Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Թող Մոսկվայում էլ հուշարձան կանգնեցնեն

Թող Մոսկվայում էլ հուշարձան կանգնեցնեն
20.05.2014 | 11:22

Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի հուշարձանը, կառաջարկեի` ընդհանրապես մարդուն, առավել ևս պետական, քաղաքական գործչին, մտավորականին գնահատել հետևյալ, գուցե շատ խիստ, բայց շատ ազնիվ բանաձևով` «Ի՞նչ է արել, որ չպետք է աներ, ի՞նչ չի արել, որ պարտավոր էր անել, իսկ այն ամեն լավը, որ արել է նա, պարտավոր էր անել, քանզի յուրաքանչյուր ոք ծնվում է իր հայրենիքին, իր հարազատ ժողովրդին ծառայելու համար, հակառակ պարագայում անիմաստ է աշխարհ գալը»:
Նախ, ի՞նչ է արել Անաստաս Միկոյանը իր ժողովրդի, իր հայրենիքի համար. ոմանց կարծիքով` իբր փրկել է Չարենցին. եթե փրկել է, հապա ինչո՞ւ այդ հանճարը տառապում ու ողբում էր կոմունիստական արյունոտ ճաղերի հետևում և տառապելով վախճանվեց ու թաղվեց պատահական և անհայտ ինչ-որ տեղում: Իբր նա 1954 թ. Չարենցին արդարացրել է. բայց չէ՞ որ դահճապետի` ասպարեզից հեռանալուց հետո ձնհալ էր, և հարյուր հազարավորներ էին արդարացվում, իրենց բնակավայրերը վերադառնում կոմունիստական ճամբարներից:
Նաև հպարտորեն հիշում են, որ Միկոյանը արդյունաբերություն, քիմիական ձեռնարկություններ է բերել Հայաստան. բա ի՞նչ պիտի աներ, իսկ եթե այդ էլ արած չլիներ... իսկ ինչո՞ւ պիտի չաներ, քանզի Հայաստանն էլ վիթխարի կայսրության տարածք էր և ընդհանուր պետության զարգացման համար պետք է արդյունաբերական ձեռնարկություններ հիմնվեին: Նա այս ժողովրդի զավակն էր և պարտավոր էր անձնազոհաբար ծառայել նրան, ինչպես անում էին Օրջոնիկիձեն, Բաղիրովը, Ալիևը իրենց ժողովուրդների համար` միջոցների միջև խտրություն չդնելով:
Միկոյանը պարզապես ծառայել է լենինյան-ստալինյան դահճային բռնապետությանը, և ինչպես բոլոր բոլշևիկ-կոմունիստների, այնպես էլ նրա ձեռքերը մինչև արմունկները շաղախված էին գուլագներում տառապող և ինչպես մի աղբ դեն նետվող միլիոնների, այնպես էլ իր այնքան տառապած հայրենակիցների արյունով:
Որտե՞ղ էր Միկոյանը 1949 թ. հունիսի 14-ին, երբ գազանաբարո կոմունիստները գիշերվա ժամը 3-4-ին անկողիններից հանում էին 12 հազար հղի, հիվանդ կանանց, հիվանդ ծերունիների, նորածին երեխաների, սարսափահար մանուկների, 1917 թ. հեղաշրջման, բոլշևիկյան արյունարբու քաղաքացիական պատերազմը և Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափները տեսած երիտասարդներին, տարեցներին, մեկ ժամ տրամադրելով ունեցած-չունեցածը հավաքելու, կապելու համար և որպես անպետք իրեր թուրքավարի լցնում էին բեռնատար մեքենաները, ապա անասունների համար նախատեսված վագոններով քշում մահվան ճամբարներ, հայ մարդիկ, որ այնքան վիշտ ու տառապանք էին տեսել թուրք-բոլշևիկյան մարդակուլ նախորդ տարիներին:
Որտե՞ղ էր Միկոյանը դժոխային 1937 թ., երբ Հայաստանից դահիճներ ամատունիներն ու մուղդուսիները հեռագրում էին Կրեմլ` հարազատ առաջնորդին ու հորը, նաև հենց իրեն, խնդրելով թույլ տալ մարդամթերման ցուցակում գնդակահարվողների թիվն ավելացնել ևս 1500-ով: Միկոյանը դահիճների հետ ոչ միայն հավանություն էր տալիս այդ մարդակերությանը, այլև իր կողմից ավելացնում էր ևս 700 հոգու` կարծես խոսքը ոչ թե մտածող, խորհող, շնչող, սիրող ու սիրվող արարածների, այլ ինչ-որ իրերի մասին էր: Իսկ հենց այդ օրերին նա Մոսկվայում հրաշունչ ճառով փառաբանում էր սադայելին` Յագոդային, նրա մարդակուլ գերատեսչությանը, հպարտորեն հայտարարելով` «մեր հանճարեղ առաջնորդ, հարազատ հոր ղեկավարությամբ մեծ նվաճումներ ենք ձեռք բերել»:
Միկոյանը այն գաղափարագար հայն էր, որ անտեսելով իր ժողովրդի աներևակայելի կորուստներն ու տառապանքները, 1920 թ. պահանջում էր Արցախն ու Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին և Նարիմանովի, Օրջոնիկիձեի հետ ստորագրում էր համապատասխան արձանագրությունը: Ի՞նչ գնահատական տաս նման հային, որը աներևակայելի դաժանությամբ բնաջնջված, հայրենազրկված արևմտահայությանը բուրժուական ազգ էր անվանում, իսկ 1919 թ. դահճապետ Լենինին հղած գրությունում հայտնում էր, որ Արևմտահայաստանի հարցը բարձրացնելը իմպերիալիստական Հայաստանի պահանջն է, և պետք է այն վճռականորեն մերժել։ Ի՞նչն էր ստիպում նրան այդպիսի գրություն հասցեագրել իր ժողովրդի դահճին` աչքի ընկնելու մոլագար ցանկությո՞ւնը, ստոր կարիերի՞զմը...
Հապա ծանոթացեք 1921 թ. բոլշևիկյան համագումարում և հաջորդ համագումարներում նրա արտասանած հակահայ ճառերին։
Վերջապես, պարոնայք, գիտե՞ք, արդյոք, որ Միկոյանի պահանջով գնդակահարվածների ցուցակում էին առաջին հանրապետության, Սարդարապատի հերոսամարտի ազնվագույն, անձնազոհ զավակներ Սիլիկյանը, հրետանու փառապանծ զորավար Արարատյանը, Հովհաննես Քաջազնունին, հայ մարդիկ, որոնք հայրենիք էին փրկել:
Իսկ թերևս նրանց թվում էին նաև տաղանդավոր գրողներ Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Գուրգեն Մահարին, արևմտահայեր, որոնց բոլշևիկ Միկոյանը և նրա համախոհները արևմտահայ բուրժուական ազգի զավակներ էին համարում: Չէ՞ որ, ինչպես մեծն Չարենցն էր ասում` կացնահարվում էր հայոց հելիկոնը, իսկ ո՞ւր էր Միկոյանը` վիժվածք առաջնորդի՞ն էր ծափահարում, փառաբանում, միլիոնների մահավճիռնե՞րն էր ստորագրում... ո՞ւր էր, երբ տանջամահ էին անում, պատուհանից դուրս նետում, գնդակահարում իր բոլշևիկ ընկերներին` Սահակ Տեր-Գաբրիելյանին, Խանջյանին, Կասյանին, Պողոս Մակինցյանին, Ներսիկ Ստեփանյանին... ջանն էր ազիզ, փառքն էր ազիզ...
Միկոյանն ի՞նչ էր անում, երբ 1922-1925 թթ. Նախիջևանից, մեր հազարամյա հայրենիքից հալածված, վտարված հազարավոր հայրենակիցներ ցանկանում էին, աղաչում էին թույլ տալ Հյուսիսային Կովկասից վերադառնալ իրենց բնօրրանը, իսկ թուրք Նարիմանովը թույլ չէր տալիս. որովհետև գաղափարագար էր, որովհետև ջանն ազիզ էր, փառքն ազիզ էր...
Ի՞նչ էր անում Միկոյանը 1962 թ. հունիսի 2-ին Նովոչերկասկում, երբ կոմունիստական դահիճները տանկերով, զրահամեքենաներով, միջազգայնորեն արգելված պայթուցիկ փամփուշտներով ճզմում ու գնդակահարում էին խաղաղ ցույցով իրենց իրավունքները պաշտպանող խորհրդային հազարավոր քաղաքացիների, նաև մի քանի տասնյակ երեխաների, իսկ Միկոյանը, ներկա լինելով այդ քաղաքում, պարզապես ստում էր, թե խորհրդային բանակում պայթուցիկ փամփուշտները արգելված են, և, իբր, այն օտարերկրյա գործակալներն են կրակել։
1960-ական թթ., երբ չկար ստալինյան սարսափը, Կովկասի համշենահայերը այցելում են իրենց «հայրենակցին», խնդրելով թույլ տալ վերադառնալ հայրենիք, թեկուզ որպես հովիվներ ապրելու այնտեղ. իսկ հայրենակիցը պարզապես կոպտորեն վռնդում է հայրենիք երազող համշենցիներին, հայտարարելով` «Ապրեք այնտեղ, ուր ձեզ ուղարկել են»:
Ո՞Ւր էր Միկոյանը 1965 թ. արցախյան շարժման օրերին. չէ՞ որ նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ էր` չէր լսում այնքան տառապած իր ժողովրդի աղաղակը, արդար բողոքի ձայնը. նա չգիտե՞ր, որ թուրք բաղիրովներն ու ալիևները ամեն ստոր քայլի դիմում են Նախիջևանն ու Արցախը հայաթափելու` ոտնահարելով հայ մարդու ամենատարրական իրավունքները, կազմակերպելով ամեն տեսակի, նաև երեխաների սպանություններ, զանազան դաժան հալածանքներ: Ինչո՞ւ նա իր բարձր գահից չպայքարեց իր ժողովրդի արդար դատի համար, չէ՞ որ արդեն չկար ստալինյան կացինը` թե ջա՞նն էր ազիզ, փառքն ու գահն էր ազի՞զ. թող պայքարի ելներ իր ժողովրդի հետ և դեռ այն ժամանակ փրկեր Արցախը, օրեցօր հայաթափվող Նախիջևանը, թե՞ ինչ-որ հայատյաց Սուսլով պիտի վճռեր մեր ճակատագիրը:
Այո, Միկոյանը խորհրդային ականավոր պետական ու քաղաքական գործիչ էր և իր ողջ տաղանդով ծառայում էր ռուսական պետության ծաղկմանը: 1936 թ. շրջագայելով ԱՄՆ-ում, հոկտեմբերյան հեղաշրջումից 20 տարի անց, բոլշևիկների կողմից այնքան անիծված ու զրպարտված կապիտալիզմի երկրից խորհրդային հետամնաց երկիր բերեց հացաթխման, պաղպաղակի, կաթնարտադրության, ճակնդեղից շաքար ստանալու, մթերքները արագ սառեցնելու, մրգերի հյութեր պատրաստելու, մսի, ձկան, բանջարեղենի պահածոյացման, պաքսիմատ, բիսկվիտ, շոկոլադ, խտացրած և չոր կաթ, զանազան կոնֆետներ, եգիպտացորենի փաթիլներ պատրաստելու, թեյ ու սուրճ փաթեթավորելու գործարաններ, ֆաբրիկաներ, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, նաև կենցաղային սառնարանների արտադրություն: Մի խոսքով, առաջին հերթին մեծապես զարգացրեց, ծաղկեցրեց Ռուսաստանի սննդարդյունաբերությունը, ողջ տնտեսությունը. ուրեմն, թող Ռուսաստանի պետական գործիչները արժանիորեն գնահատեն նրա անուրանալի ծառայությունները և արձան կանգնեցնեն Մոսկվայում և ոչ թե անազնիվ անեկդոտներ շրջանառության մեջ դնեն այդքան տաղանդավոր պետական, քաղաքական, տնտեսական գործչի մասին: Ռուս պետական, քաղաքական գործիչները, մտավորականները սովորաբար իրենց պետության նվաճողական քաղաքականությունը ներկայացնում են որպես նվաճված ժողովուրդների նկատմամբ բարեգործություն, ազատարարություն, մոռանալով` ինչ չարիքներ են նաև բերել այդ ժողովուրդներին: Հայ ժողովուրդը չի կարող մոռանալ, թե Նիկոլայ 2-րդը ինչպես էր Աբդուլ Համիդի, երիտթուրքերի, Կովկասի թաթարների հետ համագործակցած ճնշում, հալածում հայ բնակչությանը, զինում մուսուլմանական խաժամուժին, զինաթափում տառապող հայությանը, հայ ֆիդայիներին. այդպես վարվեցին նաև բոլշևիկյան Ռուսաստանը և գորբաչովյան Ռուսաստանը: Ռուսական պետականությունը երբեք արժանիորեն չգնահատեց այն վիթխարի ծառայությունները, որ հայ ժողովուրդը մատուցել է պետական, քաղաքական, գիտական, ռազմական, տնտեսական, մշակութային ասպարեզներում. Ռուսաստանում ո՞վ է հիշում Շչյոլկինին` Հովհաննես Մետաքսյանին, խորհրդային ատոմային ռումբի կնքահորը` ինչպես նրան անվանել է մեծն Կուրչատովը. ռուսները երևի չգիտեն էլ նրա հայկական ծագման մասին: Ռուսաստանում ո՞վ է հիշում լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյանին, որը 31 հազար էջ ռազմական, գիտական, տնտեսական գաղտնիքներ բերեց Գերմանիայից, ԱՄՆ-ից` մեծապես նպաստելով խորհրդային ատոմային ռումբի ստեղծմանը, բազմաթիվ գիտական, ռազմական, տնտեսական գործարանների հիմնադրմանը: Իսկ ռուսական պետությունը` ի դեմս նրա նախագահ` Ելցինի, 1990-ական թթ. Ռուսաստանի հերոսի կոչումներ շնորհեց Հովակիմյանի ենթականերին, աշակերտներին, իսկ լեգենդին մոռացության մատնեց: Ռուսաստանում ո՞վ է հիշում մեծատաղանդ ատոմագետ Սամվել Քոչարյանցին, տիեզերական կենսաբանության հիմնադիր Սիսակյանին և բազմաթիվ հայ գործիչների, գիտնականների: Չեն հիշում, իսկ երբ մի հայ վարորդ պատահմամբ ավտովթար է առաջացնում, ապա ռադիո-հեռուստատեսությունը, լրագրերը, նույնիսկ դատական համակարգը հակահայ հիստերիա են բարձրացնում, պետական գործիչները արժանի գնահատական չեն տալիս այս ամենին: Եվ տարօրինակ է, չէ՞ որ Ադրբեջանի հոգեգար-մոլագար խանը աներևակայելի հայատյացություն է քարոզում ողջ հասարակությունով մեկ` մանկապարտեզից սկսած, ադրբեջանցի մոլագարը կացնահարում է քնած հայ սպային, իսկ դիվահար խանը նրան հերոսի կոչում է տալիս, իսկ ռուս պետական, քաղաքական գործիչները, մտավորականները ծպտուն չեն հանում... Ահա այսպես, ուրեմն թող Մոսկվայում գնահատեն Միկոյանի ծառայությունները և այնտեղ էլ հուշարձան կանգնեցնեն:
Պարոնայք, իսկ մեր հայրենիքում հուշարձաններ կանգնեցրեք նժդեհներին, նիկոլդումաններին, այդ հանճարեղ կազմակերպիչներին, առասպելական հերոսներին: Այդքան որ մտահոգված եք Միկոյանի արձանի տեղադրմամբ, երբևէ հիշե՞լ եք, որ այս փոքրիկ Հայաստանը պարզապես գոյություն ունի Նժդեհի ու Նիկոլ Դումանի կազմակերպչական հանճարի, առասպելական հերոսության, անսահման հայրենասիրության շնորհիվ: Նիկոլ Դումանը, չունենալով պետական աջակցություն, իր լեգենդար հերոսների` Դրոյի, Մուրադի, Սեպուհի, Քեռու, Սևքարեցի Սաքոյի և տասնյակ անձնազոհ հայորդիների հետ 1905-1907 թթ. պարզապես արևելահայությանը փրկեց ֆիզիկական լիակատար բնաջնջումից, որ ձեռնարկել էր ցարական պետականությունը` Կովկասի թաթարներին զինելով, հայ բնակչությանը զինաթափելով, իսկ լենինյան բոլշևիկյան լրագրերը պաշտպանում էին թաթարական արյունարբու խաներին, բեկերին, վարկաբեկում հալածական հայությանը, իսկ ազնվագույն Դումանին մարդասպան անվանում:
Վերջապես ովքե՞ր էին Միկոյանի գործընկերները, քեֆընկերները, իհարկե, քաղբյուրոյական ողջ ոհմակը, որոնք բոլորն էլ` «և ոչ ապաշխարեցին ի մարդասպանութենէ յուրյանց»:
Ժողովուրդն իմաստուն խոսք ունի` «Ասա` ով է ընկերդ, ասեմ` ով ես դու». և մի՞թե ստալինյան, հետագայում` բրեժնևյան ու գորբաչովյան քաղբյուրոյական ոհմակները, այդ թվում` Անաստաս Միկոյանը, հանգիստ խղճով ավանդեցին իրենց չարագույժ հոգիները... Երևի Աստծո ահեղ դատաստանը կբացահայտի։ Իսկ Միկոյանի և որևէ բոլշևիկի հուշարձան արժանի չէ կանգնելու հենց նրանց մեղքով մինչ օրս տառապող այս բազմաչարչար հողի վրա:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ