Սասունն ու Մոկաց աշխարհը, Աղձնիքը, Տարոնի հարավը և այլ աշխարհներ։ Ասորական վիմագրերի հուշումն է ուշագրավ. «Ավազակները, գողերը կամ թե նրանք, ովքեր մեղավոր մեղք են գործել, արյուն են թափել և ապստամբ զորավարները, հսկիչները, կառավարիչները փախչում են Շուպրիա»։
Մի խոսքով, ո՛ղջ լերուք։

ՏՈՒԿԱԹԵԼԻ ԲԴԵՇԽԸ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՍՊԵ՞Տ
(պամֆլետ-օրատորիա)
Եվրոպան բացում է հերթական վարագույրը։ ՄԱԿ-ը՝ նույնպես։ Բարոյազրկության հարահոսը նորանոր անակնկալներ է մատուցում մեզ՝ մեկը մեկից նենգ։ Ահավասիկ տուկաթելի բդեշխը, այլ կերպ ասած՝ ազգային տնտեսության ապազգային նշանառուն, պարզվում է, Իտալիա պետության ասպետ է։ Նույն հավանականությամբ գուցե թե մենք էլ գերագույն գեղմի շքանշանով պարգևատրենք, ասենք, սիցիլիական մաֆիայի պարագլխին։ Գուցե։ Իսկ ի՞նչ գնահատական պիտի տրվի ՄԱԿ-ի գրոհային ներխուժմանը մեր՝ զույգ ոտքերից կաղացող կրթական համակարգ։ Պարզվում է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատմության ուսուցանումը տագնապ է հարուցել համաշխարհային կառավարության համար հանդերձարանի դեր կատարող նշյալ կառույցի ներաշխարհում։ Ի՞նչ կարող ենք անել, մենք օրըստօրե կորցնում ենք մեր պետական ինքնության վերջին բաղադրիչները (պատվանդանի կործանումը հենց այդ խորհուրդն ուներ, զի պետականության ցոլանք էր) և, ահավասիկ, եվրասիական ընտանիքին այսքան երանելի անդամակցումը մոխրաթաթախ հարցականների երամակներ է քշում դեպի մեզ, ու թե արիացի ես, արի ու դիմակայիր։ Զուգահեռ ընթացքով գլխավոր պարտատերը մեր՝ արևմտյան բարենորոգիչ ամպը զովաբեր, կարկուտ է տեղում հենց գարնան գլխին, ծաղկունքի պահին։ Սակայն առկա է երրորդ զուգահեռը. իշխանակույտը օր օրի պրկում է օղակները, առայժմ թողնելով շնչել-արտաշնչել, զի որպես կենսաբանական հումք (այսօր սպառողական կույտ ու հլու զանգված, վաղը, Տերը մի արասցե, թնդանոթի միս) մենք դեռևս պետք ենք, հետևապես մեզ կարելի է հանդուրժել։ Մեզ՝ անարժաններիս, ամբարիշտներիս և, առհասարակ, սեփական լավն ու վատը չզանազանողներիս։ Չէ՞ որ մեզ տրված է եզակի հնարավորություն՝ ապրել կիսաքաղց, վայելել մեր խորհրդային անցյալի քաղցր հիշողությունները։
Ապշեցնում է նրանց զարմանահրաշ հոգեկան բավարարվածությունը, հոխորտում են, վայելում, և այս ամենը նրանց համար պատմական մեծագույն հաղթանակ է, հայ ոգու և բազկի հաղթանակ՝ ստամոքսաորկորային ահարկու գերակայությամբ։ Սա ուղղելի՞ է։ Հարկավ անհնար է։ Իշխանակույտը հասել է ծայրակետին, որից այն կողմում անդունդն է։ Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ նրա՞նք են գահավիժելու, թե՞ մենք։
Միաժամանակ ցավալի է, բայց նոր վարչապետին լավ չեն հասկանում և, ահավասիկ, նրա վարչապետության 100 օրը դեռ չլրացած, ալյուրը հանկարծ թանկացավ։ Արգո վարչապետ, ներող եղիր, բայց ջանքերդ ունայն են, քանզի անհնար է պարտադրել բոշա-փաշաներին մտածել վասն պետության և հանուն ժողովրդի։ Դա նույնն է, թե քարոզ կարդաս գառան դմակը վայելող գայլի գլխին։
Հրաչօ, պատվելի իմ բարեկամ, մի հարցի պատասխանն եմ քեզնից սպասում, եթե, անշուշտ, կհաճես պատասխանել։ Այսպես, օրհասի պահին զինվորն ու մտավորականն են պետականության նեցուկը։ Վերհիշենք օրհասը և մեր փրկության առագաստներին. Արթուր Մկրտչյան և Սիմոն Աչիկգյոզյան, Թաթուլ Կրպեյան և Մովսես Գորգիսյան, Արթուր Մալխասյան, Լեոնիդ Ազգալդյան և Դև (Դավիթ Սարապյան)... Նրանք ընկան վասն հայրենյաց, այո՛, վասն հայ մշակի, վասն հայության։ Մի՞թե հիմա հարց չի ծագում. հանուն ինչի՞, հանուն ներկա որոշ մտավորա՞ց։ Եղիր տոկուն (ինչպես եղել ես քո ողջ կյանքում), մեր մտավորաց պատվարժան կոհորտայի հրամանատարական կազմը երբեմն շեղվում է, հաճախ խոտորվում, դեպքից դեպք էլ... ուղղակի տանուլ է տալիս։
Բա՜յց... Բայց չանտեսենք որոմը։ Խնդրեմ, մայրաքաղաքի ավագանու անդամ մշակութային գործիչները ինչպիսի՜ գերագույն բավականությամբ են ծռմռվում։ Այնինչ վերջերս բացահայտեցինք քաղաքապետարանի առանձին օղակների լկտիությունը՝ երևանաբնակն իր ափաչափ տնամերձի ցանկապատը փորձեց նորոգել և, խնդրեմ, ընկավ թակարդը՝ վճարեց 1000 դոլարից ավելի գումար միայն թույլտվության համար։ Իսկ ավագանին պապանձվել է։
Եվ կյանքը նորհայկական հանդարտ գալարվում է յուր պղտոր հունով։ Արմավիրում եկեղեցի օծվեց, փառք Տիրոջը։ Եկեղեցին քաղաքապետարանի առջև է։ Արմավիրում, սակայն, նաև մարզային իշխանության ներկայությունն է՝ մարզպետ-բդեշխիկի «գահակալությամբ»։ Արմավիրը՝ Արարատյան դաշտի դրախտային այս անկյունը, դժոխքի ճանապարհ է հիշեցնում, կյանքը կանգ է առել, ծաղկում-փթթում են մարզպետի և քաղաքապետի անհաշիվ «օբյեկտները»։
Եվ, անշուշտ, չարագուշակ հնչեց մարզպետի հրովարտակը՝ մի եկեղեցի էլ կառուցել՝ մարզպետարանի դիմաց։ Բայց գուցե այս ամենի արմատը դարձյալ փնտրենք մտավոր-մշակութամերժությա՞ն մեջ։

ՁՈՆ
(սարկաստիկ վերջաբան)
Բարեբեր է մեր երկրի աշունը։ Աննման են նրա բալաշուրթ լուսաբացները և վերջալույսերն են ծիրանաջինջ։ Եվ բնավ էական չէ, որ պապենական օջախդ գրավադրված է, որ զավակներդ դեգերում են Բիշքեկից մինչև Բոտսվանա՝ հանապազօր հացի փնտրտուքում։ Ամենևին կարևոր չէ, որ դռանդ ավանակը, շունն ու աքաղաղն անոթի են։ Կարևորն այն է, որ մենք, տանջահարվելով, այնուամենայնիվ, բարեփոխում ենք մեր հանրապետական հանրապետությունը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ