Եվ ծառերը հոգնած,
Անդառնալի հոգնած,
Պոռնիկների տխուր առավոտվա նման,
Տարուբերված, կքվում,
Շնկշնկում են կամաց,
Սպասում են կանաչ երանության պահին`
Հավերժորեն խաբված։
Աշոտ ԱՎԴԱԼՅԱՆ
ԿԱՐԻՃՈՏ ՕԱԶԻՍՆԵՐՈՒՄ
(ֆելիետոն-նամե)
Հենց անկախացանք, անմիջապես անցանք ինքնագաղութացման և, ահավասիկ, սպասում ենք կանաչ երանության պահին` կարիճոտ օազիսներում։ Զարմանա՞նք, թե՞ լանք... բայց ազնվորեն եկեք արձանագրենք. ՀՀ յուրաքանչյուր կառավարություն յուր ծանրակշիռ լուման է ներդրել այս «նվիրական» գործում, բացառություն էր թերևս Վազգեն Սարգսյանի կառավարությունը։ (Հուշեմ-հիշեք` «Արարատի խենթը» կամենում էր նշանակալի բարձրացնել պետության կշիռը տնտեսական քաղաքականության զուգահեռներում, ընդ որում` երկիրը պիտի ձերբազատվեր վարկադրամաշնորհային բռնաճնշումներից, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը մեջքները շտկելով պիտի երկրաշինության հիմնասյուները դառնային։ Ավա՜ղ, հայրենական իշխանակույտի և վարկադրամաշնորհային հերետիկոսաց դաշինքը արթուն էր, և եղավ հոկտեմբերի 27-ը։ Ի դեպ, քչերն են տեղյակ, որ Վազգենը, ձերբազատվելով նախկին յուր խոտորումներից, գրեթե հեքիաթային մի ձեռնարկ էր մտորել` ստեղծել հանրապետության գլխավոր կոմիսարի պաշտոնը, ով վեր էր կանգնած երկրի նախագահից, խորհրդարանի խոսնակից, վարչապետից և կոչված էր ձերբազատելու հայրենիքը կոռուպցիայից։ Նման բան եղել էր կոռուպցիոն սկանդալներից դաբաղված Մեքսիկայում, և փորձը պսակվել էր հաջողությամբ, արժանացել հավակնոտ ՄԱԿ-ի հավանությանը)։
Մի խոսքով, հորդորում ենք ներկա կառավարությանը` փրկել Երկիր Նաիրին կարիճային օազիսներից։ Հարկավ, պարզաբանման կարիքն է քաշում օձիքիցս, ազատում եմ այն և բացատրում` կարիճային են բոլոր այն տնտեսական հանգույցները, որոնք ազգային-պետական բարոյականության պահապան փարոսներն էին, բայց այսօր մեկ-երկուսի շահն են սպասարկում (օրինակ` Երևանի կոնյակի գործարանը, զորօրինակ, էներգետիկ համակարգը, նմանապես «Նաիրիտն» ու հանքային ջրերը), և որոնք վաճառվեցին վարկատու-ելուզակներին և դաշնակից-ռմբահարներին։ Այո՜, Երևանի կոնյակի գործարանը վաճառվեց շուկայական գլխավոր մրցակցին` Ֆրանսիային, այն էլ ստորացուցիչ գնով` 30 մլն դոլարով։ Այնինչ հայկական խնկոսկի խմիչքը կարող էր պետության հովանու ներքո մեզ դարձնել կոնյակային գերտերություն, բոլոր հնարավոր շինիչ-կառուցողական հետևանքներով։ (Դուք հիշո՞ւմ եք սովետահայ կոնյակի մանրանկարչական գունեղ նոկտյուրնը, ես` այո)։
Սակայն 1992 թվականն էր, և երբ շրջահայաց-ազգայինները փորձում էին պետականությունը պահպանել հանձին պետական սեփականության, վարչախումբը դիվահարվեց (նրանց օսլայած օձիքները մի պահ երկնագունվեցին), թնդում էին ազատական թմբուկները և շառաչում շեփորները, օսլայաօձիք կառավարիչները ճարճատում էին` ինչ է, պատրաստվում եք խորհրդային լծից ազատագրված մեր ազատական քաղաքացիների ձեռքը վերստին մուրճ և մանգա՞ղ տալ։ Ինչպես թե պետությանը պատկանեն շուկան և վաճառատունը, ֆաբրիկան և գործարանը։ Հանուն դրա՞ ենք կալանվել Բուտիրյան բանտի մենախցերում, բղավեց թիվ 1 կոմիտեականն ու հավելեց` ձեր խոսքը դասակարգային կղերականության վառ օրինակ է, մենք թույլ չենք տա մեզ կրկին մղել կայսրապետության մահասարսուռ զնդաններն ու օրորոցում ամորձատել մեր յոթհարյուրամյա երազը` ապրել անկախ-ազատ հայրենիքում։ Վերջնարդյունքում քաջ հայտնի է, թե ինչ եղավ. նորամանուկ պետությունը մասնատվեց և ջրի գնով դարձավ զանազան գայլաձկների և ագռավների կալվածքը։
Սակայն ինչո՞ւ ենք դեգերում ժանգափրփուր հիշողությունների ճահիճներում։ Զի այսօր ավելի, քան նախկինում, պետություն, երկիր, հայրենիք գերակայություններն ածանցյալ են, մենք ինքնագաղութացվում ենք եղերական վայրագությամբ, ինչի ավելի քան խոսուն վկայությունն է շարժակազմերի կայանատեղերի կարմրաշերտ էպիկական ֆարսը, ոմն ձեռնաքաշ Շերխան ներկոտում է հայրենի ասֆալտն ու հսկայական գումարներ կորզում։ Մի խոսքով, Մասսյաց գարնանաբույր հովերը Ձեզ ապավեն, տիար Աբրահամյան Հովիկ, զի այս բախտորոշ պահին հենց Ձեզ է վիճակված զատելու հարդը ցորյանից։ Եվ, ահավասիկ, հրավիրում ենք Ձեզ Եղվարդ հացաշեն քաղաքը, ուր կարիճապատված է երկրի շենացման գլխագիր կառույցներից մեկը` Եղվարդի ջրամբարը։ (Խիստ ցանկալի է, որ Ձեզ ուղեկցեն քաղդաշտի ջոկատավարներն ու իշխող կուսակցության մոգպետները։ Քաղաքի շեմին աղն ու հացը, անհոգ եղեք, կապահովենք)։
ՋՐԱՄԲԱՐԸ` «ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՊԱՀՈՎԱԳԻՐ
(պամֆլետ-օրատորիա)
2013 թ. օգոստոս, ՀՀ փոխվարչապետ տիար Գևորգյանը Արմեն հուզախռով քարագրում է սույնը. «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»։ Հաշվի առնելով խնդրի հույժ կարևորությունը, ջրամբարների կառուցումը արդեն պիտի մեկնարկեր, առավել ևս, որ 2014-ին մենք կանգնում ենք բարդագույն թնջուկի առջև` Արարատյան դաշտում ջրերը անհետ կորչում են, Սևանն իր հերթին վերածվում է ձկնաբուծարանի, փոխարենը բարգավաճում են Ազերբայջանն ու Թուրքիան, մեր լեռների կենսաբեր ջրերը ինքնահոս եղանակով ոռոգում են թշնամու դաշտն ու արոտը։ Այստեղ հատկանշենք. Եղվարդի ջրամբարի կառուցումը գործող նախագահ տիար Սարգսյանի նախընտրական գերակայությունների առանցքում էր։ (Եվ մի՞թե զարմանալի էր վերջին նախագահական ընտրություններում Ազատիչի ջախջախիչ հաղթանակը Եղվարդում)։ Ավա՜ղ, մեր կյանքում անգամ բարձրագույն խոստումները հաճախ տապալվում են վերոնշյալ դաշինքի ելուզակների կամքով, զի ջրամբարը հենարան է պետականությունը վերականգնելու ճանապարհին։ Սակայն ամառը բախում է մեր դուռն ու պատուհանը, ջրամբարի վրա իշխում է մոռացության քամին, հարակից Արա լեռն էլ տրտմագին հսկում է և սպասում երջանիկ այն օրվան, երբ ջրամբարում ձկները կխայտան, և մակույկները կսահեն, ամենակարևորը` մենք կվերահսկենք տարածաշրջանի ջրային քարտեզը։ Առայժմ չարագուշակ լռություն է, այստեղ շրջակա աղբավայրի տիրակալ բայղուշները հորդորում են ըմբռնել. Եղվարդի ջրամբարի գործարկմամբ շահագրգիռ չէ հանրապետությունը հայոց, փոխարենը շահագրգռված են Թուրքիան ու Ազերբայջանը։ Ինչ կցուցանե առակն այս, թողնենք պատասխանատու կողմին, այսինքն` ՀՀ կառավարության, երկրի նախագահի, կոալիցիայի և այլոց կռահմանը։
1984-ին է սկսվել Եղվարդի ջրամբարի կառուցումը, որն ընդհատվեց ԽՍՀՄ (այս պարագայում` պետականության) փլուզմամբ։ Այն տարիներին հասցրին մաքրել շուրջ 1000 հա հողաշերտից 700-ը և կառուցեցին պատնեշները։ Եվ այն մատնվեց մոռացության ու միայն 2004-ին Եղվարդի ջրամբարը վերստին առաջնահերթություն է ստանում, «Հայջրնախագիծ» ինստիտուտը մշակում է հանրապետության գետերի հոսքերի կարգավորման ռազմավարական ծրագիրը, որը նախատեսում է 60 ջրամբարի կառուցում, առաջնահերթ է համարվում, անշուշտ, Եղվարդի ջրամբարի շինարարության ավարտը, ինչը հնարավորություն կտար 70 մլն խմ պակաս ջուր վերցնել Սևանից։ Առայժմ հանրահայտ է տրագիֆարսիկ մի եղելություն. Արարատյան բարեշնորհ դաշտավայրում տարեկան 100 մլն խմ ջուր է գոյանում անձրևաջրերից ու ձնհալից և հոսում, հագեցնում է Նախիջևանի ջրամբարը։ Սքանչելի է, Նախիջևանի թուրքահպատակ Հանրապետությունը հուսալիորեն շրջափակել է մեր երկաթուղային սնուցումը, ոչնչացրել է Ջուղայի խաչքարակերտ դամբարանը, առհասարակ սրիկայաբար գոյաբանվում է բուն հայոց հողի վրա, մենք սրտակեղեք նվիրաբերում ենք ոսոխին մեր ջուրը հանապազօր։ Լավ, դառնանք առավել փաստական. ելքը, ըստ մեզ, կառավարության հատուկ նիստն է, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ Հանրային խորհրդից, ԳԱԱ-ից, և ամեն բան կընկնի բնական ու բարոյական հունի մեջ։ Խնդիրն այս պահին հետևյալն է. եթե կառավարությունն է դառնալու ջրամբարի կառուցողն ու սեփականատերը, և այն ծառայելու է յուր գլխավոր նպատակին, այն է` Սևանի փրկությանը, ջրային դոմինանտությանը տարածաշրջանում, ապա կպահանջվի շուրջ 160 մլն դոլարի ներդրում, մի քանի հազար աշխատուժ, երկհերթ աշխատանքային հզոր ճակատ և, խնդրեմ, 2-3 տարի անց Եղվարդը կդառնա մեր աչքի լույսն ու, հասկանալի է, թե ում աչքի փուշը։ Ի դեպ, ժամանակին սովետները ջրամբարի կառուցման վրա ներդրեցին 174 մլն ռուբլի (հասցրին ծախսել ահռելի այդ գումարի մի մասը), ջրամբարը պիտի ամբարեր 228 մլն խմ ջուր, նրա հայելու մակերեսը պիտի լիներ շուրջ 1000 հեկտար, խորությունը` 45 մետր։ Ի դեպ, այս ամենը չափից դուրս լավ հայտնի է ՀՀ պատկան կառույցներին։ Սակայն սայլը տեղից չի շարժվում, չափազանց մեծ է սայլի տեղում անշարժանալու խաղադրույքը, խաղավարն էլ գիտեք` ապազգային իշխանապետաց և վարկադրամաշնորհային հերետիկոսաց դաշինքն է։ Ի դեպ, Եղվարդի ջրամբարի մասին լիարժեք տեղեկություններ են առկա համացանցում, անտեղյակները թող իրազեկվեն։ Մասնավորապես տեղեկանան, որ մասնավոր մի քանի ընկերություններ են խիստ շահագրգռված դրա կառուցմամբ, ուր ծրագրում են զբոսաշրջային աննախադեպ հանգրվան հիմնել, բազմաթիվ շահառուների մասնակցությամբ։ Այսպիսով, կառավարական տան համաձայնությունն առկա է, հեղինակավոր և բանիմաց ներդրողները (հայ և օտարազգի) հրապարակում են (այդ թվում` հանրահռչակ Քըրքը Քրքորյան), այնուամենայնիվ, ջրամբարում ամայություն է, այն էլ է վերածվել մի վիթխարի կարիճապատ օազիսի։ Այսպիսով, սա ուղերձ է ՀՀ նորանշանակ վարչապետին և կառավարությանը։ Ողջ լերուք և լուրջ կամ խմուկ դատեք-բաղդատեք և կյանքի կոչեք պետականակերտ սույն ձեռնարկը։
ՏԱՏՐԱԿԻ ԴԱՅԼԱ՞ՅԼ, ԹԵ՞ ԲԱՅՂՈՒՇԻ ԲԱՌԱՉ
(սարկաստիկ վերջերգ)
Այսպիսով, սպասելի է կառավարության արմատական որոշումը։ Այսինքն` կա՛մ Եղվարդի (ինչպես նաև մյուս այլ) ջրամբարների կառուցումը համարվում է խոչընդոտ հայ-ազերբայջանական բարիդրացիականության բարեբեր ընթացքին (և այն ժանգապատվում է), կա՛մ նշվում են ժամկետները, երբ է մեկնարկում ջրամբարի շինարարությունը, և երբ է այն ավարտվում։
Ի դեպ, խիստ տեղին է կառավարության (իմա` պետության) և մասնավոր ներդրողների (որոնց թվում` համաշխարհային հեղինակություն վայելող ֆիրմաներ կան) նպատակային մերձեցումը ջրամբարը կառուցելիս։ Էնպես որ, մեր առավոտները պիտի բացվեն տատրակների դայլայլով և ոչ թե բայղուշների բառաչյունով։ Այսպիսով, լսենք պոետին Ավդալյան և չմնանք հավերժորեն խաբված։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ