Դադարեցնենք մանրադրամի զրնգոց հիշեցնող մեր ամենօրյա գետնաքարշ խոսացողի կրքերը և հնչեցնենք խոսքը կենդանի` Անկախության հռչակագրից քսանչորս տարի անց, ու տեսնենք մեր երկիրը իրական և ճանաչենք իրար...
«Չորրորդ չափման սահմանը»,
Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ՆՈՐԱՀԱՅՏ ԲԱՌԱՐԱՆ
(ֆելիետոն-նամե)
Դուք, հուսամ, քաջ ծանոթ եք գեներալ Ֆրանկոյի կերտած 5-րդ շարասյանը, որը դավում է (նախապես դյութելով), հետո կենսաբեր մանգաղը փոխարկում է ժանգոտ յաթաղանի և հարվածում է անպատճառ թիկունքից։ Մեր օրերում էլ 5-րդ շարասյունը 3-րդ հանրապետության քաղցկեղն է` երկրի «շիրայոտ» քաղաքականացվածությունը քթարմատից մինչև բթամատ և գյուղական անխռով տավարածից մինչև համալսարանական խռովահույզ դոցենտ։ Բարի, ստուգաբանենք մեր ներկա օրը։ Ողնաշարի, ողնաշարավոր կենդանիների և մարդու առանցքային կմախքի հիմնական մասը։ Ողնաշարի առաջնային դերը մարմնի կառուցիկ պահպանությունն է, երկրորդայինը` ողնուղեղի պաշտպանությունը։ «Պետական կապիտալիզմ», երկրի տնտեսության զարգացմանը նպաստող պետական միջոցառումների ամբողջություն։ ՈՒ երբ այն քաղաքատնտեսական գերակայություն է, ստեղծվում են պետական ձեռնարկություններ և հիմնարկություններ։
«Որկոր», դե պարզ է ամեն բան. որկորը ողնաշարի հակադարձումն է և շինիչ ու ապահով կապ է հաստատում 5-րդ շարասյան անասնակերպերի կոկորդի և հաստ աղիքի միջև։ Իսկ պեդոցենտրիզմը (մանկակենտրոնություն) երկնագույն հաչոց չէ, պարզապես կրթական հայացքների համակարգ է, որում ուսուցման բովանդակությունը, ձևերն ու մեթոդները պայմանավորվում են մանուկների անմիջական հետաքրքրություններով և պահանջմունքներով։ Հասկանալի է, որ պեդոցենտրիստների համար մեկ է` անկա՞խ ապրել, թե՞ կիսանկախ գոյատևել, չէ՞ որ նրանց մանկամիտ պահանջմունքները լիասիրտ բավարարվում են ամենուր։ Ի դեպ, կիսանկախության ժամանակ` ավելի նպատակային։
Առայժմ որկորային պեդոցենտրիզմն է դրության տերը 3-րդ հանրապետությունում, որը խնդուն սլանում է դեպի Մաքսային միություն` վախենամ թե ծայրագավառի կարգավիճակով։ Մայր Ռուսիան, անշուշտ, նպաստավոր պայմաններ է ստեղծում հայ կենարար մտքի և շինարար ձեռքի համար, զի Մոսկովից մինչև Նախոդկա որակյալ աշխատուժի խիստ պակաս կա, և ծնելության անկումն է ահասարսուռ։ Անհոգ լինենք, Մայր Արմենիայի 5-րդ շարասյունը բնավ անտարբեր չէ Ռուսիո հիմնահարցերի հանդեպ։ Բնականաբար, սիրո կարոտ մեր ծաղկուն արորդիները փոխշահավետ դաշնագիր կվավերացնեն ձյունաճերմակ սլավոնուհիների հետ և ուժերի ներածի չափ կպարարտացնեն ռուսական սիրո անծայրածիր սևահողերը։ Դե, հասկանալի է, մեծ նավերը ճահիճներում չեն նավարկում, բնականաբար, այս դաշնագրում էլ անխուսափելի են մանր-մունր վրիպումները։ Ահավասիկ, անհույս սպասումների մեջ օրը կմթնեցնեն մի քանի Աստղիկ ու Անահիտ։ Դե, սահմանամերձ գյուղն էլ կբարգավաճի ռուսական բազաների առկայությամբ։ Ի դեպ, սա չգնահատելը պատմական մեծ հավկուրություն կլինի երկրի համար, պատկերացնենք, թե ի՜նչ հոգեշող հորիզոններ են բացվում, հայ գյուղաբնակը հիմնավորվում է կայսրության մեծ ու փոքր քաղաքներում, բարեկեցիկ ապրում է և ծիրանագույն երազներ է տեսնում յուր սահմանամերձ թոնրի և մարգի մասին, հուսալիորեն պաշտպանված ռուսական սվիններով։
ԳՐԲԱՑՈՒԹՅՈՒՆ
(պամֆլետ-օրատորիա)
Հինգերորդ շարասյունում ոչ միայն քաղաքական ու պետպաշտոնական փերեզակներն են, այլև բոլոր նրանք, ում համար 3-րդ հանրապետությունը որկորային կուռքերին խնկարկելու անզուգական ռազմադաշտ է։ Եթե մի պահ շփոթվենք և հյուրընկալվենք հայկական հեռուստաեթերին, ապա լիաթոք կհամոզվենք, որ երկիրն այսօր գոյաբանվում է որկորային պեդոցենտրիզմի տիրույթներում։ Ահավասիկ, երկրում տենդագին արտագաղթ է, բայց և այնպես յուրաքանչյուր երեկո նորաշուք մի պանդոկի, հյուրատան և շոգեբաղնիքի հիմնարկեքն է, ընտանեկան զվարճանքի և հանգստի հերթական օազիսն է կրնկակոխ բացել դռները, դռները խոհանոցի, սեղանատան և ննջարանի։ Այո՜, 5-րդ շարասյունը ամենուր է, ամենահաս է, վեր է ներքաղաքական կարկտահարումներից և տարածաշրջանային ջրհեղեղներից։ Նրան ի՜նչ փույթ, թե Քեսաբն էլ ընկավ, կամ թե դավադիր կարկուտն ու ձյունը խեղանդամեցին հայոց գյուղերն ու գյուղացիներին, և կանաչ լապտերներ վառվեցին ներկրող շնաձկների առջև։
Մի խոսքով, մենք` նախարար ու նախրապան, զինվոր և բանվոր այդպես էլ չենք հաղթահարում մեր արբունքի շրջափուլը։ Եվ պզուկներով ու թարախապալարներով են զարդարվել մեր հեգ մարմինն ու դեմքը, զի համրացել են մեր պարկապզուկն ու դհոլը։ Անշուշտ, դղրդում են մեր դհոլները և զի՜լ զլում են զուռնեքը մեր, միայն թե քաղաքական քծնապարի կամ հացկատակային խմբերգերի ժամանակ։
Բարի, անցնենք մեր խոստացած գրբացությանը։ Պատգամավոր տիար Լեռնիկ Ալեքսանյանը վերջերս լեռնցի այրի անմիջականությամբ ահա թե ինչպես ստուգաբանեց մեր գոյակերպի խորհուրդը. «Այսօր տնտեսությունը մի խումբ անհատների, ընտանիքների ուսերին է։ Սա քանդելն է շատ ռիսկային, դա իշխանությունները շատ լավ հասկանում են»։ Անշուշտ, շատ լավ հասկանում ենք և, անկասկած, կենաց-մահու պայքար ենք մղում երկրի տնտեսությունը «մի խումբ անհատների, ընտանիքների ուսերին» պահպանելու նպատակով։ Զի հենց այդ մի խումբ ընտանիքն է 5-րդ շարասյան ողնաշարը։ ՈՒ ո՜նց են տառապում ու տնքում այս վիթխարի ծանրության տակ մի խումբ անհատներ, այն էլ ընտանյոք հանդերձ։ Չէ, եկեք տնտեսական մի նոր Ավարայր չսարքենք մեր գլխին։ Մի խումբ նվիրյալ այրեր, ընտանիքով շրջապատված, ողջ երկրի տնտեսությունն են առել ուսերին, քանզի երկիրը պորտաբույծ կյանք է վարում (ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել), ու մի՞թե պատվաբեր չեն նորհայկական մեր պատմության համար նրանց ցնծագին տնտեսական հաղթանակները Միջերկրականի ափերին և Աֆրիկայի խորքերում, ամազոնամերձ ջունգլիներում և Փարիզի սրտում։ Հյուրատների, պլանտացիաների, հանքերի և այլնի տեսքով։ Հարկավ պատվաբեր են։ Է, մի՞թե վերջնարդյունքում նրանց կապիտալը հայկական ծագում չունի։ Լավ, ինչպիսին է ռուս քաղաքական որոշ այրերի վերաբերմունքը առ կայսրապետության գիրկը ժպտերես աճապարող Հայաստան։ Ահավասիկ. «Ղարաբաղից նրանց (իմա` ազերիների- Վ. Ա.) արտաքսումը հանցագործություն է, և միայն նրանց` հայրենիք վերադարձից հետո կարելի է խոսել ինչ-որ հանրաքվեի մասին։ Առանց փախստականների Ղարաբաղ վերադարձի` ցանկացած հանրաքվե անօրինական կլինի»։ Այս բարձրավոլտ տկարամտությանը պետք էր, անշուշտ, վերաբերվել քմծիծաղով։ Սակայն բանդագուշանքի հեղինակը աշխարհակալ Պուտինին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն է։ Այսինքն, նրա շուրթերով գերազերբայջանամետ այս հայտարարությունը հնչել է Կրեմլից։ Այս բախտորոշ օրերին կայսրապետության վիթխարի ախոռից կրկին իր կարմիր նժույգն է մաքուր օդի դուրս բերել հայ ազգի նվիրական բարեկամ Վլադիմիր Վոլֆովիչը, հեծել է այն և արքայավայել բարեսրտությամբ Արցախին ոտնատեղ է տալիս կայսրությունում։ Իսկ ի՞նչ անի Վոլֆի որդին, Հայաստան գա և կենաց-մահու պատերա՞զմ մղի հայկազյան 5-րդ շարասյան դեմ։ Անհնար է, զի այսպես չի լինում անգամ էսկիմոսյան հեքիաթներում։
Այո, իմաստուն դսեղցին է մեզ կողմնորոշել դեպի Ռուսիա, նրանից առաջ էլ նույնն է պատգամել լուսավորիչ քանաքեռցին։ Բայց մի՞թե նրանք պատգամել են մեզ սեփական տունն ու տնամերձը ապականելով բարօրություն փնտրել Ռուսիո շուքի տակ։ Հարկավ ո՛չ։ Բայց դե 5-րդ շարասյունը ականջ է դնում միայն սեփական սրտի ձայնին։
Ինչպես Սևակն էր ասում` «Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից»։ Իսկ պատմությունը բավականին անգութ է և, ահավասիկ, պնդում է, որ կայսրությունների համար խիստ ցանկալի դաշնակից են կցորդ-պետությունների և՛ իշխանությունները, և՛ դրանց «հակոտնյա» ընդդիմությունը։ Եվ փաստենք. որքան էլ մեր արմենոիդ ինքնությունը գնահատելի է ռուսական մշակույթի վերնախավի համար, քաղաքակրթության բնօրրան Երկիր Նաիրին, որպես աշխարհաքաղաքական արժեք, ավելի լուսանցքային է Կրեմլի հաշվեկշռում, քան, զորօրինակ, Չիտայի մարզը։
ՇՈՐՈՐԱՎԱՐԳ ՔԱՐԱՀՈՒՆՋԻՑ
(սարկաստիկ վերջերգ)
Քարահունջի աստղադիտարանից Ծիր կաթինը զննող արմենոիդները ինչու հանկարծ լքեցին լեռնաշխարհը, անցան բազում գետեր ու հովիտներ և Ալբիոնում հիմնադրեցին Բրիտանական թագավորությունը։ Արտաշես աշխարհակալ մեծն արքայի փառապանծ պետականության ավանդույթները մի՞թե անհետ չկորան։ Տիգրան 2-րդի սեղանի մատռվակներն այլազգի արքաներ և իշխաններ էին։ Սակայն նրա կայսրությունը փլուզվեց, երբ ծեր աշխարհակալը դեռ գահին էր։ Հետո Պապ մեծագործ երիտասարդ արքայի գործը կիսատ մնաց։ Կիլիկիան ընկավ Լուզինյանների ձեռամբ։ Բյուզանդական կայսրության զինական ուժի փառքն ու պսակը բնօրրանի արմենոիդներն էին, բայց և այնպես, թյուրք խաշնարածը գրավեց Լեռնաշխարհը։ Հետո Անին ընկավ, այնուհետև թղթե շերեփը դարձավ մեր աշխարհաքաղաքականության հաղթաթուղթը։ ՈՒ մի՞թե ժամանակը չէ գիտակցելու, որ անգամ կայսրապետության ապահով գրկում մեր ապավենը ողնաշարն է, ո՛չ որկորը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ