Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թույլ տվեք չասել

Թույլ տվեք չասել
27.11.2012 | 00:05

Ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ը շատ լավ դիդակտիկ նյութ է` հայաստանյան ընդդիմության գոյի քրոնոլոգիան ուսումնասիրելու համար: Արձանագրելու, որ հայոց բոլոր ընդդիմություններն էլ որոշակի էրա ապրելուց, տվյալ ժամանակահատվածի ընտրություններն սպասարկելուց, ֆուրոր ապահովելուց հետո անհետանում են երկրի քարտեզի վրայից, որովհետև արհեստականորեն, ոչ մի տեղից գալիս և գնում են ոչ մի տեղ:
Վազգեն Մանուկյանն էր այս ֆենոմենի նախակարապետը, ով, որպես անապատում կանչողի ձայն, ի հայտ եկավ 96-ին. ի՜նչ պաթոս, ինչ գաղափարաքաղաքական մեկնակետ. մինչև հիմա Տեր-Պետրոսյանի մոտ, նրա թիմում կա Վազգենի «բարդույթ»: Հետո` 98-ին, Վազգենն այլևս քաղաքական ուժ չէր, և քաղաքական դաշտը նրան ոչ ևս արեց:
Եկավ Կարեն Դեմիրճյանի էրան: Սա միակ դեպքն էր, որ այլ կերպ ստացվեց: Դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ: Հոկտեմբերի 27: Շատ ենք խոսել այս մասին, հին դարմանը քամուն չտանք:
Հետո ՀԺԿ-ի և Ստեփան Դեմիրճյանի քարեր նետելու-հավաքելու ժամանակն էր: Վերջինս բազում ու բազմաթիվ պատճառներով նույնպես պակաս ֆուրոր չարեց 2003-ին: Հիշում ենք` նրա քարոզարշավի «կազմում» մենք 2003-ին գնացել էինք Գեղարքունիք. լրագրողների մեր մեքենան առաջապահն էր. բոլոր գյուղերում զոռով կանգնեցնում էին, գրկում մեքենան, դնում իրենց գյուղի ճամփին, որ Ստեփանի շարասյունն անպայմանորեն մտնի նաև իրենց գյուղ։ Դենը մնացած Ստյոպին պաչ-համբուրելը, Ստեփանի ձեռից մի պահ բռնելն ու դիպչելը առանձին քրմական պատմություններ են:
Նույնն ու է՛լ բեթար էր Լևոնի դեպքում. ես տեսել եմ երիտասարդների, որոնք Լևոնի խոսելու ժամանակ լաց էին լինում` հիացքից, կասեի կռապաշտությունից, ենթագիտակցական հզոր կախվածությունից:
Ասենք անկեղծ` Լևոնն ամենամեծ-ընդդիմադիր քուրմն է եղել մեզանում: Նաև` ամենահետաքրքիր: Ամենախելացին է օգտագործել քրմական ողջ ռիտուալը: Բեթհովենի «Հերոսական սիմֆոնիան» (ասում են` միտինգներում այն այսուհետ փոխարինվելու է Գագիկ Ծառուկյանի մասին «շլյագերով»` «Խելացի ես ու անգին ես, թագավոր ախպեր»):
Հետո՜ Լևոնը ձեռները տարածում էր, ու ժողովրդի էներգետիկ չակրաները բացվում էին, այդ էներգետիկան նա հավաքում էր իր գիրկը` ձեռները հետ բերելով, հետո սկսվում էր բո՜ւն սեանսը` հոգեխանգարմունքային, գրագետ, ոսկեղենիկ հայերենը մանում էր քաղաքական առասպելը, հիացքը հասնում էր գագաթնակետին. բոլոր երկնային քրմերը միանում-օգնության էին հասնում Լևոնին, ու էֆեկտն ահավոր զգլխի՜չ էր։ Հետո հնչում էին Չարենցի հայտնի տողերը` ասես երկնքից. «Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»… ՈՒ մեր ջահելները մոտենում էին մարտի մեկին` Մյասնիկյանի արձանի մոտ` այդ բանաստեղծության ու զոհաբերության հանգույն, ու ոչ մեկը չկար, որ նրանց զոհաբերությունն ընդուներ... Լևոնին Քոչարյանը ձերբակալել էր տանը:
Շեղվեցինք աչքիս: Էն էի ասում, որ արհեստական ստեղծված ընդդիմությունը արհեստականորեն էլ անհետանում է մեզանում, ու եթե անհետացան Վազգեն-նախագահն ու է՛լ առավել մեծ գուրու, սիրելի (վաղ Լևոնի մասին է խոսքը) առաջին նախագահը, որը, ոնց ասինք, ամբոխ թովելու աննախադեպ խարիզմա ուներ, նրանցից մնացին ընդդիմադիր փշուրները, ի՜նչ կլինի Գագիկ Կոլյայիչի մտային թռիչքների ու խարիզմայի հետ` «Վերտու» հեռախոսի, զիբիլին նվիրված ավտոների և ունեցվածքը կորցնելու առասպելաբանության, է՛լ առավել խարիզմատիկ պայքարի հետ:
Թույլ տվեք չասել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ