Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ռեկետ` պետական մակարդակով (փշե պսակներ, կամ քաղաքապետարանի քարեդարը)

Ռեկետ` պետական  մակարդակով (փշե պսակներ, կամ քաղաքապետարանի քարեդարը)
23.05.2014 | 11:55

-Երևա՜ն դարձած իմ գյուղաքաղա՛ք։
...Արթնացնում է ինձ մի վաղ աքաղաղ։

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ,
«Իմ կեցությունը»

ՇԱՔԱՐ ԳԱԶԱՆԻ ՀԱՄԱՐ
(ֆելիետոն-նամե)
Ես կրկես մանկուց չեմ սիրել։ Սակայն կրկեսից մի ցնցող բան եմ հիշում. հռչակավոր ծաղրածու Կարանդաշը սագերը լծել էր սայլակին, սայլակը բեռնել էր փաստաթղթերով և գնում էր պահեստ՝ 1 կգ մեխ դուրս գրելու։ Սա խորհրդային բյուրոկրատիայի զավեշտալի բնութագրումն էր, ԽՍՀՄ-ը վարչաբյուրոկրատական երկիր էր, և փաստաթղթերի առատությունն ու բյուրոկրատիայի աներերությունը բնական էին։ Սակայն ազատ-անկախ-միացյալ Հայաստանի բյուրոկրատիան ինչ-որ հանրային դասի գործելաոճը չէ, այն ուղղակի ռեկետ է` պետական մակարդակով։ Այս զարզանդելի պատմությանը կանդրադառնանք տողեր անց, այժմ դարձյալ կրկեսի մասին։ Ըստ իս, չկա ավելի դաժան բան, քան գազաններին պարտադրված կապկումները կրկեսի արենայում։ Ահավասիկ առյուծ-արքան չորս թաթը մեկտեղում է նեղլիկ տախտակի վրա և սպասում գազանավարժ-հերետիկոսի ահեղ հրահանգին, թռչելու կրակե օղակի միջով։ Նա զուրկ է այլընտրանքից, կամ պիտի թռչի օղակի միջով և վաստակի օրվա ապրուստը, կամ խժռի գազանավարժին։ Իսկ ջորու գայթելն ու ամբոխի պայթե՞լը հիացմունքից։ Հետին թաթերի վրա հսկա արջը շորորում-ծամածռվում է, դարձյալ ընտրություն չունենալով։ Իսկ բազմացենտներ կշռող գետաձիու շերեփուկային խայտանքը լողավազանո՞ւմ։ Սա է ամբարվում մանկական հոգիներում, որոնք հեքիաթներից լավ հիշում են, որ առյուծը հզոր է, վեհ ու արի, որ արջը բարի ու խենթ մի ծուռթաթ է, մանուկների սիրելին, մեղուների թշնամին։ Գազանանոցում ավելի տանելի է, այստեղ հրապարակավ չեն ստորացնում «անլեզու եղբայրներին», բայց եթե կրկեսի արենայում «կաքավող», վանդակում էլ «խոնջացող» կենդանիները լեզու առնեն և իրենց անկեղծ խոսքն ուղղեն գազանավարժներին ու ամբոխին, ապա չեմ կասկածում, որ մարկեսյան մոգական ռեալիզմի գլուխգործոցների կհանդիպենք, մռնչյունի և բառաչյունի տեսքով։
Մի խոսքով՝ երկու կտոր շաքարով հնարավոր է ծնկի բերել մարդուկից տասնապատիկ ուժեղ և հազարապատիկ վեհ կենդանուն։

ԹՂԹԵ ԹՈՒՆԱՀԱԲԵՐԸ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱՅԻ ՍՈՒՐՆ ԵՆ ԵՎ ՎԱՀԱՆԸ
(պամֆլետ- օրատորիա)
Քաղաքացի Հրայրի տան և այգու պարիսպը խարխլվել էր։ Քաղաքացի Հրայրը ունի Նունուֆար անունով մի թութակ, այգում ընթերցելը պաշտող մի կին՝ Հնազանդ անունով, և մեծ ցանկություն վերանորոգելու յուր պապենական օջախի հնամենի պարիսպը։ Ի դեպ, այն պարզապես ցածրիկ մի պատ է, որը Հրայրը սիրում է մեծարել որպես պարիսպ։ Քաղաքացի Հրայրի պատ-պարսպի երկարությունն ընդամենը 12-13 մետր է, բարձրությունը 70-80 սմ։ Անգին իմ ընթերցողներ, ձեր կյանքի անվտանգության ապահովման նպատակով պաղատում եմ որոշակի հումորով վերաբերվել ներքոնշյալ տրագիֆարսին։ Այսպիսով կառուցման հուրը սրտում տիար Հրայրը, որպես օրինապահ քաղաքացի, դիմում է յուր վարչական շրջանին։ Եվ հայտնվում բյուրոկրատական-նորհայկական-երևանյան այս ջունգլիում։
Վարչական շրջանի ճարտարապետը խորհուրդ է տալիս նախ դիմել հավաստագիր ունեցող որևէ ճարտարապետական կազմակերպության։ Տիար Հրայրը նախընտրում է առաջին իսկ պատահած լիցենզավորված կառույց - ՓԲԸ-ն։ Որը լծվում է գործին։
Գծագրեր՝ անթիվ-անհամար, զննություններ և հավաստիացումներ 19 էջի սահմանում։ Արդյունքում ի հայտ են գալիս 5 միանման մատյաններ միևնույն բովանդակությամբ, A3 ձևաչափի, ստվարաթղթե կազմով և բազմախոստում գրառումներով։ Պատկառազդու այս մատյանների 3 օրինակը տրվում է Հրայրին, մեկը նվիրաբերվում է վարչական շրջանին, մյուսը՝ քաղաքապետարանին (թե ինչ պիտի Հրայրն անի 3 օրինակ անհեթեթությունը, հարկավ հասկանալի է միայն սույն ջունգլիներում խաղի կանոնները սահմանող հոմո-բյուրոկրատոսներին)։
Հետո Հրայրին հրամցվում է Ա4 ձևաչափով կերտված «Շինարարության վարման մատյանը»։ Մատյանի շապիկին զավեշտական լեզվով ու տառասխալներով գրված է, որ այն հաստատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 1999-ի հուլիսի 20-ին (տարաբախտ մի օր ՀՀ չարաբախտ պատմության մեջ)։ Թերթենք սույն ողբերգության մատյանը և ընթերցողին ներկայացնենք էջերի խորագրերը։
1. Մատյանի վարման հրահանգ։
2. Հիմնական տեղեկություններ կառուցվող օբյեկտի վերաբերյալ։
3. Նախագծային փաստաթղթերի գրանցում։
4. Ներմուծվող նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների գրանցում։
5. Ամենօրյա աշխատանքների և շինվածքների գրանցում։
6. Ծածկագրված աշխատանքների, կատարված երկրաբաշխաչափության և այլ արձանագրությունների գրանցում։
7. Հատուկ նշումներ (վթարների և դժբախտ պատահարների վերաբերյալ)։
8. Տեխնիկական հսկողության գրառումներ։
9. Հեղինակային հսկողության գրառումներ։
10. Քաղաքաշինության պետական տեսչության գրառումներ։
Հրայրը խոստովանեց, որ դիմանում էր, սակայն երբ հասավ «երկրաբաշխաչափություն» ահարկու բառին, ուշաթափվեց։ Երբ ուշքի եկավ, արդեն միևնույնն էին և՛ պատ-պարիսպը, և՛ բյուրոկրատները, և՛ վճարած պատկառելի գումարները՝ 75 հազար դրամ վարչական շրջանին, 250 հազար դրամ էլ ՓԲԸ-ին, զի նրան հրամցվեց ևս մեկ փաստաթուղթ, այս անգամ «տեղեկանք» անվանակարգում, որը պարտադրում է պայմանագիր կնքել որևէ շինարարական կազմակերպության հետ, դրա մեկ օրինակը ներկայացնել քաղաքապետարանին, մյուսը՝ վարչական շրջանին։ Իսկ թե որքան գումար կկազմի շինաշխատանքը, հայտնի կդառնա միայն պայմանագրի վավերացումեն ետքը։ Հա, չմոռանամ հիշեցնել, որ շինարարական աշխատանքները սկսելուն պես պարիսպ-պատը պիտի շրջանակվի ձեզ քաջ ծանոթ գույնզգույն պաստառով, վրան հանրածանոթ կոչը՝ «Ավելի բարեկարգ Երևան»։ Սակայն եթե գեթ մեկ գրամ ազնվություն կա քաղաքային իշխանությունների համապատասխան օրգաններում, ապա նրանք պիտի կոչը վերաիմաստավորեն. «Ավելի ռեկետային Երևան»։ Զի նման փաստաթղթային հսկա փաթեթով հնարավոր է, դիցուք, մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը պատրաստել, կամ էլ նախագծել-ավարտին հասցնել ընդգրկուն մի ջրամբար, հանգուցային մի մայրուղի կամ էլ գուցե օլիգարխիկ մի նոր դղյակ։ (Շատ կուզեի իմանալ, զորօրինակ, որքան փաստաթուղթ է ներկայացվել տիար Հովիկ Աբրահամյանի առանձնատան կառուցման համար, որը, հուշում եմ, մտահան չանեք, կառուցված է ԱԺ շենքի «պատկերով և նմանությամբ», միայն քիչ ավելի համեստ չափերով։ Միաժամանակ որքան են կազմել վերոնշյալ (և բազմաթիվ այլ) դղյակ-պալատների կառուցման թույլտվության համար վճարված գումարները։ Վառ օրինակ է Փակ շուկան, և քաղաքապետարանը թող որ շուտափույթ հրապարակի նշյալ տվյալները)։ Սակայն այս թավշյա ելուզակությունը նորանոր բնագծեր է նվաճում։ Ահավասիկ տիար Հրայրին «ավետում են», որ անհրաժեշտ է շինարարական կապալի պայմանագիր, որն արժե 100 հազար դրամ։ Այսինքն՝ պատի կառուցման ժամանակ սեփական պատը սեփական ձեռքերով կառուցող Հրայրը պիտի լիցենզիա ունենա։ Որքա՞ն կազմեց, այո, 75+250+100 հազար հավասար է 425 հազար դրամ։ Եվ ինչում է որոգայթը. ի սկզբանե Հրայրին չեն տեղեկացրել, (չնայած նրա համառ պնդումներին), թե որքան գումար պետք է նա մուծի շինարարության թույլտվության համար։ Քանի որ ո՛չ Հրայրը, ո՛չ որևէ այլ մեկը 425 հազար դրամ քամուն չի տա իր խղճուկ պարսպի հիմնանորոգման համար։ Անգամ գնչուհիները նման դավեր չեն հյուսում իրենց ցանցն ընկած պարզամիտին գայթակղելիս։
Եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի վստահեցնեմ Ձեզ, որ այս ամենը, նախ և առաջ, հարված է երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հանրահայտ պատգամին՝ ուղղված վարչական ապարատին՝ «Դուք-ով խոսել քաղաքացու հետ»։ Խոսում են։ Ինչպես գազանավարժը կենդանու հետ։ Սակայն մոռանում են պարգևավճար շաքարը տալ։
Ի՞նչ են շահում բյուրոկրատ-ահաբեկիչները:
Նախ և առաջ քաղաքացիներից տառացիորեն կորզած գումարներով ապահովում են վարչական շրջանի, նախագծային ինստիտուտի, վերջապես քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը, հարկերն ու տուրքերը։
Նախ և հետո, թուղթ ներկրող մենաշնորհատեր ընկերությունն է յուր բիզնեսը ծաղկեցնում։
Այստեղ ևս մեկ ռեկետ-պետնախաձեռնություն՝ տիար Հրայրը պատ-պարիսպը պարտադրված պիտի ծածկի վերոնշյալ գույնզգույն պաստառով՝ «Ավելի բարեկարգ Երևան» (իմա՝ «Ավելի ռեկետային Երևան») նշանաբանի ներքո։ Սակայն այն փող արժե, վաճառվում է Կոմիտասի պողոտայում դարան մտած մի վաճառատանը և լրացուցիչ գումարներ է ուղղում դեպի պետական ռեկետի հակապետական գանձարանը։
Եվ վերջապես՝ նման դիվային անարգմամբ պարտադրում են երկրի քաղաքացուն հիասթափվել, թքել և հեռանալ։
Չենք հեռանալու, մոռացեք այդ մասին։ Չենք հեռանալու, որպեսզի մնանք, պայքարենք և Մայր հայրենիքն ազատագրենք օլիգարխիայից, վարկադրամաշնորհային բռնազավթումներից և, իհարկե, վարչաբյուրոկրատական ահաբեկչությունից։
(Այստեղ ավելորդ եմ համարում կոչով դիմել քաղաքային ավագանուն, ուր, հավատացնում եմ, կան արժանապատիվ այր և տիկին երևանցիներ, սակայն, որպես մայրաքաղաքի իրական հոգսերն ու հույսերը արտահայտող մարմին, ավագանին ամուլ է, հազար ու մի ներողություն, ինչպես ջորին)։
Այսպիսով «ԼԼ»-ն հայտարարում է նոր համապետական-համազգային շարժման սկիզբը...

ՉԵ՛ՆՔ ՀԵՌԱՆԱԼՈՒ...
(սարկաստիկ վերջերգ)
Պատկերացնենք, որ փլուզվել է անապահով խավը ներկայացնող ընտանիքի տնամերձի պարիսպը։ Անապահովն ու սնանկը ունա՞կ է նման գումարներ մուծելու և անցնելու բյուրոկրատական քաշքշուկի նման գեհենով։ Ակնհայտ է, որ տնամերձն ու տունը դառնալու են այլևայլ ոտնձգությունների թիրախ։
Ի դեպ, աշխարհի շատ կրթյալ մայրաքաղաքներում օժանդակում, երբեմն էլ պարզապես պարգևատրում են քաղաքի բնակչին, երբ նա բարեկարգում է յուր բակն ու պարիսպը, վերջնարդյունքում բարեկարգում է մայր ոստանը։
Լավ, երբ Երևանի քաղաքապետարանը քույրանում է մոլորակի բարեկիրթ մայրաքաղաքների, զորօրինակ` Ամստերդամի, օրինակ՝ Նջամենայի (չվախենաք, սա Չադ Հանրապետության քաղաքամայրն է) հետ, արդյոք փորձի փոխանակման ամենեն երանելի պահին (ասենք՝ «Փարվանա» ռեստորանում, 13-րդ կենացեն ետքը) չի՞ խոստովանում յուր չարագործ սխրանքների մասին։ Թեկուզ, որ բյուրոկրատական ռեկետով հնարավոր է մեկ ժանգոտ գնդակով երկու գիրուկ-փափկամազիկ նապաստակ գետնել, սուզվել քաղաքացու գրպանը և նրան հասցնել հոգեխանգարումների շեմին։
Միևնույն է, չե՛նք հեռանալու...

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ