ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Եղվարդի ջրամբարի «պերճանքն ու թշվառությունը»

Եղվարդի ջրամբարի  «պերճանքն ու թշվառությունը»
11.10.2013 | 11:44

Հայաստան` Աստծուց այնքան հեռու և
այնքան մոտ Թուրքիային...
զգում եմ` ինչ-որ վտանգ կա մեր շուրջը,
անձրևոտ օրը գիտակցում է դա բոլոր
զգայարաններով,
քո Ազգային ժողովում անվերջ խոսում են
քրեական հանցանքների մասին,
մեկին գողի դեմքով դատախազը տանում է դուրս,
մյուսին` շտապ ներս բերում...


«Հայաստան` անկախ երկիր»,

Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԴՐԱԽՏԱՎԱՅՐ ԼՃԻ ՃԱՀԻՃՆԵՐՈՒՄ
«Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշերից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ նշանակություն»։ Պատվելի իմ ընթերցողներ, դուք վերոնշյալին ծանո՞թ էիք։ Հարկավ, զի այն Սևանա լճի մասին օրենքի ներածության հրովարտակն է` դեյուրե ազգանպաստ, դեֆակտո` ազգադավ։ Ինչո՞ւ։ Ահավասիկ, օրենքը վավերացված է 2001-ի դեկտեմբերի 27-ին (ՀՕ-276), իսկ խեցգետինների տիրակալությունը հաստատվեց «Գեղամա գեղեցկուհու» վճիտ ջրերում 2002-ին։ Սևանը, առհասարակ, 3-րդ հանրապետության գոյամարտի պերճախոս վկայագիրն է։ Այսպես, ՀՀ տնտեսաքաղաքական վերնակույտին է հասու Սևանի անզուգական իշխանը։ Այլք (տեղաբնակներս, զբոսաշրջիկներն ու սփյուռքահայությունը) լճափին իշխան կարող են ճաշակել, բայց Արմավիրի կամ Արտաշատի արհեստական լճակներում բազմացրած տեսականին։ Դե, եկեք պատկերացնենք, որ մայր Վոլգայի ափին Ղրղզստանից ներկրված ձկնապուր ես ճաշակում։ Մի խոսքով, Սևանա հրաշքը զիջում է դիրքերը։ Ինչո՞ւ, քանզի լիճը կապանքել են հանգստի ու զվարճանքի օբյեկտները, և սա խստագույնս խորհրդանշական է. երկրի շենացմանը նպատակաուղղված ծրագրերն անտեսելով` երկրի կառավարությունը զվարճանում է։ Այո՜, հայոց ազնվազարմ արարիչ գենը վերափոխվում է պառակտիչ ու սպառիչ գենի։


ԱՐԱ ԼԵՌԸ ԹԵ ՈՐ ԽՈՍԵՐ
Շատ բան ունի ասելու ջրամբարի հետքերը հսկող Արա լեռը։ Նրա անդրջրհեղեղյան հայացքի ներքո Եղվարդ շեն բնակավայրը կորցրել է հյուսիսն ու հարավը, բաժանելով մյուս նորհայկական քաղաքների ու գյուղերի անհեռանկար ճակատագիրը, ջրամբարի հսկա իջվածքի ուրվագծերին հակադարձվում է ոմն ձեռներեցի մտահղացումը` Եղվարդում կառուցված ընդգրկուն ինչ-որ ամբարների, ջերմոցների, բնականաբար, նաև դղյակների տեսքով։ Եղվարդը, այնինչ, վաղնջական ժամանակներից հանրահայտ էր որպես հացառատ և մրգաշեն բնակավայր։ Ջրամբարի գործարկմամբ քաղաքը, շրջակայքը, առհասարակ, ողջ Հայաստանը շահելու էին մեծապես։ Բայց այլ են կառավարաիշխանական զարգացման հայեցակարգերը։ Սակայն անտեսենք հույզերը և անցնենք բուն խնդրին։ (Ի դեպ, երազ տեսա. Եղվարդի ջրամբարը ծփում էր, Սևանը զվարթ ողջույններ էր հղում Արա լեռանը, փոխվարչապետ տիար Արմեն Գևորգյանն էլ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների հետ մակույկներով լողում էր, ձուկ էր որսում և սպառնալից մատ թափ տալիս Թուրքիային...)։
Դադար. միայն փաստեր և եղելություններ։
Եվ մի քիչ սարկազմ։
Վաղուց, 1984-ին սկսվեց Եղվարդի ջրամբարի կառուցումը, որն ընդհատվեց ԽՍՀՄ փլուզմամբ։ (Գրողը տանի, չէ՞ր կարող մի հինգ տարի ուշ փլուզվել, աղետի գոտին էլ վաղուց կվերականգնվեր, ջրամբարներն էլ կթեթևացնեին Սևանի հոգսը)։ Սովետմիությունը 1000 հա մակերեսի հողաշերտից մաքրեց գրեթե 700 հա-ն և կառուցեց պատնեշները։ Եվ, եթե չեք մոռացել, դարձավ անհայտ բացակայող։ Անցան տարիներ, 2004-ին «Հայջրնախագիծ» ինստիտուտը մշակում է հանրապետության գետերի հոսքի կարգավորման ռազմավարական ծրագիր (որը նախատեսում էր 60 ջրամբարի կառուցում) և առաջնահերթ է համարվում Եղվարդի ջրամբարը, որը հնարավորություն կտար Սևանից տարեկան 70 մլն խմ-ից պակաս ջուր վերցնել։ Իսկ առայժմ Արարատյան դաշտավայրում տարեկան 100 մլն խմ ջուր է գոյանում անձրևաջրերից և ձնհալից ու հոսում-լցվում է Նախիջևանի ջրամբարը։ Այս ամենը կառավարության տնտեսական այն գերակայությունների թվում է, որոնք էապես կնպաստեն երկրի շենացմանը, սակայն որոնք դաժան հետևողականությամբ անտեսվում են։ Իսկ Արա լեռը սպասում է կարոտով, թե երբ իր լանջերը կծառայեն որպես լեռնադահուկային մարզարվեստի սիրահարների հանգրվան, և դիմահայաց ջրամբարում կխայտան հայոց անուշահամ ջրերի անուշահամ ձկները։ Իրականություն է, թե իրապատում հեքիաթ, սակայն ջրամբարի հունի հողը զարմանալի հատկություն ունի, այն ունակ է ցեմենտին փոխարինելու։ Գուցե հայոց ճակատագի՞րն է անբարեհաճ լեռան հանդեպ, չէ՞ որ, համաձայն առասպելի, Արա լեռան դիմաց Շամիրամ լեռն է (Հատիսը), որին մերժեց Արան, սակայն ում, այնուամենայնիվ, կարոտում է Արան, Արա լեռը։
Առհասարակ հայոց լեռները` Արարատի գլխավորությամբ, տրտմելու շատ բան ունեն։ Երկիրն անկախացել է, երկիրն անտերության է մատնվել։ Մեր լեռնաշխարհի ջրերը հոսում-պարարտացնում են հարևան ոչ բարեկամ երկրների հողերը։

«ՄԱՍԻՍ, ՍԻՍ ԵՎ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԼՃԱՓՆՅԱ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
(ծրագիրը «տապակվում» է, ճաշում ենք կառավարական խոստումներով)
Վերջին նախագահական քարոզարշավը խաղաղ ու բարեբեր էր այս խաղաղ և բարեբեր քաղաքում։ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում Եղվարդի ջրամբարի կառուցումը գերակայություն էր, և եղվարդցին խաղաղ հոգով գնաց ընտրության` ընտրելու գործող նախագահին։ Սակայն ինչպես շատ այլ հարցերում, այստեղ էլ երկրի նախագահը բազում հիմնարար և երկրաշեն ծրագրեր է նախաձեռնում, բայց ծրագրի գործարկողները դրանք փառահեղորեն տապալում են։ Սակայն սա, անկասկած, այլ նյութի առիթ է։ Այժմ ծանոթանանք բազմախոստում անունով վերոնշյալ ծրագրին։ Եղվարդի ջրամբարով հետաքրքրվում է ամերիկահայ գործարար Արմեն Վարդանյանը։ Բացենք փակագծերը։ Մեզ հուզիչ ճամփորդություն է սպասում, ահավասիկ, ծրագրով նախատեսվում է վերջնավարտին հասցնել ջրամբարի կառուցումը, ուր 220 մլն խմ ջուր է ամբարվելու, որից շուրջ 150 մլն խմ-ն ոռոգելու է հողատարածքները Արարատյան դաշտի։ Ջրամբարում զարգանալու է ձկնարդյունաբերությունը, այն հիանալի, հսկա լողավազան է, մեղմանալու է շրջակա կլիման և այլն, և այլն։ Ջրամբարի ափին հյուրանոցային համալիրն է` Արարատ լեռան տեսքով և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող հսկա աշտարակով։ Եղեռնի 100-ամյակի օրերին համալիրը պիտի պաշտոնապես բացվի...
2010-ին Արմեն Վարդանյանը իր գործընկերների` Ջորջ Ղարիբյանի, Փոլ Սարգսյանի և Անդրանիկ Իսայանի հետ ծրագրի վրա 1 մլն ԱՄՆ դոլար է ներդնում։ Ընդհանուր ծախսը շուրջ 400 մլն դոլար է։ Մի խոսքով, տիար Վարդանյանը և գործընկերները հյուրանոցային համալիրների կառուցման և կառավարման առաջարկով դիմում են աշխարհահռչակ «ԷՄ ՋԻ ԷՄ Միրաժ» (MGM Mirage) ամերիկյան ընկերությանը, որի ամենախոշոր սեփականատերը նշանավոր Քըրք Քրքորյանն է, մեծ սրտի տեր հանրաճանաչ հայը։ «ԷՄ ՋԻ ԷՄ Միրաժ»-ն իր հերթին դիմում է խորհրդատվական բնագավառում մեծ հեղինակություն վայելող «Դը Իննովեյշն գրուպ» ընկերությանը։ Այս ընկերությունը, բնականաբար, օֆշորային ինչ-որ նորելուկ-հանելուկ չէր, նրա ուսումնասիրությունների արդյունքում, Երկիր մոլորակով մեկ, 31 մլրդ դոլարի ծրագրեր են կենսագործվել, ընդ որում` 4,2 մլրդ` Վիետնամում, 1,8 մլրդ` Դուբայում։ 2009-ին «Դը Իննովեյշն գրուպ»-ի փոխնախագահը այցելում է Հայաստան, ուսումնասիրում է ամեն ծառ ու թուփ, ճաշակում է Եղվարդի անմահական լավաշն ու մածունը և խրոխտ եզրակացնում` ծրագրի վերջնական իրագործումը պահանջում է 425-470 մլն դոլարի ներդրում, որը կապահովի 26-28 տոկոս շահութաբերություն։ Սա բավականին տպավորիչ տոկոսաչափ է, քանզի աշխարհում միանգամայն հուսալի է համարվում 15-20-տոկոսանոց շահութաբերությունը։

«ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»
(ապահով Հայաստանի տեսլականներից)
Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունը (հենց միայն այն, որ Քըրքն է նրանց դիմում, ինչ ասես արժե), հասկանալի է, եզրակացությունը չի կառուցում եղունգ նայելու կամ քիթը քորելու խորհրդապաշտության վրա։ Այստեղ հաշվարկներ են, ուշագրավ և համոզիչ։ Ահավասիկ, հարևան 70 մլն բնակչությամբ Իրանը, ուր տաբու է դրված զվարճանքի և ալկոհոլի գործածության վրա, հասկանալի է, այս գայթակղությունը չի անտեսի։ Այն հրապուրիչ կլինի, առհասարակ, տարածաշրջանի երկրների համար։ Այո՜։ Մի խոսքով, 400 մլն դոլար (կամ քիչ ավելի) և բազում հաղթանակներ։ Տիար Արմեն Վարդանյանն այր է խորագետ ու քաջ գիտե իր բանը։ Մասնավորապես, 100-120 մլն դոլար կանխիկ գումար է, մնացած 300 մլն-ը վարկային միջոցներ են, որոնց հայթայթմանը խոստացել է օժանդակել «Դը Իննովեյշն գրուպը»։ Տիար Արմենը և յուր հարգարժան գործընկերները համադաշնությամբ ահա թե ինչ են որոշել. նրանք 120 մլն դոլարը գումարում են այսպես. 120 ամերիկահայ ներդրողներ մասնակցում են մեկական միլիոն դոլարով, այսինքն` մարդիկ, քաջատեղյակ Հայաստանի տնտեսությունը խեղած մենաշնորհատիրական վայրագ հավակնություններին, սկզբունքորեն մերժում են 1 կամ մի քանի խոշոր ներդրողի մասնակցությունը ծրագրին։ Կեցցե՛ք։ Եվ նշանակալից մի բան ևս. տարիների ընթացքում բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ խոշոր գումարներ են կորցրել ՀՀ-ում, երկրի վարկն այս իմաստով սասանված է։ Սակայն Քըրքի ներկայությունը կանաչ ճանապարհ է հարթում։ Բռավո՛։ Մի խոսքով, ամեն բան լույսի պես պարզ է և ոգևորիչ, ինչպես Հենոյի հերթական գոլը։ Բայց և այնպես, ինչ-որ բան իր տեղից սայթաքում է։ Սակայն մի կողմ ենք թողնում հույզերը, ապավինում ենք եղելություններին։ Ահավասիկ, ՀՀ նախագահը ողջունել է այս նախաձեռնությունը, ավելին` այն ներառել յուր նախընտրական ծրագրում։ ՀՀ Հանրային խորհուրդը ծանրակշիռ քննարկումներ է իրականացրել, դարձյալ հավանություն տվել և դիմել ՀՀ կառավարությանը աջակցման առաջարկով։ Ահավասիկ, ծրագրի գործարկումից հետո նախ կունենանք շուրջ 5000 մշտական, բարձր վարձատրվող աշխատատեղ, Սևանի հոգսը կթեթևանա էապես և մասնավորապես, տարածաշրջանի ջրբաշխ Հայաստանը որոշակի տնտեսաքաղաքական քվոտաներ ձեռք կբերի. հիշենք վերստին` 21-րդ դարը քաղաքակիրթ մարդկությունը համարում է «ջրային պատերազմների դար», մենք այդ պատերազմում պարտվել ու պարտվում ենք։ Այնինչ տարեկան հսկայական քանակությամբ ջուր ենք հենց էնպես Թուրքիային նվիրաբերում, իսկ չէ՞ որ Թուրքիան տարածաշրջանի «ջրային մտրակի» տիրակալն է, Տիգրիսն ու Եփրատը, հայոց լեռնաշխարհի երկու ստնտու մայրերը ոռոգում են արաբական երկրները, հասնում Իսրայել։ Թուրքիան` Իսրայելի մեծ բարեկամն ու հավատավոր դաշնակիցը, հայոց լեռնաշխարհի ջրերով զորեղացնում է հրեական կայսրապետությունը` արաբական աշխարհի դեմ։ Լավ, Տիգրիսն ու Եփրատը Թուրքիայի տարածքում են, իսկ Հրազդանն ու Դեբե՞դը, իսկ մեր մյուս գետերն ու գետակնե՞րը։


ՔՈՒՎԵՅԹԸ ՄԵԶ ԱՊԱՎԵՆ
(իրիկնահացին ծոմ ենք պահում)
Մի խոսքով, երբ այս ազգաշեն ու պետականաշնորհ ծրագիրը գործարկման փուլ է թևակոխում, դարձյալ գործին միջամտում է երկրի կառավարական տան ժամացույցը, սայթաքում է, փռշտում ու հազում։ Այստեղ ծրագրին հավանություն են տալիս, սակայն հապաղում են այն կենսագործել։ Երկու անգամ կառավարությունը պաշտոնապես հավանություն է տալիս և երկու անգամ էլ հապաղում է։ Գործի գլուխ է կանգնել փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով կամ չի վստահում Քըրքին և այլոց, կամ Եղվարդի ջրամբարի հանդեպ առանձնահատուկ անբարեհաճ է։ 2010-ի մայիսին Արմեն Վարդանյանը ահա թե ինչ վառվռուն եզրահանգում է կատարում. «Ներդրումներ անելու համար Հայաստանից լավ տեղ չկա, որովհետև բաց տեղերն ու խնդիրները անհամար են։ ՈՒղղակի այստեղ պայմաններն են շատ դժվար։ Եթե մի բան անելու համար մի ուրիշ տեղ մի անգամ պետք է ասել, այստեղ` 50 անգամ»։ Եվ, ահավասիկ, 2013-ի օգոստոսին ՀՀ փոխվարչապետ տիար Արմեն Գևորգյանը քննարկման ընթացքում կարևորում է Եղվարդի ջրամբարի կառուցումը և հայտարարում. «Եթե ամեն ինչ հաջող ընթանա, առաջիկա տարիներին կկարողանանք 4 խոշոր ջրամբար շահագործել, ինչն էապես կբարելավի ոռոգման հետ կապված իրավիճակը»։ Դժվար թե կարողանանք, արգո փոխվարչապետ, զի համաշխարհային վարկադրամաշնորհային լուծը նման բաներ չի հանդուրժում, չի հանդուրժում կենսական, ազգային և պետականամետ ծրագրի իրագործումը։ Այ, խնդրեմ, որևէ բանկային կախվածություն եկեք ձեռք բերենք, զգալիորեն ավելացնենք պետական պարտքի շեմը և խնդրեմ, Եղվարդի ջրամբարը կկառուցվի, զի վերոնշյալ քննարկման ժամանակ հայտարարվում է, որ Կապսի ջրամբարի կառուցումը ֆինանսավորելու է Գերմանական զարգացման բանկը, Վեդիի ջրամբարինը` Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Իսկ Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը հավանության է արժանացել Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից։ Այո՜, ահա թե որտեղ է թաքնված (ու զարհուրելի բույրեր է արձակում) շան գլուխը, չէ՞ որ Քըրքի և ամերիկահայ գործարարների մասնակցությունը բացառում է «ատկատները»` մեր որոշ իշխանիկների հոգու բալասանն ու դրամապանակի ծաղկման առհավատչյան։

ՌԵՔՎԻԵՄ` 3-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐԻՆ
(սարկաստիկ վերջերգ)
ԽՍՀՄ կառավարությունը Եղվարդի ջրամբարի շինարարությանը տրամադրեց 174 մլն ռուբլի, որը լիուլի բավարար էր գործն ավարտելու համար։ (Ջրամբարի ծավալը` 228 մլն խմ, հայելու մակերեսը` 1000 հա, խորությունը` 45 մետր)։ Գումարը կար, ցանկությունը` լիուբոլ։ Եվ, ահավասիկ, կառուցվում է 3,5 կմ երկարությամբ 2-րդ պատվարը։ Պատվարի վերջնամասում ավարտվում էր ջրթող կառույցի շինարարությունը, ընթանում էին Արզնի-Շամիրամ խողովակաշարի կառուցման աշխատանքները, ուրվագծվում էր առաջին պատվարը...

Վերադառնում եմ Արա լեռան ստորոտից։
Եղվարդից րոպեներ անց ուրվագծվեցին Երևանի լույսերը։ Մայրաքաղաքն ինձ դիմավորեց խաղատների զորաշարով և ջիպերի նախիրներով։ Ահա վերջին խաղատունը, և Երևանի մուտքն է։ Իսկ Եղվարդում խորհրդային տարիներին գցված ասֆալտն է, զանգվածային արտագաղթը և ոմն ատկատային մեծաքսակի իշխող շինությունները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ