«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Էրդողանն ու Պուտինը կփորձեն վերջնական համաձայնության գալ Անկարայում

Էրդողանն ու Պուտինը կփորձեն վերջնական համաձայնության գալ Անկարայում
05.02.2024 | 11:21

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ճակատագիրը կապված է Ադրբեջան-Նախիջևան կապուղու կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ: Ժամանակին այս միջանցքը շաղկապված էր նաև Լաչինի միջանցքի և Արցախի ճակատագրի հետ: Հայկական դիվանագիտությունը, ցավոք, ժամանակին չկարողացավ օգտագործել այս հանգամանքը, որով հնարավոր էր կանխել Արցախի կորուստը. Պատճառը, իհարկե, Արևմուտքի կոշտ ճնշումն էր և պայքարը կապուղիների վրա ՌԴ հատուկ ծառայությունների ու սահմանապահների վերահսկողության դեմ: Ինչևիցե, անցածն արդեն անցած է: Երբեք էլ կորսվածը մեզ չի հաջողվում վերադարձնել, որովհետև պակասում է քաղաքական հեռատեսությունը, կանխատեսելու կարողությունը:

Փորձագիտական շրջանակներում իրավացիորեն կարծում են, որ այժմ ստեղծված բարդ կացության հանգուցալուծումը հնարավոր է Մոսկվա-Թեհրան-Անկարա փոխհամաձայնության հետ, Արևմուտքը խրված է Մերձավոր Արևելքում և ՈՒկրաինայում, այստեղ նրանց դիրքերը սասանվում են, նույնիսկ լուրջ անհամաձայնություններ են ծագել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման հարցի շուրջ: Ինչպես գիտենք, Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Է. Ռաիսիի հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ենթադրում եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ևս քննարկման առարկա է եղել: Հիմա էլ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է Անկարայում Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները:

Թուրքիան ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցի ժամանակ քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, այն, ինչ կատարվում է Սիրիայում և իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին իր հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը Գազայի հատվածում, Համասի հետ Իսրայելի պատերազմի վերաբերյալ մոտ է Թուրքիայի դիրքորոշմանը։ «Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, ինչ մերը՝ հումանիտար օգնության մատակարարման, պատերազմի շուտափույթ դադարեցման և երկու պետությունների խնդրի լուծման հարցում»,- ասել է Ֆիդանը։ Նա հատկապես կարևորել է ՈՒկրաինայի հետ հացահատիկի գործարքը, ասելով, որ Թուրքիայի ղեկավարը «մեծ նշանակություն է տալիս այս հարցին»։ Հացահատիկի գործարքը հիմնական հարցերից էր նաև Պուտինի և Էրդողանի՝ Սոչիում 2023 թվականի սեպտեմբերի սկզբին նախորդ հանդիպման ժամանակ։ Ակնկալվում էր, որ Հաքան Ֆիդանը բանակցային հարցերի շարքում կնշի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, բայց այդ մասին ոչինչ չի ասվել: Այստեղ կարելի է երկու ենթադրություն անել. Կա՛մ այդ խնդրի շուրջ դիվանագիտական խողովակներով արդեն պայմանավորվածությունները ձեռք են բերվել, մնում էր միայն Իրանը, որի հետ քննարկումները տեղի են ունեցել Էրդողան-Ռաիսի հանդիպման ժամանակ, կա՛մ էլ Էրդողանն ու Պուտինը կփորձեն վերջնական համաձայնության գալ Անկարայում, բայց գերադասում են առայժմ դա չհրապարակայնացնել, որովհետև ռուս-թուրքական համագործակցային ձևաչափը ներկայումս Բրյուսելի և Վաշինգտոնի համար լուրջ գլխացավանք է: Բնականաբար, այս կենտրոններից կա ուղղակի նպատակադրված ձգտում՝ տապալել ամեն ինչ, ինչ որ կապված է այդ համագործակցության հետ: Երևանում և Բաքվում առայժմ սպասում են իրադարձությունների զարգացմանը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 10361

Մեկնաբանություններ