Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանն էլ ունի իր երկակի ստանդարտները

Հայաստանն էլ ունի  իր երկակի ստանդարտները
16.05.2014 | 11:13

Հաղթանակի օրվա շքեղ տոնակատարությունը Ռուսաստանում, անշուշտ, յուրօրինակ «մարտահրավեր» էր Արևմուտքին ու առհասարակ աշխարհին այն առումով, որ երկիրը, ճիշտ է, Խորհրդային Միություն չէ, բայց հետևողականորեն իրեն է վերադարձնում աշխարհի ուժեղագույն տերություններից մեկի կարգավիճակը: Ինքնահաստատման դրսևորում պետք էր դիտել նաև այն, որ մոսկովյան ռազմաշքերթից անմիջապես հետո Պուտինը հայտնվեց Սևաստոպոլում: «Գերտերության վերադարձը» վերտառությամբ վերլուծական մի թողարկում կարելի է ընդհանրական համարել այդ թեմայով ռուսաստանյան բազում հրապարակումների համար:
Հայաստանյան հասարակության մի մասի մեջ այնքան է արմատացած հակառուսական, հակապուտինյան կիրքը, որ այդ երկրի հզորացման անաչառ իրողությունների արձանագրումն անգամ ընկալվում է որպես անհարկի ռուսասիրության արտահայտություն: Բնավ: Սիրում ենք մենք Ռուսաստանը, թե ոչ, դրանից այս երկրում ոչինչ չի փոխվում: Մյուս կողմից, հազիվ թե կասկածի տեղիք է տալիս այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանում ամենաազդեցիկ արտաքին քաղաքական ուժն է, մեր անվտանգության միակ իրական երաշխիքը: Իսկ եվրոպացի ենք մենք, թե ասիացի… Համենայն դեպս, երբ լինում ես Տավուշի մարզի կատարյալ անտերության մատնված, արդեն բառի բուն իմաստով ծերացած սահմանամերձ գյուղերում, քեզ ոչ այն ես զգում, ոչ էլ մյուսը: Դու պարզապես հայտնվում ես խոր միջնադարում: Սա` ի դեպ:
Սակայն վերադառնանք Ռուսաստանին: «Արևմուտքի բուռն ընդվզումները և արտաքին քաղաքական գործողություններն ընդդեմ Ռուսաստանի պայմանավորված են վերջինիս հանգիստ, մտածված և Վաշինգտոնի կողմից մտահղացված սցենարների դեմ ավելի ու ավելի հաստատակամ հակազդեցությամբ: Մոսկվան գործում է բացեիբաց և ողջ աշխարհի աչքի առաջ հաջողությամբ պաշտպանում է իր ազգային շահերը: Մոլորակում ուժերի նոր դասավորությունն արդեն բնորոշվում է ոչ թե մեկ, այլ երեք հիմնական կենտրոնների առկայությամբ` ԱՄՆ, ՉԺՀ և ՌԴ». սա ռուս դիվանագետի կարծիք է: Իսկ, ինչպես միշտ, շատ ավելի ուղղամիտ են զինվորականները: «ՈՒժեղը միշտ էլ իրավացի է». սա էլ ռուսաստանյան ռազմափորձագիտական մտքի հետևությունն է` ամփոփված նույն վերնագրով վերլուծական մի նյութում: Միտքը հին է, սակայն նորացված ներկայիս իրողությունների բովանդակությամբ: ՈՒժի դեմ միջազգային իրավունքն էլ է ընկրկում:
Բնական է, որ Ղրիմի իրադարձությունները խոր են ու բազմաշերտ: Այս անգամ անդրադառնանք խնդրի ռազմական կողմերից մեկին, որ կարող է ուշագրավ լինել նաև Հայաստանի, Ղարաբաղի համար:
Եվ այսպես, ինչու ՈՒկրաինան ռազմական տեսակետից այդքան ամուլ գտնվեց որևէ ձևով Ռուսաստանին հակազդելու մեջ: Խորհրդային Միության փլուզումից հետո ՈՒկրաինան, մյուս բոլոր հանրապետությունների համեմատ, լավագույն բանակը ժառանգեց` երկրորդ ստրատեգիական էշելոնի երեք ուժեղագույն զինօկրուգ և երեք օդային բանակ, որոնք ընդգրկում էին մոտ 800 հազար մարդ: Դրանք հագեցած էին այն ժամանակվա ամենաարդիական մարտական տեխնիկայով: Տանկերի քանակով` 6,1 հազար, մարտական ինքնաթիռների քանակով` 1,1 հազար, ՈՒկրաինան աշխարհում գրավում էր 4-րդ տեղը ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից հետո: Ռազմարդյունաբերական համալիրի մոտ 700 բարձրակարգ ձեռնարկություններն ի վիճակի էին արտադրելու ցանկացած տեխնիկա: Ավելին, առկա էր մենաշնորհը ծանրհեղուկային բալիստիկ հրթիռների, հրթիռակիրների, ավիակիրների, ռազմափոխադրական ծանր ինքնաթիռների, ուղղաթիռաշարժիչների արտադրության և մի շարք այլ բնագավառներում: Սպառազինությունների արտահանմամբ ՈՒկրաինան մտնում էր համաշխարհային տասնյակի մեջ: Այսինքն, գերազանց մեկնարկային պայմաններ կային ռազմական շինարարության զարգացման համար:
Եվ ի՞նչ: Ոչի՛նչ: Ռեկորդային կարճ ժամանակամիջոցում անկախ ՈՒկրաինան կործանեց իր բանակն ու մասամբ ռազմական արդյունաբերությունը: Ընդ որում, այդ ասպարեզում իրենց մեծ «ավանդը» ներդրեցին ՈՒկրաինայի բոլոր չորս նախագահները, առաջին հերթին հրեշավոր կոռուպցիայի պատճառով: Ղրիմի ճգնաժամի ժամանակ պետությունը չկարողացավ նույնիսկ մոբիլիզացիա իրականացնել, իսկ կրիտիկական օրերին պարզվեց, որ այդ բանակ կոչեցյալը առհասարակ անընդունակ է որևէ գործողության:
Ղրիմին առնչված` կատարյալ չարիք դարձավ զինված ուժերը ըստ բնակության վայրի ձևավորելու սկզբունքը: Դա գուցեև տնտեսապես շահավետ է. տեղափոխումները նվազագույնն են, զինծառայողները հաճախ են սնվում տանը և այլն: Սակայն նման դրվածքը արդյունավետ է միայն խաղաղ ժամանակ: Ահա և Ղրիմում տեղաբաշխված զորամասերի զինծառայողների մինչև 70 տոկոսը տեղացիներ էին, որոնք իրենց բնական ռուսամետությամբ ամենայնս նպաստեցին ուկրաինական խմբավորման արագ ու անվերապահ հանձնմանը: ՈՒկրաինական բանակին այսօր էլ ուղեկցում են մարտական պատրաստության ու կառավարման համակարգի անկումը, անձնակազմի նյութական ու բարոյական ցածր մակարդակը և այլն:
Բոլորովին հակառակ պատկերն է նկատվում Ռուսաստանում: Եթե նրա զինված ուժերը նույնքան ողորմելի վիճակում էին Ելցինի ժամանակ (հիշենք չեչենական խայտառակ կամպանիաները), ապա ամեն ինչ փոխվեց Վլադիմիր Պուտինի օրոք: Քայլ առ քայլ նա սկսեց «նորոգել» զինված ուժերը, իսկ հատկապես վերջին հինգ տարում նրա նախաձեռնությամբ իրականացվեց բանակի և նավատորմի` «Ռուսաստանի երկու ամենահուսալի դաշնակիցների» մասշտաբային արդիականացումը բոլոր ուղղություններով, տրիլիոնների հասնող աննախադեպ ֆինանսավորմամբ: Շեշտակիորեն բարձրացավ մարտավիճակը, հագեցումը նորագույն տեխնիկայով, էապես բարելավվեցին զինծառայողների նյութական-բնակարանային պայմանները և այլն: Ինչպես ասվեց, եթե ռազմական ուժը իրոք վճռորոշ փաստարկ է միջազգային քաղաքականության մեջ, ապա Ռուսաստանի ներկա ղեկավարությունն ամենայն իրավունքով հենվում է այդ գործոնի վրա: Զինված ուժերի կայուն զարգացման և ուժեղացման հնարավորության օգտին է խոսում այն պարագան, որ Ռուսաստանն ինքնաբավ երկիր է, ունի և՛ բնական պաշարներ, և՛ տեխնոլոգիաներ ու ոչ մի այլ պետություն չի կարող բացասաբար ազդել հենց ռազմարդյունաբերական համալիրի գործունեության վրա: «Եվս 2,5 - 3 տարի, և մենք բացարձակապես անկախ կլինենք մեր ռազմարդյունաբերական գործունեության մեջ»,- ՈՒկրաինայի իրադարձությունների կապակցությամբ հայտարարեց ՌԴ կառավարությունում այդ ասպարեզը վերահսկող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Բանը հասել է նրան, որ որոշ ռուս ռազմափորձագետներ թերահավատ են դարձել անգամ ՆԱՏՕ-ի հզորության հարցում և կարծում են, որ ՈՒկրաինայում պարտություն կրեց նաև այդ ռազմական դաշինքը: «ՆԱՏՕ-ն միանգամայն անգործունակ է, երբ բախվում է լուրջ հակառակորդի հետ,- նշում է զինվորական տեսաբաններից մեկը, իհարկե, տվյալ դեպքում կոնկրետ նկատի ունենալով Ռուսաստանը (Հարավսլավիան չէ):-Տարօրինակն այն է,- շարունակում է մասնագետը,- որ հետխորհրդային երկրներից ամենայն կրքոտությամբ ՆԱՏՕ-ին անդամագրվելու են ձգտում Վրաստանն ու ՈՒկրաինան, այն պետությունները, որոնց այդ ռազմական կազմակերպությունը մեկ անգամ չի «քցել» դատարկ խոստումներով»:
Ռուսաստանի բանակի մարտական ոգին ներկայումս աննախադեպ բարձր է, և այդ ուժի հետ պետք է զգույշ լինել: Եթե ՈՒկրաինայի նման մեծ պետությունն էլ է խաղալիք դարձել… Գիտե՞ք մի առիթով ինչ է ասել մեր նշանավոր հայրենակից, մարշալ Հովհաննես Բաղրամյանը. «Եթե դիվիզիայում ռուսները 60 տոկոսից պակաս են, այն պետք է կազմացրել, այն արդեն մարտունակ չէ»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ.- Զարմանալի է, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ փոխառել և օգտագործում են արևմտյան ձևակերպումները. Ղրիմի բռնակցում` վերամիավորման փոխարեն, և անջատողականներ` անկախացման կողմնակիցների նկատմամբ: Հետաքրքիր է, ինչպես կընդունեին այդ հասկացությունները Հայաստանում, եթե դրանք վերագրվեին Ղարաբաղին ու ղարաբաղցիներին: Պարզվում է` մեր փոքրիկ Հայաստանն էլ ունի իր երկակի ստանդարտները:

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ