Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՕՁՈՒՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՂՈՂԱՆՋԵՆ ՆՈՐ ԶԱՆԳԵՐ

ՕՁՈՒՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՂՈՂԱՆՋԵՆ ՆՈՐ ԶԱՆԳԵՐ
22.04.2011 | 00:00

Լոռվա տարածաշրջանի մեծ և նշանավոր գյուղերից մեկը` Օձունը, մարդաշատ էր Ծաղկազարդի և Հայ առաքելական եկեղեցու կողմից մանուկների օրհնության ծեսն իրականացնելու օրը` ապրիլի 17-ին: Օրը համընկել էր ավանդաբար նշվող Հովհաննես Գ Օձնեցու կամ, ինչպես ընդունված է նրան կոչել, Հովնան Իմաստասերի մահվան տարելիցի հետ: Օձունում նման եռուզեռ լինում է տարվա մեջ երկու անգամ` Օձնեցու ծննդյան և մահվան օրերին:
Հայ եկեղեցու նշանավոր դեմքերից մեկն է եղել Հովհաննես Օձնեցին, ում դերակատարությունը կարևորվում է ոչ միայն իբրև հոգևոր հոր: Բացի այն, որ 717 թվականից իրականացրել է կաթողիկոսական առաքելություն, մղել անհաշտ և հետևողական պայքար աղանդավորական դրսևորումների, ի մասնավորի` պավլիկյան շարժման դեմ, նաև մասնակցություն է ունեցել աշխարհիկ կյանքին, զբաղվել դիվանագիտական գործունեությամբ, լեզվի և մտածողության հարցերով: Եկեղեցական գործունեությանն առնչվող կարգին հետամուտ` առաջին անգամ հայ իրականության մեջ կազմել է կանոնիկ սահմանումների համակարգ, որը հայտնի է «Կանոնագիրք Հայոց» անվանումով:
Օձունում վեր խոյացող գմբեթավոր բազիլիկ եկեղեցին թվագրվում է 4-րդ դարով: Կառուցվել է Տրդատ III թագավորի օրոք, օծվել Գրիգոր Լուսավորչի կողմից, սակայն բազում փորձությունների ենթարկվելուց, տարաբնույթ ավերածությունների թիրախ դառնալուց հետո վերակառուցվել է 8-րդ դարում` Հովհաննես Օձնեցու կողմից: Փորձությունները շարունակվել են և այդուհետ. դրանց արդյունքում է, որ եկեղեցու զանգակատունը երկար տարիներ զրկված է եղել զանգերից:
Այս տարի մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին եկեղեցում կղողանջեն Ծաղկազարդի օրը Ռուբեն Պապոյանի նախաձեռնությամբ «A-S-P» ընկերության նվիրաբերած և հոգևոր այրերի ձեռամբ օծված արծաթափայլ զանգերը, որոնցից մեկի վրա դրոշմված է Գրիգոր Լուսավորչի պատկերը, մյուսի վրա` Հիսուս Քրիստոսի անձեռակերտ վարշամակը:
Չգիտեմ, թե որքան է հիմնավորված, սակայն Օձունի Ս. Աստվածածին եկեղեցում ունեցա այն զգացողությունը, որ այդ եկեղեցու գմբեթն ամենամոտն է երկնքին` Աստծո տանը: Իսկ այն, որ մարդիկ, անկախ եղանակային դաժան քմայքներից, անկախ տարիքից ու բնակավայրից, անկախ փոխադրամիջոցից ու դրա բացակայությունից, ոչ միայն հասել էին եկեղեցի, այլև մոտ հինգ կիլոմետր հեռու գտնվող Արդվի գյուղ, ուր հանգչում են Հովնան Իմաստասերի մասունքները, վկայում էր մեր ժողովրդի մեծ հավատի, առ Աստված տածած անդավաճան սիրո և չսպառվող հույսի մասին:
Թեև չընդմիջվող տեղատարափը և ցեխից սայթաքուն դարձած զառիվերի դժվարանցանելիությունն արեցին իրենց սև գործը, և ես ընդամենը մոտ հեռավորությունից կարողացա տեսնել Օձնեցու գերեզմանատեղին ու նրան վերագրվող լեգենդի վկայությունը` հրաշագործ ջուր բխեցնող օձանման աղբյուրը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ օրվա ոգեղենության զգացողությունն ապրեցի լիուլի, քանզի ոչ միայն Օձունում, Արդվիում, այլև հարակից տարածքներում թևածում էր արտասովոր տրամադրություն և մթնոլորտ: Ինձ բարեհաճորեն Օձուն` իր ծննդավայր հասցրած Բորիս Մակիչյանը` Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտորը, հավաստիացրեց, որ թերի մնացած իմ ուխտագնացությունը` այցելությունը Հովհաննես Օձնեցու շիրմին, կիրականանա ամռանը` առավել բարենպաստ եղանակային պայմաններում, երբ ինքը հերթական պարբերական ուղևորությունը կանի դեպի Օձուն` վայելելու ոչ միայն հարազատ բնօրրանի օդն ու բնությունը, այլև տեսնելու իր տունը որևէ կերպ լքել չհամաձայնող 92-ամյա մորը:
Իսկ այն, որ մինչև հաջորդ Ծաղկազարդ, բացի մայրիկիս` Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուց բերած օրհնված ճյուղերից, մեր տանը կլինի նաև Հովնան Իմաստասերի օրվա ոգեղենության դրոշմն իր վրա կրող, նրա հայրենի հողում աճած ուռենուց քաղած ճյուղը, հոգիս լցնում է անբացատրելի ջերմությամբ ու ապահովության առանձնակի զգացողությամբ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ