Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Անդունդի խորքում իշխանական հովվերգություն (մանկուրտացման չարն ու բարին)

Անդունդի խորքում իշխանական հովվերգություն (մանկուրտացման չարն ու բարին)
09.05.2014 | 14:33

ՀԵՏԱՀԱՅԱՑ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ

(ֆելիետոն-նամե)

Մի՞թե վատ է, որ գրեթե մանկուրտ ենք, չէ՞ որ մանկուրտացված հասարակության համար միևնույն է, թե ովքեր են իշխանության գլուխ. սոցիալիստ-բահակիրնե՞րը (ում դրոշին բահ է, ակոս և մի աշխույժ շերեփուկ), թե՞ ազգայնական-ջահակիրները (վերջիններիս կուսզինանշանը, հասկանալի է, զարդարված է թրով, հրով և տաքդեղով)։ Բնականաբար, մանկուրտներիս համար միևնույն է, թե քանի դղյակ ունի եկամուտների հայտարարագրում մեկ կովկիթ, երկու ձեռք ներքնաշոր և երեք ափսե թանապուր հայտարարագրած նախարարը։ Մի խոսքով, ավելի լավ է հետահայաց ընթերցենք դրվագումներ «ԼԼ» թիվ 2 զեղումից, որը ձեզ ներկայացվեց 2010-ի ոսկեգեղմ աշնանը. «Նեղաչք ու դեղնամորթ տիրակալները հնագույն իմաստության ժառանգորդներն էին... Ասպատակված ցեղի ու երկրի մանչերին գերեվարելով, նախ ածիլում էին գլուխը հայելու մաքրությամբ, նոր-նոր մորթած գառան գոլորշապատ կաշին ագուցում էին մատաղացու գլխին, հետո մի քանի օր արբունք ապրող օտարալեզու պարմանին գամվում էր ցցին` բորբ արևի տակ։ Այնուհետև թաղանթը օտարվում էր։ Հայրենիք, լեզու, մայր ու բնաշխարհ պատված էին անթափանց մշուշով։ Մանկուրտն այլևս մեկ աշխարհ ուներ` շեղաչք տիրակալի անշարժ և շարժուն ինչքը... Մանկուրտը եզակի բարիք էր տափաստանում, առավել հավատարիմ, քան տան գամփռը... Օրվա պաշարը թեփախառն բաղարջն էր ու հոտած ջուրը։ Այսպես կիսաքաղց, կիսամերկ ու բոկոտն այս առասպելական աշխատավորը ծառայում էր տասը-տասնհինգ տարի, մոլեգին տոկունությամբ։ ՈՒ մի օր անմռունչ նահատակը տապալվում էր։ Հոտը տուն էր դառնում, մանկուրտը` շնագայլերի կերակուր։

Պատմությունը փաստում է, որ նրանց մեջ հանդիպում էին Միջագետքից գերեվարված տղեկներ։ Հատկապես բարձր էին գնահատվում հայ տղեկները։ Արտասովոր դիմացկունության, ժրաջանության և հավատարմության համար»։

ԱՌԱԿՍ ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԵ

Երրորդ հանրապետության քաղաքացիներս բարձր ենք գնահատվում աշխարհում արտասովոր ժրաջանության (սա Արևելքում), կատաղի հավատարմության (սա Հյուսիսում) և, վերջապես, դավադիր դիմացկունության համար (սա էլ, ինչ խոսք, Հայաստանում)։ Ե՛վ Արևելքում, և՛ Հյուսիսում (Արևմուտքում ու Հարավում) մենք լիարյուն քաղաքացի ենք, հանրության լիիրավ անդամ, ունենք դիրք, կայք և ապագայի նկատմամբ հավատ։ Մայր Հայաստանում մենք (ներող եղեք և գիտակից) մանկուրտ ենք, կամա-ակամա։ Այսինքն` կռահեցիք, հուսով եմ, թե որն է մայիսյան մեր զրիցի աստառը, այո՛, ամեն բան պիտի անենք հանուն համաժողովրդական մանկուրտացման, զի միայն այսպես է հնարավոր քրիստոնեական սիրով և արիական գթասրտությամբ վերաբերվել հայրենական իշխանությունների վայրագ սիրուն հանդեպ երկիր և հանդեպ մեզ, զի իմաստաշուրթ Համոն է քսան տարի առաջ փաստել, որ անդունդի խորքում ենք, խորքի հատակում ենք, և սա տղայամիտ կատակ չէր, այլ ոմանց գերնպատակը, երկիրն անդունդի հատակում է, իշխանությունները` անդունդի եզրի մարմարյա շոգեբաղնիքում։ (Այս ամենը պիտի, հարկավ, դառնա հանրային կամքի թթխմոր և պիտի պարտադրի մեզ, թեկուզ հարազատ գանգատուփի կաշվի հետ զատել մեր կամքն ու ոգին կապանքող նորհայկական մանկուրտական թաղանթները։ Եվ ագուցել շոգեբաղնիքից հենց նոր ելած ոմանց ազգադավ գլխին)։

Իսկ մինչ սույն պատմական խիզախումը մանկուրտային հերթական տենդն էր կիզակետում. մոռացած ծիրանի և լոբու ոչնչացման արհավիրքը` ժողովուրդը ճշգրտում էր կառավարության կազմը, այն հարմարեցնում սեփական ճաշակին և սպասում սրտատրոփ, սպասում և հուզմունքից երբեմն նվաղում։ Ո՞վ կլինի մշակույթի նախարարը, բաղաձայն հոխորտում էին սահմանամերձ գյուղերի հոտաղները, ո՞ւմ վերջապես կվստահեն երկրի ֆինանսները, արտաքին գործերն ու աղբահանությունը, քառաձայն երգչախմբում միավորված կարկաչում էին աերացիայի թափառաշրջիկներն ու քծնասպետ մտավորականները։ Է, մի՞թե մեկ չէ, մեր պատուհասն այլ է, քաղաքական օրակարգը պիտի գլխաշրջվի և տնտեսությունը պիտի ձերբազատվի, պետությունը տնամերձի վերածած հակահայերից, և ամեն բան երեք օրում կդառնա ի շրջանս յուր։

Իսկ մինչ սույն պատմական խիզախումը պիտի քաղաքականությունը, առհասարակ, լքի երկրի սահմանները համապետական կոյանցքերով։ Իսկ մինչ այդ խորհրդարանական ընդդիմությունը, ձայնը տալով իշխող կուսակցության կարկառուն դեմքերից մեկին, հերթական անգամ փաստեց, որ, իսկապես, քաղաքականությունը և (նրա ռահվիրաները), դե հասկացաք, թե ովքեր են...

«ՈՐՈԳԱՅԹ ՈՐԿՈՐԱՑ»

(պամֆլետ-օրատորիա)

Արտաշես Մելիք-Ադամյանը թերապևտ էր, ներքին հիվանդությունների նշանավոր մասնագետ։ Նրա անունը հավերժացնող փողոցում են գլխադասվել երկու կատարյալ կառույցները, նշի և փշի ծաղկեպսակներով զարդարված, նայած, թե ինչ սրտով ես խնդրին վերաբերվում։ Եթե հրեաներն ունեն Լացի պատ, ինչո՞ւ չմրցակցենք նրանց հետ և չունենանք մեր սեփական-նորհայկական մանկուրտացման սրբատաշ որմը։ Մի խոսքով, անցնում ենք Մելիք-Ադամյանով և մտորում, թե ինչու է մեր համապետական հումորի զգացումը այսպես մանկուրտացվել, այլախոհական ախորժակով «կերանք» արգո Շարմազանովի ոսկորն ու միսը, ինչ է թե մարդը կեսկատակ մեզ ներկայացրեց քաղաքական փասիանսը Հայաստանում, այն է` գալիք տասնամյակում բոլոր ուղիները տատասկոտ դեպի նախագահական գահաթոռ, վարչապետական թագաթոռ և օվալաձևի խորհրդավոր բազկաթոռ անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով։ Կներեք, իսկ ինչո՞ւ ոչ։ ՈՒ մի՞թե դույզն-ինչ տարբերություն կա. սույն իշխանական գահաթոռներին և թագազարդ բազմոցներին արժանանում են Մելիք-Ադամյանո՞վ, Ավան-Առինջո՞վ, թե՞ Ծիծեռնակաբերդի թիվ 1 հասցեում դիրքավորված Սև շենքով։ Չէ՞ որ բաց է մնում գլխավոր դարակազմիկ հարցը։ Ե՛վ երկրամերժ, և՛ հակահայ, և՛ քրիստոնեական մեր առաքինությունները ոտան կոխան դարձնող քրեաօլիգարխիկ («ԼԼ» հանրագիտարանում այն այլ որակում ունի` փաշայա-բոշայական հակակարգ) համակարգի վերացումն է մեր գերխնդիրը։ Եվ բոլոր ճանապարհները պարզապես մի անուն ունեն` «որոգայթ որկորաց»։ Այնպես որ, ՀՀԿ գերիշխանության վերահաստատումը արդի Հայաստանում նույնքան բնականոն է, որքան Շերխան վագրի առաջնադիրքը շնագայլերի տափաստանային տիրակալությունում։ Մի խոսքով, մեր հայկազյան մշտավառ շնորհները նահանջել-դարձել են տնաբույս կատուներ, փափկաշունչ և խտխտիկ։ Բնականաբար, հումորի մեր զգացողությունն է բթացել, ինչպես բթանում է վերջին հաճախորդին կորցրած սահմանամերձ գյուղի վարսավիրի մկրատը։

Եվ մի՞թե զվարթ խնջույքի հիանալի առիթ չէր տիար Գալուստի նախագահությունը օվալաձևում։ Ես, լուրը ստանալով, քեֆի նստեցի և պարզաբանեմ, թե ինչու։ Գալուստ Գրիգորիչը օվալաձևը դիտարկելու է որպես թատերական թեքումով հատուկ դպրոց և թե՛ իր մանկավարժական անուրանալի փորձառությունը, թե՛ սարկազմի անզսպելի պոռթկումները, թե՛ բերանացի արված պոեզիան, թե՛ յուրաքանչյուր խմբակցության և ցանկացած պատգամավորի բուն էության քաջ գիտակցումը կծառայեցնի գլխավոր նպատակին` օվալաձևի պորտը տեղը դնելուն։ Հուսամ, չեք կասկածում, որ Գրիգորիչի արձանակերտ հայացքի ներքո կարող են յուրյանց որովայնախոսությունը շարունակել խորհրդարանի օծյալ ճառաբաններն ու թրծյալ աճպարարները։

Միաժամանակ մենք հերթական անգամ շեղվել և թացն ու չորը դարձյալ շփոթում ենք և վայրագ ընչաքաղցությամբ, որը հատուկ է թերևս միայն հավերժական շարժիչ հորինողներին, սպասում ենք վարչապետի սայթաքմանը։ Ինչո՞ւ։ Այնինչ պիտի սպասել, որ նրան կհաջողվի ՓՄՁ-ների վերակենդանացումն ապահովել, ինչը հնարավոր է միայն տնտեսության վերակառուցմամբ, պետական մենաշնորհների գերակայությամբ։ Այստեղ թույլ տամ ինձ մի հորդոր արգո Աբրահամյան-վարչապետին` մի՛ ենթարկվեք արևմտյան վարկատուների դավերին և, ի մասնավորի անձամբ մի ստուգեք ճաշի որակը մանկապարտեզում, վախենամ, որ այս ձեռնարկին հետևեն համաժողովրդական թոզափչման փորձառյալ միջոցառումները, զորօրինակ, շաբաթօրյակը Նուբարաշենի աղբանոցում` կառավարության անդամների մասնակցությամբ կամ էլ գուցե ծերանոցների բնակիչների պարբերական ոտնալվան արտախորհրդարանական ընդդիմության խոնարհ ջանքերով։ Դուք գործի մարդ եք և, ուրեմն, ջանացեք երբեք և ոչ մի պայմանով չլինել խաղաքարտ անգամ ամենախոստումնալից ափերում, այլ լինել աննկուն խաղացող։ Միաժամանակ չարաչար սխալվում ենք տիար Արթուր Բաղդասարյանի հարցում և փոխանակ նրա քաղաքակրթական ծրագրերը (հիշենք թեկուզ սուպերմարկետների խիստ սահմանափակման օրենքի նախագիծը) սատարելու, երես ենք թեքում նրանից, ինչ է թե վերջինիս փողկապը վարդագույն էր...

ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(սարկաստիկ վերջերգ)

Այսպիսով, մանկուրտացման թաղանթով են պատված մեր շփոթահար գլուխները (բացառություն են «ԴԵՄ ԵՄ» շարժումը, գլխավոր մարքսիստը, ես և իմ պատվարժան ընթերցողները) և հասունացել է թաղանթազերծման պահը պատմական։ Այսինքն, եթե խորքում ենք և հատակին, ապա ելքը մեկն է` վեր ճախրել։ ՈՒ դրա համար պիտի հենարան գտնենք և այն հարմարեցնենք մեր կամքին։ Իսկ մի՞թե կա ավելի հուսալի հենարան, քան փաշայա-բոշայական հակակարգի պարանոցը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ