Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Ապահով Հայաստանի հրեղեն ճայթյունը (տաբուներ ու զոմբիներ)

Ապահով Հայաստանի հրեղեն ճայթյունը (տաբուներ ու զոմբիներ)
27.09.2013 | 12:10

Գիտե՞ք, վայրի ցեղերը ինչպես դարձան պետություն։ Տաբուի շնորհիվ, տաբու, ասել է թե՝ արգելքի շնորհիվ։ Մերձավորի հետ չի կարելի ամուսնանալ, որովհետև այլանդակներ են ծնվում, գողանալ չի կարելի, էս չի կարելի, էն չի կարելի ասելով՝ ստեղծեցին պետություն։ Իսկ պետությունը, որտեղ ամեն ինչ կարելի է, դա արդեն պետություն չէ, դա արդեն հասարակարգ չէ։
Դա անհովիվ մի նախիր է։


Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

«ՍԻՐԻՐ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ» ՊԱՏՎԻՐԱՆԸ՝ ԳԼԽԻՎԱՅՐ
(ֆելիետոնաշորշոփ նախերգանք)


Երբ սեփական երկրիդ կառավարությունն է ծաղրուծանակի ենթարկում քեզ, քո դեմքում էլ երկրի հասարակությանը, մնում է երկու ճանապարհ. կամ ճղել սահմանը (այսինքն՝ արտագաղթել), կամ էլ թունդ թքել քամուն համընթաց (այսինքն՝ խռովություն կազմակերպել կառավարական ժամացույցի տակ)։ Ինչո՞ւ, դե մի՞թե «ինչու» կարող է լինել, երբ պատվիրանը գլխիվայր է՝ ոչ թե սիրիր մերձավորիդ, այլ զոմբիացրու նրան։ Այսպիսով, որքան պիտի առաջադիմենք, որ քոչարի բռնենք վայրի ցեղերի հետ...
Լավ, քիչ հանդարտվենք և դիմենք լրջախորհուրդ մասնագետի օգնությանը, որը, ի դեպ, դոկտորի գիտական աստիճան ունի։ Ահավասիկ, նրա եզրահանգումը իմ վերաշարադրմամբ՝ անսպասելի թնդյունը սթրեսային վիճակներ ստեղծելու գործոն է, խիստ բացասական է անդրադառնում հատկապես ծերերի ու մանուկների, նաև ֆոբիա ունեցող մարդկանց առողջության վրա։ Մարդը կարող է մտածել, թե պատերազմական գործողություններ են սկսվել, նրա ենթագիտակցության մեջ Սիրիայում (կամ մեկ այլ վայրում) ընթացող պատերազմն է։
Այսպիսով, վերջնագրային անդրադարձ ենք կատարում, սակայն բնավ ոչ վերջին անգամ, զի հանրապետությունը բառացիորեն դիվահարվում է հրավառություն-հրթիռակոծություններից։ Այսպիսով, խիստ անհրաժեշտ են տաբուները՝ ի լուր հրթիռներն ու պայթուցիկները ներկրող, վաճառող և զվարճացող անձանց։ Անհրաժեշտ է, զի մեր հորդորներն ու պարսավանքները կախվում են օդում, ինչպես նախընտրական խոստումների գույնզգույն փուչիկները՝ հետընտրական եռագույն երկնքում։


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՅՈՒՂՈՒՄ ԵՆ ԳԼՈՒԽՆԵՐՍ
(պամֆլետաբորբ միջօրե)
2012-ի սեպտեմբերին և 2013-ի հունիսին Հանրային խորհրդին ուղղված նամակներս մնացել են անպատասխան։ (Հանրային խորհուրդը «ԼԼ»-ում այսուհետև ստանում է «Կառավարության խամաճիկ» կոչումը)։ Իսկ ՀՀ կառավարությունում հույժ նշանակալից զարգացումներ են, այստեղ փակուղի են մտել և, 2013-ի ապրիլի 30-ին ընդունած հերթական նամակիս (ՀՀ 150/10818, 2013-04-30) պատասխանելու փոխարեն, պետաիրավական նախարարական կոմիտեն դիմում է ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահության նախարարություններին, ամենայն հավանականությամբ, լրջագույն այս խնդիրը վերածելու խեղկատակության, զի նախարարությունները, հավանաբար, մասնագիտական եզրակացություն են պատրաստում, որում կամ հիմնավորում են, որ հրավառություններն անբարո և հակահանրային երևույթ են կամ էլ, որ դրանք անմեղ զվարճանք են, ունեն հանրային մեծ օգտակարություն և առողջացնում են հանրային միջավայրը։ Ամեն դեպքում պատասխանն ինձ չի հասել։ Սակայն մի ուշագրավ զանգ եղավ կառավարական տնից։ Զանգահարողը պետաիրավական նախարարական կոմիտեի գլխավոր մասնագետներից մեկն էր (անունը չեմ նշում, ջահել է, դեռ դարձի կգա), ասաց, որ հրթիռակոծության առաջացրած աղմուկն ավելի վտանգավոր չէ մարդու առողջության համար, քան, ասենք, «բալգարկա» սղոցի աղմուկը, որով հարևան բնակարանում սանհանգույցի սալիկներն են կտրում։ Անշուշտ, սա պետաիրավական նախարարական կոմիտեի պաշտոնական եզրակացությունն էր, արված նման անբռնազբոս եղանակով։ Այո՜...
Սակայն դիմենք պատմական փաստերին և անպատմելի եղելություններին, հիշենք դեպքերն ու դեմքերը։ Հիշենք և տհաճությամբ համոզվենք, որ հրթիռակոծությունը նաև քաղաքական աստառ ունի. այսպես, 2012-ի մայիսի 6-ի վաղ առավոտյան, երբ ընտրական հանձնաժողովները հաշվարկեցին վերջին բյուլետեններն ու համոզվեցին, որ հանրապետական կուսակցությունն անվերապահ հաղթանակ է տարել, 5.00-ին երկիրը դղրդաց, հրթիռներն ազդարարում էին ՀՀԿ հաղթանակը, օլիգարխի, գեներալի և այլոց մուտքը օվալաձև։ 2013-ի մայիսի 5-ի 23.30-ից սկսած և մինչև վաղ այգաբաց Երևանը դղրդում էր թնդագույն հրթիռակոծություններից, այո՜, հանրապետականը դարձյալ անվերապահ հաղթել էր մայրաքաղաքի ավագանու ընտրություններում (դարձյալ անկեղծանում եմ, ինչպես անփորձ սիրահարը շենշող տիկնոջը սեր խոստովանելիս, զի սարսափում եմ անցյալ-անկատար եղանակից, որ եթե ԲՀԿ-ն հաղթեր, Երևանը, վստահաբար, դառնալու էր Առինջ գյուղի արվարձանը, որ եթե Րաֆֆին հաղթեր, ապա, վստահաբար, մայր ոստանը վերածվելու էր ամերիկյան մի անթառամ բոստանի), հաղթել էր և իշխող քաղկառույցի արմատական թևը շաբաշ էր տալիս քաղաքային և քաղաքական։ Օրեր անցան, և քաղկառույցի մտավոր թևի կարկառուն խաչքավորի «Փարվանա» համալիրում նշում էր ավագանու հաղթանակը։ Աջափնյակ վարչական շրջանի հարավ-արևելքը, Կիևյան փողոցն ամբողջությամբ, Բաղրամյան պողոտայի աջ հատվածն ու Կարաբալայի անդուր արձանը ճիշտ 13 րոպե և 30 վայրկյան վեր էին թռչում, մորմոքվում-բորբոքվում էին և, հասկանալի է (չմեղադրենք), հիշում էին հրթիռակոծողների յոթանասունյոթ պորտը։ Դրանով ազդարարվեց Երևանի երեկոների ու գիշերների բռնազավթման մեկնարկը։ Եվ սկսվե՜ց։ Ահավասիկ, «Վարդանանք» ռեստորանը գտնվում է «Էրեբունի» օդանավակայանի հարևանությամբ։ Եվ յուրաքանչյուր երեկո, երբեմն էլ կեսգիշերն անց այստեղ Ավարայրի ճակատամարտի բեմականացումն է, միայն թե մարտն ընթանում է անհավասար պայմաններում, դիվային զվարճանքի կռապաշտները հղփանքի բարձրակետում դղրդում են և որոտում, առ երկիր և առ ժողովուրդ։ Շրջակայքի բնակիչները, 10-15 հազար մանուկ ու ծեր, հիվանդ և առողջ, կապանքվում են, դառնում ակամա գերյալներ։ Եթե հավելենք օդանավերի աղմուկը, պիտի արձանագրենք, որ տեղի բնակչությունը պարզապես պատանդ է։ (Մնամ նամակիդ սպասող, Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար տիար Արմեն Սարգսյան)։ Սակայն մի՞թե բացառություն է «Վարդանանքը»։ Զանգվի ձորում մի հսկա և անշուք կառույց կա։ Հասկանալի է, գիտահետազոտական ինստիտուտ չէ, ռեստորան է, անունը «Վենեցիա»։ «Վենեցիան» հրթիռակոծության թունդ սիրահար է, դղրդում է կանոնավորապես և ոտքի հանում (կամ ծնկի բերում) Կիևյան փողոցը, «Բլուր» թաղամասը, Աջափնյակ վարչական շրջանն էլ՝ ձեզ նվեր։ Այո՜, այստեղ էլ ուժգին է բախտի գործոնը։ Զորօրինակ, «Մոնումենտ»-ի բնակիչները, նմանապես Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների և 3-րդ գյուղի հանրությունը հատուկ գրոհների թիրախ են, նշյալ վայրերում բազմաթիվ են զվարճավայրերը և զվարճավայրային դիվային զվարճանքը առանձին «համ ու հոտ» ունի։ (Սակայն շքեղաշուք «Բելաջիո» ռեստորանում հրթիռակոծություններն արգելված են։ Կեցցե՛ք։)։ Մի պահ շունչ քաշենք և հիշենք, թե տարիներ առաջ ինչ խոստումներ են տվել կառավարական շրջանակները։
«ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր դիմումը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում, որի կապակցությամբ հայտնում ենք, որ հրագործական ապրանքների ապօրինի առևտուրը կանխելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար անցկացվում են համապատասխան միջոցառումներ։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ՝ գնդապետ Ա. Կիրակոսյան, 21 դեկտեմբերի, 2010 թ.»։
«Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ հանձնարարվել է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմին համապատասխան ծառայությունների միջոցով զգուշացնել հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների տնօրեններին բացառել ժամը 22.00-ից հետո հրագործական արտադրատեսակների օգտագործումը։ Հարգանքով՝ առևտրի և սպասարկումների վարչության պետ Ա. Սարգսյան, 29 հունիսի, 2011 թ.»։
«ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր՝ 28.08.2011-ի դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ բնակչության անվտանգությունն ապահովելու, վտանգավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը նվազեցնելու նպատակով... ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավորությամբ և բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Կիրակոսյան, 05. 05. 2011 թ.»։
«Հարգելի պարոն Առաքելյան, ուսումնասիրելով Ձեր 28.09.2011 թ. ՀՀ նախագահին ուղղված դիմումը՝ «Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի» արգելման վերաբերյալ, հայտնում ենք հետևյալը (երկարաշունչ և մանրամասն ներկայացվում է լիցենզիաների տրամադրման ընթացակարգը- ծանոթ. հեղինակի), կապված նշյալ գործունեության տեսակի ընդհանրապես արգելման առաջարկի հետ, ապա կարծում ենք, որ պետք է ցուցաբերել զգուշավորություն, քանի որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, այս կամ այն գործունեության, ընդհանրապես արգելման դեպքում մեծ է ռիսկը, որ այդ գործունեությունը կտեղափոխվի «սև շուկա», որի արդյունքում վերահսկողություն իրականացնելը դառնում է ավելի ծախսարար։ Հարգանքով՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան, 21. 10. 2011 թ.»։
2013-ի հոկտեմբերն է քթներիս տակ, ամենայն հավանականությամբ, տիար Արամյանն ու այլք շարունակում են ուսումնասիրել միջազգային փորձը և խիստ տագնապ ունեն, որ հենց ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեն կկանխարգելի այս ամենը, այն կտեղափոխվի սև շուկա։ Այսօր այն, ըստ Արամյանի և այլոց, ճերմակ շուկայում է։
Հուշեմ-հիշեք. մի քանի նամակ եմ ստացել ՀՀ ԱԻՆ-ից, ուր ինձ հավաստիացրել են, որ ուր որ է՝ ՀՀ ԱԻ նախարարի ստեղծած աշխատանքային խումբը (20.05.2011 թ. հրաման թիվ 63-Ա) պատրաստել է ՀՀ յոթ օրենքներում մեծածավալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր, որոնք 2012-ի ընթացքում կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը։ (Ո՞Ւր կորան նախագծերը, հայտնաբերողին խոստանում ենք նավարկություն «ԼԼ» անուշահամ ջրերում)։
Սա ինչ է, եթե ոչ հանրության զոմբիացման ցուցք։ Նման այլանդակ երևույթները (նաև անհարկի բարձր երաժշտությունը) արգելվում են հստակ որոշմամբ։ Ի մասնավորի՝ Ճապոնիայում լուրջ տուգանքներ են սահմանված բարձր ազդանշանների համար։ Ի մասնավորի՝ հրթիռակոծություններն արգելված են և՛ Թբիլիսիում, և՛ Բաքվում, և՛ Անկարայում։
Մեր հայրենիքում մեզ ստորացնում են և անարգում պետական մակարդակով։ Ոստիկանությունը, անշուշտ, կատարելով երկրի կառավարության պատվերը, փարիսեցիությամբ է տարված, քանզի ընդունած որոշումը՝ արգելել հրթիռակոծությունները 23.00-ից հետո, ի սկզբանե խախուտ է, զի պայթյունն ու որոտը մարդու առողջության համար վտանգավոր և վնասաբեր են օրվա ցանկացած ժամին։ Սրանից զատ, զարմանալի անօգնական վիճակում են հայտնվում մեր, շատ դեպքերում հարգանքի արժանի, ոստիկանության սպաները։ Այսպես, քաղաքացին ահազանգում է, ժամը 00.30-ն է և, խնդրեմ, հարևան բակում հրետակոծում են։ Ոստիկանությանը, պարզվում է, շատ ավելի մանրամասն տվյալներ են պետք, ու սա այն դեպքում, երբ ցանկացած բակում և շենքում կան ոստիկանության իրազեկողները, ովքեր հրաշալի գիտեն, թե ով, երբ և որտեղից է գնդակոծել շրջակայքն ու քաղաքը։ Ի դեպ, վերջին շրջանում գնդակոծում-մոլեգնում են ոչ միայն ռեստորաններում։ Բավականին մոդայիկ է դարձել սեփական տանիքից ու բակից աշխարհը ցնցելը։

ԶՈՄԲԻԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
(սարկաստիկ վերջերգ)
Այո՜, զոմբիացվում ենք հանուն մի խումբ գիշանգղների զվարճանքի ու հարստացման։ ՈՒ քանի դեռ ինքս էլ վերջնականապես չեմ զոմբիացվել, մի քանի հանրօգուտ և ուշագրավ դիտարկումներով կիսվեմ ընթերցողներիս, զվարճացող գիշանգղների և ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի անդամ-նախարարների հետ։
Երբ Հանրային խորհրդի նախագահ արգո Վազգեն Մանուկյանը թև ու թիկունք է գիշանգղներին, ցավալի է, սակայն հասկանալի, գալիք կառավարությունում նրան, հավանաբար, ծանրակշիռ մի պաշտոն են խոստացել։ (Ի դեպ, ինչու ՀՀ ոստիկանության կայքում տեղադրված չեն 2013-ի մայիսի 5-ին և այլ օրերին տուգանված հրոսակների անունները։ Ինչո՞ւ)։ Երբ գիշանգղները (այսինքն՝ ներկրողները, վաճառողներն ու այլք) զոմբիացնում են մեզ, դարձյալ հասկանալի է, չէ՞ որ նրանց կյանքի նպատակը ինքնադրսևորումն է, ինքնակայացումը, ի վերջո, նրանք փայլուն գիտակցում են, որ իրենք իրականում շատ չեն հեռացել քարեդարյան մտածողությունից։ (Նրանց շինիչ ստահակությանն ըմբռնումով մոտենանք)։ Սակայն երբ լռում են բազմաբույր ՀԿ-ներն ու քաղաքական ընդդիմությունը, ես մնում եմ ափիբերան և որոշում վերջնականապես զոմբիանալ կամ էլ արտագաղթել։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ