Ժամանակակից պատերազմներում հաջողություններ են գրանցում այն երկրները, որոնք կարողանում են արդյունավետ կազմակերպել թիկունքային աշխատանքները, մասնավորապես՝ զենքի ու զինամթերքի արտադրության, գնումների, բեռների հավաքման և տեղափոխման խնդիրները։ Վառ օրինակ՝ ներկայում Ռուսաստանի և Չինաստանի սահմանին կուտակվել են 6000-ից ավելի կոնտեյներներ, քանի որ Ռուսաստանի մաքսային ծառայությունը և երկաթուղային ընկերությունը չեն կարողանում արագ իրականացնել մաքսազերծումն ու բեռների փոխադրումը արևելքից-արևմուտք։ Անշուշտ, այդ բեռների մեջ կլինեն նաև մարտական գործողությունների համար ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են ռազմաճակատում։ Հակառակ դրան՝ ուկրաինական կողմը, գտնվելով ռազմական գործողությունների թատերաբեմում, կարողանում է արևմուտքից քողարկված, երրորդական նշանակության ճանապարհներով ներկրել ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք, երկակի նշանակության ապրանքներ և այլն։
Ռուսաստանի կառավարությունը ամենօրյա ռեժիմում ներկայացնում է նոր դպրոցների, ճանապարհների, շենքերի, խորհրդաժողովների մասին նյութեր, այն դեպքում, երբ պարզ լոգիստիկ խնդիրները չի կարողանում լուծել։ Նմանատիպ իրավիճակ է նաև Վերին Լարսի անցակետում, երբ Հայաստանից գնացող բեռները շաբաթներով մնում են ռուսական անցակետում։ Ուշագրավ է, որ Հայաստանի կառավարության օրակարգը մշտապես լի է ասֆալտապատման, բակերի բարեկարգման, համտեսների կազմակերպման ծրագրերով, բայց չեն կարողանում ռազմական նշանակության ապրանքների ձեռքբերման և փոխադրման, մարտական դիրքերի կահավորման աշխատանքները կազմակերպել ժամանակին և ամողջ ծավալով։
Հատկանշական է, որ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսել է ուսումնասիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կիրառված տնտեսության ու ռեգիոնների կառավարման փորձը և մտածում է կիրառել դա։ Այսինքն, 80 տարի անց նոր լուծումներ դեռ չունեն։ Շատ հաճախ նոր լուծումները գտնվում են, երբ իրավիճակը օրհասական է լինում։
Ցավոք, պետական կառավարման անարդյունավետության պատճառով առաջին հերթին տուժում է շարքային զինվորը, սպան։
Սուրեն Պարսյան