Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում, այլ զենքով և դիվանագիտությամբ

Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում,  այլ զենքով և դիվանագիտությամբ
01.04.2014 | 00:31

Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ թուրք կառավարողը եղել և մնում է հայի ոխերիմ թշնամին, իսկ հայն էլ, ավելի ճիշտ՝ որոշ տխմարներ, դեռ կարծում է, թե թուրքն այսօր էն թուրքը չէ:
Երկու տարի առաջ Սիրիայի դեպքերի կապակցությամբ գրել էի, որ հայը պետք է պաշտպաներ Սիրիան, ինչպես պաշտպանել է Ղարաբաղը, անգամ հավելել էի, որ Սիրիայում վճռվում է Ղարաբաղի ճակատագիրը: Այսօր Քեսաբում կատարված դեպքերը գալիս են հաստատելու, որ… Բայց ամեն ինչ հերթով:
Ասում են՝ 10 հազար քեսաբահայեր դուրս են քշվել իրենց տներից: Հարց, այդ 10 հազար հայերի մեջ երեք հազար զենք կրելու ընդունակ տղամարդ կլինե՞ր, թե՞ ոչ: Գուցե և ավելին՝ կասեն ոմանք: Այդ դեպքում ինչո՞ւ նրանք նախապես չզինվեցին՝ իրենց տունը, տեղը, իրենց ընտանիքները պաշտպանելու համար: Իսկ կարո՞ղ էին արդյոք այդ մի քանի հազար զինվորական գործին ոչ պատրաստ տղամարդիկ կռվել փորձված, պրոֆեսիոնալ մարդասպանների դեմ: Կասեի՝ Մուսա լեռ բարձրացած ժողովուրդն ինչպե՞ս կռվեց: ՈՒրեմն, ելքը միշտ մեկն է՝ դու պետք է ապրես և առաջին հերթին հույսդ քեզ վրա դնես: Կռվից փախչելով չեն ապրում: Թշնամու դեմ կանգնում և կռվում են, և հաղթում է նա, ում հաղթելու կամքը զորեղ է: Հալեպում քանի՞ հազար հայ էր ապրում, ինչո՞ւ նրանք չկազմակերպեցին իրենց քաղաքի պաշտպանությունը: Ի՞նչ է նշանակում չեզոք մնալը: Դու այդ երկրի քաղաքացին ես և պարտավոր էիր պաշտպանելու այդ երկրի իշխանությանը, որը քեզ լավ է վերաբերվում և պաշտպանում է քեզ: Կռվից փախչելով քո կյանքը չես փրկում:
Հիմա ոմանք կհարցնեն՝ քեսաբահայերն ինչպե՞ս կազմակերպեին իրենց պաշտպանությունը: Ի՞նչ է, գաղտնի՞ք է, որ Սիրիայի N մեկ թշնամին այսօր Թուրքիան է, որը նաև մեր N առաջին թշնամին է: Եթե քեսաբահայությունը զենք խնդրեր Ասադից, չէր ստանա: Սիրիայում ապրող քրդերն ինչպե՞ս են կազմակերպել իրենց պաշտպանությունը, միայն զենքով և նորից զենքով: Ո՞Ւր էր նայում աշխարհի կենտրոններում բնավորված հայ քաղաքական միտքը, ի՛նչ է, նրանք այդքան բութ են ու անճարա՞կ, որ սպասում են ողբերգության կատարմանը, որից հետո սկսում են վայնասուն բարձրացնել, թե մեզ կոտորում են, պաշտպանեք մեզ: Մի՞թե առայսօր տկար հայ քաղաքական միտքը չհասկացավ, որ աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում, այլ զենքով և դիվանագիտությամբ: Երբ 1918-ին Ֆրանսիայի նախագահին ասել են, թե հայերը մեր օգնության կարիքն ունեն, հնչել է հարցը` իսկ նրանք կարողանո՞ւմ են իրենց պաշտպանել, և երբ ստացել է բացասական պատասխան, ապա ասել է, այդ դեպքում նրանք մեզ պետք չեն: Իրեն չպաշտպանող մարդը, ազգը ոչ մեկին պետք չեն: Հարց է առաջանում. ինչո՞ւ հայը կարող է օտարի բանակում լավագույն զինվոր դառնալ, իսկ ինքն իրեն պաշտպանել չի կարող: Գուցե այստեղ լավ հրամայողի հարցն է պակասում, բայց չէ՞ որ լավ հայ հրամայողի օրինակներ օտար բանակներում շատ ունենք: ՈՒրեմն ո՞րն է: Մեր թերարժեքությունը, սեփական ուժերին չհավատալու, չկազմակերպվելու անկարողությունը, գուցե փոքր ազգ լինելու թերարժեքությունը: «Ազգի մեծությունը չի որոշվում նրա թվաքանակով, ինչպես մարդու մեծությունը չի որոշվում նրա հասակի բարձրությամբ»,- ասել է Հյուգոն: Ռուսները մեծ ազգ են, բայց Ելցինի օրոք ի՞նչ էր Ռուսաստանի վիճակը, ի՞նչ էր մնացել նրա մեծությունից: Հավատացած եմ, եթե այսօր Ելցինը լիներ Ռուսաստանի տերը, Ղրիմի հարցը կլուծվեր հօգուտ ՈՒկրաինայի առանց ռուսների: Չեչենները չհաղթեցին, բայց այսօր այլ է նրանց կարգավիճակը Ռուսաստանում: Ռուսաստանի ներսում Չեչնիան ինքնուրույն խաղացող է: ՈՒրեմն ազգի մեծությունը նրա ոգին է, մահից չվախենալու, կռվելու և հաղթելու ոգին: Քեսաբի դեպքերի կապակցությամբ որտե՞ղ երևաց մեր` որպես պետության դերը. այն, որ ԱԺ-ի մի խումբ պատգամավորներ գնացին և տեսան Արամ կաթողիկոսի՞ն: Հետո՞, մեր պետությունն ինչո՞ւ չդիմեց ՄԱԿ-ի քարտուղարին, ինչո՞ւ մեր դեսպանների միջոցով ամենուրեք չբարձրացրին այդ հարցը, չդատապարտեցին Թուրքիային: Սա դիվանագիտության ոլորտին, իսկ կոնկրետ աշխարհասփյուռ հայությունը պիտի կազմակերպվեր, և կամավորներ ուղարկվեին Քեսաբ: Ինչո՞ւ հայ խաղաղապահներ պիտի լինեն Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում, իսկ Սիրիայում հային պաշտպանելու համար նրանք չպիտի լինեն: Այսօր էլ դեռ ուշ չէ: Հայը պիտի կռվի Սիրիայում և պաշտպանի Ասադին: Ասադի կռիվը Թուրքիայի մասով մեր կռիվն է: Եթե Ասադը պարտվի (հավատացած եմ, որ բանը դրան չի հասնի), հերթը կհասնի լիբանանահայությանը, որից հետո հերթը կհասնի Ղարաբաղին: Եթե ցանկանում ենք, որ պատերազմը մեր տնից հեռու լինի, ուրեմն մենք պետք է ամեն գնով օգնենք սիրիահայությանը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ