Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ճանապարհային քարտեզ. պորտապարից քոչարի (քաղաքական փասիանս)

Ճանապարհային քարտեզ. պորտապարից քոչարի (քաղաքական փասիանս)
21.02.2014 | 10:46

Խաչքարի պատվանդանին հենց նոր որձ աղոթասերը բեղմնավորեց էգին, որը բեղմնավորվելու ընթացքում իր փշոտ մագիլներով պոկեց որձի գլուխը և խրթխրթոցով կերավ։ Մինչ էգը խժռում էր որձի գլուխը, վերջինիս անգլուխ մարմինը սեռական ակտը մեկ րոպեի չափ շարունակեց։ Ակտը վերջանալուն պես էգը նաև նրա մարմինը կերավ, խաչքարի պատվանդանին թողնելով միայն որձի թևերը։


«Աղոթասերը», Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԽՈՐԵՆԱՑՈՒՑ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՆԿԱԽ-ԿԱԽՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

(ֆելիետոն նամե)

«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ...»։ Սա 5-րդ դարում դրվագեց քերթողահայրը։ Անցան բյուր-բազում օրեր, տարիներ և դարեր, և, ահավասիկ, Խորենացու ուշիմագույն ծոռնածոռը` Ահնիձորի կործանման ահը սրտում, մանրակերտեց. «Քո բոլոր ճակատամարտերը այլևս տանուլ են տրված...»։ Ներող եղեք Մովսես և Հրանտ, սակայն ձեզ այլևս չեմ հավատում, թեկուզ և դուք լեռներ եք Մասիս ու Աժդահակ, ես` պարզապես մի «չար կատակ»։ Այսինքն, իհարկե, հավատում եմ, սակայն ցնծությամբ կամիմ տեղեկացնել, որ «հյուսիսային ազգերի մեջ վեհագույնը» «շահել է յուր գլխավոր ճակատամարտը», այն է` անկախության կախյալությունը։ Այժմ հեռակա կարգով և արդար սրտով հայտարարում ենք` ՀՀ-ում հաղթանակել է համապետական հիպնոս-հոգնան, վերոնշյալը պարզաբանենք փաստերով փառակալված և եղելություններով եղկելի։

Ասիայի ու Եվրոպայի միջև անզուսպ տրոփող մեր բարկ արյունը երբեք ջուր չի դառնա, զի անսեթևեթ մի դաշնագիր վերջերս հրապարակվեց Բաղրամյան-24-ում, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկը Մարտիրոսյան հրովարտակեց արևմուտքից արևելք, ցնցված է Լիցկա-Սուրիկ Խաչատրյանի հանրային բարձր գիտակցությունից (գուցե վեհանիստ հրաձգությունից)։

Այսպիսով, արյունը պարտադրում է` Հայաստանի օրենքի գերակայությունը` օլիգարխիատի վերջնագրային տիրակալությունը։ Արյունը պարտադրում է, նաև պահանջում. Լիցկա-Սուրիկը գահակալում է ԳԱԱ-ում, տիար Ռադիկը Սյունիքի մարզն է կառավարում։

Հիպնոս-հոգնան, առհասարակ, բարերար գործընթաց է։ Այսպես, բարձրագույն իշխանությունները նախ հիպնոսում են պետականաշեն խոստումներով, զորօրինակ, ժողովրդավարությամբ, հանրային խավերի համակեցությամբ, գազի գնի նվազմամբ և արտագաղթի նվազմամբ։ Հետո գալիս է հոգնան, հանրային խավերը դաժանորեն բևեռացվում են, գազի գինը սանձարձակվում է, արտագաղթն ընդարձակվում։ Բնականաբար, այս ամենը ամառ-ձմեռ մաշկի վրա զգացող ՀՀ քաղաքացիները հոգեպես «թալկանում են», մարմնապես էլ «դաբաղվում» և լյառն Արարատի գագաթից, ներող եղեք, սակայն թքում են սեփական անդյուրամարս ներկայի և սեփական պետության խրամատային ապագայի վրա։ Մի խոսքով, զուգահեռ ընթացող համագումարներում փոխհրաձգություն էր` ԲՀԿ-ն ինքնահուզվում և ոգեշնչված սեփական հուզումից հեռահար կարկտահարում էր ԵԿՄ-ի, իրականում` ՀՀԿ-ի համագումարը։ Միևնույն բարեկիրթ միջավայրն էր ԵԿՄ-ում։ Լավ, նոր չէ այս ամենը, հնամաշ է և բորբոսնած ժամկետանց քաղաքական խոստումների պես։ Եվ բանը բառին համահունչելու նպատակով լիաձայն որոտանք. զուգահեռ համագումարներում կռապաշտության կարկաչուն խնջույքախաղեր էին, զի կրծքներին հաճախ խաչ, ծոցագրպաններում էլ վստահաբար աղոթագիրք զետեղած պատվիրակները, պարզվում է, տառետառ և դրույթ առ դրույթ համաձայն էին ԵԿՄ-ում արգո Մանվելի, ԲՀԿ-ում Գագիկ «փրկչի» հետ։ Ասացեք, պաղատում եմ, անգին պատվիրակներ, մի՞թե հաջորդ նախագահին (պետության և կուսակցության) միևնույն համր կռապաշտությամբ չեք «զորակցելու» և անհրաժեշտության պահին «մրոտելու» ձեր ներկա կուռքին։ Ի վերջո, ինչպե՞ս են այսօր հանրապետականները և բարգավաճները երախտիքն իրենց հայտնում Տեր-Պետրոսյանին (ում իշխանապետության շրջանում թունդ ընդդիմությունից վերաճեցին թավշե արբանյակի) և Քոչարյան Ռ.-ին (ում հրահրմամբ իշխանական արբանյակից վերաճեցին մենիշխանական մոլորակի)։ Հայտնի է ինչպես։ Անշուշտ, շատերի նման վաղուց փնտրում, սակայն չեմ գտնում իմ նախընտրած նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը։ Ինչ վերաբերում է արգո Գագոյի խնկարկուներին, վերստին վստահեցնում եմ, սին ու սնանկ է ձեր դավանանքը, զի լճից լիճ կիսաքաղց Հայաստանում օվկիանոսային կապիտալ դիզած գերօլիգարխ-գերգագոն ընդամենը բարերարի հականիշ է և պետայրի «համարանիշ»։ Լավ, բավ է, նախաբանը ուռճանում է, անցնենք բուն նյութին` բնական մի հարց ուղղելով անձամբ ինձ բավականաչափ համակրելի Կարապետյանին Արամ, հորի՞ կլռիս։ Այսպիսով, ժամն է հստակեցնելու մեր ներկա կեցության ընթացքը, ճանապարհային քարտեզի պորտապարային գալարումներից շրջվելու դեպի քոչարիական (բնավ ոչ քոչարյանական, Շավարշն է այն, թե Ռոբերտը) ընդվզումներ։ Այսպիսով, Արևմուտքը մեզ վարկակոխ է արել և աղանդավորական-համասեռամոլական եվրակրտումն է փորձում դարձնել անկախ պետականության գոյիմաստը։ Ռուսաստանը պատմությամբ համարյա թե ազգակից, մշակույթով էլ անվերապահ ամոքիչ, ինքն է խարխափում դեռևս խարխուլ յուր առագաստանավում։ ՈՒ մի՞թե պետականազրկության առհավատչյա չէ Ռուսիո ներկա գերագույն նշանաբանը` ««Գազպրոմը» ազգային սեփականություն է»։ Ընդերքը ազգինն է, խողովակաշարերը` պետական, գազը` ազգապետական, եկամուտը, սակայն, հակառուս հակապետականների սեփականությունն է։ Այսպիսով, դեպի Իրան, որը հիշարժան օրեր է ապրում. 2014-ին լրանում է Մոհամմադ Մուսադեղի ծննդյան 135 և մահվան 45-րդ տարելիցը։ Ի դեպ, Ահնիձորի խորագետ ասպետ Մաթևոսյանը Մուսադեղին համարում էր 21-րդ դարի նշանավոր պետայրերից մեկը։ Իսկ Հրանտին պետք է լսել` նրան ընթերցելիս։ Ավելի ուշադիր` գիրքը փակելեն ետքը։

«ՅԱ՛ ՄԱՐԳ, ՅԱ՛ ՄՈՒՍԱԴԵՂ»

(պամֆլետ-օրատորիա)

Այսպիսով, ներկայացնեմ երևելի այս այրին, խնդրելով, որ ընթերցելիս շունչ քաշեք, սուրճ ըմպեք և զուգահեռներ ներքաշեք նրա և արդի հայոց պետայրերի (Սարգսյան Տիգրան, Գևորգյան Արմեն և այլք), քաղաքական գործիչների (Ալեքսանյան Սամվել, Մովսիսյան Առաքել և այլք), նաև համազգային «նահատակների» (Հայրիկյան Պարույր, Հովհաննիսյան Րաֆֆի և այլք) միջև։

Դոկտոր Մուսադեղը ծնվել է հեռավոր 1879 թվականին, եղել է նախ Իրանի ֆինանսների, արդարադատության, այնուհետև արտաքին գործոց նախարարը, բուրժուա-ազգայնական ճակատի (այսուհետ` ԲԱՃ) հիմնադիրներից մեկը։ Հիշենք, որ Իրանի բնական ահռելի հարստության առյուծի բաժինը անգլո-ամերիկյան սեփականությունն էր, պարսից շահնշահը` նրանց վասալը։ Սակայն 2500-ամյա պետականություն ունեցող երկրի համբերության թասը շուռ եկավ, և ԲԱՃ-ի ճնշման տակ երկրի Մեջլիսն օրենք ընդունեց անգլո-ամերիկյան նավթային ընկերության ազգայնացման մասին։ (Տարոսը մեզ)։ Անշուշտ, պատասխանը չուշացավ. 40 ռազմանավ ներխուժեց Պարսից ծոց, զուգահեռ ընթացակարգով արևմուտքցիները սնեցին և զինեցին Իրանի հարավային մարզերի մարտաշունչ ցեղերին, թե հասեք ու փրկեք ձեր արյունակից շահնշահի նավթը ԲԱՃ-ի ճիրաններից։ Չստացվեց, նավթագործներն անցան գործադուլի, շահնշահը ազգային բուրժուազիայի և նրան հարող ազատատենչ իրանցիների ճնշմամբ դոկտոր Մուսադեղին նշանակեց վարչապետ։ Իրանն արթնացել էր, Իրանը հավատում և վստահում էր յուր դոկտոր-վարչապետին։ Սա 1951-ին էր, երբ, ի դեպ, լրացել էր Մուսադեղի 72 տարին։ Ի դեպ, ՀՀ «ավազակապետության կազմաքանդիչի» 72-ը կլրանա 2017-ին։ Սա ի միջի այլոց։ Արևմուտքը չէր ննջում, շահնշահն էլ բավականաչափ կողմնակիցներ և ֆինանսներ ուներ: Ռեզա Փահլավիի հետ, վերջինիս քույր Աշրաֆի միջոցով, կապ էր հաստատել Ալեն Դալեսը։ Մի խոսքով, 1953-ի օգոստոսի 13-ին Փահլավին պաշտոնազրկեց Մուսադեղին և վարչապետ կարգեց դալեսյան դրածո գեներալ Զախեդին։ Իրադարձությունները զարգանում են գլխապտույտ արագությամբ, ինչպես մեր իրականությունում նոր սուպերմարկետների արշավները։ Այսպես, Մուսադեղը անմիջապես ձերբակալում է Զախեդին, շահնշահը ճողոպրում է Իտալիա։ Բայց մի շատ կարևոր բան սայթաքել էր հունից։ Արևմուտքը հավաքագրում է շուրջ 4 հազար թեհրանաբնակ ամերիկացիների, բանտերից ազատում է քրեական տարրերին, զինում է նրանց և հրահրում շրջել մայրաքաղաքում, կանգնեցնել մեքենաները, ստիպել, որ մեքենաների դիմապակիներին փակցնեն Փահլավիի նկարը և գնդակահարման սպառնալիքով պարտադրել, որ բղավեն` «Կեցցե՛ շահը»։ Բանը բանից անցել էր, ԱՄՆ-ի բանակի սպաներից մեկը զրահատանկով մոտենում է Մուսադեղի առանձնատանը և գնդակոծում վերջինիս ննջարանը։ Դոկտորը թաքնվում է հարևանի տանը, ուր մեկ շաբաթ անց ձերբակալվում է։

1953-ի ամռանը Թեհրանում մոլեգնում էր զանգվածային տեռորը. Մուսադեղի կողմնակիցներին գնդակահարում են հենց փողոցում, կառավարության անդամները ձերբակալվում են, դոկտորն աքսորվում է։ Ի դեպ, Մեջլիսին հարող նրբանցքի ճերմակ պատին անհայտ մեկը դաջում է յուր արյունոտ ոտնաթաթը և արյունով գրում. «Յա՛ մարգ, յա՛ Մուսադեղ»։ Այսինքն` մահ կամ Մուսադեղ։ Ի դեպ, սույն գերհուզիչ-նվիրական պատկերով պաստառն էր իրանական հոգևորականությունը օգտագործում 1979-ի հեղափոխության օրերին։

Ո՞Ւր ես, հայոց Մուսադեղ։ Եվ ինչու է մեր պատմության ցախավելը այսքան կողմնապահ, ցորյանը շեմից հաճախ դուրս է հանում, հարդը թողնում տան պուճախներում։ Իրանն ընդամենը 1976-ին նշեց յուր պետականության 2500-ամյակը, այնինչ միայն մեր չարուխը 5500 տարեկան է։ Գուցե մեզ մի Այաթոլլա՞ է պակասում։

Ի դեպ, դոկտոր Մուսադեղն ապրեց մինչև խոր ծերություն և մահացավ սեփական կալվածքում` արք ու փառքի մեջ։

ԱՂՈԹԱՍԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՂՈԹՔԸ

(սարկաստիկ վերջերգ)

Երևակայությունս, անշուշտ, վառ է, բայց մի՞թե դա կարևոր է, չէ՞ որ երկրիս անգամ ամենեն թանձրամիտ քաղաքացին վստահ է լիասիրտ` մեր խաչքար-հանրապետության պատվանդանը երկրի մաքսակետերն են, հանքերը, ջրերը, լճերն ու լեռները, նաև, անշուշտ, քաղմարմիններն ու մարկետ-մոլերը։ Եվ, ահավասիկ, որձ աղոթասերը ժողովուրդն է, էգը վերնախավաներքնակույտը։ Մնացածը` ինչպես բնաբանում։ Ինձ էլ (հուսամ` ձեզ էլ) մի բան է մնում` աղոթել օրնիբուն, որ շենշող մի օր դերերը փոխվեն, մենք լինենք էգը, նրանք, հասկանալի է, որձը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ