Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Պատասխանատվության մասին ընդհանրապես և ազատության շուրջ` մասնավորաբար

Պատասխանատվության մասին ընդհանրապես և ազատության շուրջ` մասնավորաբար
20.05.2014 | 11:25

Մեծ առումով` մարդու պատասխանատվությունն էլ երեք դրսևորում ունի: Կամ` պետք է ունենա:
Նախ և առաջ` պատասխանատու պիտի լինես Արարչի հանդեպ` կյանքիդ յուրաքանչյուր վայրկյանով, արածով ու չարածով, մտածածով ու չմտածածով, անելիքով ու չանելիքով:
Պատասխանատվության երկրորդ շերտը քեզ նվիրաբերված Հայրենիքի հանդեպ պատասխանատվությունն է:
«Նրանք, ովքեր պատերազմում են սրով, ի վերջո պարտվում են նրանց, ովքեր պատերազմում են արորով: Արորն այն զենքն է, որն ազգին հայրենի հողում հիմնավորվելու, ամրապնդվելու հնարավորություն է տալիս: Արորը սովորական զենք չէ. որքան շատ ես օգտագործում, այնքան ուժեղանում է ազգը»:
Ահա Հայրենիքի հանդեպ պատասխանատվության դրսևորման դասական օրինակներից մեկը: Եվ էական չէ, թե ով է այս մտքի հեղինակը, կարևորն այն է, որ դա ճիշտ միտք է:
Շինիչ: Ապագա ապահովող:
Եվ, վերջապես, պատասխանատվության երրորդ շերտը` պատասխանատվությունն է եկող սերունդների առջև: Պարզ, մարդկային, կանխատեսող պատասխանատվությունը: Որը խոր փիլիսոփայական տվայտանքներ չի ենթադրում բնավ: Ասենք` էն հարցի ստույգ պատասխանը, թե ովքեր են շատ, նրանք, ովքեր ծնվել են, թե նրանք, ովքեր չեն ծնվել: Կամ` ովքեր դեռ ծնվելու են: Թե նրանք, ովքեր այլևս երբեք չեն ծնվելու: Գուցե նրանք, ովքեր պիտի չծնվեին, բայց ծնվեցի՞ն: Թե՞ նրանք, ովքեր պիտի ծնվեին, բայց չծնվեցի՞ն: Գուցե նրանք, ովքեր պիտի չծնվե՞ն: Եվ այս բոլորից հետո` ամենակարևոր հարցը` ինչո՞ւ...
Չէ, բնավ այս ամենի մասին չէ խոսքը, որի պատասխանները միայն ՄԵԿԸ գիտի:
Խոսքը արդեն եղածի հանդեպ պատասխանատվության մասին է: Գյոթեն, օրինակ, կարծում էր, որ եթե եկող սերունդների համար ևս պարտադիր պետք է լինի անցնելիք այն ճանապարհը, ինչ իրենք են անցել, ապա ավագ սերնդի գոյությունն անիմաստ է դառնում: Այսինքն` յուրաքանչյուր առկա սերունդ պատասխանատու է յուրաքանչյուր եկողի համար: Այսինքն` եթե դժգոհության տեղ-առիթ-պատճառ էլ կա` պետք է ինքդ քեզնից դժգոհես, ոչ թե եկող սերնդից, որովհետև ծնողն էլ ես դու, դաստիարակողն էլ, կրթողն էլ: Այն միջավայրն էլ, որում այս երեք և մնացյալ գործընթացները ևս պետք է ընթանան` նույնպես:
...Բոլոր բառերն էլ որոշակի պայմանականություններ են պարունակում իրենց մեջ: Բայց ամենաշատը «վերջին» բառն է պայմանական: Ավելի շուտ` ոչ ստույգ: Իրականության հետ բնավ չառնչվող: Որովհետև ցանկացած վերջ` նորի սկիզբ է ու այդպես շարունակ:
Այնպես որ` այսօր «Վերջին զանգի» հետ կյանք է մտնում մի նոր սերունդ` հիմնականում սև ու սպիտակին անծանոթ, բայց կարողականությամբ` ավելին, քան նախորդ ու ներկա բոլորը:
Էնպես որ` սևն ու սպիտակը նրանք ավելի արագ կորոշակիացնեն իրենց համար:
Բայց անգամ դա չէ էականը:
Առավել էականն այն է, որ սա այն սերունդն է, որը ծնվել-մեծացել է անկախ Հայաստանում: ՈՒ որը եթե ինչ-որ բարդույթներ էլ ունի` ապա միայն ժառանգական կամ էլ` «ներդրված»:
Մնացյալում` ազատ է:
Ազատության չափ և պես:
ՈՒ չազատություն չի հանդուրժելու: Նաև այն պատճառով, որ դա անընկալելի և խորթ է իր համար:
Որովհետև ինքը տեսել է ազատությունը, տեսնում է այն և ցանկանալու է անպայման, որ իր սերունդներն էլ դրան ոչ միայն ականատես լինեն, մասնակից կամ պայքարող` հանուն դրա, այլ ապրող` նույն այդ ազատությամբ:
Իսկ կյանք մտնող ցանկացած սերունդ իր հետ բերած լույսի, բարու, լավի հետ մեկտեղ նաև ներկաների վրա պատասխանատվություն է ավելացնում:
Նույն այդ Լույսը, Բարին, Լավը պահպանելու և բազմապատկելու պատասխանատվությունը:
Ազատության պատասխանատվությունը:

Այդին ՄՈՐԻԿՅԱՆ
«ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ», 24.05.2008.

Դիտվել է՝ 3248

Մեկնաբանություններ