ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, իրենց գործառույթների սահմանը խախտելով, այստեղ զգում են ինչպես սեփական տանը

Մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, իրենց գործառույթների սահմանը խախտելով, այստեղ զգում են ինչպես սեփական տանը
06.12.2013 | 12:12

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆ Է
Եթե մենք իրոք ողջամիտ մարդիկ ենք, ապա պարտավոր ենք իմանալ, թե ով է խաթարում կեցության բնականոն կարգը, ով է ավերում օրինաչափությունը իրերի, այդ ովքեր են մարդկային կենսական արժեքները գլխիվայր շուռ տալիս, ովքեր են, որ փոխում ու շարունակում են փոփոխել օրեր, ժամեր, ժամանակներ: Տեսնենք` այս մասին ինչ է ասել Մարգարեն սրանից երկու հազար ու ավելի տարի առաջ.
Բարձրյալի դեմ խոսքեր պիտի բարբառի,
պիտի մոլորեցնի բարձրյալի սրբերին,
պիտի փոփոխել կամենա ժամանակներն-օրենքները,
և դա պիտի հաջողվի իրեն մինչև որոշ ժամանակ...
Դանիել 7-25
Եթե չենք կորցրել առողջ բանականությունը, ապա պարտավոր ենք հասկանալ, որ միասեռականությունը և այլ սեռաշեղումներ, ինչպես նաև շիզոֆրենիան, խելագարությունը և այլ հոգեկան հիվանդագին շեղումները չեն կարող բնական լինել. դրանք ծանր հիվանդություններ են` արագ տարածվող ու այլասերող հատկանիշներով։ Այս մահացու հիվանդությունները ոչ թե պիտի բուծել, բազմացնել, տարածել, գովազդել, օրենքի հովանավորության տակ առնել, այլ պիտի կանխել հիվանդներին բժշկելով` վարակածի օրգանիզմում ախտի տարածումը ամեն կերպ կասեցնելով։ Ազատությունը մարդու համար մարդկայինը լավագույնս իրագործելու պայման է։ Ընտիր հատկությունները, որ կան մարդու մեջ, արժեքներ են, որոնցով չափվում է մարդը, որոնցով կա, գոյություն ունի և որոնցով ապրում է մարդը։ Կարիք չկա գայլին կոտոշներ հագցնել, իսկ եզանը` ժանիքներ. թույլ տվեք, որ Աստծո ստեղծած յուրաքանչյուր արարած մնա իր կերպի մեջ և իր առաքելությունն իրականացնի։ Ո՞Ւր են, Եվրոպա, քո այն գեղեցիկ զգեստները, որոնցով ճանաչվում էիր, և որոնք քո պարծանքն էին համարվում։ Ո՞Ւր է քո վայելչությունը` բարձր, պարզ, գեղեցիկ ու ազնվական այն նվիրական հատկանիշները, որոնք քեզ դիտարժան էին դարձնում։ Աստված մարդուն կամքի ազատություն տվեց, և այս սքանչելի պարգևին համազոր` դրեց մարդու մեջ խղճի և պատասխանատվության վեհ կոչումը։ Մարդն առանց պատասխանատվության, առանց խղճի կորցնում է նվիրականը և նմանվում անբան անասունի։ Այո՛, մարդն ավելի ցած է իջնում, ավելի անպիտան ու վնասակար է դառնում, քան ուզած վայրի գազան։ Հորինվեց ու անցյալ դարի կեսերից մեզ մոտ էլ շրջանառության մեջ դրվեց այս չարահնար միտքը, թե չի կարելի երեխաներին ասել` չի կարելի։ Չէ՞ որ պարզ է` երեխան աշխարհ է գալիս, որ սովորի, ըմբռնի, հասկանա, տարբերի լավն ու վատը, բարին ու չարը։ Այդ ամենը սովորեցնել պարտավոր ենք, ինչն էլ անում են ծնողները, դաստիարակները, ուսուցիչները, ուստի սովորեցնել հնարավոր չէ առանց ասելու` սա կարելի է, սա չի կարելի։ Շարունակ նոր բաներ հորինողներին եթե թույլ տանք անընդհատ բացահայտումներ անել, ապա վաղը, մյուս օրը չզարմանաք, եթե ասեն` երեխաները պետք է դաստիարակեն ծնողներին։ Դե, եթե դրանք ունեն երկրագնդի չափ ընկալունակ լսարան, ինչո՞ւ չսովորեցնեն։ Մարդկության մեծ մասի ուղեղներն արդեն լավ լվացել են, արդեն հասցրել են վարպետորեն արդուկել. նույն վիճակին են ուզում հասցնել մարդկության մյուս մասին, որը հաստակող ու դժվար ընկալող է։ Բայց այսօրինակ խոսակցությունը կարող է անվերջ տևել. ես ուզում եմ, որ մեր ու իրենց միջև պարզություն լինի։ Եթե դրանք գալիս ու մեզ համոզել են ուզում, որ տգեղն ավելի լավ է, քան գեղեցիկը, որ խավարն ավելի լավ է, քան լույսը. խրթինն ավելի լավ է, քան պարզը, քաոսն ավելի լավ է, քան ներդաշնակությունը, աղմուկն ավելի լավ է, քան լռությունը, անմաքրությունն ավելի լավ է, քան մաքրությունը, որ անառակությունը լավ է առաքինությունից, անբարոյականությունը` բարոյականությունից, տգիտությունը` իմացությունից, անհավատարմությունը` հավատարմությունից, պղծությունը` սրբությունից։ Մեղա՜ Աստծո. իսկապես տխրեցի. ամենավատն այն է, որ այս թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել։ Դե հիմա ասեք ինձ` ի՞նչ անուն տալ սրան. ի՞նչ մտածել այն մարդկանց մասին, ովքեր հնարել և այս նոր չափանիշները բերել ու հրամցնում են մեզ։ Ե՞րբ էր, որ Հիսուս ասաց, որ զգուշանանք գառան մորթի հագած գայլերից։

ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ԳԱՌԱՆ ՄՈՐԹԻ ՀԱԳԱԾ ԳԱՅԼԵՐԻՑ
Բայց նախ այս բանն իմացե՛ք,
որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ,
ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ
իրենց ցանկությունների։
Բ. Պետրոս 3.3

Մի՞թե իսկապես այնքան է թանձրացել, որ այս պարզ բաներն իրարից զանազանել այլևս չենք կարողանում։ Մեզ իսկապե՞ս պարտադրում են, որ սևին սպիտակ ասենք։ Մեր շուրջը իսկապե՞ս թակարդներ են լարված, և մենք իսկապե՞ս արդեն հայտնվել ենք ծուղակում։ Քա՜վ լիցի։ Մի հին ճշմարտություն կա. ինչ որ ճանաչում ես, սա դադարում է վտանգավոր լինելուց. այդ պատճառով է, որ ես ջանում եմ խոսել պարզ և հասկանալի լեզվով։ ՈՒշ թե շուտ հայ մարդը կճանաչի ու կմերժի անընդունելին, ինչպես Հայկ Նահապետը մերժեց աստվածուրաց Բելին։ Ինչպես մերժեցինք կարմիր խորհուրդը, այնպես էլ կմերժենք նարնջագույն խորհուրդը։ Իսկ առհասարակ լավ կլիներ դրանք իրենց տանը վեր ընկնեին և իրենց տան խնդիրներով զբաղվեին։ Եթե հիշում եք` դրանք տարիներ առաջ գալիս էին շատ թեթևասահ, լայն ու սիրազեղ ժպիտներով, բայց հիմա դրանք գալիս են շատ ծանրաքայլ, անժպիտ, լուրջ կերպարանքներով. այնպիսի տպավորություն կա, որ շատ մեծ պարտքի տակ ենք ընկել, թե չէ ի՞նչ իրավունք ունեին մտնելու ուրիշի տուն պահանջատիրոջ պես։ Ես զարմացած եմ` տեսնելով, թե իմ հայ եղբայրներն ու քույրերը ցածր դասարանի աշակերտների պես լուռ, ինչպես են հլու-հնազանդ աշակերտում, դրական ու բացասական գնահատականներ ստանում։ Արևմտյան երկրները ներկայացնող մի քանի դեսպաններ ու դեսպանատան աշխատակիցներ, իրենց գործառույթների սահմանը խախտելով, այստեղ զգում են ինչպես սեփական տանը. պոետիկ լեզվով ասած` Հայաստանը իրենց սեփական բոստանն է. ինչ ուզեն` կցանեն, ինչ ուզեն` կհնձեն։ Փաստորեն, Հայաստանում սրանց գործունեության դաշտը անսահմանափակ է։ Եթե այդպես չլիներ, սրանք ի՞նչ իրավունքով աղանդավորներին, այլասերվածներին, տարբեր եզերքներից եկած համախոհների հետ մեկտեղ հավաքված` կքնարկեին Հայ եկեղեցու կարգավիճակը Հայաստանում։ Տեսնում եք` ինչ ապշեցուցիչ իրադարձություններ են կատարվում անցանկապատ, անդուռ Հայաստանում։ Մեր եկեղեցու պարծանքը մեր պարծանքն է, մեր եկեղեցու ցավը մեր ցավն է, մեր եկեղեցու պակասությունները մեր պակասություններն են։ Մեծ ամոթ կլինի, եթե մենք թույլ տանք, որ մեր սրբությունները դրանք վարկաբեկեն։ Գուցե ես, ժրաժխորներից հեռու լինելով, լավ չեմ հասկանում ժամանակի պահանջները. այն, ինչ քաղաքական գործիչների համար սովորական ու հասկանալի է, ինձ համար անսովոր է ու անհասկանալի. զորօրինակ, ես իսկապես չէի պատկերացնում, որ այդքան անհեթեթ օրենքներ կդրվեն ու կքննարկվեն հայոց խորհրդարանում։ Ես մեր առանձնահատկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ հայ տեսակի, հայի նկարագրի, հայ մարդու իմացական ու հոգևոր արժեքների մասին. այն նվիրական տեսլականի մասին, որը, ինչպես լույսը ափի մեջ, հայը բերել ու հասցրել է մեր օրերին։

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղության կորպուսի» ամերիկյան ներկայացուցիչ Փոլի հետ մտերմացել, բարեկամներ էինք դարձել։ Նա գնում, գալիս էր մեր մատուռը։ Մի օր հարցրի, թե ի՞նչ է անում Պտղավանի դպրոցում, ի՞նչ առարկա է դասավանդում ¥գիտեի, որ մասնագիտություն չունի, մանկավարժ չէ¤։ Ասաց` առարկա չեմ դասավանդում, պարզապես հիգիենայի դասեր եմ տալիս ցածր դասարաններում։ Ասացի` իսկ ի՞նչ ես սովորեցնում։ Ասաց` դե լվացվել, սանրվել, ականջները լվանալ, մաքուր հագնվել... սրանք ու սրանց նման այլ բաներ։ «Ա՜յ քեզ բան»,- մտածեցի, խեղճ տղա, մի օվկիանոս, մի մայր ցամաք կտրել, հասել է այստեղ ու մի շատ աննշան գործ է անում։ Ախր մեն-մենակ ապրում է մի հայ ընտանիքում, ու չգիտես էլ, թե տնից-տեղից կտրված` այստեղ ինչ է անում։ Շուրջս եմ նայում ու մեկին չեմ գտնում, որ ասեմ. «Ինչ անխիղճ ժողովուրդ ենք. մի՞թե չենք կարողանում մեր մեջ մի քանի խելամիտ երիտասարդ գտնել ու հանձնարարել, որ հիգիենայի դասեր տան մեր երեխաներին ավելի հասկանալի հայերենով»։ Փաստորեն, մենք մեր կողմնորոշումը կորցրել ենք. պարզն ու անպարզը, ճիշտն ու սխալը խառնել իրար, այնքան, որ լավն ու վատը զատել, տարբերակել չենք կարողանում։ Մեկն ինձ ասում է` բայց կհասկանանք, երբ դանակը ոսկորին հասնի։ Հա, ասում եմ, հայի վերջին խելքը. երբ ջուրը գա ու մեր ծաղկամարգերը քշի տանի, այն ժամանակ արդեն կհասկանանք, կկողմնորոշվենք։ Մենք այդժամ կհասկանանք, որ մեր մարգերի ջուրը մեր առուներո՛վ պիտի բերենք, որ մեր ծակ տանիքը մե՛նք պետք է նորոգենք։ Մեր երեխաներին լվացվել ու սանրվել մե՛նք պետք է սովորեցնենք, մեր երիտասարդներին մե՛նք պետք է ուղղորդենք, մեր տունը մե՛նք պիտի կառուցենք և, վերջապես, մեր բոլոր մեծ ու փոքր խնդիրները մենք պետք է լուծենք։ Փոլի հետ մեր հարաբերությունները շատ պարզ ու անմիջական էին, բայց երբ անցյալ տարի մեր տղան գնաց Անգլիա ու մի քանի ամսով վերապատրաստվեց, վերադաստիարակվեց ու վերադարձավ, մեր հարաբերությունները սառեցին։ Մի տեսակ շատ էր փոխվել. ճիշտ է, ժպտացինք, բայց բարի կամեցողություն չստացվեց։ Հիմա Փոլն Արցախում է. Աստված գիտե, թե այնտեղ ինչ է անում։ Բայց արժե, որ ես էլի պատմեմ Փոլի մասին։ Նա մի անգամ, երբ Արևմուտքից եկած իր ընկերների հետ մեզ մոտ եկավ, իր մտերիմներին ժպտալով ասաց, որ մեզ մոտ գալը իր համար շատ վախենալու է, բայց վտանգավոր չէ, ասենք` ինչպես բարի առյուծի մոտ կգնաս։ «Ապրես,- ասացի,- ճշմարտությունն այդպիսին է, շատ վախենալու է, բայց վտանգավոր չէ»։
Մեր այս Փոլը մի օր էլ եկավ մեզ մոտ շատ մտահոգ ու ընկճված։ Ասացի` ի՞նչ կա, Փո՛լ, ի՞նչ նորություններ ունես։ Ասաց` երեխաներին ուզում եմ բարին ու չարը սովորեցնել, ուզում եմ, որ հանդուրժող լինեն, չատեն թշնամուն։ Ասացի` ի՞նչ իմացար, որ չար են, որ չեն հանդուրժում, ատելով ատում են թշնամուն։ Ասաց` այդ մասին ինչքան խոսում, բացատրում եմ, միևնույն է, մեկն ասում է` դրանք սիրելու բան չեն, մյուսը` թե դրանք ձեռս ընկնեն, հում-հում կուտեմ, մյուսն էլ` թե դրանց սպանելն էլ քիչ է։ Ծիծաղս հազիվ զսպելով, ասացի` հենց այդպես էլ ասո՞ւմ են։ Ա՛յ, ա՛յ, անխե՛լք, անպի՛տան երեխաներ։ «Փո՛լ,- ասացի,- գնա՛ շուկա, գնա՛ Պտղավանի մեջ գտնվող շուկան, ուր ադրբեջանցիներն ու հայերը օրերով ու ամիսներով կողք կողքի վաճառում ու գնում են, և հարցրու թե՛ մեկին, թե՛ մյուսին, թե այսքան ժամանակ եղե՞լ է մի դեպք, որ հայերից որևէ մեկը` երեխա լինի, մեծահասակ, թե երիտասարդ, վիրավորի կամ նեղացնի, կամ կռիվ սարքի։ Գնա՛ ու տե՛ս, թե մերոնցից որևէ մեկը թշնամանքով վերաբերվո՞ւմ է դրանց։ Գնա՛ ու տե՛ս և հասկացի՛ր, որ հայ մարդուն դու չես ճանաչում։ Եթե մեր գլխին անձրևներ են գալիս, դրա պատճառներից մեկն էլ մեր չափազանց հումանիզմն է, այնպես որ, այդ հայ երեխաները դասարանում պարզապես թիթիզացել, անխելքություններ են արել ու մի քիչ էլ ծաղրել են քեզ, որ իրենց թշնամուն հանդուրժել ու սիրել ես սովորեցնում»։ Մի անգամ էլ մեր այս Փոլը մեզ մոտ եկավ այլայլված, աչքերը կարմրած։ Ասացի` գնա մատուռ, մի մոմ վառիր, տեսնեմ` ի՞նչ է պատահել։ Գնաց, եկավ, ասաց, որ շատ տխուր է. երեխաները չեն լսում, չարություն են անում, անգամ սկսել են արդեն ձեռ առնել իրեն։ «Լավ չէ,- ասացի,- գիտե՞ս, Փոլ, հայ երեխան ուրիշ է` կլռի, կդիտի, կճանաչի ու գործի կանցնի։ Մեր երեխաներին շատ խոր համակարգված դաստիարակություն է պետք, որ լավ, պիտանի մարդիկ դառնան, որ զգայականից, տարերային կենսակերպից վեր բարձրանան ու իմացական դառնան։ Տե՛ս, դուք ասում եք` երեխային պետք է ազատ թողնել. պետք չէ նրանց ասել` սա կարելի է, սա` ոչ։ Հիմա նայիր ծաղկի այս գեղեցիկ մարգին. ի՞նչ կպատահի, եթե մարգը չքաղհանենք»։ Ասաց` մոլախոտը կծածկի։ Ասացի` այո, Փոլ, մոլախոտը կպատի ու կխեղդի մարգի ծաղիկը։ Այդպես և երեխան է. նա պիտի տարբերի բարին ու չարը, լավը և վատը, նա պիտի ընտրություն կատարի սովորելով, ճանաչելով, իսկ այդ բանը պիտի անեն ուսուցիչն ու ծնողները։ Տարբեր են ազգերը, տարբեր են նրանց նկարագրերը, ու այդպես էլ կենսաձևը։ Ձեր երեխաները այսպես թե այնպես ավելի բարեկիրթ են, ինչ էլ որ լինի` կարողանում են ասել` այո, սը՛ր, այո, մեմ։ Այնպես որ, Փոլ, զգույշ եղիր. մեր երեխաները կարող են պոչիդ էլ տալ, եթե այդպես շարունակես։ Մենք ծիծաղեցինք։ Ծիծաղը հրաշալի բան է, բայց մենք այդ մարդկանց այդքան մեծ նեղություն ու չարչարանք չպիտի տանք։


Սուրեն ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ