ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հակապետական երգ երգոց (նորահայոց փողոցների ողբը)

Հակապետական երգ երգոց (նորահայոց փողոցների ողբը)
13.09.2013 | 11:25

«Շուռ տալով Ծննդոց գաթաները թխած,
շուռ տալով սեղանը հարսանյաց,
շուռ տալով գինի ու հոգեհաց`
ԽՈԶԵՐԸ ԵՐԿԻՐԸ ԿԵՐԱՆ»։

«Սպասելով գեղեցկուհի խոզարածին»,
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՐԳ ԵՐԳՈՑԻ ՇՎՇՎՈՑԸ
(նախաճաշում ենք արևածաղիկով)
Ե՞րբ երգվեց հանրապետության օրհներգը։ (Խոստովանում եմ, սույնը գրելիս կարկամեց գրիչս, ինչպես կարկամում են մականունակիր մեր երեսփոխանների պերճախոս լեզուները, երբ սերտում են «Շունն ու կատուն»)։ Գուցե այն օրերին, երբ պետությունը կենվոր դարձավ սեփական տա՞նը։ Գուցե, սակայն սփոփանքը աննշան է, զի նորհայկական ճգնաժամը ինքնածին է, ինքնաբավ, անգամ ինքնահրձիգ։ Այնինչ Երկիր մոլորակում ճգնաժամերը «միամտաբար» ծագում են, «լպիրշաբար» բարգավաճում և «անհրաժեշտաբար» շունչը փչում։ Մի խոսքով, զբոսաշրջենք համաշխարհային ճգնաժամերի ծառուղիներում, զանազանենք մոլախոտը եղևնուց և կռահենք, թե ինչու են նորհայկական ճգնաժամերը մարելու փոխարեն վերարտադրվում, ինչպես խեցգետինները Գեղամա ծովում։

«ՍԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻ». ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
(ճաշում ենք ալպյան ավելուկով)
1929-ի հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ը ցնցվում էր, սակայն ոչ թե ջազի, այլ պորտապարի ռիթմերով, Նյու Յորքի ֆոնդային բորսայում արժեթղթերը արժեզրկվեցին 70 տոկոսով։ (Ամերիկացիները դրանցից ձերբազատվում էին նույն խանդավառությամբ, ինչպես մեր երեսփոխաններն են ազատագրվում իրենց նախընտրական խոստումներից)։ Օրը հինգշաբթի էր, որն էլ պատմության մեջ արձանագրվեց որպես «Սև»։ Սև էր նաև հաջորդող երեքշաբթին, երբ մեկ օրում 30 մլրդ դոլարով վաճառվեց 40 մլն բաժնետոմս։ Այո՜, ցնցակաթվածի մեջ էր համաշխարհային արդյունաբերության առաջատար երկիրը, ինչպես մեր օրերում կաթվածահարվում են հայ մանկավարժները` կրթական հերթական բարեփոխմանը բախվելով։ Բայց չէ՞ որ այլ ճգնաժամեր էլ են եղել, մասնավորապես Դոն Կիխոտի հայրենիքում։ Երբ ամերիկյան բնիկներից կորզված ոսկու և արծաթի ձուլակտորները հեղեղեցին Իսպանիան, արքունիքը թաղված էր շվայտության մեջ, այնինչ ժողովուրդը քաղցում էր, և ցլամարտիկներն էին անցել անժամկետ ցլամարտադուլի։ Ի վերջո Իսպանիայի գահակալ Ֆիլիպ II-ը լացակումած հայտարարեց` իսպանական պետությունն այսուհետ սնանկ է, զի ոսկին և արծաթը եթե ոչ ջրի, ապա անգամ աթարի հարգանք էլ չունեն։ ¥Եկեք երազենք, հնարավո՞ր է, որ աչալուրջ մի ՀՀ ղեկապետ տրտմագին շեփորի` ՀՀ-ն սնանկ է։ Նման բան` չիք, զի էլիտար շապիկ-վարտիքների և արծաթյա զուգարանակոնքերի տեսակարար կշռով մենք անվիճելի առաջատար ենք Եվրասիայում¤։ Սակայն վերադառնանք ԱՄՆ, ուր սկսվել էր «Մեծ լճացումը», և երկրի նախագահ էր ընտրվել Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը։ Նա 1933-ի մարտի 9-ին գումարված Կոնգրեսի հատուկ նստաշրջանում հռչակեց «Նոր գծի» քաղաքականությունը։ Տիար Ռուզվելտը անիվ չէր հորինում, նա հենվեց անգլիացի նշանավոր տնտեսագետ և տեսաբան Ջոն Մեյնարդ Քեյսի ուսմունքի վրա։ Արգո Ջոնը համոզիչ հիմնավորում էր, որ երբ որևէ երկրում գերիշխում են մոնոպոլիաները, երկրի տնտեսական խառնաշփոթը պետք է կարգավորվի պետության մասնակցությամբ։ Արտակարգ արդյունավետ էր Ֆրանկլին Դելանո - Ջոն Մեյնարդ դաշինքը. արդեն հունիսին ընդունվեց օրենքը` «Ազգային արդյունաբերության վերականգնման մասին»։ Պատմում են, որ ամերիկյան օլիգարխիան խիստ հուզմունքից կորցրել էր յուր քսակի հյուսիսն ու հարավը (տարոսը մեր արյունակից օլիգոպոլիկներին)։ Սակայն օրենքը ձայն բարբառոյ հանապատի չմնաց, քանզի իսկույն ամրապնդվեց զորեղ մի կառույցով` «Ազգային վերականգնման վարչություն» հոգեշահ անվամբ։ Այստեղ, ըստ Ձեզ, ովքե՞ր ընդգրկվեցին` հանրային անպտուղ ճառաբաննե՞րը, գուցե ընդդիմադիր քաղաքական դուրսպրծուկնե՞րը, բնա՛վ։ (Պաղատում եմ, մտովի, անուն առ անուն, վերհիշենք նորահայ հանրային ճառաբաններին ու քաղաքական դուրսպրծուկներին)։ Ահավասիկ վարչության պատկառազդու կազմը. ճարպահղփուն օլիգարխիան ներկայացրել էր յուր խամաճիկներին ԱՄՆ-ի առևտրի պալատից, «Ջեներալ Մոթորսից», «Ստանդարտ Օյլից» և Մորգանի խմբից։ Սրանց խրոխտ հակակշռում էին առաջադեմ տնտեսագետները «Աշխատանքի ամերիկյան դաշնությունից»: Սույն կառույցը բացառապես գտնվում էր ամերիկյան պետության մենաշնորհային դաշտում և պաշտպանում էր աշխատավորության շահերը։

ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
(միջանկյալ բացատրական աշխատանք)
«Ազգային արդյունաբերության վերականգնման մասին» օրենքը եռամաս էր ու բավականին մարտունակ։ Այն հրովարտակեց «Ազնիվ մրցակցության վարքականոնը», երկրի արդյունաբերական համակարգը բաժանվել էր 17 խմբի, յուրաքանչյուրն իր ուրույն վարքականոնով։ Ինչ եղավ հետո՞։ Մի՞թե պարզ չէ. ամերիկյան ձեռնարկությունները սահմանում էին արտադրության ծավալները, աշխատավարձի չափը, աշխատաժամերի քանակը և այլն։ Օրենքի երկրորդ, այնուհետև երրորդ մասերով հստակվեցին հարկման ձևերը և հանրային աշխատանքների ֆոնդը, դրա միջոցների օգտագործման կարգը և այլն։ Ի վերջո, նախագահը ստորագրեց 746 առանձին վարքականոնի տակ, որոնք ընդգրկում էին երկրի արդյունաբերության ու առևտրի 99 %-ը։ (Ցավոք, անվարքականոն 1 %-ը առայժմ անհայտ է մեզ, թե գտնեմ, անմիջապես կիրազեկեմ)։ Սակայն չէ՞ որ անթիվ էին գործազուրկները` Բոստոնից մինչև Սիեթլ (Բոստոնը, հիշեք, Ատլանտյան օվկիանոսի ափին է, Սիեթլը` Խաղաղ)։ Կոնգրեսը չէր հորանջում օրնիբուն, շինիչ ծրագրեր էր մշակում` վասն ապահով Ամերիկայի։ Եվ, ահավասիկ, ստեղծվում է «Հանրային աշխատանքների վարչությունը» (գլխավորությամբ ԱՄՆ-ի ներքին գործոց նախարար Իկեսի), ստեղծվում են աշխատանքային ճամբարներ` 18-25 տարեկան գործազուրկ ջահելների համար։ Նրանց ապահովում էին անվճար սննդով, տրամադրում էին տանելի կացարան, հետո էլ վճարում էին 1 դոլար 1 օրվա աշխատանքի դիմաց, սա մոտավորապես նորհայկական 10 հազար դրամն է։
1935-ին 3 մլն մարդ էր երջանկանում աշխատանքային ճամբարներում։ Նրանք զվարթ ու հաղթական ճանապարհներ էին նորոգում, ոռոգմամբ էին զբաղվում և այլն։ (Ակամա հիշում եմ մեր ջահելների ներկա խիզախումները` բազեների ու արծիվների կանաչ, կարմիր, կապույտ ճամբարները երկրի զովաշունչ հանգստյան գոտիներում և բարձր ղեկավարության ջերմոցային հովանու տակ)։ Այս ամենի կնքահայր Ֆրանկլին Դելանոն մի օր ինքնաբավ նշագրեց. «Ազգային արդյունաբերության վերականգնման օրենքը պատմության մեջ կմտնի, հնարավոր է, որպես Կոնգրեսի երբևէ ընդունած կարևոր գործող օրենսդրություն»։ Կեցցե՛ս։
Հետո ավելի ուրախ ժամանակներ եկան։ Ընդունվեց օրենք` «Գյուղատնտեսության կարգավորման մասին», նաև, անշուշտ, ծնվեց «Գյուղատնտեսության կարգավորման վարչությունը»։ Մի խոսքով, մի շարք արմատական քայլերից հետո խորագույն ճգնաժամի մեջ հայտնված գյուղատնտեսությունը վերելք ապրեց (ճգնաժամի օրերին ցորենի գինն այնքան էր իջել, որ որոշ նահանգներում այն որպես վառելիք էին օգտագործում)։

«ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ» ՈՒ ԼԻԳԱՅԻ ՄՐՄՈՒՌԸ
(օլիգարխիատն ամենուր նույնն է)
Դուք գիտե՞ք, թե ինչ բան է նստագործադուլը։ Իրազեկում եմ։ 1933-1939-ին գործադուլի մասնակցեց 8 մլն ամերիկացի։ Աշխատավորների մի մասը մնում էր գործարանի ներսում (անշուշտ, չէր բանում, ոտքը ոտքին գցած մեղմանուշ շվշվացնում էր և սղոցում գործարանատիրոջ նյարդերը)։ Մյուսները շուրջօրյա նստացույց էին անում։ Կազմավորվում-ամրապնդվում էին արհմիությունները, աշխատավորության շվշվոցից ահաբեկված օլիգարխիատը տեղի տվեց, ի հայտ եկավ նշանակալից մի կառույց` «Ամերիկյան բանվորական դաշինքը»։ Սա «Պրոլետարական շարժման» փառահեղ հաղթանակն էր, ինչից, բնականաբար, փառակալել էին գերքսակավորների աչքերն ու ախորժակը։ Արգո Ֆրանկլին Դելանոյին ընդդեմ էին անարգ Մորգանը, Ռոկֆելլերը, Դյուպոնն ու Մելոնը։ Նրանք զինեցին հակընդդեմ միավորումը` «Ազատության ամերիկյան լիգան», որը պահանջում էր հրաժարվել պետական կարգավորումից, նվազեցնել խոշոր կապիտալի հարկերը և կոշտացնել դիրքորոշումը աշխատավորության հանդեպ։ Ախորժակներին քացախաթթու. Ռուզվելտը փրկել էր ամերիկյան պետականությունը։
Այո՜, պատվարժան իմ ընթերցող, օլիգարխները հավերժորեն նույնն են, կառավարությունները` ամենուր տարբեր։ Հուշեմ-հիշեք` դեռևս Հաննիբալը ընկավ կարթագենյան օլիգարխիատի թակարդը։ Երբ հանճարեղ այրը աշխարհակալ Հռոմի դռանն էր չոքել, անհրաժեշտ օգնությունը տեղ չհասավ, օլիգարխիան դավեց Հին աշխարհի հերոսին։ Ի վերջո, Կարթագենն ընկավ։ Մի խոսքով, այսօր ժողովրդավար և իրավական հանրապետություն ենք դեյուրե, ժողովրդատապալ և իրավազուրկ հակապետություն` դեֆակտո։ Ինչո՞ւ, մի՞թե Ֆրանկլին Դելանոն ավելի խոր միտք և ամուր կամք ուներ, քան մեր I, II և III ղեկապետերը։ Բնա՛վ։ Պարզապես նա սերտաճած չէր մորգանառոկֆելլերյան կապիտալին, և նրա մերձավոր շրջապատի համար հայրենիքը դրամ արտադրող անխափան սարք չէր։

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ
(իրիկնահացին գաթա և Այգեկցու առակները)
Խոզերը, այո, երկիրն են ուտում, չեն ուտում, հոշոտում են։ Սակայն չէ՞ որ խոզերը բնորոշ կենդանի չեն հայոց սրբազան լեռնաշխարհի համար։ Մերն արծիվն է, առյուծը, թերևս նժույգը (Արցախի հրեղեն նժույգների մասին հիշատակել է դեռևս Քսենոֆոնը)։ Մի խոսքով, մեր առջև երեք գերակա խնդիր է ծառացել.
ա) հայտարարում ենք համազգային կուսակցադուլ և նորահայոց քաղկառույցները քշում սահմանամերձ մեր գյուղերը` ապաշխարության (բայց, վախենամ, Երևանը դատարկվի,
բ) «Եղունգ ունես, գլուխդ քորի» ստորաքարշ նշանաբանը փոխարինում ենք «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես» վեհաշուք կարգախոսով (հրաշալի է` միաբանվում ենք զինվոր ու ռանչպար, նախարար ու նախրապան),
գ) պաքսիմատ ենք ամբարում և հակապետության դեմ սրբազան պատերազմ հայտարարում (այսինքն` 1, 2, 4 ու 5 շաբաթ տնից չենք հեռանում, թող հակապետության մեծն ու փոքրը մեր փոխարեն իրացնեն իրենց ժամկետանց ձուն ու ձուկը, ապահովեն երթուղայինների անխափան աշխատանքը, բուհերի նենգապատիր վարձը, վերջում էլ թող հոգիները բերանները հասած արտագաղթեն)։
Մի խոսքով, ուս ուսի փրկենք մեր տանջահարվող երկիրը տնտեսական խոցերից և խոզերից, քաղաքական բոսերից։ Ամե՜ն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Երրորդ հանրապետության արշալույսն էր, խանդավառ բախեցի իշխող կուսակցապետության ազատական եվրադռներից մեկը և առաջարկեցի ծրագիրս հայրենանվեր, այն է` 10 հազար կամավոր Երևանից մեկնում է աղետի գոտի, Գյումրի և Սպիտակ, որպես անվճար բանվորական աշխատուժ և բանում է այնտեղ ճիշտ 10 օր։ Հետո նրանց փոխարինում են մյուս 10 հազար կամավորականները։ Կուսակցապետությունն ապահովում է սնունդն ու վրանային կացարանը։ ՈՒշի ուշով կարդացին։ Ստուգեցին զարկերակային ճնշումս և բղավեցին ուղիղ հոնքամեջիս. «Վերջ տվեք ձեր սովետական ապուշությանը, մենք ժողովրդավար երկիր ենք կառուցում, և նման կամավորական մռնչոցը հակոտնյա է մեր ազգային զարթոնքին»։

Դիտվել է՝ 2259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ