ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Որպես ծնող պատասխանատվություն պիտի կրե՞նք մեր փուչ «զավակների» համար

Որպես ծնող պատասխանատվություն պիտի  կրե՞նք մեր փուչ «զավակների» համար
18.06.2013 | 00:18

«Անվստահությունն իշխանության նկատմամբ պետք է լինի յուրաքանչյուրիս քաղաքացիական առաջին պարտքը»։
ՆՈՐՄԱՆ ԴՈՒԳԼԱՍ, շոտլանդացի գրող

Շատ օգտագործվելուց բառերը նույնպես կարող են մաշվել և դեղահաբերի նման վնասակար ազդեցություն ունենալ: Օրինակ, իշխանությունները շատ օգտագործեցին «հանդուրժողականություն» բառը, վերջում իրենք դարձան անհանդուրժող: «Կազմաքանդել» բառն այնքան հաճախ օգտագործեցին ընդդիմադիրները, որ վերջում իրենց շարքերը կազմաքանդվեցին: Հիմա հերթը հասել է «երկխոսություն» բառին, նշաններ կան, որ շուտով սա էլ հայկական դրամի նման արժեզրկվելու է: Երկխոսությունը հայերի մոտ միշտ սկսվում է մենախոսությամբ: Ընդդիմության երկխոսությունը սկսվում է «Գանգատ բախտից» մենախոսությամբ` «Մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի», «էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ»... Իշխանության մենախոսությունն էլ սա է. «Տանձն ինձի, խնձորն ինձի, սերկևիլն էլ սիրտս կուզի, էսքանից հետո ինչ իմաստ ունի նստել ու մի լոլիկի վրա բազար անել»: Երկխոսություն չի ստացվում և վերջ: Բայց դե արի ու Եվրոպային համոզի, որ իսկապես չի ստացվում: Եվրոպան էլ իրենն է առաջ քշում ու դեմ դիմաց նստեցնելով ընդդիմությանն ու իշխանությանը, ինքն էլ նստում է երկուսի արանքում:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ.- Ոչ մի երկխոսություն, միայն իշխանափոխություն:
ԵՎՐՈՊԱ.- Չէ, չէ, ի՞նչ եք ասում, միայն երկխոսությունը ձեզ էս վիճակից դուրս կհանի, ճիշտ է, ընտրություններն անցել են խախտումներով, նման բաներ մեզ մոտ էլ են պատահում, այնուամենայնիվ, դրանք միջազգային չափանիշներին մոտ էին, ինչ վերաբերում է հետընտրական անկարգություններին, այստեղ արդեն, այ, այ, այ, իշխանությունը լուրջ սխալներ թույլ տվեց:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.- Ոչ մի սխալ էլ թույլ չենք տվել, մեր անկարգությունը գալիս է իրենց անկարգությունից, համ էլ մինչև ընտրությունների արդյունքները չճանաչեն, մենք սրանց հետ երկխոսության չենք նստի:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ.- Մեր ընկերներին բանտեր եք նստեցրել, 10 զոհը մոռանալ կլինի՞...
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.- Ձեր ընկերները զինված էին, մենք օպերատիվ տեղեկություններ ունեինք, որ եկել էին իշխանությունը խլելու...
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ.- «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»:
ԵՎՐՈՊԱ.- Լեզու գտեք իրար հետ, ջանըմ, մենք մեր դարդ ու ցավը թողած ինչքա՞ն պիտի զբաղվենք ձեզանով:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ.- Սուս արա, Եվրոպա, էս գործի մեջ դու էլ պակաս մեղք չունես: Քեզ արդար դատավորի տեղ դրինք, եկար, աչքերդ փակ մե՛կ նալին խփիր, մե՛կ մեխին, հետո թողիր գնացիր:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.- Հիմա էլ Եվրոպային կպաք: Լավ, հարգելի Եվրոպա, սրանց ասեք «թող բարիշեն, ինչ եղել» եղել է, հո աշխարհով մեկ խայտառակ չե՞նք լինի, թող գան, միասին երկիրը դուրս բերենք էս վիճակից, կուզեն պաշտոնից-բանից իրենց էլ տանք, ընդարձակենք իրավասությունները:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ.- Էդ պաշտոնները ձեր հոր տնից չեք բերել, որ մեզ տաք կամ չտաք, նախ` դուք լեգիտիմ չեք, էդ պաշտոնները զավթել եք, հետո` դեռ դուք պատասխան պիտի տաք մարդկային զոհերի համար:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.- Նախ` մենք միասին պիտի պատասխան տանք ոչ միայն զոհերի, այլև ուրիշ շատ հարցերի համար: Հետո` ձեզ չի թվո՞ւմ, որ կոռեկտության սահմաններն արդեն անցնում եք…
Գիտականորեն ապացուցված է, որ այսպիսի երկխոսությունն անարդյունք, անսպասելի ու անկանխատեսելի ավարտ է ունենում:
Ինչևէ, սա չէ իմ գլխավոր ասելիքը:
Գիտական հոգեբանության մեջ կա այսպիսի մի հասկացություն, կոչվում է էմպաթիա, հայերեն կլինի համազգացողություն: Դա այն է, ինչով առաջնորդվում են շախմատիստները խաղատախտակի առջև նստելիս: Իսկական շախմատիստն իր քայլը չի կատարում, եթե չի հաշվարկել հակառակորդի պատասխան քայլը: Հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի է: Կա նաև չգրված մի ուրիշ կանոն, երբ խաղացողը հակառակորդի քայլերը ճիշտ չի հաշվարկել, զգում է մատի սպառնալիքը, ընդունում է իր պարտությունը և պատրաստվում հաջորդ խաղին: Խաղի կանոնների մեջ չի մտնում այն դեպքը, երբ խաղացողներից մեկը, տեսնելով, որ խաղն արդեն տանուլ է տալիս, իրենց խաղին հետևող դատավորի ուշադրությունն էլ ուրիշ տեղ է, խաղատախտակը շուռ է տալիս, մտածելով, որ խաղն այդպիսով կհամարվի չկայացած:
Շախմատային այսպիսի իրավիճակում են հայտնվել քաղաքական ուժերը Հայաստանում: Թե ով սարքեց քաղաքական այս էնդշպիլը, դժվար է որոշել, երկու խաղացողներն էլ միմյանց մեղադրում են խաղատախտակը շուռ տալու մեջ: Եվրոպայից եկած դատավորն էլ, այդ պահին գտնվելով հանդիսատեսների շարքում, միայն մի բանի մասին էր մտածում` ինչքան հնարավոր է` շուտ ավարտվի այս խաղը, գնա իր տունուտեղին, իր բանուգործին:
Եվ այսպես, մշտական շախով շարունակվող խաղի ավարտը չի երևում, հիմա այդ խաղը մեկնաբանվում ու քննարկվում է ամենուր` հարսանիքներում ու սգահանդեսներում, երթուղային տաքսիներում ու վարսավիրանոցներում, էլ չենք ասում, որ լրագրողական աշխարհի համար նոր ու թարմ անսպառ նյութերով թեմա է բացվել:
Թերթելով վերջին ժամանակների համացանցը և հայ մամուլը` խիստ նկատելի է դառնում մի միտում. Երկուսն էլ, գրեթե առանց բացառության, տառապում են կամ չափից դուրս իշխանասիրությամբ, կամ չափազանց իշխանատյացությամբ:
Հռետորական հարց է կախվում օդում` պե՞տք է արդյոք իշխանություններին այսչափ սիրել կամ այսչափ ատել:
Նախ` սիրելու մասով: Լրագրողներին նախապես ասեմ, որ այդ սերն անպտուղ է, դրանից ոչինչ չի ծնվում, ամենից առաջ այն պատճառով, որ սերն այդ գրեթե երբեք փոխադարձ չի լինում: Վաղուց ապացուցված է, որ իշխանությունները բոլոր ժամանակներում, բժշկական լեզվով ասած, ռեզուս ֆակտոր են ունեցել մամուլի նկատմամբ: Իսկ ապերասան լրագրողներն էլ պաթոլոգիական հատուկ ատելություն են ունեցել իշխանությունների հանդեպ:
Իսկ պե՞տք է արդյոք սիրել իշխանավորներին: Սիրենք, որ նրանք մեզ վրա իշխեն սիրելո՞վ կամ մեզ սիրեն իշխելո՞վ: Մի՞թե լրագրողներս իսկապես հալումաշ ենք լինում այդ սիրո համար: Ջիվանին կասեր` «Շատ մի սիրի, վերջում ատել կա, շատ մի ատի, վերջում սիրել կա»: Զորօրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին մի ժամանակ շատ լավ սիրեցին: Հետո դրան հաջորդեցին ատելության և նորից սիրո ու ատելության շրջափուլերը: Թերևս նույնը կրկնվի նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բանաստեղծը կասեր. «Այսօր եղջյուրներից վերև կբարձրացնեն, վաղը սմբակների տակ կգցեն»: Եվ այդպես շարունակ:
Իշխանության մեջ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնց կթվա` էս ժողովրդի փորում խիղճ, Աստված չկա, անգամ մատներդ մոմ անես, վառես, այս «բոմժերը» քեզ չեն գնահատի: ՈՒրեմն «Քանի դեռ իշխանություն ունես, վայելիր, վաղվա օրը անհայտ է մեզ, ապրենք այսօր, քանի կանք»:
ՈՒ հիմա թերթերը թուրքախառն և ռուսախառն հայերենով գրում են իշխանությունները «հաբռգած են», իշխանությունները «զապադլո են»: Խեղճ ընթերցող, չգիտի ինչ անի: Ստիպված `«հալվա, հալվա» ասելով` բերանն է քաղցրացնում:
Ինչևէ, սա էլ չէ իմ գլխավոր ասելիքը:
Իսկ գլխավոր ասելիքս շատ հասարակ հարցի մասին է` ինչպե՞ս են հայտնվում իշխանությունները մեր կյանքում, ո՞վ է նրանց ծնունդ տալիս: Պատասխանն առավել պարզունակ է` մենք ենք ստեղծել այս իշխանությունները մեր կոտրած ձեռքերով, մեր կերկերուն, նվաղուն ձայներով:
Հիմա ի՞նչ ենք ուզում: Իշխանությունների ստեղծողը, ծնողը մենք ենք, էհ, ուրեմն, որպես ծնող պատասխանատվություն պիտի կրե՞նք մեր փուչ «զավակների» համար: Ով չգիտի, որ եթե ժամանակին սխալների համար նրանց ականջները մի լավ ոլորեինք, անպատիժ չթողնեինք, հիմա նրանք անառակ որդու նման մեզ այս կերպ չէին հատուցի: Մեզ հասնում է, ուրեմն:
Այդ դեպքում հարց` ի՞նչ անենք հիմա մեր իշխանությունների հետ...
Պատասխան` հարկավոր է նրանց ոչ սիրել և ոչ էլ ատել:
Հիշում եմ` դպրոցական տարիներին մաթեմատիկայի մեր դասատու Սիրականը, որին մենք «հարգելի» էինք ասում, ամենաբարդ խնդիրները հասկանալի դարձնելու համար միշտ որևէ օրինակ էր բերում: Դիցուք, կասեր նա, հարևանդ քեզնից պարտքով փող է վերցնում, որ հետո տոկոսներով վերադարձնի: Դու տալիս ես նրան, որովհետև քո հարևանն է, լավ ես ճանաչում: Անցնում է ժամանակ, հարևանդ քեզնից վերցրած փողերով ծաղկեցնում է իր տնտեսությունը, ամառանոցներ է շինում Ծաղկաձորում, Երևանի Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերում տուն է առնում, ձեռքի հետ էլ մի երկու ջիպ կամ «Համեր» է զավակներին նվիրում: Ագահությունն աճում է հարստության աճի հետ հավասար: Քո տված փողերի ու տոկոսների մասին էլ ինչքան հիշեցնում ես, պատասխանում է. «Համբերի, կվերադարձնեմ»:
Կհամբերե՞ս: ՉԷ՞: Իսկ ի՞նչ կանես: Կարծում եմ` ձենդ աշխարհով մեկ կանես, հարևաններիդ, բարեկամներիդ գլխիդ կհավաքես, կնոջդ և երեխաներիդ հետ բողոքի ցույցի կելնես, նստացույցի ու հացադուլի մասին էլ չեմ ասի, դրանց ժամանակն էլ կգա: Մարդիկ կլինեն, խորհուրդ կտան մի լավ քոթակ տալ ամբարիշտ հարևանիդ, համոզելով, որ դագանակը օրենքի հակիրճ տարբերակն է: Կարծում եմ` սադրանքների չես գնա: Չէ, ասում ես, անիմաստ է նրա հետ կռվի մեջ մտնելը, ավելի լավ է` կնոջս, երեխեքիս առնեմ, գնամ օտար երկրներ:
Էհ, գնա, գնա օտարների ոտքերը մաքրիր, փոխանակ մնաս, հարևանիդ հետ գլուխ դնես: Դիր այնքան, մինչ հասնես ուզածիդ: Վերջապես դու անկախ երկրի քաղաքացի ես, երկիր, որ զինանշան ու օրհներգ ունի, Սահմանադրություն ու Սահմանադրական դատարան ունի, Եվրադատարանն էլ քեզ է սպասում: Ի՞նչ ես հուսահատ դեսուդեն ընկել, էսպես որ բոլորս թողնենք գնանք, ո՞վ պիտի էս երկիրը երկիր դարձնի:
Իշխանությունները մեզնից պարտքով փող, այսինքն` իշխանություն վերցրած մարդիկ են: Մենք նրանց փող (իմա` ձայն) ենք տվել, որ հատուցում ստանանք: ՈՒրեմն նրանք միշտ մեզ պարտք են, քանի դեռ իշխանություն են կրում: Նրանք են մեզնից պարտքով իշխանություն խնդրել, մենք էլ հավատալով նրանց, տվել ենք: Տվել ենք , բայց հո կրակը չե՞նք ընկել:
Եթե մենք ամեն ինչ անում ենք, որ պարտքով տված մեր փողերը հարևանից հետ ստանանք, ինչո՞ւ չպիտի կարողանանք մեր թեկնածուին պարտքով տված մեր ձայնին տեր կանգնել:
Իշխանություններին, մարդ Աստծո, սիրել կամ ատել պետք չէ: Իշխանությունները բոլոր երկրներում էլ նույնն են, նրանց իշխանության բերողներն են տարբեր:
Իշխանություններից պահանջել պիտի կարողանանք: Պահանջել, որ նրանք ոչ թե իրենց համար դղյակներ շինեն, օֆշորներում հաշիվներ բացեն, իրենց աշխատավարձի, ապա կենսաթոշակի բարձրացման հարցերը լուծեն, այլ առաջին հերթին մեր մասին, մեզնից պարտքով վերցրած փողերի (այսինքն` ձայների) հատուցման մասին մտածեն:
Իշխանությունները բոլոր ժամանակներում էլ նույնն են` և՛ սրանցից առաջ, և՛ սրանցից հետո, պարզապես` Կեսարն այդպես գայլ չէր դառնա, եթե չտեսներ, որ հռոմեացիները ոչխարի հոտեր են:
Ընդդիմությունը բոլոր ժամանակներում էլ նույնն է` և՛ սրանցից առաջ, և՛ սրանցից հետո, պարզապես ընդդիմությունն այդպես իշխանության չէր ձգտի, եթե տեսներ, որ հետո իշխանության համար իրենից հատուցում են պահանջելու:


Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4820

Մեկնաբանություններ