Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

«Թե չէ հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ» Պ. ՍԵՎԱԿ

«Թե չէ հաշվո՜ւմ եք,  հաշվո՜ւմ եք, հաշվո՜ւմ» Պ. ՍԵՎԱԿ
16.05.2014 | 11:16

Նախապես փաստեմ, որ ասելիքս բուն հաշվարկների հետ որևէ կապ չունի:
Բնավ ցանկություն ու նպատակ չունեմ հաշվելու երկրաշարժից ի վեր և անկախությանն ի նպաստ բազում-բազմագույն երկրներից ստացված մարդասիրական և փոխշահավետ օգնությունները, հաշվենկատ վարկերն ու խելո՜ք-թղթային ծրագրերի համար դրամաշնորհները:
Չեմ առաջարկում անգամ հաշվել, թե միջազգային քանի՜-քանի խումբ ու կազմակերպություն, աղանդ ու անհատներ են բնավորվել Հայաստանում ու մի գլուխ ուսուցանում են մեզ՝ բթացնելով ու սպանելով մեր մեջ արդեն ննջող ազգային մղումները:
Մեծամեծ հաշվարկները թող մեծավոր-իշխանավորներն անեն, իսկ ես առաջարկում եմ մի փոքրիկ, պարզ հաշվարկ կատարել. քանի՞ մտերիմ ու հարազատ ընկեր, հարևան, ազգական ունեիք տասը տարի առաջ և հիմա քանի՞սն ունեք: Հաշվեք նաև փոխայցելությունները, եթե դրանք կան կամ շարունակվում են: Փոխայցելությունները՝ հե՛նց այնպես և առիթներով՝ հատկապես: Կապիտալի կուտակման նախնական փուլը Հայաստանում հաղթահարված է: Կապիտալը կայացած կատեգորիա է, ձևավորվում է հասարակության վերնախավը՝ «վերին տասը հազարը», և, բնականաբար, ձեր մտերիմ ու հարազատ ընկերը, հարևանը, ազգականը նույնպես կարող է լինել ընտրյալ տասը հազարից մեկը:
Մի կարճ շեղում. քանի որ մենք այլասեր, նաև անգլիասեր ազգ ենք, ուրեմն համեմատական օրինակն էլ համապատասխան ընտրությամբ, հումորի տեսքով:
«Նիհա՜ր, նիհա՜ր Բեռնարդ Շոուն հանդիպում է գե՜ր-գե՜ր մի բանկիրի: Բանկիրը կատակում է.
-Բեռնարդ, քեզ որ տեսնում եմ, ինձ թվում է՝ Անգլիայում սով է:
Շոուն պատասխանում է.
-Ես որ քեզ եմ տեսնում, կարծում եմ՝ սովի պատճառը դու ես»:
Եթե հայացնենք ու լրջացնենք անգլիական այս նուրբ հումորը, կարող ենք հանգիստ փոխել անունները և պատմել, որ, ասենք, Երևանում մի անգամ հանդիպում են գեր ու նիհար երկու ընկեր… Քանի որ և՛ փոխաբերական, և՛ ուղղակի իմաստով էլ «գերն ու նիհարը» նաև կենսակերպի բնութագիր են, ուրեմն կարող ենք շարունակել սկսած պատմությունը` «գեր ու նիհար» բառերը փոխարինել «հարուստ ու աղքատ» կամ «ունևոր ու չունևոր» համարժեքներով: Իհարկե, այլ հարց է, թե, ասենք` Երևանում, երբևէ հանդիպո՞ւմ են արդյոք նոր ու միանգամայն այլ ու տարբեր կարգավիճակներում հայտնված երկու` արդեն նախկին ընկերները: Եթե հավատանք, որ հանդիպում են, ապա հանդիպելիս արդյո՞ք նույն, ասենք` ուրախության զգացումն են ապրում: Հազիվ թե:
Չունևորը վատ կզգա` «հանկարծ չմտածի՞, թե ինչ-որ բան եմ ուզելու»:
ՈՒնևորը ներքուստ կնեղվի` «չլինի՞ ինչ-որ բան է ուզելու»:
ՈՒ այս պահից դրվում կամ խորանում է հոգեբանական պատնեշը:
Իրականում մարդկանց մտերմացնում են ընդհանուր հետաքրքրությունները, զրույցի փոխադարձ հետաքրքիր թեմաները, ինչ-որ տեղ հոգսերի, նեղությունների, պահանջների նույնությունը, միմյանց օգտակար լինելու ինքնաբուխ, չպարտադրվող ձգտումը, տարիների ընթացքում ստուգված, ամրագրված սերը, հարգանքը, վստահությունը:
Իսկ ի՞նչ կատարվեց: Եթե ասում ենք, որ փոխվել են ժամանակները, ուրեմն պիտի խոստովանենք, որ տնտեսական նոր համակարգը եկավ ու ամեն ինչ տակնուվրա արեց, խառնեց, փոխեց: Նորացման գործընթացը շարունակվում է, մարդկային փոխհարաբերություններում էլ արժեքային համակարգ է փոխվում: Եվ այստեղ նույնպես խաթարում կա:
ՈՒնեցվածքը` ծով ու ցամաքի տարբերությամբ, եկավ ու սեպ խրեց մարդկանց միջև, անդունդի չափ անջրպետ դրեց հսկա, շքեղ առանձնատների ու նեղլիկ, համեստ բնակարանների արանքում: ՈՒ մտերիմ, հարազատ մարդիկ հեռացան, օտարացան, սառեցին: Երկուստեք ու փոխադարձ ոչինչ չմնաց: Էլ ինչ ջերմություն կարող է լինել վաղեմի ընկերների միջև, որոնք երկար տարիներ միասին խաշ ու խորոված, խաշած կարտոֆիլ կամ ձու են կերել, թեյ ու սուրճ են խմել, միասին երազել են, խորհրդակցել հուզող ու մտահոգող նույն հարցերի շուրջ, քննարկել են: Իսկ այսօր մեկի համար ձկան սև ու կարմիր խավիարը՝ հե՛չ, մյուսը բադրիջանի խավիար անգամ չունի: Իրար հյուր կգնա՞ն: Բա կգնա՞ն:
Փորձի փոխանակման ու ինքնասփոփանքի համար մի օրինակ էլ բերեմ. հո միայն մեզանո՞ւմ չէ այդպես:
Օսկար ՈՒայլդը մի պատմվածք ունի՝ «Անձնվեր բարեկամը»: Ընկերներից մեկը ունևոր ջրաղացպան է, մյուսը՝ այգեպան Հանսը: Ջրաղացպանը երջանիկ էր տարվա բոլոր ամիսներին, իսկ այգեպանը ձմռանը տառապում էր ցրտից ու քաղցից: Կուշտ ու խելամիտ ընկերը փիլիսոփայում էր. «Երբ մարդ դժվարության մեջ է, կարիք չկա նրան անհանգստացնելու: Ես Հանսին կայցելեմ գարնան բացվելուն պես, երբ նա առիթ կունենա մի մեծ կողով վարդ նվիրել ինձ և դրանով երջանկանալ»: ՈՒնևոր ջրաղացպանի որդին առաջարկում է իր բաժին ապուրի կեսը Հանսին տալ և հորը խնդրում է նրան իրենց տուն հրավիրել: Կուշտ ու բարոյախոս հայրը հանդիմանում է որդուն. «Եթե փոքրիկ Հանսը գա ու տեսնի մեր վառ կրակը, մեր ճոխ ընթրիքն ու կարմիր գինու մեծ տակառը, նրա մեջ նախանձ կառաջանա: Իսկ կա՞ արդյոք ավելի սոսկալի բան, քան նախանձը, որ կարող է փչացնել ուզածդ մարդուն: Ես թույլ չեմ տա, որ իմ լավագույն ընկերոջ բնավորությունը փչանա»:
Ահա այսպես, հարգարժան տիկնայք և պարոնայք, մեր շուրջն էլ վխտում են նորաթուխ մեծահարուստները, որոնք իրենց նոր կենսակերպին համապատասխան էլ նոր կենսափիլիսոփայությամբ են ապրում: Ջրաղացպանի կենսափիլիսոփայությամբ:
Իսկ կապիտալի կուտակման նախնական փուլում ամեն ինչ այսօրվա պես ու այս չափով ծայրահեղ չէր: Խիղճն ու պարկեշտությունը այն աստիճանի էին, որ քիչ թե շատ ունևորները խուսափում էին բակերում խորոված անելուց. ոմանք ազնվորեն խոստովանում էին` սոված հարևանների մեջ խորովածի հոտը գցենք, էդ խորովածն ուտե՞լ կլինի: Հո բոլորին չէի՞ն կարող բաժին հանել:
Եվ, աստիճանաբար, հասարակության ձևավորվող ու կայացող «վերին տասը հազարը» իրեն պարսպեց դղյակներում, մեկուսացրեց մգացրած ապակիներով ու զրահապատ մեքենաներով, հեռացավ ու օտարվեց իր գուցե և լավագույն, բայց արդեն նախկին ու անհավասար ընկերներից, հարազատներից, հարևաններից, որպեսզի աչքից հեռու ավելի հանգիստ խղճով վայելի իր խորովածն էլ, նոր ապրելակերպի պարգևած բոլոր կարգի բարիքներն էլ:
Ինչքի քաղցը ունևորին է կեղեքում, առօրյա քաղցը՝ չունևորին:
Նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր կարգախոսներով, իր սեփական փիլիսոփայությունն է մշակել:
ՈՒայլդի հերոսն ընդհանրացնում է. «Ճշմարիտ ընկերների համար ամեն ինչ պիտի ընդհանուր լինի, սակայն ալյուրը մի բան է, ընկերությունը՝ այլ»:
Անգլիայում չգիտեմ ինչպես, բայց մեզանում ճշմարիտ ընկերությունը վաղուց վերածվել է ալյուրային ընկերության:
Եվ սա հոգու ցավ է, հոգեբանական ողբերգություն:


Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ

Հ. Գ.- Ոչ անձնական հարցով զանգեցի մեկին, ում անմիջական ղեկավարն ու գործատուն էի եղել: Լավ ընկերներ էինք նաև` կոլեկտիվ խաշ-խորոված-խինկալի:
Այսօր ես գործազուրկ եմ, նա ինչ-որ չափով գործատու ու ղեկավար է: Խնդրանքս ձևակերպելուց առաջ հումորով հարցրի ` «Մենք ընկերներ ենք, չէ՞»: Պատասխանը և՛ շոկ էր, և՛ սառը ցնցուղ` «նախկի՛ն»: Սա եղավ իմ կյանքի ուշացած դասերից մեկը: Նախկիններին այլևս չեմ դիմում, նորեր չեմ փնտրում:

Դիտվել է՝ 3425

Մեկնաբանություններ