Մինչ «Սիվիլիթաս» հիմնադրամում վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ երեք արտգործնախարարների (Վահրամ Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան) արտահայտած մտքերին անդրադառնալը, ուզում եմ վկայակոչել մեծ մտածող Մաքիավելու խոսքերը, ինչն էլ ուղղում եմ մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարներին` հանուն այս պետության կենսական շահերի դուք երբևէ դիմե՞լ եք «ստորության»: Հազիվ թե: Մաքիավելու խոսքն անձնական կենսական շահերից վեր կանգնած անհատի մասին է, և ոչ թե խնայում եմ Նալբանդյանին, որ նրա անունն էլ հիշեմ:
Առանցքային պաշտոն գրաված այդ երեք պաշտոնյաները հավաքվել և այս երկրի ողջ դժբախտությունը փորձում են թափել Ռուսաստանի կամ էլ գործող նախագահի վրա:
Երբևիցե չէի մտածել, որ մեր պատմությունը Ռուսաստանից փախուստի պատմություն է: Եվ, հավանաբար, այսօր այդ «փախուստն» է պատճառը, որ հայ խոպանչին իր ընտանիքի գոյությունը այս հողի վրա պահելու համար մեկնում է Ռուսաստան: Անկախությունից քսան տարի անց պարոն Արզումանյանը փոքր-ինչ այլ ձևով կրկնում է անցած դարավերջին ռուսների հանդեպ Լևոնի ասած մտքերը, ուրեմն հայտնի ասացվածքի խոսքերն իրոք ճիշտ են:
Ես ասել և նորեն կրկնում եմ` մեր ողջ դժբախտությունը մենք ենք, մեր եսակենտրոն ղեկավարությունը, և ոչ թե ուրիշը: Մեկ օրինակ բերեմ խորհրդային երկրից: Գորբաչովի տխրահռչակ հակաալկոհոլային պայքարի վերաբերյալ խոսքը դեռ օրենք չէր դարձել, երբ Հայաստանում կենտկոմի քարտուղարի հրամանով սկսեցին քանդել խաղողի այգիները: Մենք ոչ թե մի կուրծք, այլ ամբողջ մարմնով այդ գործում առաջ էինք թե՛ վրացիներից, թե՛ ազերիներից: Ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ չափից հինգ մետր ավելի այգետնակ կառուցած մարդուն ՀԿԿ կենտկոմում, իսկ և իսկ Մթնաձորում մի արջ սպանելու, կամ երեք մանեթ տուգանքի մեթոդով էին գործում: Սա մենք ենք: Էնպես որ ռուսներին հանգիստ թողնենք: Հիմա ավելի հանգամանորեն «յուրաքանչյուրին ըստ իր» սկզբունքով:
Ըստ Ալիկ Արզումանյանի, պետք է ստեղծել ժողովրդավարական պետություն` լեգիտիմ իշխանություններով, որը ժողովրդի հետ դիսկուսիայի ճանապարհով կկարողանա որոշել, թե ինչ անել, թե որն է մեր ուղին: Ասեմ, թե որն է մեր` ժողովրդի ուղին: Քսան տարվա գործող հակաժողովրդական կադրային քաղաքականությունը դեն շպրտելն է: Այստեղ կուզենայի հարցնել գործող նախարարին` Ալիկ Հարությունյանն ի՞նչ օգտակար խորհուրդներ պիտի տա որպես խորհրդական, ախր ժողովուրդը տեսել է Հանրային հեռուստատեսությունում նրա աշխատանքային ոճը: Պարոն Արզումանյան, երբևէ պաշտոնին եղած ժամանակ դիսկուսիայի մեջ մտե՞լ եք ժողովրդի հետ: Հազիվ թե: Պարոն էքսնախարար, մի՞թե կարծում եք, թե այդքան կարճ է ժողովրդի հիշողությունը, որ փորձում եք խաղալ այդ լարի վրա: Ի՞նչ ժողովրդական կղզյակի մասին է խոսքը: Ընդամենը կառավարման երկու տարի, և երկիրը շպրտվեց ցրտի ու խավարի մեջ, ընդամենը երկու տարի, և երևացին կառավարողների իսկական ականջները: Չեմ ուզում հիշեցնել, քանզի դուք էլ պիտի հիշեք, թե 1992 թվականին Երևանի շենքերի պատերին ժողովուրդը ինչ էր գրում և ինչ Լևոն էր գրում: Դուք հասկանալի պատճառներով (այսօր քիչ-քիչ հայտնի է դառնում, թե Գորբաչովը-Շևարդնաձեն ում են ծառայել) հակառուս եք:
«Ռուսաստանը, երբ իրեն պետք լինի, թողնելու է գնա այս տարածաշրջանից, մեզ թողնելով մեն-մենակ մեր հարևանների, մեր ֆոբիաների հետ»,- եզրակացնում եք դուք: Ասեմ, Աստված ոչ արասցե, եթե Արևմուտքին հաջողվի (Ռուսաստանում հուդաները շատ են) ավերել Ռուսաստանն ինչպես ԽՍՀՄ-ը, միայն այդ դեպքում ռուսները կգնան այս տարածաշրջանից, հակառակ դեպքում Ձեր ցանկություններն էլ, ինչպես Լևոնինը, կնմանվեն երազում սոված հավի կորեկ տեսնելուն: Պարոն դիվանագետ, ասեմ, որ արդեն քսան տարի է, ինչ պրակտիկորեն սկսվել է աշխարհի վերաձևումը, թե ինչպես և ում օգտին այն կավարտվի, դժվար է ասել: Ես երբեք չեմ մտածում, որ ղարաբաղյան նոր կոնֆլիկտի ժամանակ ռուսները միանշանակ բռնելու են մեր կողմը: Ռուսները գործելու են, ելնելով իրենց «ազգային» շահից, և որի արդյունքում իրենց էական շահը պահի շահից չտարբերող ռուսները հաճախ են կանգնել կատաստրոֆայի առաջ:
Ավելի քան օրիգինալ են Օսկանյանի մտքերը. «Մենք մեր նկատմամբ վստահության կորուստ ունենք»: Երևի նա մտածում է, թե այդ կորուստը իրենից հետո է լույս աշխարհ եկել: Երբ ինքը պաշտոնի էր, ժողովուրդն անսահման հավատո՞ւմ էր մեր երկրի «կովկասյան վագրի» հեքիաթին, որը հորինել էր Վարդան Օսկանյանը:
«Նախագահի դիրքերը Մոսկվայում ավելի համարձակ կլինեին, եթե ինքը ներսում քաղաքական հակակշիռ ունենար»,- ասում է պարոն Օսկանյանը: Կուզեի հարցնել պարոն Օսկանյանին` այս երկրում որևէ գործող նախագահ հանդուրժե՞լ է հակակշռի գոյությունը այս երկրում: Ախր հակակշիռը ազգային հարստություն է, իսկ մեր երկրում ինչը ազգային հարստություն է, ոչնչացման արժանի է, ինչը և արել են: Հնարավոր չէ չանդրադառնալ Օսկանյանի ասած մի ուշագրավ գոհարի:
Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ անել դա (այսինքն` զիջումների գնալ Ղարաբաղի հարցում), որովհետև 96 թվականին կային ընտրությունների հետևանքները: Այստեղ դիվանագետը ջուր է առել բերանը և դիվանագիտորեն ուզում է ասել ընտրությունների կեղծման փաստը և ավելացնում, բայց 96-ից հետո, որ կասկածի տակ դրեց իր օրինականությունը, արդեն դա անելն իր համար անհնար էր: Այստեղ տեղին է հարցնել` ում հետ սերտաճել էիք որպես նախարար, օրինակա՞ն էր ընտրվել, և ո՞վ մղեց Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս, պարոն Օսկանյանը լռում է: Այլ կերպ չէր էլ կարող լինել, հո Օսկանյանը չի կարող իր անձնական ամբիցիաները ստորադասել հանուն ճշմարտության: Նախարար Վահան Փափազյանը չի ընդունում Օսկանյանի տեսակետը, թե Սերժ Սարգսյանը կարող էր մանևրելու տեղ ունենալ Ռուսաստանում, որովհետև 2008 թվականի «ընտրություններից» հետո եթե չլիներ Ռուսաստանի ուղղակի աջակցությունը, դժվար է ասել` նա կլինե՞ր իշխանության, թե՞ ոչ: Փաստորեն այս կերպ Փափազյանն ակնարկում է Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը: Պատմությունից կարելի է շատ օրինակներ բերել, հենց թեկուզ մեր օրերի դեմոկրատական կոչված շատ երկրներից, որ լեգիտիմության հարցը, ըստ իս, այնքան էլ էական չէ: Իսկ մինչ այդ էականին հասնելը հիշեմ մի պատմություն, որը մեզ է հասցրել հույն պատմիչ Հերոդոտը: Մահացել էր Պարսկաստանի շահը: Պարսկաստանի յոթ անվանի տոհմեր հավաքվում և որոշում են իրենց միջից մեկին ընտրել շահ և պայման են դնում. առավոտ շուտ յոթը գնում են Մարսյան դաշտ, և ում ձին խրխնջա, նրա տերը շահ է: Դարեհի ձին, շնորհիվ ձիապանի կեղծիքի, Մարսյան դաշտում առաջինն է խրխնջում: Մնացած վեցը ծնկի են գալիս և երկրպագում Դարեհին: Ճիշտ է, կեղծիքը հետագայում բացահայտվում է, բայց Դարեհն արդեն այնքան հզոր էր, երկիրն այնքան հաղթանակած, որ այդ կեղծիքը նրան ներվում է: Ընտրություններից հետո (թեկուզ կեղծ) երկիրն ապրում է, և չընտրված ղեկավարը շարունակում է ղեկավարել: Այսինքն, ժողովուրդը մոռանում և հաշտվում է ամեն ինչի հետ, բայց հաղթողը, թեկուզ կեղծ, չի հաշտվում իր հոգու հետ, իր յուրայինների հետ, երկիրը զարգացնելու և ժողովրդի համակրանքը, սերը շահելու համար: Մեր և ոչ մի նախագահ չի փորձել ընտրություններից հետո հաշտ լինել ժողովրդի հետ, շահել նրա սերը իր աշխատանքով, նվիրվածությամբ, անձնազոհությամբ, այ դա է ամբողջ դժբախտությունը: Կառավարողի ընչաքաղցությունը օր օրի բերել է նրան, որ ինքն իր, յուրայինների թալանը անձեռնմխելի պահելու համար գնում է զիջումների: Մեր օրերի բոլոր հեղափոխությունները, որ կատարվում են դրսի պատվերով, ժողովրդի դժգոհության վրա են խաղում: Ցանկացած երկրի ղեկավար հզոր է, եթե նրա հենարանը ժողովուրդն է, մնացած դեպքերում նա ողորմելիի մեկն է: Փաստեմ օրինակով: Թող որևէ մի ուժ 1991 թվականին փորձեր հեռացնել Լևոնին իշխանությունից, պատկերացնում եմ` ինչպիսին կլիներ ժողովրդի վերաբերմունքը: 1998-ին պալատական հեղաշրջումը (այդպես են ասում ՀՀՇ-ականները) թեկուզ անօրինական, բայց ժողովրդի սրտով էր, և ոչ մեկը չպաշտպանեց նրան, որովհետև նա, որպես քաղաքական, պետական գործիչ, ժողովրդի համար արդեն մահացած էր:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Դուք, պարոն նախարարներ, ժողովրդի համար որպես պետական այրեր սպառել եք ձեզ, ժողովուրդը կուշտ է ձեզնից: Մի՛ փորձեք վերակենդանացնել ձեզ, ձեր խորհուրդները ժողովրդին պետք չեն: Աղբարկղի հաշվին իր գոյությունը պահող մարդու համար մեկ է, թե ով է լեգիտիմ և ով` ոչ: Ձեր օրոք կազմված իշխանությունը եղել է ոչ լեգիտիմ, դուք, որ նշանակովի պաշտոն եք վարել, գոնե լեգիտիմ էիք, և թող թույլ տրվի հարցնել` ինչի՞ էիք հասցրել պետության արտաքին գերատեսչությունը: