«Գոնե Բեռլինում մի դատավոր պիտի գտնվի», - այս ասույթը, մոռանալով ծագման մասին, շատերն են օգտագործում, որպեսզի ասեն, որ գոնե ինչ-որ տեղ արդարությունը պետք է հաղթանակի: Ասույթն այնքան տարածված է, որ մեջբերեց և Բեռլուսկոնին, որ հայտնի է դատավորների նկատմամբ իր սիրով, երբ 2011-ի հունվարին այցելել էր սինյորա Մերկելին՝ արդարադատության հետ իր հարաբերությունների մասին նրան պատմելու զավեշտալի գաղափարով: Սինյորա Մերկելը կայծկլտացող հումորով, որ մի ժամանակ անվանվում էր անգլիական, (բայց ժողովուրդները նույնպես զարգանում են), նրան պատասխանեց, որ իր որոնած դատավորները ոչ թե Բեռլինում են, այլ Կառլսռուեի Սահմանադրական դատարանում ու Լեյպցիգում: Հնարավորություն չունենալով արդարության որոնումներում գերմանական բոլոր քաղաքներն այցելել, Բեռլուսկոնին տուն վերադարձավ՝ ուղեպայուսակում համելնական սրինգներ, բայց նա չէր էլ կասկածում, որ առանց արտասահմանյան թանկարժեք ճանապարհորդությունների էլ կարելի է գտնել ազնիվ ու անկաշառ դատավորների Հռոմում:
Բեռլինցի դատավորի մասին առասպելի ծագման ու տարածման պատմությունը բավականին բարդ է: Եթե որոնեք ինտերնետում, կիմանաք, որ բոլոր կայքերը այդ արտահայտությունը վերագրում են Բրեխտին, բայց ոչ ոք չի հաղորդում, թե Բրեխտի որ գործից է: Դա այնքան էլ կարևոր չէ, հավանաբար, Բրեխտը պարզապես հին պատմությունն է մեջբերել: Գերմանացի երեխաները միշտ այդ պատմությունը սովորել են դասագրքերից, տասնութերորդ դարից սկսած՝ տարբեր գրողներ այդ պատմությունն օգտագործել են: 1958 թ. Պետեր Հակսը (գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և էսսեագիր, 60-ական թթ. դարձավ սոցիալիստական կլասիցիզմի հիմնադիրը) գրեց «Ջրաղացպանը Սան Սուսիից» մարքսիստական ուղղվածությամբ կատակերգությունը՝ ասելով, որ իրեն ոգեշնչել է Բրեխտը, բայց չբացատրելով, թե ինչպես:
Եթե դուք ուզում եք հակիրճ իմանալ այդ նշանավոր դատավարության մասին, որ բոլորովին էլ լեգենդար չէր, ինչպես ստում են ինտերնետային շատ կայքեր, պետք է կարդաք Էմիլիո Բրոլիոյի «Ֆրիդրիխ Պրուսացու կառավարումը, որ անվանված է Մեծ», գիրքը, որ 1880 թ. հրատարակվել է Հռոմում՝ իրադարձությունների շատ մանրամասն շարադրանքով: Պոտսդամի մերձակա Սան Սուսի նշանավոր ամրոցից ոչ հեռու ապրող ջրաղացպան Առնոլդն այլևս չէր կարողանում կոմս Շմետաուին վճարել հարկերը, որովհետև բարոն ֆոն Գերսդոֆը գետի հունը շրջել էր և Առնոլդի ջրաղացը դադարել էր աշխատել: Շմետաուն Առնոլդին տարավ տեղի դատավորի մոտ, որ վճռեց ջրացաղը տիրոջից վերցնել: Բայց Առնոլդը չհամակերպվեց և հասավ մինչև Բեռլինի դատավորներին: Այնտեղ, սկզբում դատավորները նրա դեմ էին, բայց, վերջիվերջո, Ֆրիդրիխ Մեծը, քննելով գործը, հասկացավ, որ խեղճը բացահայտ անարդարության զոհ է և ոչ միայն վերականգնեց նրա իրավունքները, այլև մեկ տարով բանտարկեց տեղական անարդար դատավորներին: Այս պատմությունը իշխանության բաժանման օգտին չէ, բայց վկայում է լուսավորյալ միապետի անաչառությունը: Այդ ժամանակից «Գոնե Բեռլինում մի դատավոր պիտի գտնվի» ասույթը մնացել է իբրև արդար դատի հույսի արտահայտություն:
Ի՞նչ եղավ Իտալիայում: Ոչ ոք չէր կարող նույնացնել Վճռաբեկ դատարանի դատավորներին որոշակի քաղաքական խմբի հետ, անգամ ասում էին, որ շատերը համակրում են «Ազատության ժողովրդին», բայց դատավորները հիանալի հասկանում էին, որ ինչ վճիռ էլ ընդունեն, իրենց, միևնույնն է, անվանելու են կամ անդառնալիորեն կոմունիստ, կամ Բեռլուսկոնիի կաշառված կողմնակիցներ: Ժողովրդական կուսակցության կեսը համարյա արդարացնող դատավճիռ էր սպասում, որպեսզի խուսափեն կառավարական ճգնաժամից: Բայց դատավորներն աշխատում էին բացառապես օրենքի ու արդարադատության սահմաններում՝ չտրվելով իրենց ցանկություններին ու համակրանքներին, անտեսելով քաղաքական որևէ ճնշում: Ելնելով օրենքից՝ նրանք կայացրին անկողմնակալ վճիռ՝ հաստատելով Միլանի Վճռաբեկ դատարանի դատավճիռը (քաղաքական գործունեության արգելքի ժամկետների մանրամասները առանձնապես կարևոր չեն): Ջրաղացպանը կասեր՝ «Դե ինչ, դեռ կան դատավորներ Բեռլինում»: Այն փաստը, որ դատավորներ կան և Հռոմում, հպարտություն պիտի ներշնչեր մեզ: Սակայն մենք այնքան ցնցված ենք, որ պատրաստ ենք խոսել ամեն ինչի, բայց ոչ այդ մասին: Կաշառված այդքան քաղաքական գործիչների գոյությունը հնարավորություն չի տալիս հավատալ, որ աշխարհում դեռ ազնիվ մարդիկ կան:
"L'Espresso"
Թարգմանությունը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ