Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Դու քո խելոք շաշությունը շարունակիր, յոթանասունհինգդ բոլորած Ֆելիքս Շաքարյան

Դու քո խելոք շաշությունը շարունակիր,  յոթանասունհինգդ բոլորած Ֆելիքս Շաքարյան
08.04.2014 | 11:38

Սար ու ձոր, հին ու նոր, գեջ ու չոր անելով, ճակատագրերի կածաններով ու ծապաններով իրեն գիրկապելով, ոտը կախելով ու հազար մեծ ու պուճուրի հետ զրույց անելով, ճիշտն ու ճշմարիտը որոնելով Օձունում ծնված արձակագիր Ֆելիքս Շաքարյանն իր Լոռու աշխարհում բարով-խերով հատեց յոթանասունհինգի սահմանը։ Լավ էլ արեց։ Երբ փորձում եմ գրել շնորհավորանքի էս մի քանի տողը, կեսօրն անց է, երեկոն էլ դեռ հեռու է մութ հավաքելուց, դրա համար ասում եմ` բարի իրիկնադեմ քեզ, սիրելի Ֆելիքս, էնքան ջահել ես, որ քո եզերքից հեռու մի տեղ քեզ տեսնողը չի ասի, թե դպա դենն ես գնում։ Ամեն մի գրվածքով ու գրքով դպա դեսն ես ձգվում։ Եզերքը ջահել է պահել քեզ, թեև մի վշտակոլոլն էլ դու ես։ Բանող գրիչդ քեզ պահել է։
Քանի՜ գիրք է գրել, բայց տպագրել է տասը։ Տասը գիրք` պատմվածք, վիպակ, վեպ։ «Իմ կանաչ պատուհանը». էսպես էր կոչվում հրատարակած առաջին գիրքը։ Վերջինը... «Հայաստան» հրատարակչության գլխավոր տնօրեն Վահագն Սարգսյանն ասաց, որ ամռանը լույս կտեսնի Շաքարյանի ծավալուն վեպը։ Վերջինը... Չէ, գործ չունեմ վերջինի հետ, որովհետև ճամփա են ընկել ու առաջկտրուկ անելով գալիս են։ Աստված տա, վերջինը շատ ուշ վերջին կոչվի... Մտորումներս թողնեմ կիսատ, պարզապես ասեմ, որ ոչ քիչ գրողների նման, որոնք ապրում են մարզերում, Ֆելիքսը վաղուց արժանի է գրականագիտական ուշադրության։
Ֆելիքսը սովորում էր գյուղատնտեսական ինստիտուտում։ ՈՒսանողական տարիներին գրած պատմվածքները հուշեցին, որ սովորի գրողների տան տեղը, նաև դռներ բացի։ Ամոթխած չէր, էնքան համարձակ էր, որ Գուրգեն Մահարու տան դուռն էլ բացվեց նրա առջև։ Մահարուն լսեց, լսեց ու Մահարին էլ Ֆելիքսին լսեց. «Բակունցի նման գյուղատնտես եմ դառնալու»։ «Գյուղատնտեսը` չգիտեմ, բայց լավ կլինի, որ Բակունցի կիսի կիսի չափ գրող դառնաս»։ Սա Պետհրատի շենքն է։ Մկրտիչ Սարգսյանն ասում է` գրել ես` լավ ես արել, բերել ես` լավ ես արել, բայց մինչև չկարդամ ձեռագիրդ, ոչինչ ասել չեմ կարող։ Օրեր հետո կասի` լոռեցի մի գրող էլ ունեցանք։ Ո՞վ է, կհարցնի Ֆելիքսը։ Դու ես, կասի Մկրտիչ Սարգսյանը, դու գրող ես, քո գիրքը կտպագրենք, դու սրա հետ այլևս գործ չունես, գնա նոր գրքի վրա աշխատիր։ Եվ այսօր ճիշտ է անում Ֆելիքսը, որ գլխով անցած, աչքով տեսած, ականջով լսած ամեն ինչը դարձնում է ազնիվ հուշագրություն։
Տասնամյակներ առաջ եղբայրս` Հրանտը, ինձ տվեց մի պատմվածք` տարօրինակ թվացող վերնագրով` «Հոբոսը պամյատնիկ է սարքում»։ Ասաց` էսօր-էգուց կարդա, էլ օր, գալ օր կարծիքդ ասա։ Կարդացի ու... Կարծիքս էգուց-էլ օրի չթողեցի ու տեղնուտեղը հավանեցի։ Ասի` լեզուն մատնում է, որ հեղինակը լոռեցի է, ինքնատիպ է։ Ասաց` հեղինակը Ֆելիքս Շաքարյանն է, ինքն էլ է հավանել, հավատում է, որ նա մեզ կուրախացնի։ Ասեմ, որ «պամյատնիկի» նման հավանել եմ նրա բազմաթիվ պատմվածքներ, «Հանգույց», «49 թվականը» վեպերը։ ՈՒրախացել եմ, որ առատ կենսահյութ ու կենսանյութ ունի, որ շաղախել գիտի, համադրել գիտի։ Մինչև լուրջ վեպերի անցնելը, Ֆելիքս Շաքարյանը երկար տարիներ եղել է ռադիոյի թղթակից։ Իսկ Լոռու աշխարհում լինել թղթակից նշանակում է ավելի լավ ճանաչել բնաշխարհը, մարդկանց, նրանց հոգսերը։ Էդ ճանաչողությունն է օգնել նրան, որ կենդանարար շունչ փչի իր արձակ էջերին։ Խոստովանենք` միշտ չէ, որ ժպիտով, սիրով են ընդունել մեր լոռեցիները Ֆելիքսի գրքերը։ Ոչ քչերը նրա գրքերի բացասական տիպ-կերպարներում ճանաչել են իրենց, իրենց հարազատներին ու... հաթաթա են տվել, ասես հենց իրենցով հաստատելով, որ Ֆելիքս Շաքարյանը ճշմարիտ գրող է։ Ճշմարտությունը պիտի հանձնես սպիտակ թղթին։ Գիրը պիտի ձայն ու շվաք ունենա։ Ամեն մի գրական գործ, հենց էջ ու տող պիտի բխեն գրողի սրտից ու հոգուց, խղճից ու մտքից։ Ֆելիքս Շաքարյանը ստեղծել է իր Գուրուրան մարդկանց աշխարհը, հրաշալի, անսկիզբ ու անվերջ ձգվող «Գուրուրանցիները» պատմվածքաշարը։ Ֆելիքսի համար հեշտ չի եղել տպագրվելը։ Դե, ապրում է... գավառում։ Թեև երկու ձեռքով գլխիս դմփացնում եմ, թե ինչո՞ւ մնացի Երևանում, նաև ասում եմ` ինչո՞ւ եկա, Երևանն իմ ի՞նչ տեղն էր, անգամ փառք եմ տալիս Ֆելիքսին, որ մնաց իր «խուտորում», թեև չստեղծեց իր տունը, տուն` հողի վրա` թաղված ծառերի մեջ։ Բայց, դե, ապրածը Լոռի է, տեսած-լսածը Լոռի է, իր գրքերի ժողովուրդը լոռեցիներ են, բարի լույս, բարի իրիկնադեմը լոռիական է։
Հազար բան ու... Ասե՞մ-չասեմ։ Շատերն ունեն իրենց Ֆելիքսը, Ֆելիքսի մասին` իրենց խոսքը։ Մորիցս լսած խոսքը ասեմ։
-Հրաչ ջան,- ասաց մայրս։- Ցերեկ էր, մտքիս հետևից ընկած ննջում էի իմ ցավի հետ, մեկ էլ մի ձեն ընկավ ականջս։ Կանչում են` Հրանտ, Հրանտ, հե՜յ Հրանտ... Վեր թռա, երա՞զ էր, թե՞... Աչքառ դուրս եկա։ Էլի լսեցի Հրանտիս անունը։ Ձեն հանեցի։ Ասի` էդ ո՞վ ես, հե՜յ... Թե` Հրանտին եմ ուզում։ Ասի` իմ Հրանտը 52 թվին գնացել է Երևան, Երևանում է ապրում։ Ասի` արի, իմ Հրանտին որ ճանաչում ես, արի, իմ տղի անունը որ տվիր, էլ ոտդ կախ մի անի, արի... Մի քիչ հետո լսում եմ` Հրաչ, Հրաչ, հե՜յ Հրաչ... Ասի` Հրանտն ու Հրաչը ջուխտ-ջուխտ գնացել են Երևան, իմ տղերանցը որ ճանաչում ես, նրանց անունը որ տալիս ես, արի, էլ չեմ ու չում մի անի, արի։ Թե` կոֆե ունե՞ս, կոֆե... Ասում եմ` հավ կմորթենք, գառ կմորթենք, արի։ Թե` մենակ կոֆե եմ ուզում, կոֆե... Ասի, բայց մի քիչ ցածր ձենով ասի` կոֆեն գնացեք ձեր անտեր քաղաքներում խմեք, սա տուն է, սա օջախ է։ Մի տարի հետո նորից եկավ, նորից ձեն տվեց։ Ասի` տեսնես խելոքացե՞լ է, թե դեռ հերվա շաշն է։ Չէ, երևում է` խելոքացել է։ Տուն եկավ։ Մենակ չէր։ Տուն ենք, տեղ ենք, մեր ունեցածն ու գորա սեղանին լավ-լավ բաներ շարեցինք, իմ քաշած արաղը շատ հավանեցին։ Հիշեցի, որ անցած անգամ կոֆե-կոֆե էր ձենձենում։ Սուրճ էլ տվեցինք, տղա ջան, ձեր ընկերոջը, ղողնոշի նման սև տղա էր։ Ես կնեղանայի հենց ձեզնից, որ ձեր ընկերը ձեր անունը տալիս է, բայց չի բացում մեր դուռը։ Լավ էլ զրուցասեր էր։
Ամեն տեղ ու ամեն հարցում անկեղծ է Ֆելիքսը։ Բանավոր Ֆելիքսը նույն գրավոր Ֆելիքսն է։ Տեղն եկած տեղը նաև արթնանում է ջահել օրերի կռվազանությունը, բայց միշտ արթուն է սիրառատությունը։ Ամեն տեղ` իր նման։ Ամեն մի հարցում` սկզբում` իր Լոռին, լոռեցիները։ Որտեղ ինչ հարց էլ ծագի, Ֆելիքսը չիմանալով էլ, թե ինչ հարց է, պիտի հին օրերից եկող խոսքը ասի` Լոռին հաղթիլ տի։
Ջահել էինք։ Մի բանաստեղծի շնորհիվ ձեռքներս թթի օղի էր ընկել։ Մարդը մեզ հյուրասիրում էր, որ իրեն գովենք։ Գովեցինք ու խմեցինք, խմեցինք ու գովեցինք։ Մեկ էլ ճակատամարտը տանուլ տվող գեներալի նման, Ֆելիքսը ուշքի եկավ, թե` Լոռին հաղթիլ տի, դու լոռեցի ոչ մի գրողից էլ լավը չես, Լոռին հաղթիլ տի... Էդպես էլ հայտնվեցինք փողոցում։ Միլիցիոները հասկացավ, որ ձեռքը խմած ջահելներ են ընկել, փորձեց օգտվել։ Ինչ հարցնում է, ես ձեն չեմ հանում, իսկ Ֆելիքսը ասում է նույն խոսքը` Լոռին հաղթիլ տի... Միլիցիոները ինձ է նայում։ Այսինքն` էս ի՞նչ է ասում, բան չի հասկանում։ Ես իմ հասկացածով թարգմանեցի։ Ասում է` Լոռին հաղթիլ տի... Էլի չհասկացավ։ Ֆելիքսն ասաց` ինքը գրող է։ Ցույց տվեց ինձ` Հրաչը գրող է։ Ղաչաղանցի Կարո Մելիքսեթյանը գրող է... Լիքը անուններ հիշեց։ Տեսավ տակը չի անում, ասաց` Ստեփան Զորյանը գրող է, Մարո Մարգարյանը գրող է, Անահիտ Սահինյանը գրող է, Հրանտ Մաթևոսյանը գրող է, ինքը գրող ու գրող է։ Ոնց որ մի բան ուզում է գլխի ընկնել միլիցիոները, Ֆելիքսն իր սիրտը բացեց` հիշելով մեր մեծին` Հովհաննես Թումանյանին։ Հովհաննես Թումանյանի անունը լսելով` միլիցիոները մեզ բարի ճանապարհ մաղթեց, չմոռանալով հարցնել` բայց ի՞նչ եք անում, որ հաղթելու եք։ Գրում ենք, ճոճվելով ասաց Ֆելիքսը, ա՛յ, հիշիր, բան եմ ասում, Լոռին հաղթիլ տի...
Աստծու տված մայրամուտի բարիլույսին բարին մաղթելով քեզ, սիրելի՛ Ֆելիքս, ցանկանում եմ առողջություն, էնքան ուժ ունենաս, որ կարողանաս արդար կռիվ անել Լոռվա բնություն-ժողովրդին ավերողների դեմ, անբան-անգործ լոռեցին չլքի հարազատ եզերքը և կարողանանք մարդ մնալ, ինչպես քո գրքերից մեկն ես վերնագրել` «Մարդ մնալու դժվարությունը»։
Այո՛, դժվար է լսելը` էլ առաջվա Լոռին չկա՜... Էլ Լոռին ո՞վ է տվել։ Լոռի ասելով, պարզ է, մարդ-բնություն ենք հասկանում։ Դժվար է, բայց պիտի կարողանանք մարդ մնալ, լոռեցի մնալ, որ չամաչենք ո՛չ եկող սերունդներից, ո՛չ էլ մեր պապերից, մեծն Հովհաննես Թումանյանից։ Հանքերն ուտելով իշխանավորները բնությունն են խժռում, բնությունը խժռելով նույն իշխանավորներն արդեն թուլացած ժողովրդին են հոշոտում։ Դու քո գիրքը շարունակիր, որ կարողանաս մարդ մնալու արվեստի գրադաշտը պահել, զգալ տաս նորից մարդ մնալու, լոռեցի մնալու դժվարության արվեստը։ Դու քո խելոք շաշությունը շարունակիր։
Մի խոսքով` վաստակած մայրամուտիդ
Բարի լույսը թող երկա՜ր-երկար ուղեկցի քեզ ու
Բոլոր նրանց, ովքեր ճանաչում են քեզ ու քո գիրը։
Քո գիրը, որը, փառք Աստծու, դեռ բխում է զուլալ, մաքուր...

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ