ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Պետական խորհրդանիշները` ոտքի տակ (կլկլոց և որդան կարմիր)

Պետական խորհրդանիշները` ոտքի տակ (կլկլոց և որդան կարմիր)
04.10.2013 | 11:55

ՔԱՉԱԼ ԱՌՅՈՒԾԻ ԼՈՒՌ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ
Առյուծ և վայնասո՞ւն. խելագարություն է, մայր բնաշխարհը նման բան չի հանդուրժում։ ՀՀ զինանշանը հանդուրժում է։ Քսան տարուց ավելի։ (Քսանամյա առյուծը առյուծաբար է մահանում, հեռանում է պրայդից, երբ դառնում է բեղից ընկած բրինձ։ Օրեր շարունակ գազանների արքան շրջում է տափաստանում, նա ուժասպառ է, սակայն առյուծ է ի բնե, և վեհանձն արհամարհում է բորենիների քմծիծաղը)։ Մի խոսքով, ՀՀ պետական զինանշանի առյուծը, կներեք, քաչալ է։ Դուք քաչալ առյուծ տեսե՞լ եք։ Ո՞չ։ Նայեք զինանշանին, կարծես առույգ է, վեհորեն խրոխտ, բայց և այնպես բաշազուրկ է։ Եվ ի՞նչ հնչերանգ կունենա բաշազուրկի մռնչոցը. մայունի՞, գռմռոցի՞, թե՞ հոգեցունց լացի։ Ի դեպ, մեր զինանշանի անզենությունը նկատել, բաղդատել և հանրային քննարկման նյութ է դարձրել գեղանկարիչ և դիզայներ, նաև պրոֆեսոր Կարեն Աղամյանը։ Նա էլի լուրջ թերություններ է հայտնաբերել, հայեցակարգային թերություններ, որոնք մինչ օրս չեն շտկվել։ Զարմանա՞նք, թե՞ զայրանանք։ Գուցե երկուսը միասին։ Չէ՞ որ շուրջ երկու տարի առաջ ենք զրուցել տիար Աղամյանի հետ, նրա լրջախոհ մասնագիտական եզրակացությունները բերանբաց ունկնդրել (չզարմանաք, ցանկացած խոսակցություն պրոֆեսորի հետ, որն ունի ազգապետական հենք, ինձ խիստ հուզմունք է պատճառում) և տպագրել մեր եռօրյայում։ Այո, առյուծը բաշազուրկ է, արծվի, թրի և մյուս բաղադրիչների մասին էլ դատեք ինքներդ, քիչումիչ ուշադիր «տեղազննելով» պետական զինանշանը։ Առհասարակ զարմանահրաշ բաներ են կատարվել պետական խորհրդանիշների հետ։ ՈՒ կատարվում են։ Եվ ես մտորում եմ, գուցե այս ամենը բնավ պատահակա՞ն չէ, և երրորդ հանրապետությունը գտնվում է «աղավաղված ներդաշնակության» փուլո՞ւմ։ Ինչու չակերտվա՞ծ. շատ պարզ, զի այս ամենում առկա է պայմանականության տարրը։ Առաջ քայլարշավենք։


ԿԱՐԱԲԱԼԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
ՈՒշադրությո՛ւն, մրցույթ է, ով առաջինը կպատասխանի ներքոնշյալ հարցին, կստանա անխախտ իրավունք նավարկելու մեր լճերում և անվճար ճաշակելու կարմրախայտի բոզբաշ։ Եվ այսպես, ո՞ւմ արձանն առաջինը դրվեց երրորդ հանրապետության քաղաքամայրում։ Մի պահ դադար տանք և մտովի տեղափոխվենք վրացոց քաղաքամայր Թիֆլիս։ Շրջում ենք, անրջում ենք ու համոզվում, որ Քարթլոսի հետնորդները գործը ճիշտ են բռնել, պետական խորհրդանիշների համակարգը մեծարում է վրացուն, փառաբանում Վրաստանը։ Իսկ այժմ մոտենանք ընկալուչին (հետաքրքիր է, «Սանտա Լուչիա» երգի հեղինակը տեղյա՞կ էր մեր ընկալուչից), այո՜, մրցույթը շահում է Երաժիշտը Դանիել, ով վստահ հավատում է, որ առաջին արձանը մերոնք նվիրաբերեցին Կարաբալային (այլ հնչմամբ` Ղարա-բալային)։ Մի խոսքով, հարբեցող ծաղկավաճառը (ոմանց պատմելով՝ Կարաբալան ծաղիկ չէր նվիրում, վաճառում էր) անկախ պետականության գլխավոր նշացույցն էր։ Ի դեպ, երկրորդ Խորհրդային Հանրապետության առաջին արձանը հավերժացրեց ազգային լուսավորիչ Խաչատուրին` Աբովյան։ (Այդ սքանչելի հուշարձանն այժմ գտնվում է Քանաքեռում, լուսավորչի տուն-թանգարանի առջև)։ ՈՒշագրավ է սույն ստեղծագործության պատմությունը։ Նշանավոր քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանն օտար ափերում էլ երազում էր կյանքի կոչել յուր կյանքի գործը` կերտել Աբովյանին։ Եվ, ահավասիկ, Բաքվի Հայոց կուլտուրական միությունը հայ հասարակության հանգանակությամբ որոշում է Երևանի պուրակներից մեկում տեղադրել լուսավորչի արձանը։ 1910-ին ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը նամակներով դիմում է հայ քանդակագործներին, նամակները թռչում-հասնում են Կ. Պոլիս, Սան Ֆրանցիսկո, Բեռլին և Փարիզ։ Հավանության է արժանանում Ա. Տեր-Մարուքյանի նախագիծը, որն էլ հաստատում է Պետերբուրգի գեղարվեստից ակադեմիայի հանձնաժողովը։ 1910-ականներին հայկական մամուլն ուշադրության կենտրոնում էր պահել սույն նախաձեռնությունը։ Ահավասիկ Ա. Տեր-Մարուքյանի տաղանդն արժևորողները` Ալ. Շիրվանզադեն և Գ. Լևոնյանը անդրադառնում են արձանին, նշում ինչ-ինչ բացթողումներ և մղում քանդակագործին նորանոր սխրանքների։ Գ. Լևոնյանը մասնավորապես նշում է, որ աշխատանքն ավելի կշահեր, եթե Աբովյանը «ոչ թե գլուխը քարշ, այլ հպարտ դեպի հեռուն, դեպի Արարատի բարձունքները նայեր»։ Անդրեաս Տեր-Մարուքյանը լրջախոհ կերտող էր, նա հաշվի է առնում անգին դիտողությունները և էապես վերափոխում է արձանը։ Աբովյանը ձուլվում է բրոնզից, Փարիզում։ Եվ տարիներ շարունակ պատանդ է մնում «աշխարհի մայրաքաղաքում», որովհետև Առաջին համաշխարհային պատերազմն էր բռնկվել։ Առկա էին նաև ֆինանսական խնդիրները, ամենևին էլ դյուրին չէր բնական չափսերը գերազանցող բրոնզաձույլ արձանը Ֆրանսիայից Հայաստան հասցնելը։ Անդրեաս Տեր-Մարուքյանը մահացավ 1919-ին։ 1925-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը փարիզյան ձուլարանից գնում է արձանը և բերում Երևան։ Այո՜, ազգային ամենայն դրսևորույթ մերժող բոլշևիկյան Հայաստանի ղեկավարությունը փայլուն գիտակցում էր Աբովյանի նշանակությունը հայոց ազգային-պետական կյանքում, զի նա լուսավորության և առաքելականության խորհրդանիշն է, հետո նաև հրաշք գրող։ Ի դեպ, 20-րդ դարում համաշխարհային գրականությունում մի թունդ երակ է բացվում, մոգական ռեալիզմի երակը։ Եվ, խնդրեմ, գրականագիտական միտքը ցնցված է, չէ՞ որ մեծն Խաչատուրը դար առաջ է ստեղծագործել մոգական ռեալիզմի ձևաչափում և, փաստորեն, հանճարեղ կոլումբիացին` Գաբրիել Գարսիա Մարկեսը, նրա հեռավոր հետևորդն է։ Մի խոսքով, ժամն է եզրահանգման.
ա) պետականազրկության պայմաններում հայությունը նախաձեռնում է լուսավորչի կոթողի ստեղծումը,
բ) բոլշևիկյան անհավատության և ազգամերժության շրջափուլում կայսերապետության ծայրագավառ երկրորդ հանրապետության ղեկապետերը արժևորում են լուսավորչին,
գ) անկախ պետականության հիմնադիրները, որպես երրորդ հանրապետության արձանակոթողային խորհրդանշան, խոնարհվում են ծաղկավաճառ-հարբեցողին։

Իսկ օրհնե՞րգը։ Ի՞նչ կատարվեց հանրապետության օրհներգի հետ։
Առանձնապես ոչինչ, կարաբալայական ախտանիշը բարձրացվել էր պետական ռազմավարության պատվանդան և, խնդրեմ, 3-րդ անկախ, ինքնիշխան, ժողովրդավար հանրապետության օրհներգն օրհնելու փոխարեն ոնց որ թե անիծում է։

ՕՐՀՆԵՐԳԻ ՈՂԲԸ
Առաջին հանրապետության կառավարությունը «Մեր հայրենիքը» որպես օրհներգ ընդունեց ժամանակավորապես, մենք չունեինք օրհներգի մշակույթ, զի չունեինք պետություն շուրջ 7 դար։ Այնպես որ, դաշնակցական կառավարության վրա եկեք ավելորդ մեղք չջարդենք, չմոռանանք, որ դաշնակցականները պայքարում էին թուրքերի և վրացիների, բոլշևիկների և սեփական պառակտիչների դեմ։ (Թախանձում եմ, ինձ դաշնակցական չհամարեք, ես երդվյալ անկուսակցական եմ, համոզմունքներով՝ սոցիալ-ազգայնամոլ)։
Մի խոսքով, բոցաշունչ Միքայելը` Նալբանդյան, ոտի տակ է տալիս Եվրոպան և ձեռքի հետ գրում է «Իտալացի աղջկա երգը»։ Այն տպագրվում է «Հյուսիսափայլում» Կոմս Էմանուել ստորագրությամբ։ Վառվռուն երևակայության տեր մեր պոետին հունից հանում է իտալացի բանաստեղծ Մերկանտինիի «Սապրիի հասկահավաքը», որը ժողովրդական բանահյուսվածքի էր վերածվել։ Այստեղ մի էական խնդիր կա, չէ՞ որ նշյալ բանաստեղծությունը իտալացիների իղձերի մարմնացումն է, պայքարի կոչ ընդդեմ բռնակալության, ընդդեմ ավստրիական բիրտ շնչի։ Թերևս հիշենք երկու քառատող և «զբոսաշրջվենք» դրա մատույցներում։
«Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա
Արտասուքով լվացի
Նայիր նորան, երեք գույնով,
Նվիրական մեր նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող կործանվի Ավստրիան։
Հուշեմ` հիշեք. Իտալիայի դրոշը նույնպես եռագույն է` կարմիր, ճերմակ և կանաչ։
Եվ ահավասիկ, երրորդ հանրապետության հիմնադիրներն այս ամենին անտեղյակ՝ սա դարձնում են ՀՀ օրհներգի տեքստը, «խոհեմաբար» փոխելով բանաստեղծության առաջին տողը` «թշվառ, անտերը»՝ «ազատ, անկախ»։ Եվ, խնդրեմ, անհեթեթությունը սողոսկում է օրհներգի տողատակերը։ Չէ՞ որ ողջ բանաստեղծության մեջ խոսքը հայրենիքի ազատագրման մասին է, տառապագին ու ցնծագին խոսք։ Բայց եթե հայրենիքը թշնամու կրնկի տակ է, էլ ինչպե՞ս կարող է լինել ազատ և անկախ։ Սրանից զատ, երաժշտությունը բնավ հայեցի չէ, իտալական է։ Ավելին, այն խախտում է օրհներգի հայեցակարգը, չէ՞ որ օրհներգը վերընթաց է, այսինքն՝ պիտի սարն ի վեր ելնի։ ՀՀ օրհներգում այն վայրընթաց է, գագաթից սահում է ստորոտ։ Բա՜։
Մի խոսքով, օրհներգը, զինանշանն ու Կարաբալայի արձանը միևնույն գաղափարական ակունքներից են սնվում, ՀՀՇ-ականությունից։ (Պաղատում եմ, ինձ չմեղադրեք հակաՀՀՇիզմի մեջ, ես նրանցից շատերին անտանելի սիրում-հարգում եմ, երեկոյան 24.00-ից առավոտյան 6.00-ն)։
Ի՜նչ վեհաշունչ ու սքանչելի է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, գրված 2-րդ հանրապետության տարիներին, սակայն գրված ընդհանրական հայ պետականության համար։ Իսկ Սարյանի զինանշա՞նը։

Վանո Սիրադեղյանի հրահանգով վերանվանակոչվեց Ամիրյան փողոցը։ Ավելի ստույգ` ստորակարգվեց։ Լավ, կոմունիստները երկրի ու մայր ոստանի գերակա, պատմա-ծիսական նշանակություն ունեցող փողոցներից մեկն անվանակոչեցին Ամիրյան, ի պատիվ պրոֆեսիոնալ հեղափոխական Արսեն Ամիրյանի։ Նա նաև լրագրող էր, հրապարակախոս և Բաքվի 26 կոմիսարներից մեկը։ Եվ ի՞նչ, սա բավարա՞ր է նրան Աբովյանի և Նալբանդյանի շարքում դասելու համար։ Մի խոսքով, խորհրդային-ապազգային Հայաստանի գլխավոր հրապարակը սնուցվում էր երեք գլխավոր փողոցով. երկուսը՝ ազգային-պետական երևելիների, մեկը՝ բոլշևիկյան գործչի։ Անկախ հանրապետությունը խելահաս գտնվեց, պահպանեց Նալբանդյանին և Աբովյանին, պատմության գիրկն ուղարկեց Ամիրյանին։ Սակայն չէ՞ որ կարաբալայական հոգեմտակերպն էր իշխում, Վռամշապուհ արքան հարիր չէր ՀՀՇ-իզմին։ Բա՜, բռնեցին ու փոխատեղում կատարեցին, Ամիրյան Արսենը արքա Վռամշապուհով։

ՎԵՐՋԵՐԳ-ՀՈՒՇԱԳԻՐ
Քաչալ առյուծի մայունն ու հրապարակում հնչող կլկլոցը շրջափակել են մեր անկախ պետականության ոգեղեն որդան կարմիրը։
Ահավասիկ, երրորդ հանրապետության խորհրդանշական այլակերպումների բույլից մի քանի մեխակներ.
ա) Գարեգին Նժդեհի անվան հրապարակում վեր է հառնում Սուրեն Սպանդարյանի հուշարձանը։
բ) ՀՀ ոստիկանության շենքի դիմաց տեղակայված է Արամ Մանուկյանի կիսանդրին։ (Արամի, ով պետական երևելի այր էր, ոչ ոստիկանապետ, ու նրա կիսանդրին պիտի որ դրվի շատ ավելի նշանակալից մի վայրում)։
Գուցե շրջադարձվենք և Ամիրյան-Վռամշապուհ-Ամիրյան «հոգեդարձությանը» հավատարիմ ձեռնարկենք հետևյալ քայլերը.
ա) երկրում և քաղաքամայրում տեղակայենք Վասակ Սյունեցու և Պետրոս Գետադարձի կիսանդրիները... բոյով մեկ, սև գրանիտից։
բ) Որոշ հրապարակներ (որոնք ճանապարհատրանսպորտային կարևոր հանգույցներ են) վերանվանակոչենք հարիր մեր օրերի ոգուն, այսինքն՝ մայունին և կլկլոցին։ Այսպես, հնարավոր է էլիտար թաղամասերը հետայսու նախագծել խորհրդանշական բաղադրիչների պարտադիր առկայությամբ. օրինակ` Աղանդավորաց հրապարակ։ Զորօրինակ` Համասեռամոլների նրբանցք։ Թերևս` Քաղաքական քամելեոնների պուրակ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ