Գնում էր դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի` դարերի ուրու։
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
ՈՒ գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու Արևելքը հին...
«Քաղաքը», Լևոն ԱՆԱՆՅԱՆ
ՌՈՒՍԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՍՊԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(ֆելիետոն-նամե)
Ղրիմը անկախացավ։ «Ղ» տառի կախարդանքն է գուցե, որ ոմանց թվում է, թե Ղարաբաղն էլ է ռուսիֆիկացվելու։ Բնավ։ Զի այստեղ փոքրիկ զանազանում կա. Ղրիմը խրուշչովյան գինարբուքեն ետքը, գրչի մի թեթևակի շեղմամբ բռնակցվել էր Խախոլստանին, կայսրապետ Վլադիմիր Վլադիմիրովիչի հզոր բազկով վերադարձավ մայր Ռուսիո գիրկը։ (Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության դիվահար ուժերի դավանանքը նոր` գեյ-կառավարություններից մինչև հրեականության տիրակալություն Երկիր մոլորակում ամբողջ հոգով գոչում եմ զվարթուն` կեցցե՛ս Պուտին, հոգեորդիդ Պյոտր ցարի և գեներալիսիմուս Սուվորովի)։ Մի խոսքով, արգո կուսգեներալ Նորատ և քաղճանապարհորդ Զորի, Ռուսիո հետ այսուհետ եղբայր ու զինընկեր ենք ինչպես հավասարը հավասարի, զի եթե Ռուսիան հորիզոնական հարթությամբ է զմայլելի, մենք հարկավ հարգելի ենք ուղղահայաց մեր խորքերով։ Ի դեպ, շատերին եմ հորդորում այս բախտորոշ օրերին կրկին ու կրկին ընթերցել նշանավոր Անդրեյ Բիտովի հռչակավոր ասք-հուշապատումը` «Հայաստանի դասերը», որում զարմանալի հայտնություններ կան առ հայ-ռուսական առնչություններ։ Անդրեյ Բիտովը, հուշեմ-հիշեք` ծանրակշիռ գրական երևույթ է անգամ ռուսական գրականության չափումներով։ Եվ, խնդրեմ, վերոնշյալ ասք-հուշապատման մեջ նա զարմանում է, թե այդ ինչպես է, որ Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր սահման։ Կունենանք, երբ Ազերբայջան թալանա-յաթաղանյան հիբրիդն անհետանա աշխարհի քարտեզից։ (ՈՒխա՜յ...)։
Մի խոսքով, Նորատ, Զորի և այլք, մենք դաշինք պիտի կազմենք Ռուսիո հետ, և «Ղ» տառի կախարդանքը ցնդում է ինքնաբերաբար, զի կա Արցախ-աշխարհը, որը սկսվում է «Ա» գերագույն գլխատառով։ Բա՜... Ի դեպ, «ԼԼ» առաջարկը հայությանը` այսուհետև խոսքում բանավոր և զրիցներում գրավոր օգտագործել միայն «Արցախ», «Արցախի Հանրապետություն» անվանումները, զի վաղ թե ուշ Արցախը դառնալու է ՀՀ 13-րդ պատվավոր մարզը (սա պատմության օրհնանքն է) և ի՞նչ, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու, Կոտայքի ու Սյունիքի, Արարատի և այլ հայկազնանուն մարզերի կողքին պիտի հնչի Ղարաբաղ թրքամրուր անո՞ւնը։ Հարկավ ոչ (առհասարակ «ԼԼ»-ում հստակ բաժանված են ղարաբաղցիներն ու արցախահայերը։ Արցախահայը վեհանձն է, հայաստանակենտրոն, խելացի է նա և գեղադեմ։ Եվ հենց նա, զինվոր և հրամանատար, Բալայան Վլադիմիր, Բաբայան Սամվել, Սեդրակիչ ու Ազատիչ, ազատագրեց Արցախը չքնաղ, իհարկե, հայաստանցոց և սփյուռքահայոց զվարթուն զորակցությամբ։ Բա՜...
Այսքանը։ Այժմ զբոսաշրջվենք քաղքառյակի հովիտներում, զի տիարքն այս ամնեզիայով են տառապում և կամենում են բախտորոշ այս օրերին սանձել ՀՀ-ն և ԱՀ-ն (իմա` Արցախի Հանրապետությունը) ու նետել մեզ անդառնալի փորձությունների գիրկը։ Անհնար է, զի անհավանական է նման երկնագույն հավակնությունների կենսագործումը։
ԵՎԼԱԽԻ «ԱՆԿՈՒՄԻՑ» ՄԻՆՉԵՎ ՐԱՖՖՈՒ ՍԱՀԱՆԿՈՒՄՆԵՐ
(պամֆլետ-օրատորիա)
1993-ին էր կարծես, երբ ՀՀ և Արցախի միացյալ զինական ուժերի գլխավոր հրամանատար (ի պաշտոնե ՀՀ պետնախարար և պաշտպանության նախարար) Վազգենը Մանուկյան, որին հաջողվեց հաղթողի հոգեբանությունն ամրագրել հայոց զինական ուժերի հոգում և կանոնակարգել բավականին բարդ, երբեմն էլ հեղհեղուկ պայմանավիճակներում հայտնվող բանակի մարտավարությունն ու ռազմավարությունը, պետայրի յուր արծվենի հայացքով գնահատելով պատմական պահի հրամայականը, հաղթական հայ զորքերին պատրաստվում էր ուղղորդելու դեպի Եվլախ, գրավելու այն և կտրելու Ազերբայջանի պորտալարը։ Ավա՜ղ, Տեր-Պետրոսյանը, ակներևաբար Լիպարիտյան Ժ.-ի հորդորով և «Բրիթիշ փեթրոլեումի» հրահանգով, արգելափակեց մեր հաղթարշավը։ Լ. Ժ.-ն այսօր էլ անթաքույց է յուր դավանանքում, այսինքն` ընդգծված ազերբայջանասեր է (վկան` նրա վերջին խոստովանանքը), և, ինչ խոսք, վճռորոշ պահին կհայտավորվի Լևոն Տեր-ի թիկունքում, միայն թե վարագույրի հետևում։ Եվ, վստահաբար, կդավի ու կդյութի, սակայն ո՞վ է այժմ նրա գեղգեղանքին ականջալուր։ Գուցե թե Րաֆֆի՞ն, մի՞գուցե Ստեփանը Դեմիրճյան, ակներևաբար Լևոնը Զ., Նաիրան Զ., միով բանիվ ՀՀՇԿ-ն և անպատճառ ՀԱԿԿ-ն... Այո՜։
Մի խոսքով, շատ եմ ցավում, որ տիար Լևոնի (Տեր-Պ.) բանաձևային մտահանգումները օր օրի փոխարկվում են ձևապաշտական մտասևեռումների, և նորօրյա սույն Վասակը դարձյալ ու կրկին, վերստին և նորեն երկիրը (ներառյալ ժիրայրամերժ սփյուռքն ու հակածառուկյանական աշխատավորությունը) փորձում է ներքաշել անկայունության ճահիճը, ի՜նչ կարող ես անել, սույն այրը քաղաքականությունն այդպես էլ չի կամենում զանազանել բուքմեյքերական գրասենյակի խաղադրույքներից... Չի զանազանում և փորձարկում է ժամանակը, մարդկանց երկիրն ու նրանց ապագան, սա խաղ է, դիվախաղ, որի հոգեզմայլուն թովչանքը ծանոթ է միայն «մեծ ղումարի» օծյալ ասպետներին, այս պարագայում Լ. Տ. Պետրոսյանին, ով, հուշեմ-հիշեք` 3-րդ հանրապետության գլխին խաղաց հետևյալ մոլեխաղը.
20-րդ դար.
ա) 1990 թվական. ազգային զարթոնքի զեփյուռի վրա եկավ իշխանության։
բ) 1991 թվական. պետականության կայացումը վստահեց արևմտյան նենգաթավ հողմերին և նորհայկական-հհշաբարո հողմապտույտներին...
գ) 1996 թվական. կորզեց թագը Վազգենից Մանուկյան, հետո հանձնեց այն «պատերազմի կուսակցությանը», զի վերջինս չէր կամենում վերականգնել Պետրոս Գետադարձի «առաքելությունը»...
1998-2008-2014 թվականներ (20-21-րդ դարեր). մեկ տասնամյակ քաղաքական պահքի մեջ ընկղմվեց «Սև դղյակում»: Կեցցե՛ս... Բայց «Բրիթիշ փեթրոլեումեն» մռլտոց լսվեց, և ավազակապետության կնքահայրն անցավ սեփական աշխարհակարգի կազմաքանդմանը... Նախորդ նյութում կարծես խոստացա չանդրադառնալ քաղհանգուցյալներին, ներող եղեք, անկարող եմ, զի երբ պրոֆեսիոնալ գրպանահատները ներկայացվում են որպես բանկ կտրողներ, գլխիս կափարիչը թռչկոտում է ինչպես եռացող բոզբաշի կաթսայի կափարիչը։ Բայց դարձյալ ու կրկին վերցնենք դաբաղի հարուցիչն ու ժանգապատ կարկինը և փորձենք հայտնաբերել ԲՀԿ ֆերմայի հղփացման գաղտնիքը։ Եվ այսպես ԳերԳագոն աշխարհակալության է ձգտում և հընթացս ու ախորժակով խախտում է ավանդույթ և կարգ, խառնակում է և խրոխտ հոխորտում։ ՈՒնի իրավունք, զի հակաքրիստոնեական նրա վարքը բնավ չի խանգարում մոլորյալ սովալլուկներին և քծնասպետ-մտավորականներին առնել դափ ու զուռնա և զլել նրա փառքի մեղեդիները, քանի դեռ նրա բարեգործական բոզբաշի մեջ միսը անպակաս է։ Լավ, շարակարգենք Գագոյական երեք գլխավոր մեղքերը.
ա) սատանայական մեղսագործությունը (խաղատները) միակցում է քրիստոնեական առաքինության` եկեղեցաշինության հետ։
բ) Բարեգործությունը մեծ հաջողությամբ բռնակցել է բիզնեսի հետ և գովազդում է յուր յուրաքանչյուր նվիրաբերումը` սկսած մարտիության փուչիկից և ավարտած ապրիլյոթյան եղունգի խարտոցով։
գ) Առհասարակ, ապրելով շեյխական կյանքով, ստորացնում է երկիրն ու մարդկանց։ Էնպես որ, հնչել է ապաշխարության ժամը, Տեր-ը պիտի վերադառնա «Սև դղյակ» և ապրի այսօր նույն այն կենցաղով, որով 1990-1998 թթ. ապրում էին Մատենադարանի նրա գրչեղբայրները։
ԳերԳագոն պիտի կտրականապես հրաժարվի գազի ներկրումից, պիտի խաղատներն ու մյուս «հալալ արյուն-քրտինքով» վաստակած բարիքները հողին հավասարեցնի և մտրակը ձեռքն առած քշի անասունը սարը։ ՈՒ եթե այդ ատեն կամենա քաղաքականությամբ զբաղվել, հավատացնում եմ, կհաջողի, զի կանդամագրվի, զորօրինակ, Րաֆֆին, եկեք նրան վստահենք սահմանամերձ մի գյուղ, և եթե նա մեկ տարի անց գյուղը տանուլ չտա, այսինքն, կասեցնի արտագաղթը, ապահովի բնամթերքի իրացումը, ապա հնարավոր է նրան վստահել նախագահական նստավայրը, ուր նա կաշխատի արարողակարգի վարչությունում որպես ավագ խոհարարի կրտսեր խորհրդական։ Իսկ ՀՅԴ-ն, դե բավ է հեղափոխիչ սույն եղանը դատապարտենք, իրենք իրենց մասին ասում են ամեն բան և գործում են հեղափոխաբար, այսինքն, ընդդիմություն են, թե իշխանություն, այլընտրանք են, թե երկընտրանք, երկրի ու ազգի համար նույնքան է կարևոր, որքան կարևոր է, զորօրինակ, Բոտսվանա պետության պատվո հյուպատոսի հարբուխը ուստա Շմայսի ուշունցախոսության համար։ Ի դեպ, ապաշխարության եկեք դատապարտենք նաև ՀՅԴ-ին։ Հուշեմ-հիշեք` Լևոնը` Տեր, «Դրոյի» գործով նրանց խցկեց տարբեր խցեր, բայց սույն հեղափոխիչ-եղանները (բացառություն են մի քանի ազնիվ ներդաշն այրերը ներքին շարքերում) անհիշաչար են ինչպես առհասարակ քաղաքական պլստան ամեն բան։ Եվ ահա ոչ միայն ներեցին Լևոն Տեր-ին, այլև անտերության են մատնել յուրյանց բողոքավոր-ըմբոստ շարքերը, և 2008-ին նրան հրավիրեցին իրենց գիրկը, 2014-ին իրենք են շորորավարգ ընթանում լևոնյան գրկախառնություն, անշուշտ, վեհ նպատակով, համատեղ ջանքերով կազմաքանդելու «ավազակաց» այս պետությունը և կերտելու քաղաքական շեյթանիկների նոր հակապետությունը։ Սաղո՜լ...
ԵՐԲ ԱՍՏՂԸ ՔԱՌԱԿՈՒՍԻ Է, ԻՍԿ ԴԴՈՒՄԸ` ԵՐԱԶԿՈՏ
(սարկաստիկ վերջերգ)
Մի խոսքով` սույն քառակուսի աստղ-քաղքառյակը երազկոտ է ինչպես ջանասեր գիմնազիստ և երդմնազանց, ինչպես յոթ կուսակցություն և մեկ շարժում փոխած արհեստավարժ հացկատակը։ Սակայն թող որ չլինի, թե գովերգում եմ ներկա իշխանապետացը, նրանց մասին կարծիքս բազմիցս լուսարձակվել է «ԼԼ» ծովախորշերում, պարզապես տագնապում եմ, չլինի՞ թե մրից ելնենք ու լոգանք ընդունենք մրաջրում։ Այնպես որ ելքը երիտասարդ ակտիվիստներն են, որ դեռ գալու են։ Էնպես որ, բարևամոլ իմ Րաֆֆի, բավ է ընդդիմության շոգեքարշ խաղաս, երբ ընդամենը մանկական երկաթուղու սլաքավար ես։ Սույնը վերաբերում է քառակուսի աստղ կազմած քաղքառյակի բոլոր անդամներին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ