Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)
20.09.2013 | 11:32

«Հաշվենկատ ծերուկը անվերջ հաշվում է
խեր-շառ-Աստված սաթե իր համրիչը,
և երբ մատների վերջին կաթ արյունը
սառչի շառի վրա`
նա չի հասցնի հայհոյել.
նրան վաղուց լքել է մարդկությունը»։


«Վատ տրամադրություն»,

Լևոն ԱՆԱՆՅԱՆ

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է
(ֆելիետոնաբույր խումար)


Ո՜նց ենք սիրում, երբ մեզ ֆռռացնում են։ Հատկապես մեր ամենամերձավորները։ Զորօրինակ, հարևան մթերային խանութի մսամթերքի բաժնի չափավոր թմբլիկ, անուշ-մեղուշ, քիչ էլ շլդիկ վաճառողուհի տիկին Վեհանուշը։ Հարց ու փորձ է անում գիշերվա երազից, աշխարհաքաղաքական այլասերումներից, տիկնոջդ մոր առողջությունից (էդ ջադուն էն օրը սփրթնած էր, խեր լինի...), և մինչ մտքով փորձում ես Սիրիայի դեպքերը համադրել զոքանչիդ կաղ ոտքի հետ, դավադիր կշեռքն անում է յուր մրոտ գործը, ինքդ էլ շնորհակալ ու գոհ լքում ես խանութը։ Դուք կարծում եք` խոսքս թերակշռման մասի՞ն է։ Բնավ, զի թերակշռումը մեր կյանքում նույնքան բնականոն է, որքան, դիցուք, պատգամավորական երդմնազանցությունը։ Այո՜, առնում ենք մթերքն ու զվարթ հեռանում, զարմանալիորեն մոռանալով, որ ինքնախաբկանքի ենթարկվեցինք։ Ինչպե՞ս։ Շատ պարզ, սառեցրած ձկան և հավի բդի առնվազն 1/4-ը ջուր է, չէ՞ որ դրանք սառցապատ են, սառույցը հալչում է, խաբեությունը թռչում է ջրի երես։ Միևնույն է, խանութ չենք վերադառնում և անարգանքի սյունին չենք գամում գործակատար Վեհանուշին, խանութպան Վարազին, սրանք իրենց հերթին` ապրանքաբերին, վերջինս էլ` ներկրողին։ Սակայն սրանք մանրուքներ են, ճղճիմ և անցողիկ` ըստ մեր հանրային գիտակցության։ Այսինքն, իսկապես էլ, ինքնախաբեությունը մեր գիտակցությունն է, մենք դադարել ենք ինքներս մեզ հարգելուց, ինչից էլ օգտվելով որոշ գործամոլներ մեզ անարգում են բացեիբաց, ժպտադեմ և հեռանկարային։ Այո՜, ոնց ենք սիրում, երբ մեզ ֆռռացնում են։ Եվ խումարից չենք ազատվում։

ԿԵՂԾԱՐԱՐԻՆ` ԿԱՌԱՓՆԱՐԱՆ (պամֆլետամերձ նստացույց)
Պատկերացրեք մի կլոր սեղան։ Սեղանի շուրջը (2 շաբաթ ծոմ պահելեն ետքը), պատկերացրեք, բազմել են 1 ՀՀ սպառող, 1 շուն և 1 կատու։ Հանրային երեք կազմակերպություն և պետական չորս կառույց սննդապահովման շուրջ մոնիթորինգ են իրականացնում։ ¥Ի դեպ, ցանկալի է, որ ՀՀ սպառողը լինի ապահով մտավորական խավից, այսինքն` կաշառասուն դասախոս, ցանկալի է, որ շունը լինի փողոցային շնատեսակից, այսպես կոչված` дворняжка, կատուն էլ հայտնի ավազակ, այսինքն` բակի պատուհասը)։
Հնչում է սպառողների շահերի անպաշտպանության ապուշ օրհներգը։ Ներս են բերվում 370-750-դրամանոց նրբերշիկի ցելոֆանե տուփերը։ Նրբերշիկը խաշվում է, կատուն լարվում է, շունը մլավում է, սպառողը մայում է, զի խիստ կասկածելի է նրբերշիկի բուրմունքը։ Մի խոսքով, սպառողը վայելում է նրբերշիկը մանանեխով, ծամածռում է դեմքը, այնուամենայնիվ, ինքնագոհ եզրահանգում է` գնի համեմատ միանգամայն տանելի որակ է։ (Որքա՜ն ենք արժեզրկել մեր ազգային դրամը)։ Մի խոսքով, կատուն կտրականապես հրաժարվում է նրբերշիկից և պաշտոնապես հայտարարում` ավելի լավ է ես մի անտեր մուկ գտնեմ։ Շունը նմանապես խորշանքով շուռ է գալիս։ Սպառողը մոտենում է ըմբռնումով (ականջդ կանչի, Լևոն Տեր-Պետրոսյան)։ Սակայն չէ՞ որ մեր ողջ շուկան է հեղեղված որակապիղծ սննդամթերքով։ Դիցուք, աղացած միսը, որը վաճառվում է առանձին տուփերով, մակնշված, բոլոր նորմատիվները պահպանված։ Եվ, խնդրեմ, աղացած մսից պատրաստված տոլման գարշահոտում է ուտեստի առաջին եռքից սկսած։ Փորձեցի այն նվիրաբերել անձնական կատվիս` «Գելխեղդ» մականունով։ Գելխեղդս վիրավորվեց ու բաղաձայն մլավեց, որը թարգմանաբար նշանակում է` «ինքդ լափիր»։ Այո՜, մեր ստամոքսները կարծես փորձակայան են, ուր փորձարկվում են դեռ Երկրորդ աշխարհամարտի համար պահածոյացված և, ի վերջո, ՀՀ ներկրված և տեղում արտադրված ժամկետանց, վնասարար և անբարոյական մթերքները։ Զուգահեռ զարգանում է նորահայոց շուկան, լաքապատ մարկետներն ու օսլայած վաճառատներն արտաքուստ քաղաքակրթության օազիսներ են, ներքուստ` երբեմն համաճարակի կենտրոններ։ Լավ, շուկայի կառավարական խոսափողերը համոզում են պարզամիտներիս, որ շուկան ինքնակարգավորում է ամեն բան, որակյալ տեսականին, բնականաբար, թանկ արժե, ցածրորակը` էժան։ Սակայն չէ՞ որ ցածրորակը բնավ չի նշանակում վնասակար։ ՈՒ շատ հաճախ էժան ապրանքատեսականին մարտահրավեր է մեր առողջությանը։ Ահավասիկ, փորձենք օգտվել նշյալ սեղանից, որը նախատեսված է անապահով խավի, ասել է` երկրի բնակչության 50 %-ի համար։ Փորձակայան սույն սեղանին 0,5 լիտր օղի է (գինը 800-900 դրամ), տեղական հավի բդիկներ (որոնցից, չգիտես ինչու, բրազիլական հետնախորշերի բույրն է սփռվում, 1 կգ-ն արժե 1000-1200 դրամ) և «փրկարար» մեր մածունը։ Մածնից դժվար է գլուխ հանելը, բայց այստեղ էլ հանելուկ չկա, զի այն պատրաստված է անդրօվկիանոսյան (անպատճառ ժամկետանց) կաթի փոշուց։ Օղին, եթե բաղդատենք, թրմված է դիմեդրոլի և մանանեխի փոշու խառնուրդից։ Այսպիսով, նշյալ սեղանը վնասաբերության խորհրդապատկեր է և մնում է մխիթարվել հացով։ Ի՞նչ, մի՞թե սա ես եմ ասում, մի՞թե նորահայոց հացում պատիվ ու հարգանք է մնացել, անարգանք է, քաշն ամենուր նվազ է, ալյուրը` հաճախ նվաստացուցիչ որակի, հավելումները` արգելված միջազգային բազմաբնույթ կոնվենցիաներով, սակայն խստորեն կիրառելի ՀՀ-ում։ Ի դեպ, տեղյա՞կ եք, թե ինչպես է շաքարավազը ինքնորոշվում-խոնավանում անտես մեր աչքի համար։ Բարբարոսական սույն գործընթացը հանճարեղորեն պարզ է (հասկանալի է` սրիկայորեն հնարամիտ)։ Համապատասխան պահեստներում պահեստավորված շաքարավազի պարկերի միջև տեղադրվում են ջրով լի բերանբաց տակառները։ Բնական է, ջուրը մեղմիկ գոլորշանում է, գոլորշին էլ հանդարտ սողոսկում է շաքարավազի «ներաշխարհը»։ Խոնավացա՞վ շաքարավազը, անշուշտ, շահեցին ներկրողն ու վաճառո՞ղը, վստահաբար։ Ափիբերան մնացի՞ն պատկան վերստուգիչ կազմակերպությունները։ Իհարկե։ Ի վերջո, ովքե՞ր տուժեցին: Սպառողներս` ահելով ու ջահելով։
Այսպիսով, մեր շուկան շնկշնկում է և շառաչուն ապտակներով շնորհավորում մեզ։ Մի կողմից` եվրոպական որակի սարքեր են վաճառատներում և եվրոպերեն ժպտացող վաճառողուհիներ, մյուս կողմից` հետդարձ դեպի 90-ականների շուկա-խուժանստանը։ Եվ ահա իրազեկ ընթերցողներս տեղեկացնում են, որ, զորօրինակ, ստամոքսային տագնապ առաջացնող և եվրապիտակավորված երշիկեղենն ու մսեղենը արտադրվել, արտադրվում և դեռ երկար արտադրվելու են մեր քթի տակ կիսանկուղներում, ավտոտնակներում և այլ փնթի-աղտոտ-անհեռանկար օբյեկտներում։ Ահավասիկ մի ցնցող պատկեր. N ավտոտնակում խոզագլխի մշակման արտադրամասն է գործում, խոզագլուխներից քերում են ճարպը, որը, անշուշտ, սննդային թափոն է, և վաճառում մսամթերք արտադրող որոշ ընկերությունների։ (Սույն տեսականին, բավականին թանկ գնով վաճառվում է բարձրաշխարհիկ վաճառատներում)։ Բնականաբար, երշիկը և այլն վերածվում են մի բանի, որն ունակ են լիարժեք մարսելու միայն առնետները և ստիպողաբար` նորահայոց անապահով խավը։ Ահա թե ինչու է Գելխեղդս ինձ վերջնագիր ներկայացրել` կամ դու դադարում ես էժան նրբերշիկ ու օղի գնելուց, կամ ես լքում եմ քեզ ու միանում եմ տրանսպորտային ցուցարարներին։

Ի՜նչ հուզիչ-պետականափրկիչ էին մեր շուկայի թափահարումները աջից ու ձախից, պետական և հանրային կառույցների մունետիկներն ամենուր էին, բռածավալ մի կրպակում և մղոնաչափ մեկ մարկետում։ Ստուգում էին, փաստում շուկայական ելուզակությունը և, խնդրեմ, հերթական իշխանապետական հանդիսախաղը հեռուստաէկրաններին ամենայն հայոց, ենթատեքստն ակնհայտ է, տեքստը` անվարան, մեր բարեկրթվող հանրապետությունում որևէ ընկերություն անձեռնմխելի չէ, օրենքի առաջ հավասար են բոլորը` և՛ կրպակը, և՛ սուպերմարկետները, և՛ կրպակատիրոջ «Մոսկվիչը», և՛ սուպերմարկետակայսրի օդանավերը։ ՈՒշագրավ էին մեղադրվող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների բեմելները, յուրաքանչյուրը, ասես, անմեղության կանխավարկած, ահավասիկ մի ողջ երկիր են ապահովում ձվով ու շաքարավազով, բայց մեր մի աննշան շանտղությունը դարձնում են «Հայոց հարց»։ Հետո նրանք շախով-շուխով տուգանվում են (լապշայի մեծածախ ողկույզներն են կախվում հանրության ականջներից), ապահովում ենք պետգանձարանի մուտքերը և սպառողների սրտից էլ ջուր խմում. ահավասիկ` կեղեքիչները պատժվեցին։ Մի խոսքով, ոնց որ թե երկիրը երկիր է դառնում։ Հանդիսախաղից օրեր անց պատժվածները պղծված տեսականու հերթական չափաքանակն են շուկա նետում, և սպառողը ստիպված է հաշվարկել, որ 1 մլն դոլար գողոնի դիմաց 1 հազար դոլար տուգանք վճարելն առնվազն ճակատագրի պարգևն է, որ առջևում են նախագահական, խորհրդարանական, քաղաքապետի ընտրությունները, և նման թոզափչումը անհրաժեշտ ներարկում է ընտրազանգվածի հոգում։ Իսկ ինչու այս օրերին սպառողափրկիչ հանդիսախաղերը չեն լուսարձակվում, լույսի պես պարզ է, դեռ մի քանի տարի ընտրություններ չիք։

ԴԱՇԻՆՔ ԱՌՆԵՏՆԵՐԻ ՀԵՏ (սարկաստիկ վերջերգ)
Պարզվում է, Գելխեղդը ուսիս վրայից կարդում էր շարադրանքս։ Կարդաց և հանդես եկավ հատուկ կարծիքով։ Նախ հուշեց, որ նորահայոց շուկայում ռուսական բարձրորակ օղիների առկայությունը պայմանավորված է ոչ թե նշյալ շուկայի կարգավորմամբ, այլ դրա քրեականացմամբ։ Մասնավորապես, ռուսական օղու ներկրողները ամսական տուրք են վճարում նորահայոց օղու գլխավոր զեղծարարին, որ վերջինս իրենց օղին չկեղծի։ Այնուհետև զեկուցեց, որ բակի առնետների հետ դաշնագիր են ստորագրել (իմ և իր անունից), որ նրանք առաջինը ստուգեն անապահովների սննդի որակը։ Եվ եթե առնետներն ինչ-որ բան ճաշակելով թեթև սրտխառնոց զգան, նշանակում է` սննդամթերքը թունավոր է, ենթակա անհապաղ ոչնչացման։ Ի դեպ, դաշնագրի ստորագրմանը որպես երրորդ կողմ հրավիրված է ՀՀ կառավարությունը։ Առայժմ նրանից պատասխան չկա։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ