ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Վիլնյուս-Գյումրի-Սադախլո («ֆորպոստի» ջանգյուլումները)

Վիլնյուս-Գյումրի-Սադախլո («ֆորպոստի» ջանգյուլումները)
06.12.2013 | 12:08

Անհայտ քարավանի վերջին պարունակից
Հայտնվեցինք հանկարծ դժոխք տանող ճամփին։
Եվ փառավոր ինչեր և անփառունակ ի՞նչ
Եվ արյուն է կաթում շնագայլի ճանկից։


«Ապոկրիֆ»,
Արտաշես ԱՐԱՄ

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԳԱՎԱԶԱՆՆԵՐԸ՝ ԵՐԿՐԻՆ ԱՊԱՎԵՆ
(ֆելիետոնանախշ հեքիաթ)
Երազ տեսա գունազարդ։ Պուտինը նախաճաշում էր Կրեմլում, կրեմլյան կուրանտները ավետեցին ՌԴ հերթական հաղթանակը, ղողանջում էր անկրկնելի «Սլավսյա, սլավսյա»-ն և, խնդրեմ, հերթական վարդափթիթ առավոտն էր բացվում Գյումրուց դեպի Տեղ գյուղ. Հայաստանում սկսվել էր պատմության մեջ քաղաքական շերխանների և տնտեսակառավարական շակալների աննախադեպ զանգվածային արտագաղթը։ Եվ, խնդրեմ, երկիրը երեք օրում երկիր դարձավ (Էրգրի կարոտը մի պահ համրացավ), հակապետականությունից էլ անցանք հանրապետության։ Մի խոսքով՝ ռուսական սապոգի կրնկից ահաբեկված ԱԺ-ի շուրջ 55 տոկոսը, կառավարության ուղիղ կեսը, քաղընդդիմությունը երկու քառորդով, կուսակցական իշխանասերները մեկ երրորդով և, վերջապես, օլիգարխիան ձախ ոտքի ճկույթից մինչև աջ ականջ, ինքնորոշվում և արտագաղթում են դեպի Ամազոն գետի մերձափնյա ջունգլիները (ներող եղեք, պատվելի անակոնդաներ և անպատմելի թութակներ), դեպի Հյուսիսային բևեռ (արջեր ճերմակ և փոկեր բարեգութ, մի տագնապեք, սա երազ է վաղանցուկ)։ Պատկերացնենք, որ օրենսդիր-հաստաքսակները, ովքեր չափազանց արհեստավարժ են երկրի գույքն ու կայքը (և հանրապետության սահմանադրական կարգը) սեփական ծոցագրպանին ծառայեցնելու գործում, հայտնվում են ջունգլիներում։ Գերհսկա գետի զարհուրելիորեն փարթամ ափերին նրանք մենաշնորհում են Ամազոնի ջրային պաշարները՝ մեկ, կենդանական աշխարհը՝ երկու, անակոնդաների նախշազարդ կաշին՝ երեք, և թութակների վառվռուն փետուրները՝ չորս։ Մի խոսքով երազս ավարտվեց, և առաջին ումպ գոգլի-մոգլին ինձ հուշեց, որ Հայաստանի անկախությունը տապալած պարոնայք մի ճանապարհ ունեն՝ բնակվել ՀՀ սահմանամերձ գյուղերում (նաև Արցախի անմարդաբնակ շեներում) և արյուն-քրտինք թափելով ապաշխարել, այսինքն՝ վերականգնել և ծաղկեցնել շեներն ու գյուղերը։ (Անշուշտ, նրանք պիտի պետգանձարան վերադարձնեն հանրապետությունից կորզվածը։ Հավատացեք, բյուջեն մեկ օրում կհազարապատկվի)։ Մի խոսքով, անկախ պետականությունը հաստատվեց 88-ի փառահեղ երթերում, երբ ժողովուրդն էր դրության տերը, և երբ անգամ հասարակության ներքնախավը՝ գրպանահատներն ու մյուս քրեական հրձիգները, հոգեկան աննախադեպ զարթոնք ապրելով թողել էին սովոր զբաղմունքն ու միացել յուրյանց հանրային թշնամյաց, այսինքն՝ բարեպաշտ քաղաքացիներին։ Սակայն 88-ին ազդարարված պետականաշինական հայկազյան նվագները 1995-ի ԱԺ քրեաքաղաքական ընտրություններում վերափոխվեցին հարեմական գալարուն մռլտոցների։
Այսպիսով, նախընտրելի էր ՌԴ-ի հետ համերաշխությունը։ Զի եթե եվրակրտման պարագայում ՀՀ-ն դառնում է արևմտյան քաղաքակիրթ այլասերության արևելյան ավանգարդը, գոնե ռուսական միահեծան սապոգի կրկնակոշիկի դերում մենք քիչ թե շատ ինքնիշխան ենք, ինչպես, զորօրինակ, ինքնիշխան է «Գեղամա օվկիանոսի» ոսկեգեղմ իշխան ձուկն Արարատյան դաշտի արհեստական լճակներում։ Մի խոսքով, մեր պետականազուրկ հույսերն առայժմ առ Մոսկով են։ Եվ խիստ անհրաժեշտ է երկիրը պետականազրկածների ձեռքը տալ մեկական գավազան և կանգնեցնել ճամփաբաժնում. կամ լքում եք երկրի սահմանները Սադախլոյի անցակետով, կամ ապաշխարության եք մեկնում։ Եվ մեր 5-հազարամյա չարուխը հավասարի պես սեղան կնստի ռուսական 150-ամյա սապոգի հետ, դառնալով նրա «ֆորպոստը»։

«ՖՈՐՊՈՍՏԻ» ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐԸ՝ «ՖՈՐՍԻ» ՌԻԹՄԵՐՈՎ
(պամֆլետադրվագ պատումներ)
Ըստ մեր փառաշուք մայրենիի՝ «ֆորպոստը» «առաջադիրքն» է, «առաջավոր պահակակետը», «ամրակետը»։ Բառարանում քիչ սայթաքում ենք և հայտնաբերում, որ «ֆորպոստին» հաջորդում է «ֆորսը», որը կնշանակի պճնամոլություն, սնապարծություն և ցուցամոլություն։ Եվս մեկ սայթաքում, և դարանակալում է մեզ «ֆորս-մաժորը», այսինքն՝ անհաղթահարելին և անկանխելին։ Սա, անշուշտ, հայկական իրականության մենաշնորհն է, մենք տարրալուծում ենք մեր պետական տան հիմնասյուները և սպասում սապոգի, երբեմն էլ (օ՜, բախտ իմ դժխեմ) յաթաղանի հոգածությանը հանդեպ մեզ։ Այսպես եղավ համեմատաբար վերջերս, ի մասնավորի՝ Կարսում։ Եվ քանի որ սապոգի առհավատչյա Վլադիմիրի որդի արգո Վլադիմիրը համաշխարհային լրջագույն դերակատարում է ստանձնել և բարեգութ (թեպետ մի քիչ բիրտ) հոգածությամբ վերջնականապես ճշգրտում է ՀՀ-ի իրական դիրքն ու տեղը աշխարհաքաղաքական մակընթացությունների և տեղատվությունների պտտահողմում, նախ փորձենք ըմբռնել, թե որքան ենք անկախ նախ դեֆակտո և ապա դեյուրե։ Հետո նաև փորձենք կռահել, թե ինչ բախտի կարժանանան երկրի պետական քերթողները սապոգի կոշտ, բայց նաև ապահով ստվերում։ (Հուշեմ՝ հիշեք, ապահով ստվերներում աճում-բարգավաճում են սնամեջ և բավականին հավակնոտ դդումները, շաղգամն ու կաղամբը)։ Այսպես 95-ի խորհրդարանական ընտրություններում վախճանվեց օրենսդիր բարձրագույն մարմինը։ Համաժողովրդական ցասումը բռնաճնշվեց։ Երիտասարդ սերնդի ականջին հուշի՜կ հուշեմ, ժողովրդի վրա Կարապի լճի մատույցներից գրոհեցին, դե, իհարկե, ոչ կարապները, սև փողկապով պճնված սպիտակվերնաշապիկավորները, որ զինվել էին բարիկադային զենքերով, այն է՝ գլաքարերով (գլաքարը ոցսօՋվՌՍ-ն է), մետաղաձողերով և այլ «հարամզադա ժողգործիքներով»։ Իսկ քիչ հեռվում ճեմում էին երկրապաշտպան հայոց գեներալները, հայոց հաղթական բանակի հրասայլերի ուղեկցությամբ։ Եվ, խնդրում եմ, համոզեք տկարիս, արևմտյան ո՞ր բարենորոգիչ երկրի այդ ո՞ր դեսպանի քունքերը ճերմակեցին ժողովրդական ընդվզման բռնաճնշումից, կամ որ մի փոխդեսպանն ու հյուպատոսն անզոր կատաղությունից շաքարախտ ընկան։ Արևմուտքը (ինչպես և՛ Ռուսիան, և՛ Չինմաչինը, ինչպես նաև Իրանն ու Հնդուստանը) խոհեմ ձեռնպահության ուխտի մեջ էին։ Այսպես էր նաև 1996-ին, և այդպես էր հետագա բոլոր ընտրություններում, որոնք, հասկանալի է, ճանապարհներ էին հարթում դեպի ֆորպոստային ժողովրդավարություն և առաջընթաց։
Այսպիսով, փաստենք լալահառաչ. մենք պետականատեր ենք «դեյուրե» (այսինքն՝ ունենք բանակ յուր զինվորով, սպայով և գեներալով), ունենք նաև բանկ (ողջ երկրի դոլարադրամային յուրաքանչյուր սիրախաղն ու ապահարզանը հմտորեն վերահսկող), ունենք խորհրդարան (ուր բազմել են հանրության կամարտահայտման փարոսները), ունենք նաև ազատ շուկա, և, ամենակարևորը, շուկայական տնտեսության կարևորագույն բաղադրիչն ունենք՝ մուրացիկները, կիսաքաղց մտավորականությունն ու սովալլուկ մանուկները։
Այնուհետև հավաստենք զվարթուն. մենք պետականազուրկ ենք «դեֆակտո»։ Եվ մի՞թե արժե պետականազրկության բաղադրիչները շուրջպարի կանչել, դրանք, ցավոք, ամենուր են։
Եվ անարգանքը նորանկախության փաստական կերպն է և պատկերը։ Մեզ անարգում են, այո, սակայն գուցե մեր ծով համբերությունն է դրա պատճառը։ Այսպիսով, պետականազուրկ մեր առագաստանավը հանգրվանեց անծայրածիր և անկանխատեսելի մի նավահանգստում։ Բայց մի՞թե հենց սա չէր լավագույն ելքը պետականազրկության հեղինակների համար։ Ռուսիո վիթխարի կայսրության կամային ցարը գուցե թե կհանդարտեցնի հայոց օլիգարխիայի նվաճողական կիրքը, այս կամ այն չափով վերահսկելի կդարձնի քաղաքական այլակերպությունը։ Հենց այս ամենին են հնարագետ հետևողականությամբ հանրապետությանը նախապատրաստել իշխող քաղաքական ուժերն ու նրանց վերահսկիչ խնամառուները, նրանց ենթակա քաղաքական թափթփուկները և նրանց արյունակից օլիգարխիան։ Այո՜, հենց Վիլնյուս-Գյումրի-Սադախլո ուղեգծում էր դոփդոփում մեր անկախությունը։ Եվ դեմքով ու կոնքով ահա շրջվում ենք դեպի Կրեմլ, Գյումրին գետնեց Վիլնյուսին։ Ռուսիո «ֆորպոստ» Հայաստանում անկախության ծիածանը փոխակերպվեց կախյալության «ֆորս-մաժորի»։ Այո՜։ Եվ ահա իրազեկ մարդիկ պնդում են, որ հայոց նորանկախ պետականության քրմերը փոխել են սննդակարգը և ճաշակում են միայն ռուսական ուտեստներ։ Զորօրինակ՝ աղ դրած սունկ և վարունգ։

ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ
(սարկաստիկ ապտակ)
Հանրային հեռուստաեթերի ներկա մոգպետ, բնույթով յուր արմատական շարմհոլդինգական Ջաղինյանը, եթե չեք մոռացել, երկու-երեք տարի առաջ փայլատակում էր Ռուսիո գլխավոր եթերում։ Նրա հեղինակային նախագիծը փառավորապես տապալվեց և օտարվեց հեռուստաեթերից։ Հուշեմ՝ հիշեք, այլատյացություն տարածելու, մասնավորապես հայության նկատմամբ քամահրանք առաջացնելու համար։ Եվ, խնդրեմ, սույն սուբյեկտին է վստահվում հայոց երկրի գլխավոր հեռուստակայանը։ Եվ, խնդրեմ, մեր եթերը ռուսիֆիկացվում է։ Ահավասիկ վաղ առավոտյան հեռարձակվող «Առավոտ լուսո» հաղորդումը բուրում է խոզաճարպով, միջավայրը, կարծես, ռուսական շպարով է պատված, հաղորդավարն ու հաղորդավարուհին «Վասյա-Մարուսյա» ձևաչափով շիկացրել են վարս և աչք-ունք ու ժպտում են ռուսավայել, բայց կարկաչում հայերեն։ Առայժմ` հայերեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.-1 - Ի դեպ, միանգամայն իրատեսական է, որ կնվազեն առաջին անհրաժեշտության ապրանքատեսականու, այլևայլ ծառայությունների և այլնի գները։ Սա 2x2=4-ի տրամաբանությամբ։ Սակայն ՀՀ «պորտապարային շուկան» գործում է գլխիվայր բանականությամբ և, ամենայն հավանականությամբ, մեր տնտեսության մեջ կարձանագրվի հետևյալը. գազի և մյուս էներգակիրների գները կնվազեն, սակայն անփոփոխ կմնան պանրի, ձվի, դեղորայքի և այլևայլ տեսականու գները։ Ինչո՞ւ, դե մի՞թե չասացինք, մեր շուկան պորտապար է բռնել, ոչ քոչարի։

Հ. Գ.-2 - Ի դեպ, շուկայի պորտապարը երկնագույն ծիածան է կապում, զի մինչ օրս անհայտ է` գազի գինը նվազում է, թե նույնն է մնում:

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ