Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Բարեգործական բոզբաշ (օլիգարխիկների արցունքները)

Բարեգործական բոզբաշ (օլիգարխիկների արցունքները)
16.05.2014 | 11:05

Տաճար ենք մտնում քայլքով ծիսական`
Խաչհամբույր տալու ամենքին ի տես...
-Աշխարհում էս փուչ փորձե՞լ ենք սակայն
Ձեռնբաց լինե՛լ այրի կնոջ պես։

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ,
«Յոթ մահացու մեղք»

ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ` ԱԼՖՈՆՍԱԿԱՆ ԺՊԻՏՈՎ

(ֆելիետոն նամե)

Պանիկովսկին լեյտենանտ Շմիդտի եղծված հոգեզավակն էր։ Սա հուսամ, չեք մտահանել։ Լավ է, ուրեմն ժամն է մտահոգվելու, զի ապահով Հայաստանում բարգավաճում է բիզնեսի մի նոր եղանակ, ինչին անգամ թռուցիկ ծանոթանալով բթամատից քթարմատ կկարմրեր ի ծնե ամոթի զգացումից զուրկ հանրահռչակ սագագողը։ Պանիկովսկին ավելի ամոթխած էր. նա սագի վրա գրոհում էր գաղտագողի, մթության քողի ներքո կամ էլ արևի վառ շողերի տակ, երբ սագերը շոգից թալկացած երազում էին սառնորակ լճերի մասին։ Չմոռանանք, որ Պանիկովսկին ռոմանտիկ այր էր, նրան ընդամենը անհրաժեշտ էին ոսկե ատամնաշար, մի գիրուկ տանտիրուհի և տապակած կարմրաշեկ սագ կիրակնօրյա ճաշի սեղանին։ (Գրողը տանի, ինքս էլ նման կյանքից չէի հրաժարվի, շատ է դյութիչ և կարևորը` ապաքաղաքական)։ Իսկ այսօր միսիոներական ժպիտով մեկը զանգահարում է, եթերային կարկաչով պաղատում բանալ դուռը։ Դե, սիրտ բեր, որ դիմանա, բացում ես, անտեսելով ներքին տագնապը և հայտնվում վրաերթային մեղեդիների շրջապտույտում, տակավին երիտասարդ կինը, անփույթ-աղքատիկ հագուկապով և անպատճառ անշպար (հասկանալի է, խղճմտանքդ գրգռելու համար), մեկ-երկու րոպեում հասցնում է գեղգեղալ սերենադ, անցնել աղեխարշ ռաբիսի, սավառնել շարականային բարձունքներում և այլն, միայն թե հոգիդ բերանդ բերի և ցանկալին իրականություն դարձնի, այսինքն` վատագույն դեպքում համոզի գնել գոնե երկու օրինակ ամսագիր (կամ մի այլ բան, զորօրինակ, երեք գդալ «անարատ» մեղր, երկու զույգ կրկնակոշիկ կամ էլ յոթանասունամյա պատանի հանճարի վերջին քերթվածը...) և սատարել անբուժելի հիվանդ մանուկներին։ Է, ետքը՞։ Ետքը խաբեությունն է` շաղախված կավատային համառությամբ։ Այսպիսով, գործ ունենք յուրօրինակ ալֆոնսականության հետ, երբ բարի գործը շահարկվում է մարմնավաճառային անկեղծությամբ։

Է, ետքը՞...

ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ՇԼՈՐԻ ԿՈՐԻԶԸ

(պամֆլետ-օրատորիա)

Ետքը չխաբվելն է, երբ դուռդ են ծեծում կամ երբ հեռախոսդ է հուզախռով կանչում, պաղատում եմ` մի շփոթվեք, հակահարվածեք իսկույն, ընդ որում` ցավոտ ապերկոտ հարվածով, այսինքն` միսիոներ ալֆոնսներին առաջին բառերից հետո հետ մղեք, բարոյական աքացիներով, առանց խոսակցության բռնվելու, այսինքն` անջատեք հեռախոսը, շրխկացրեք դուռը, փողոցում հանդիպելիս շրջանցեք իսկույն, ինչպես շրջանցում եք հպարտ արգահատանքով` ա) աղանդավոր-քարոզիչներին, բ) համատիրության գանձապահին։

Տե՜ր իմ, երկնավոր խաբկանքի սերենադները բազմանիստ են և բազմաբույր, ահավասիկ, գունատ թշիկները կախ Աբովյան փողոցում մի զույգ պարմանիք` ապակե արկղը գրկած, առաջարկում են սատարել ծանր հիվանդությամբ տառապող այսինչ մանկանը։ Արկղիկը գրեթե դատարկ է։ Մեկ շաբաթ անց արկղիկը գրեթե լիքն է, պարմանիքն էլ կանչում-կլանչում են ավելի զրնգուն ձայնով, նրանց թշիկներն էլ արդեն ողորկ ու լեցուն են, կաթ ու արյունով շաղախուն, սա է, պարզվում է, նշյալ բարեգործության աստառը, մի քանի դրամ հատկացվում է հասցեատեր-տառապյալին (եթե նա, իհարկե, միֆական արարած չէ, այլ անկողնուն գամված և մեր օգնությանը կարոտ մեր եղբայրն ու քույրը), մնացյալը գրպանվում է, ծառայում միսիոներական կեցության ծախսերին։ Դե, հասկանալի է, ինչու պիտի բարեգործական շարժման ակտիվիստները բարեկեցիկ չապրեն, չէ՞ որ նրանք տառապում են վասն նեղյալի, իսկ տառապանքը պիտի, անշուշտ, հավուր պատշաճի գնահատվի։ Դե, մենք էլ գնահատում ենք, պարբերաբար կուլ տալով միսիոներական քաղցր-մեղցր մոմպասները։

Դղրդալով զանգն է հնչում և ձայնն է զվարթուն կարկաչում. «Զ. ամսագիրը տեղեկացնում է` Դուք շահել եք բուսաբուժական կենտրոնում անվճար հետազոտվելու քարտ։ Քարտը ձեր տուն բերելու համար պետք է վճարեք 500 դրամ»։ (Սա ավելին արժե, քան ցանկացած գնչուական խաբկանք։ Իսկ չէ՞ որ գնչուները դրամ էին հայթայթում բացառապես մոլորեցմամբ, երեխան մեջքին կապած, բախտագուշակը ձեռքին, որոգայթը լեզվի տակ... Եվ սկսվում էր գուշակությունը, որը խոստանում էր այնքան երջանկություն և հույսերի իրականացում, որքան կանխավճարդ էր հաճելի գնչուհու քիմքին)։ Թե ինչու պիտի ես հետազոտվեմ բուսաբուժական ինչ-որ անհայտ կենտրոնում, ոչ միայն անհասկանալի է, այլև վտանգահարույց` առողջական տեսանկյունից, չէ՞ որ կամա-ակամա զոմբիավորվում ես և կենսաշխարհումդ ինչ-ինչ անհայտ հիվանդություններ ես փնտրում։ Բացի սրանից, հարց է ծառանում, որտեղի՞ց է Զ. ամսագրին հայտնի, որ ես բուժման կարիք ունեմ. ահավասիկ տեղեկացնում եմ բաղաձայն, որ միակ հիվանդությունս քաղաքական ենթատեքստ ունի և կոչվում է «քաղհոգնա»։

Մի խոսքով, ընկալուչը դնելեն ետքը, դեռ շունչը բերանս չբերած մեկ այլ դայլայլ է սղոցում ականջախեցիս, այսինչ մանուկը ծանր հիվանդ է (ի սրտե մաղթում եմ առողջություն աշխարհի բոլոր երեխաներին` Հայաստանում և ամենուր, ամե՜ն) և նրա բուժման համար անհրաժեշտ է ահա այսքան գումար։ Հրաժարվեցի, պատճառաբանելով, որ ինքս եմ ընտրում բարի գործ կատարելու եղանակն ու ժամանակը։ Հաջորդ դայլայլը պարզապես պարզունակ դետեկտիվի ժանրից էր, գոնե 600 դրամ էլ չեք վճարի՞։ Չե՛մ վճարի։ Սակայն երբ փորձում ես ճշտել, թե ովքեր են, օրինական դաշտո՞ւմ են գործում, թե՞ ոչ, խոսակիցդ հօդս է ցնդում։ Այո՜, գնալով ծաղկում-ընդարձակվում է անբախտ Մարոյի «բարեգործական բանջարանոցը» և հույսերդ մեկը մյուսին շրջանցելով «ինքնասպանություն են գործում», զի երկիրը նաև այս ոլորտում է շեղվել զարգացման բնականոն ճանապարհից։

Առհասարակ զավեշտի և ողբերգության խառնուրդ են բարեգործության բեմելները, որոնք շռնդալից ոգեշնչմամբ ներկայացվում են հայոց շուկայաբորբոք հեռուստաէկրաններից։ Այսինչ մարզի այնինչ գյուղում ահա այս ընտանիքը սովամահության շեմին է, մայրը, հասկանալի է, տան «ներսի պատն է» և միջանցիկ քամիներին է դիմակայում, հայրը` տեսքից քաջառողջ մի այր, պարզվում է, ինչ-որ տկարություն ունի (օրինակ, հոդացավ, հարբուխ կամ մի այլ բան) և տարվա մեջ բանում է մի երկու ամիս միայն, ընտանիքը, այսպիսով, հարևանների հույսին է, խրճիթում խոնավ է, հոսանքը երեք տարի է` անջատված է, վերջին հավն էլ աղվեսը տարավ։ Հեռուստաէկրանը սրտակեղեք-գունեղ կադրեր է ներկայացնում, կիսափուլ խրճիթ, բոկոտն ու լուսեղեն մանուկներ (որոնք, մի՞թե հասկանալի չէ, դպրոց չեն հաճախում), սարդոստայնապատ կաթսա (վերջին անգամ այն ջերմացել է, երբ հարևանի եզը սատկել էր հանդում, և մսից մի երկու կգ բաժին հասավ նրանց) և հայոց բանակում ծառայող ավագ որդու լուսանկարը։ Անպատճառ ի հայտ է գալիս գյուղապետ Սրապիոնը և հուզմունքից քիչ կակազելով բնութագրում է` Վարդևորյանների ընտանիքը միանգամայն դրական, աշխատասեր է, սակայն անբախտ։ Եվս մի քանի օր և բամբիռների ու պարկապզուկների նվագակցությամբ Օ. բարեգործը մարզպետի, տարածաշրջանի պատգամավորի և յուր ընտանիքի ուղեկցությամբ հանդիսավոր ներխուժում է Վարդևորյանների ընտանիք։ Լրատվամիջոցները վեհասքանչ ոգեշնչմամբ փաստագրում են այս ամենը, ահավասիկ, բարեգործ-օլիգոպոլիկը նվիրաբերում է սովալլուկներին մեկ հեռուստացույց, երեք տուփ մակարոն և չորս աթոռ։ Օլիգոպոլիկի տիկինը սովալլուկների մոր հետ առանձնանում է և յուր մայրական հոգսը կիսում նրա հետ, տեսարանն աննման է, հոգեթով, հատկապես երբ տիկին օլիգոպոլիկուհին տիկին Վարդևորյանին նվիրաբերում է... չէ՛, չի նվիրաբերում, հազար ու ևս մեկ ներողագիր, նրանք մատներն են կտրում, արյուններն են խառնում և քույրանում են մինչև հուր-հավիտյան։ Ամենահաս հեռուստախցիկները, անշուշտ, փաստագրում են սույնը և չեն զլանում-հավերժությանն են հանձնում ոչ պակաս դարակազմիկ մի երևույթ. օլիգոպոլիկների կրտսեր մանչը եղբայրանում է Վարդևորյանների առաջնեկ տղայի հետ, և նրանք երդվում են լինել միասին ամենուր. օլիգոպոլիկ մանչը` հայրական դղյակում, սովալլուկը` պապենական խրճիթում։ Բարեսիրական շփման համար օլիգարխիկ մանչը նվիրաբերում է յուր բջջային հեռախոսը, սովալլուկ տղեկը հակադարձվում է ոչ պակաս արժանապատիվ. նվիրաբերում է յուր միակ գանձը` շլորի կորիզներից պատրաստված թզբեհը։ Բա՜...

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԻՆ

(սարկաստիկ վերջալույս)

Եվ մի՞թե մենք հակապետություն չենք, երբ ուզվորության վարժեցնելով քարից հաց քամող հային, վերջնարդյունքում էլ ուզվորացնում ենք ազգային գենոֆոնդը։ Ահա մեկ այլ Օ. մի քանի անգործ-անտուն-մոլորյալ մի քանի հարյուր ջահելների հարսնաքավորն է, մյուսը չի զլանում, Ամանորին փշատ է անվճար բաշխում, երրորդը երկրի և ազգի շենացման յուր խորհուրդն ունի` անապահով ընտանիքների նորածիններին փամփերսներ է նվիրում, շուկայականից անհամեմատ էժան գնով։ Եվ այսպես շարունակ ու երիցս անփառունակ։ Եվ մի՞թե ժամանակը չէ առհասարակ լուծարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. հայրենիքում իշխանակույտը ահռելի ախորժակով հարստանում-ուռճանում է, սակայն ռազմավարական նշանակությամբ խնդիրները լուծում են սփյուռքի մեր պատվելի հարուստները, հարուստ նախ հոգով, հետո միայն ստակով։ Դե, եթե նրանք են թիկունք կանգնել երկրի ողին և արժանապատվությանը, թող որ նրանք էլ բացառությամբ տնօրինեն մեր տնտեսությունը։ Հաստատ կշահենք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ