Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Կոզբադինները Նժդեհի փողոցում

Կոզբադինները Նժդեհի փողոցում
11.02.2014 | 11:42

Հիշեցի՞ք Կոզբադինին։ Ո՞չ, լավ չէ՛։ Նա Մսրա գլխավոր հարկահավաքն էր, արաբաց աշխարհից եկած կատաղի պատուհասը, ում գլուխը սասնեցիք ջարդեցին այնքան եռանդուն, որ վերջինս մոռացավ Սասունի ոչ միայն հարկերը, այլև ճանապարհները, առհասարակ հրաժարվեց հարկահանությունից և Մսրա քուչեքում զբաղվում էր գրբացությամբ։ Վերջին դրվագը, անկեղծ ասած, պատմությանն անհայտ է, ինքս բութ մատիցս ծծեցի ներքոհիշյալ հրեշապատում եղելության բազմադարյան մշակույթը փաստելու համար։
Երևան, Նժդեհի փողոց, հետամանորյան մռայլ մի օր։ Շենգավիթ վարչական շրջանի հարկային տեսուչ-հարկահավաք Արմեն Քեքեջյանը մտնում է գողտրիկ մի ձեռնարկություն և պահանջում հսկիչ դրամարկղային սարքից հանել ու իսկույն ևեթ իրեն հանձնել համապատասխան հաշվետվությունը։ Թեթևակի ահաբեկված վաճառողը ներկայացնում է պահանջվածը։ Հարկահավաք քաջակորով Քեքեջյանը երկար-բարակ զննում է փաստաթուղթը, մի կտոր պոկում է, ծամում և խրոխտ եզրակացնում, թե հաշվետվության մեջ բացակայում է N դրամ գումարը։ Այստեղ շունչ քաշենք և իրազեկենք մեր ահաբեկված ընթերցողներին, որ սույնը ենթադրում է չարագուշակ մի բան. անհայտ մեկը ստուգիչ գնում է կատարել, բանին անտեղյակ «խարդախ» վաճառողը չի գրանցել գնված ապրանքի գինը, այսինքն` շրջանցել է օրենքը։ Վաճառողը նախ մի բաժակ ջուր է խմում, ուշքի գալիս և զարմացած հարցնում է` արդյոք ո՞վ է ստուգիչ գնում կատարել և ում գնած ապրանքի գինը ես չեմ մուտքագրել դրամարկղային սարքի մեջ։ Քեքեջյանն անվրդով է, ինչպես տրամվայի տոմսավաճառն անտոմս ուղևոր, իմա՝ «նապաստակ» որսալիս, և իրազեկում է՝ ստուգիչ գնում կատարել է իրենց ծպտյալ աշխատակցուհին (այլ կերպ ասած՝ հարկային տեսչության գերգաղտնի գործակալ տիկին X-ը)։ Այստեղ վաճառողը շունչ է քաշում և արտաշնչելիս զայրացած պնդում, թե ոչ մի կին տվյալ գումարի ապրանք չի գնել, գնումն իրականացրել է հարկային տեսչության մեկ այլ գրոհային, տեսուչ Ազարյան Հովիկը, ում էլ տրամադրվել է կտրոնը։ Այսինքն, ամեն բան օրինականության սահմաններում է։ Սակայն մի՞թե սասնեցիք բան հասկացրին արաբներին, հարկավ ոչ, հարկահան-հոգեհաններն ահասարսուռ ինչ-որ փաստաթղթեր են ներկայացնում և հեռանում։ Բնականաբար, վաճառողի ծով համբերությունը սպառվում է, հասկանալի է, որ նա դիմում է վաճառատան սեփականատիրոջը, վերջինս էլ սույն թյուրիմացական գործընթացը պարզաբանում է վերոնշյալ հարկահավաքներին ու նրանց ղեկավարին։ Ի՜նչ փույթ, Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը յուր արհեստավարժ սովորության համաձայն աչք է փակում ակնհայտ իրողության վրա և թիկունք է կանգնում յուր հոգեառներին։ Եվ ներկայացնում է թիվ Z արձանագրությունը, ուր սևով սպիտակի վրա գրված է՝ վաճառատունը պիտի վճարի 300000 դրամ տուգանք։ Իհարկե, մատից ծծած սույն գումարը չի վճարվել, և սեփականատերը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Այսինքն, տիար Աշոտ Արզումանյանը հիմնավորել է, որ, այո՛, իր ծառայակիցները զբաղվում են ապօրինությամբ, այլ կերպ ասած, կոզբադինությամբ են աշխատանքային օրը մթնեցնում, սակայն նրանք անպատժելի են, քանզի հենց ինքն է գլխավոր Կոզբադինը։ Տեսնենք, թե այս խմորը որքան ջուր կվերցնի։ Տեսնենք և հիշեցնենք ընթերցողներին, որ նման պատմությունները, ըստ էության, սովորական են ՀՀ հարկային տարածքներում։ ՈՒ երբ գործարարները (խոսքը, հուսամ, կռահեցիք, վերաբերում է փոքր, մեկ-մեկ էլ` միջին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին, խոշոր բիզնեսի հետ նման կատակները խիստ վտանգավոր են ծառայողական առաջխաղացման, հնարավոր է նաև առողջության համար) փորձում են դարձի բերել հարկահաններին, վերջիններս միանգամայն անվրդով, մի քիչ էլ զայրացկոտ պատասխանում են՝ իրենց «վերևից» պարտադրում են, հարկային սահմանված պլաններ կան, որոնք պարտադիր պիտի կատարվեն։ Հիմա արգո Գագիկ Խաչատրյանի պատասխանից մենք կպարզենք` հենց նա՞ է այս անբարեկիրթ վերաբերմունքի «տանիքը», թե՞ այլ տանիքներ էլ կան։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ