ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)

«Ազգափրկիչները» գրոհում են (Թատերական պարահրապարակից Ազատության հրապարակ)
24.01.2014 | 13:49

«Ախ, դժբախտ ենք մենք ի վերուստ
տեր ու ծառա, աղքատ-հարուստ,
հարս ու կեսուր, սանիկ-քավոր,
հավաքարար ու թագավոր։

Թեկուզ էսօր հարսանքավոր,
մեկ է` դու էլ ես սգավոր,
զի բոլորն են թշվառ ու մերկ
հայրենիքում իմ արնաներկ»։


«Թշվառներ», Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԵՔԻԱԹ ԿԱՆԵՓԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՄԱՍԻՆ

(ֆելիետոն-նամե)

Ո՜նց են մեր գլուխները յուղում տիարք և տիկնայք իշխանիկները։ Շատ էլ լավ են անում, զի երկրի անկախացմամբ (իմա` առկախացմամբ) վաղ գարնանը մեր սրբազան սևահողին ենք հանձնում կանեփի սերմը և վաղ աշնանը սրտատրոփ սպասում խաղողի առատ բերք։ (Բայց ո՜ւր մոխրագույն կանեփը, ո՜ւր ոսկեխունկ խաղողը)։ Ահավասիկ գլխայուղման իշխանակառավարական հյուսվածքը. «Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն»։ Նրանց մաղթելով երազանքների իրականացում, մի քանի նշանակալից մտքեր փոխանակենք։ Այսպիսով, դարձյալ հանրահավաք և դարձյալ դյուրամիտ հանրության նահանջը։ Ինչո՞ւ, դե մի՞թե պարզ չէ, չէ՞ որ հանրահավաքային հարթակի և իշխանակույտի վերնահարթակի միջև չկա որևէ զանազանում, նրանք սիամական երկվորյակներ են, քանզի յուրաքանչյուրը յուր «հունարով» է քերթել երկիրը։ Դուք, հարկավ, չեք մտահանել արգո Զուրաբյան Լ.-ի մարտակոչը` «...չվախենալ «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսից»։ Մի խոսքով` լյառն Մասիսը խստահայաց դատապարտել է նորահայոց քաղգործիչներին և մահվան վճիռ կայացրել։ Քանզի եթե Երկիր մոլորակում քաղաքականությունը պոռնկություն է, Արմենիա երկրում խրախճանք է ժանտախտի թագավորությունում։

Մի խոսքով, եկեք խանդավառ ամորձատենք թարախոտ պալարները մեր երկրի հեգ մարմնից և իշխանությանն էլ յուր թև ու թիկունք ընդդիմությամբ գլխի գցենք, որ պետք չէ վերստին հիմարացնել սեփական-պետականազուրկ ժողովրդին։ Քանզի «...Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա» պետություն չի կառուցվում, պետականությունն է մաշկահանվում։

ՄԵՐ ԴԱՎՆ ՈՒ ՑԱՎԸ ԵՎ ՄԵՐ ԶԱՏԿԻ ՓԼԱՎԸ

(պամֆլետ-օրատորիա)

Հունվարի 18-ին Թատերական հրապարակում տրագիֆարսի բեմականացում էր։ Վետերան քաղկառույցները, որպես բազմափորձ արհեստավարժներ, փայլուն գիտակցում են, որ երկրում քաղաքական տեղատվություն է և պիտի անհապաղ օգտվել դրանից։ Ինչպես միշտ, օգտվել առավելագույն շահաբաժին կորզելով, տառացիորեն չկորցնելով ոչինչ։ Անշուշտ, նրանց հասկանալ և գնահատել է պետք, գերնպաստավոր էր պահը, և այն կորցնելը համազոր էր ինքնասպանդի, քանզի Թատերական պարահրապարակը կարծես թե վերաիմաստավորվում է Ազատության հրապարակի, և ինչ կմնա այսուհետև անելու վերոնշյալ պորտապար կաքավող քառյակին. ապավինել ժողովրդին շահավետ չէ, զի նրանց դյուրազգաց կերակրափողերն անզոր են բավարարվելու զատկի փլավով կամ շաբաթօրյա բոզբաշով, նրանցը անդրօվկիանոսյան ուտեստներն են և անդրծովյան հագուկապը։ Միանալ իշխանությունների՞ն, միտքը որքան ճղճիմ է, նույնչափ էլ անհեռանկար, զի իշխանություններն ինքնաբավ են և, չզարմանաք, ուղղամիտ յուրյանց ձեռնարկումներում։ Մնում է ժողովրդի իմաստալից բնորոշմանը ենթարկվել, այսինքն` «մեջը ուտել, կողը պտտել»։ Բարի, այժմ էլ փորձենք մեկ-երկու անչար դրվագումներով հիշեցնել «ազգափրկիչներին», թե որն է նրանց իսկական դեմքը և իրական տեղը մեր տանջահարվող և զարմանալիորեն կենսաթրթիռ իրականությունում։ Շարակարգում ենք ըստ քաշային կարգի։ ԲՀԿ, մեկ գերօլիգարխի շուրջ ի մի եկած «կուսակցություն», ավելի ճշգրիտ` քաղմարմին, ուր գլխավոր ղեկակալի կամքն ու քմայքը մնացյալի համար նույնքան անհերքելի են, որքան չուկչի շամանի խոսքը յուր անմռունչ հպատակների համար։ Ղեկակալը մեր քաղաքական և տնտեսական գերլեցուն պտուղն է, ազգային պետականության կայացման արգելապատնեշներից մեկը, միաժամանակ այլընտրանք է իշխանություններին, շռնդալից բարերար է և բարեպաշտ քաղաքացի։ Ահավասիկ, Ծառուկյանի այլընտրանքային հայտնությունը 2014-ին։ Երևանամերձ խաղատները օրենքի ուժով օտարվում են հեռավոր ափեր, նրա գերխաղատունը կառուցվում է մայրաքաղաքին մերձ։ Բայց սա մի՞թե իշխանություններին ապավեն հանդիսանալու ակներև հայտ չէ, մարդը գազ է ներկրում, նրա մեկ օրվա ծախսով 1 մլն ՀՀ քաղաքացի մեկուկես ամիս կապրի մարդավայել, սակայն Ծառուկյանն այլընտրանք է, նրան կարելի է ամեն բան և ամենուր։ Ընդ որում, սույն մենաշնորհատեր-այլընտրանքը յուրաքանչյուր ձեռնարկում առաջնորդվում է ամեն բան յուր պատկերով ու նմանությամբ կերտելով։ Ահավասիկ լուկուլոսյան զվարճավայրը, բաբելոնյան բազմահարկը Աբովյան-Թումանյան խաչմերուկում, քարհանքերն ու գազալցակայանները, առհասարակ ամեն բան և ամենուր։ Հուշեմ-հիշեք. ժամանակներ առաջ հորդորել եմ սույն մեծածավալ պարոնին գեթ մեկ եռամսյակ դադարեցնել ԲՀԿ գործունեությունը, այսինքն` դադարեցնել հպատակների սնուցումը և ճշտել նրանց նվիրվածության լայնք-երկայնքը։ Բայց մի՞թե արգո Գագոն դույզն-ինչ կասկած ունի, որ յուր հպատակների հպատակությունը զուտ գաստրոնոմիական ձևաչափ է, ոչինչ ավելի։ Մի խոսքով, երբ ԲՀԿ-ի շեփորները հայտնվեցին օպերայամերձ հարթակում, նույն զգացողությունն ունեցա, ինչն ունեցել եմ խառնակ մի օր` հանդիպելով դիակապտությամբ զբաղվող «փրկարարների» երկնագույն դասակին։

Օվալաձև դահլիճում բռնաբարվում է հանրային բարոյականությունը, շեշտակի բարձրացվում են նորահայոց երեսփոխանների և կառավարիչների աշխատավարձերը, հունվարի 18-ի հարթակային «փրկիչները», այսինքն` ՀԱԿ-ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» «ազգափրկչական» դաշինքը հոգու խորքում ցնծում է և անցնում գրոհի, ահավասիկ պարսավում են իշխանություններին, այպանում և բանադրում, սակայն բնավ չեն հրաժարվում աշխատավարձային նշյալ «վայելքից», ավելին` հիմնավորում են հրապարակավ յուրյանց մարտնչող անսկզբունքայնության սկզբունքայնությունը։ Հասկանալի է, մարտնչող սույն քառյակը, թեկուզ ձմռան կեսին մերկանդամ կարող է Սևանի ափին լոգանք ընդունել, բայց անկարող է պարբերաբար ջուր չլցնել հակառակ պտտվող իշխանական ջրաղացին։ Բարի, իշխանությունների վրիպումները, սխալներն ու սայթաքումները քաջ հայտնի են և՛ մեզ, և՛ իրենց, և՛, անկասկած, կփաստվեն 3-րդ հանրապետության պատմության մոխրասև էջերում։

Բնականաբար, մեր պետական և հանրային կյանքը երկփեղկվում է, զի իշխանությունները, իշխանական ցայտուն վրիպակ-երեսփոխանի (իմա` Շմայս հայհոյախոսի), բառ ու բանով ասած` «փաթթած ունեն» մեր ներկան և վաղվա մեր օրը։ Ընդ որում, հարգարժան իշխանապետերը ավելի ու ավելի անբռնազբոս են դառնում, դիցուք, հայտարարագրում են ահռելի ունեցվածք, միաժամանակ անսքող «տառապում» են հանրության ցավով, դղյակներում են ննջում և անրջում, զուգահեռաբար չեն զլանում լալահառաչ ողբալ երկրի տնտեսական անկայունության, շուկայի անկարգության, ձեռքի հետ էլ ժողովրդի երախտամոռության մասին։ Լավ, երկփեղկվել ենք, կանգնել դիմահայաց, մենք և նրանք։ Բայց դուք ինչացո՞ւ եք, ո՞րն է ձեր գալարուն պորտապարի գերնպատակը, և մի՞թե կավատություն չէ ձեր ներկա գործելակերպը, զի հանրությունը օր օրի արթնանում է և ՀԱԿԿ-ի մասին, հասկանալի է, կամ լավը, կամ ոչինչ։ Զի օրըստօրե «հոսանքազրկվող» սույն քաղմարմինը, մեղմ ասած, այնքան էլ ազնիվ չէ յուր հոխորտալից նկրտումներում, քանզի հենց նա է նորանկախ մեր երկրի արոտների և աղբյուրների հիմնադիր ականապատողը և ներկա իշխանապետերի հոգևոր-բարոյական ու տնտեսաքաղաքական կնքահայրը։ Եվ նրան այժմ մեկ բան է մնում` հուշիկ ու անշշուկ հեռանալ պատմության թատերաբեմից, այս պարագայում` օպերայամերձ հարթակից։ Հեռանալ և մոռանալ և՛ իրենց պետականազրկիչ «չարաճճիությունները», և՛ իրենց ուսյալ սանիկների ժողովրդավարական «դմբզահարումները»։ Հեռանալ, մոռանալ և գուցե թե արժանանալ քավարանի։ Բայց եթե ՀԱԿԿ-ի մասին կամ լավը կամ ոչինչ, ապա ՀՅԴ-ն անհրաժեշտ է մանրամասնել քիչ ավելի արմատական բարեկրթությամբ։ (Ոչինչ ավելի, քան նրանք արժանի են)։ Ահավասիկ, ՀՅԴ-ն երդվյալ ընդդիմադիր է (ՀՀՇ-ին և Լևոնին), դիցուք, ՀՅԴ-ն իշխանամերձ է (Ռոբերտին և ՀՀԿ-ին), վերջապես այն լռելյայն-անտարբեր է իշխանությանն ու ընդդիմությանը, անմեղ մանկանցն ու վավաշոտ սեռամոլներին, ձյանն ու անձրևին, արևին ու լուսնին, բայց և այնպես, այս ամենը երկրի համար նույնական է։ Եվ, խնդրեմ, օպերայամերձ հարթակում են և մարտաշունչ ելուզակում են հանրային ըմբոստությանը, քաղաքականացնում-այլակերպում են հանրային գիտակցությունը գիտակցված և հեղափոխաբարո։ Եվ արդյոք դույզն-ինչ զանազանում կա՞ գերօլիգարխ-այլընտրանքի ծավալապաշտական երեսպաշտության և ՀՅԴ-ի լուսանցքային փարիսեցիության միջև։ Անշուշտ, կա ոչ, զի քաղկառույցն այս հուռռա՜-հեղափոխիչ, այս փուլում արմատական ընդդիմախոս է հանրապետության իշխանություններին, քաղկառույցի գլխավոր ճարտարապետ, սոցիալիստ ընկեր Վահանը գերշուկայական հանրապետությունն ու նրա պարոնայք իշխանություններին է ներկայացնում Եվրոպայի սրտում։ Գուցե, իսկապես, մեր աչքից հեռու և մտքին անտես քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում գերքաղաքականացված (քաղաքականությունը գերշահութաբեր ձեռնարկատիրական գործունեության վերածած) մեր տարաբախտ երկրում։ Ձևավորվում է և անթաքույց հայտարարում. ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քաղաքական պրտկերեսության մեջ է, զի, այո, եթե Երկիր մոլորակում քաղաքականությունը պոռնկություն է, Երկիր Նաիրիում այն խրախճանք է ժանտախտի պահին։ Խրախճանքը, ահավասիկ, մեր տան շեմին է, ժանտախտը` բարոյական մղձավանջ, այնպես որ դավենք, քանի դեռ կարող ենք, իսկ թե ում գլուխը կցավի մեր դավից, թող դատի ու բաղդատի գալիք սերունդը։

Ի դեպ, քիչ էր մնում մտահան անեի Րաֆֆու տողադարձումները։ Սա, անկասկած, նոր որակ է, նոր և չափազանց վտանգավոր, զի աղվոր ժպիտն ու անմեղսունակ քայլերթերը հրապարակ իջան ճիշտ ժամանակին, քանզի արմատական փոփոխությունների կարոտից տապակվող հասարակությունը արմատապես խռովված էր և՛ իշխանությունների ավանդույթի ուժ ստացող քաղաքատնտեսական մեքենայություններից, և՛ ընդդիմադիրների վայրագ անպտղությունից։ Իրականում Րաֆֆու «Հերոսապատումը» չափազանց ցավագին հարված էր մեր հոգնաբեկ ստոծանուն։ Զի ժողովրդի ցասումը, պրկված տարիների ցավագին բեռան տակ ուղղորդվում էր դեպի իրական հանգուցալուծում։ Այո, այժմ էլ ահա պատմում են, որ Րաֆֆին հերթական դավն է հրամցնելու հայությանը, այն է` բավարար քանակությամբ պառավներ, շեմեր և փալասներ է ներկրել ՌԴ-ից և պատրաստվում է յուր հերթական բեմականացմանը, այսինքն` առաջնորդելու հոգին բերանը եկած հայ հանրությանը համաժողովրդական քայլարշավի, որի ընթացքում (ակներևաբար խալխի սրտի ջուրը խմելու և րաֆֆիակերպերին քաղաքականության վերնահարթակում հավերժորեն հայտավորելու գերխնդրով) ժողովուրդը մեծից փոքր պիտի լվանա յուր ճանապարհին հայտնված յուրաքանչյուր պառավի շեմ ու հողաթափ։

Մի խոսքով, քաղաքականությունը և քաղաքական գործիչները պիտի հեռանան «Թատերական» հրապարակից, առհասարակ երկրից, հետևապես մեր կյանքից։ Ամեն։

ՆՈՐԱՀԱՅՈՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՆՎԵՐԸ ԵՐԿՐԻՆ

(սարկաստիկ վրնջոց)

Տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ, գոնե հիմա ականջ դրեք բանականությանը, թախանձագին պաղատում եմ, վերջապես թույլ տվեք ժողովուրդ-իշխանություն «բանավեճը» հասունանա, պտղակալի և պտուղը ծառից վայր ընկնի։ Թե ուր կընկնի կամ ում գլխին, հավատացեք, ձեր գործը չէ, զի ձեր մուղամախառը երգերը վաղուց են երգվել, բավ է։ Այսինքն` կամ ժողովուրդն այսօր պարտադրելու է իշխանություններին մարդավայել կառավարել, կամ ստիպելու է հեռանալ քաղաքակիրթ եղանակով։ Իսկ ձեզ մի բան է մնում` դադարեցնել շանթարգելի կեղծ ու մոլոր դերակատարումը, զի դուք չէ, որ պիտի միջնորդ հանդիսանաք հանրության և պետության միջև։ Այսպիսով մենք ենք բարիկադի մի կողմում, մյուս կողմում էլ նրանք են, մեր անառակ որդիները, որոնք գոնե մեզ չեն դավում, ցավեցնում են ու ծնկի բերում օրը ցերեկով։ Եվ ժամն է ճշտելու` գուցե մենք իսկապե՞ս արժանի ենք այս ամենին։ Գուցե։ Բայց միգուցե դուք էլ ըմբռնեք, որ գոնե պիտի սսկվեք։ Ամեն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ