Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Աղի և պղպեղի լեգենդը (երկխոսություն վարչապետի հետ)

Աղի և պղպեղի լեգենդը (երկխոսություն վարչապետի հետ)
30.05.2014 | 11:32

Գործդ թողած, փոս մի՜ փորիր, որ երբևէ չդառնանաս...
Ո՛չ թե, ի դեպ,
այն պատճառով, որ կարող է լինել ինչպես
ասացվածքում սուրբգրային, որ ամենքի նման, դու էլ անգիր գիտես,
ո՛չ, իհարկե, Աստվա՜ծ չանի, ո՜չ իհարկե...

Փոսդ փորած, մեկ էլ տեսար ուրիշի տան հիմք է դառել,
-Ո՞վ կարող է դա բացառել...


«Փոս մի՛ փորիր», Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ՀՈՎԵՐ ԵՎ ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ
(ֆելիետոն-նամե)
Հովիկ, ասել է՝ զով, մեղմանուշ զեփյուռ, ասել է՝ ոչ փոթորիկ, ոչ էլ երաշտ։ Իր հերթին հրաշափառ է Աբրահամյան ազգանունը, որը ծնում է հոգեզմայլ մտապատկերներ, ահավասիկ՝ Գառն Աբրահամի։ Առհասարակ իշխող կուսակցության հանգուցային դեմքերի անուն-ազգանունները հայեցի են խիստ և հեթանոսորեն խրոխտ, քրիստոնեաբար առաքինի են և առաքելական։ Խնդրեմ, Առաքել Մովսիսյան, այսինքն՝ մովսիսական առաքելություն։ Այլ բան է, որ քաղցրաշուրթ սույն պատգամախոսն առաքինի է յուրովի, առաքելական է ըստ քաղաքական պատվիրանների։ Եվ այսպես շարունակ, և այսպես անփառունակ։ Մի խոսքով, նոր կառավարությունը յուր նախորդի նման չի հավակնում հավակնոտ ծրագրեր «ջրցանելու», սա գործի կառավարություն է, այստեղ գրբացությամբ չեն զբաղվում, զի հայրենիքը «3D» չափման մեջ է, կամ՝ բոշայափաշայական դաշինքն առնում է յուր գողոնը և անհետանում, կամ՝ շարունակում է հղփանալ և հրահրել համազգային հեղաշրջում... Կամ էլ Իվանն ու Մուհամեդը (իմա՝ Ռուսիան և Իրանը) նարդին կդնեն Մեղրու անցակետում, զառ կգցեն և կորոշեն ՀՀ ճակատագիրը, այսինքն՝ կմասնատեն այն, և ժողովուրդը նորանկախական ցնծությամբ դուրս կգա փողոց և հրապարակ, ողջունելու յուր բաղձալի ազատարարներին։ Այսպես հաճախ է եղել մեր պատմության մեջ, երբ մեր հայկազուն իշխանիկներն ու բդեշխները մեզ անլեզու անասունի տեղ դրած օրեր, ամիսներ ու տարիներ շարունակ հեծնել են և քշել, դե մենք էլ, հոգիներս բերաններս եկած, դիմել ենք հյուսիս ու հարավ, արևմուտք և արևելք, դիմել ենք օտար ու չար արքաներին, թե՝ հասե՜ք, փրկե՜ք մեզ մեր միս-արյուն գազաններից։

ՀԵՌԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
(պամֆլետ-օրատորիա)
Արգո վարչապետ, Ձեր մեկամսյա ուղերձները մեկնաբանվել և ծամծմվել են բազմիցս։ Մոռանանք դա, զի ես բնավ հիշաչար չեմ և ավելին՝ զարմանալի հուսառատ եմ։ Կծանրանամ մեկ հանգամանքի վրա, որը նորընծա-բազմափորձ կառավարության հենարաններից մեկն է և, անկասկած, ազգային-պետականության կայացման մեծագույն խոչընդոտն է, մի բան, որն ապացուցման կարիք չունի, քսան տարի է՝ «փաշայաբոշայական» դմբուզն է անվերջ հարվածում մեր պետության ստոծանուն, երկիրը նավաբեկության ենթարկված առագաստանավի պես տարուբերվում է, նավավարները ճոխ ու անվերջ խնջույքի են բազմել յուրյանց նավասենյակներում։ Առագաստանավը կա՛մ պիտի նավամատույց հասնի, կա՛մ էլ հանձնվի ծովահենների ողորմածությանը։ Նավավարների համար կարծես մեկ է. հանգրվանել հայրենի նավամատույցո՞ւմ, թե՞ հանձնվել հյուսիսից, արևելքից և գուցե արևմուտքից խուժող ծովահեններին, զի նրանցը իրենց հեթանոսական շուրջպարն ու հերետիկոսական գինարբուքն են և նավամբարներում կուտակված հեքիաթային հարստությունը։ Այսինքն՝ սթափ եղեք, այնտեղ ամբարված է այն, ինչը նավավարները մանկապատանեկան տարիներին տեսել են արտասահմանյան ֆիլմերում կամ լսել են հեքիաթասաց Գյուլնազ տատից։ Նավամբարներում կյանքն է՝ սուլթանավայել և սարկաստիկ։
Լավ, բավ է, և Դուք՝ պարոն Հովիկ Աբրահամյան, նաև հարգարժան նախագահը, աննախադեպ սխրանք գործեցիք, Դուք ասացիք, որ իշխանությունն ու ընդդիմությունը միևնույն նավում են (իմա՝ առագաստանավում), նախագահն առավել կողմնորոշեց խնդիրը՝ վստահեցնելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը մարդու երկու թևերն են, մեր օրինակում` նավի երկու առագաստները, այսինքն, ընդդիմությանը ներքաշեցիք պատասխանատվության լծի տակ, ամենևին վատ չէ, զի անպտուղ ճառաբանումից մինչև քաղաքական անապատացում մեկ քայլ է, և այն վաղուց է կատարվել, բարգավաճական այլընտրումից ետքը։ Լավ, իսկապես բավ է, անցնում ենք բուն խնդրին։ Այսպիսով, սահմանվել է հանրապետության լինելության ձևաչափը՝ երկիրը երկիր է դառնում բացառապես գործարար մարդու (սա է «բոշայափաշաների» իշխանակառավարական անվանակոչում-շոյանքը) ջանքերով, չէ՞ որ նրանք են բազում աշխատատեղեր ստեղծել, նրանք են պահպանում պետական գանձարանը խորտակումից, նրանք են... Մի խոսքով՝ նրանք են երկրի աղը... Բնականաբար, հասարակությունն է երկրի պղպեղը։ Լավ, եկեք պայմանականորեն զուգահեռվենք, ես՝ որպես պղպեղ, Դուք՝ որպես աղ։
Երբ Դուք Բուրաստանի կոնյակի գործարանում միջին օղակի ծառայող էիք, ես ծառայում էի ԽՍՀՄ-ում և սոցիալիստական ճամբարում միակ պատճենահանման ծառայությունների կենտրոնում, Մաշտոցի և Լուսավորչի փողոցների անկյունում։ Փառավոր օրեր էին, 1988-ն էր հրապարակում, և սույն կենտրոնում անհամար անհրաժեշտ փաստաթղթեր, գրքեր և գծագրեր էինք տպագրում, անհրաժեշտ զարթոնքին և շարժմանը, անհրաժեշտ անկախ պետականության կայացման սուրբ գործին։ Ես ղեկավարում էի արտադրությունը, հսկում խմբագիրների աշխատանքը, մի խոսքով, բոցման էի այդ առագաստանավում։ Վարձատրությունս մոտ 300 ռուբլի էր, Դուք ինչքա՞ն էիք այն տարիներին վաստակում։ Անկախացումից հետո անդամագրվեցի ՀՀԿ-ին, հեռացվեցի, զի կուսակցությանը ներկայացված դիմումս այն լքելու մասին դիտվեց որպես խռովություն։ Հեռացմանս հրամանն անհապաղ հրապարակվեց ՀՀԿ «Հանրապետական» պաշտոնաթերթում։ Ի դեպ, ավարտել էի մարքեթինգի դասընթացները, և լիառատ հնարավորություններ կային դրանք կիրառելու կյանքում, այսինքն, կայանալու գործարար ոլորտում։ Սակայն ազգային ռոմանտիզմի նժույգը սմբակահարեց ձախ ականջս, և անդամագրվեցի արմատական-ազգայնական հանրապետական կուսակցությանը, ընդդեմ ՀՀՇականության։ Ի դեպ, այն տարիներին կուսակցության փաստական ղեկապետ Անդրանիկ Մարգարյանը ձևակերտեց ՀՀԿ գոյակերպը՝ ՀՀԿ-ից չեն հեռանում, ՀՀԿ-ից հեռացվում են։ Եվ հեռացվեցի։ Դուք, որպես երկրի աղ, անկախ պետականություն էիք կերտում, հող էիք մշակում, խաղողն էիք օրհնում և Ձեր արյուն-քրտինքի արգասիք ինչքը բյուրանում էր, զի Դուք երկրի աղն էիք, ես՝ պղպեղը։ Հետո հանրային աշխատանքներ կատարեցի Հ/Ա զանգվածի Բ1 և Բ4 թաղամասերում, երբ քաղաքապետն էր Վահագն Խաչատրյանը, և թաղապետն էր լուսահիշատակ Վահան Զատիկյանը։ Հանրային աշխատանք, այսինքն՝ ասֆալտապատում, սոցիալական խնդիրների կարգավորում և այլն, հաճախ, ինչպես հրաշունչ Չարենցը կասեր՝ անկոպեկ, անսենյակ, անկոնյակ, այսինքն՝ պղպեղավարի։
Հետո լոբբինգ-հետաքննություն անցկացրի ԱԺ-ում, Մալաթիայից ընտրված պատգամավոր Սամվել Ավետիսյանի մասնակցությամբ, և հաջողվեց ժառանգական իրավունքով սեփականաշնորհել նկարիչներին սովետի օրոք տրված, սակայն նոր հասարակարգում օդում կախված 304 ստեղծագործական արվեստանոցները, դարձյալ անկոպեկ-անսենյակ-անկոնյակ։ Դուք, հասկանալի է, շենացնում էիք հանրապետությունը, բուռ-բուռ աղ էիք ամբարում և կառուցեցիք Ձեր աղի նահանգը՝ Մխչյանից Հանրապետության հրապարակ, Բաղրամյան փողոցից էլ Բաբայան փողոց-սուլթանություն։ Մի խոսքով, թող մեր հանրապետությունը բարով-խերով հանրապետականացվի, միայն թե յուր սրտից վերջնականապես դուրս մղի հակապետականությունը։ Թե չէ, պարզվում է, երկրի արական սեռի բնակչության 95 տոկոսը ծույլ ու ամբարիշտ միաբջիջներ են (ովքեր անգամ մարդավարի տուն չեն կարողանում պահել), 5 տոկոսը գերմարդ է, որոնց բուն էությունն է փայլատակում նրանց խարիզմատիկ մականուններում։
Էստեղ զարմանք-զայրույթս հայտնեմ Ձեզ, արգո Հովիկ, մեծարգո Արգամիչ, էդ ինչպե՞ս է լինում, որ էսքան գործարար-գերմարդիկ կան մեր հայրենիքում, կան էսքան դղյակ ու շոգեբաղնիք, բայց կան նաև հացի խնդիր ունեցող բնակչություն և սահմանամերձ դատարկ գյուղեր։ Մենք, այսպիսով, ի՞նչ երկիր ենք կառուցում։ Անունը խնդրում եմ ներկայացնել ՀՀ կառավարության հերթական նիստում։

ՄԵՐ ՍԵՎ ՍԻՐՏ, ՁԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(սարկաստիկ վերջերգ)
Մի խոսքով, կրկին ջրբաժանում ենք։ Եվ միակ հույսը հանրային շարժումներն ու հասարակական հուզումներն են, ինչի մասին շատ հստակ ասաց երկրի նախագահն իշխող կուսակցության 15-րդ հոբելյանական համագումարում։ Այնպես որ, յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք և հայտնաբերենք պայքարի կրակն ու բոցը։ Եվ շատ հնարավոր է, որ ինքներս էլ փոխարինենք ներկա բոլոր կուսակցություններին՝ իշխող և իշխանություն տենչող, երազող և, հազար ներողություն, սեփական երազանքներին անգամ չհավատացող։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ