Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կեղծամներ «փրկիչների» համար (քաղաքական երկնագույն փասիանս)

Կեղծամներ  «փրկիչների» համար (քաղաքական երկնագույն փասիանս)
20.03.2014 | 23:33

Արքաներն իրենց նախարար-բդեշխ-իշխանիկների
գործերի մասին և ախորժակի
այնքան բան գիտեն, որքան, ասենք թե,
ժամանակից շուտ ծաղկած ծառերը` ծպտյալ խորշակի,
կամ, ասենք, որքան այրերը գիտեն
իրենց ծածկամիտ, անհագուրդ կանանց...


«Չկա, չի եղել...», Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ՕՎԱԼԱՁԵՎ ԴԱՀԼԻՃԻ ԲՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՒՄ

(ֆելիետոն-նամե)

Պատգամավոր-երեսփոխան-դեպուտատ... Այսինքն` առաքելական բոսոր ուղերձներ ժողովրդից դեպի իշխանություն։ Բարի, այժմ դատենք ու բաղդատենք, թե հասարակական այդ ո՞ր խավերի պատգամներն են ուսել 131 ազգընտրյալները (ողբամ զքեզ, ազգ իմ հայոց)։ Ո՞Ւմ պատգամախոսն է խորհրդարանը, կարծես ըմբռնելի է` մենաշնորհային-մականունակիր գործարարության։ Այսինքն` ՀՀԿ-ին և մյուսներին ընտրել է, դիցուք, 1 մլն քաղաքացի, նրանք պաշտպանում են, ահավասիկ, 100 ընտանիքի շահերը։ Դեմ չեմ, սա էլ է գործ, բայց ճանապարհն այս տաճար չի տանում, անշշուկ ուղեկցում է դեպի կառափնարան։ Բայց դե ով է լինելու դահիճը, ովքեր` դատավորները և «թամաշավորները»։ Բարի, ՀՀԿ-ն այսօր արդեն (վաղը, վախենամ, անդառնալիորեն ուշ լինի) գլխիվայր պիտի շրջադարձվի, այսինքն` սահուն անցում կատարի 100 ընտանիքից դեպի 1 միլիոն քաղաքացիներ։ Եվ սույն պատմական ճշմարտությունը նրանց, կարծում եմ, քաջագույնս հայտնի է, իսկ եթե ոչ, ապա թող սույն պատկառազդու քաղկառույցի քրմերն ու քրմուհիները (օրինակ` տիարք Շարմազանովն ու Հովիկը, տիկնայք Կարինեն և Հերմինեն) հետևեն գրչիս ալեբախումներին, զի վտանգն եմ մատնանշելու և դավերն եմ ջրի երես հանելու, շնչեք լիաթոք, արտաշնչեք վախվորած։

ԽԱՉԱՍԵՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ

(պամֆլետ-օրատորիա)

Տարիներ առաջ էր, վիճում էին ամենուր, բանավիճում զօր ու գիշեր, տանը, դպրոցում, հանդում և փողոցում. արդյոք Տեր-Պետրոսյա՞նն է, որը պիտի քանդի ավազակապետությունը։ Հիշելի է արգո Լևոնի դարակազմիկ միտքն առ այն, որ ավազակապետության հիմնասյուն օլիգարխները բոմժանալու են, հատկանշվեց նաև ՀԱԿԿ-ի ներկա արյունակից-դաշնակից Ծառուկյան Գագիկի անուն-ազգանունը։ Հիմա իմ առջև (հուսամ` նաև ձեր առաջ) բնական մի հարց է ծառանում և պահանջում բանական պատասխան` 2008-ից 2014-ը ի՞նչ է փոխվել ԲՀԿ գերփթթուն ղեկակալի գերհագեցած կայսրապետությունում, որն այսպես հուզել է իմաստուն քաղաքական այս այրին և մղել լալահառաչ որբևայրու պես սեղան գցելու և գիրկը բանալու։ Լավ, չխորասուզվենք արդարության փնտրտուքի ճահճուտը, օվալաձևի ոչ իշխանական հատվածը ընդամենն ապացուցում է հինավուրց սահմանման կենսունակությունը, այն է` քաղաքականությունը պոռնկություն է, ոչ ավելի, բայց ոչ էլ պակաս։ ՈՒրեմն հանուն իշխանական գահաթոռների, կարելի է ամեն բան, և բարոյականությունն այստեղ նույնքան անտեղի է, որքան սանրը քաչալի գրպանում։ Անշուշտ, «հրաշալի քառյակը» ունի յուր գերնպատակը, զի պահը ավելի քան նպատակահարմար է, կառավարությունը ձախ թևից, իշխանություններն էլ աջից այնպես են միակցվել օլիգարխիային (միակցումը, ի դեպ, սկսվել է լևոնական օրերից, երբ քայլ առ քայլ իշխանությունը զոդվում էր խոշորացող տնտեսավարողներին, օրինակ` Սամվել Ա.-ին, զորօրինակ` Խաչատուր Ս.-ին, նմանապես Գագիկ Ծ.-ին), որ նրանց տարաբաժանումը հնարավոր է միայն կազմաքանդիչ տապարի օգնությամբ, բայց, սատանան տանի, որտե՞ղ է տապարը... Եվ, խնդրեմ, ԲՀԿ-ագիրկ առաջին հանդիպման մեկնությունները, որոնք քաղաքական երեսպաշտության կերոններ են և հակաժողովրդավարական հացկատակության լուսարձակներ։ Այո՜...

«Հայաստանում անհրաժեշտ է վերացնել և՛ քաղաքական, և՛ տնտեսական մենաշնորհները, որպեսզի երկիր մուտք գործող միլիարդավոր դոլարների հասնող տրանսֆերտները, նյութական մյուս բարիքներն արդար վերաբաշխվեն, ոչ թե գնան մի քանի ուղղությամբ», սա շեփորել է բարգավաճական ՈՒրիխանյանը Տիգրան։

«Մենք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը տեսնում ենք ոչ թե հանգուցալուծում, այլ որպես քաղաքական ուժերի համախմբման գործիք, ինչը թույլ կտա լուծել ավելի կարևոր հարց` Սերժ Սարգսյանի իշխանության հեռացումը և երկրում դեմոկրատական իշխանությունների ձևավորման հարցի լուծումը», սա էլ զանգահարեց Տեր-Պետրոսյան-lights Զուրաբյանը, դարձյալ` Լևոն։ Արժե՞ անդրադառնալ սույն մտասևեռումներին։ Թերևս։ Քառյակի մյուս երկու մասնակցին` «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, հուշենք, որ նրանց բնավ չենք անտեսում (իմա` պարզապես վերաբերվում ենք ժողավանդույթի պահանջներին հարիր, այն է` քաղհանգուցյալների մասին կամ լավը, կամ ոչինչ)։ Մի խոսքով, մասնավորապես Տիգրանի խոսքում ցմահ ազատազրկման պատկերն է ուրվագծվում, զի եթե վերացնելու են տնտեսական մենաշնորհները, ապա վստահաբար պիտի որ ազգայնացնեն օլիգարխաց, ասել է թե` տիկին Շողերինայի, տիար Հայրապետյանի, դարձյալ մեկ-երկուսի և, անվերապահորեն արգո Ծառուկյանի ահռելի ունեցվածքը, սկսած գազի և այլնի մենաշնորհներից և վերջացրած տուկի թելերի շնորհներով։ Այո՜, կամ սայթաքել է արգո ՈՒրիխանյանը կամ էլ (ինչն առավել ճշմարտանման է) թոզ է փչում տառապյալ ժողովրդի աչքերին, այն էլ` զույգ թշերն ուռեցրած։

Եվ ահա թե ինչու։ Նրա կուռք-առաջնորդ Գերգագոն դեռ Լևոնի օրոք յուրացրեց յուր առաջին միլիոնը։ Քոչարյանի օրոք էլ միլիոնը վերաճեց միլիարդի։ Բայց բացատրեք, պաղատում եմ, ո՞ր խաչից է Ծառուկյանը միլիարդատեր մի երկրում, ուր բնակչության կեսը սովալլուկ է, մի ստվար զանգվածը արտագաղթել է, մեր եղած-չեղածն էլ մի քանի լճեր են և երկու զույգ սարեր։ Սա դեռ մի կողմ, բայց մի՞թե մոռանալու բան է, Զուրաբյան Լ., Մանուկյան Ա., Բագրատյան Հ. և այլք, որ ձեր ներկա գերագույն համադաշնակիցը 2008-ի մարտի 1-ի նախօրեին ՊՆ-ի գրոհայինների առաջին շարքում էր և պատրաստ էր արյան մեջ խեղդելու ժողովրդական ընդվզումը (նաև գուցե թե ձեզ), եթե Քոչարյան-Սարգսյան տանդեմի պատերազմի բովով անցած սթափությունը չկանխեր եղբայրասպան պատերազմը։ Այնպես որ, ինքներդ ավելի լավ, քան որևէ մեկը, համոզված եք, որ անհրաժեշտության դեպքում Ծառուկյանը ձեզ պարզապես փուռը կտա, կամ նվազագույնը կճորտացնի։ Հազար ու մի ներողագրեր եք ներկայացնում, գուցե հույսեր տածում, որ գերագույն օլիգարխը ցանկություն ունի թարմացնելու յուր մանկլավիկների շտաբ-կայանները։ Զուր է... Նրա քծնասպետների գնդում չկան թափուր տեղեր, բոլորն էլ ոտնաթաթից մինչև ականջաբլթակ կապանքված են հպատակության շղթաներով։

Բայց Լևոն Զ.-ն թլսորում է և կոծկում, վստահեցնելով, որ երկրում դեմոկրատական իշխանության ձևավորումը սկսվելու է արդի կառավարության հրաժարականից, ինչին որպես գործիք ծառայելու են վերոնշյալ չորս ուժերը։ Այո՜, տիարք և տիկնայք, ահա թե ուր գլորեցինք երկիրը` համահարթեցնելով մեր գերակա կարգախոսները` սկսած «Առաջ, Հայաստանից» մինչև այն հանգրվանը, ուր ջերմեռանդ հավատալով էլ այլևս ոչինչ չենք փոխի։

Մի խոսքով, «հրաշալի քառյակի» հրաշապատում (իմա` հրեշապատում) բառաշփոթին դժվար է հավատալը։ ՈՒ այստեղ մի վտանգավոր հեռանկար է ուրվագծվում. դիցուք քառյակի ճնշումը մեծանում է (արդի քաղաքատնտեսական դավ ու ցավի համատեքստում յուրաքանչյուր բողոքավոր դդմիկ դեմոկրատ ձմերուկի արժեք ունի, սա չմոռանանք) և դիցուք, կառավարությունը հրաժարական է տալիս, ԱԺ-ն ինքնալուծարվում է, և Բաղրամյան-26-ը հայտնվում է շրջափակման մեջ։ Ի՞նչ կլինի։ Դեռ հարցնո՞ւմ եք։ Կլինի այն, ինչ եղավ 1998-ին։ Հիշում եք, հուսամ, քաղաքական դժնի կատակերգությունը, երբ գիշերը շատերն անխռով քնեցին, խռովահույզ երազներ տեսան և վաղ լուսաբացին երկրապահացան, այսինքն` լքեցին խորտակվող «ՀՀՇ» առագաստանավն ու հանգրվանեցին «Երկրապահ+հանրապետական=միանձնյա իշխանապետություն» հածանավում։ Այո՜, ներկա պարագայում իշխանափոխությունը կլինի ավելի հղկուն (քաղաքական քծնանքի պարահրապարակները փայլեցված են իշխանահլության գրգռիչ մածիկով)։ Զի գուցե թե ՀՀԿ-ն քառյակին մի քանի ոտնատեղ կտա, մեկ-երկուսին կշոյի-կթովի, և երկիրը կշարունակի վարընթացը, և հանրությանը մի բան կմնա` ուղերձ-տրտունջներ հղել Մոսկվա-Կրեմլ։

Ի դեպ, խորհուրդս պաշտելի քառյակին` հետևել Ծառուկյանի օրինակին և հանրությանը ներկայանալ կեղծամներով։ Պատկերացնենք Թատերական հրապարակի հարթակը, կենտրոնում արգո Գագոն է` յուր կոբզոնյան կեղծամով։ Նրանից ձախ ՀՅԴ պատվիրակ ընկեր Վահանն է, զորօրինակ, արգո Գագոյի պատանեկան տարիների կեղծամով, աջ թևում ՀԱԿԿ-ական Լևոն Զ.-ն է, բնականաբար, ծառուկյանական հասունության շրջափուլի, այսինքն` չարենցավանյան տարիների կեղծամով, բայց, գրողը տանի, չորրորդն ո՞ւր մնաց։ Լավ, Րաֆֆին կդիրքավորվի Ծառուկյանի առջև, առանց կեղծամի, մի՞թե Րաֆֆի Հ.-ն ոտն ի գլուխ կեղծամ չէ։ Հարկավ։

Անշուշտ, երկրի քաղաքական էլիտայում քաջ գիտեն, որ եթե երկրային պատժից հնարավոր է խուսափել, ապա անհնար է խաբել երկնային դատավորին։ Եվ, այսուհանդերձ, ընդդիմադիր վերնախավը շարունակում է յուր անսկիզբ ու անվերջ դիվախաղը։ Այսպես, երկրի տնտեսության 97 տոկոսը հենց Լ.Տ.Պ.-ի իշխանության օրոք մասնատված էր մի քանի օլիգարխիկ ընտանիքների միջև։ (Սա հանդուրժելի՞ է մեր պատմության համար)։ Այսուհանդերձ խղճիս դեմ անկարող եմ քայլարշավել և նվիրվածությունս չարտահայտել Ալեքսանդրապոլի պայմանագրի հոգեորդիներին. թանկագին ընկերներ, թախանձագին աղաչում եմ տալ սույն քաղաքական երևույթի գնահատականը. գերագույն կուսակցապետը (իմա` Վահանը Հ.) եղբայրակցում է իշխանավորացն ու դիվանագիտական ամարաթներում է ապրում-աշխատում, ՀՅԴ կուսակցությունը, իր հերթին, անխոնջ ականապատում է իշխանավորաց, նաև ընկեր Վահանի գահաթոռները` այժմ, բանկային հաշիվները` վաղը։

ԾԱԾԿԱՄԻՏ ԵՎ ԱՆՀԱԳՈՒՐԴ

(սարկաստիկ վերջերգ)

Ականջդ կանչի, Ազատիչ, մի՞թե հենց այս պահի համար հարմար չէ թևավոր խոսքդ մեջբերել. «Գալիս եք իշխանության, որ ի՞նչ անեք»։ Իսկապես որ, ամեն բան վաղուց արված է, այսինքն` պետականազրկված ենք ու «դարդախորով»։ Այ, եթե «քառյակ-անառակ որդին» յուր ծրագիրը մեջտեղ բերի և հռչակագրի, թե ահավասիկ, պետական մենաշնորհներ կհայտարարվեն, ամենուր կազգայնացվեն մեր սարերն ու լճերը, և կկառուցվի մետրոպոլիտենը, որ խաղատները կհայտարարվեն persona non grata, որ ԱԺ-ում կհայտավորվեն մտավորականները, ապա կարելի է նրանց փռշտալեն ետքը առողջություն գոչել։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Վերոնշյալ քաղքառյակը մեծապես կշահի, եթե վերաճի քաղհնգյակի։ Այսպես, տեսանելի է ԱԼՄ-ի վերածնունդը «Կենտրոնում» և Կարապետիչի ծանրակշիռ ներկայությունը քառյակում։ Եվ ի՜նչ առաքելական են հնչում առաջնորդաց անունները... Ահավասիկ, Տեր-Պետրոսյան+Ծառուկյան+Րաֆֆի+ՀՅԴ+Կարապետիչ=նոր հայկական աշխարհակարգ` Առինջ ծանրության կենտրոնով։

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ