ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ, 20 նահանգից, երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը, հայտնում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ հարաբերությունների պատասխանատու Թերեզա Երեմյանը նկատել է․ «Բայդենի վարչակազմին Կոնգրեսի հայկական խմբի կողմից ուղղված նամակում կոնգրեսականների պատկառելի մասնակցությունը էականորեն ամրապնդում է օրենսդիրների շրջանում երկկուսակցական աջակցությունը Արցախին։ Մենք աշխատելու ենք խմբի ղեկավարության և մեր օրենսդիր ընկերների հետ՝ այս հայանպաստ և խաղաղասիրական առաջնահերթությունները գործողությունների վերածելու համար»։
ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը։ «Կոնգրեսմեններն առաջարկում են ԱՄՆ-ի կողմից շտապ գործողություններ՝ հետևյալ առաջնահերթություններով․
ԱՄՆ արտակարգ օգնություն, որն Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերակազմակերպել իրենց կյանքը՝ առանց հետագա արյունահեղությունից վախի,
ԱՄՆ-ի վերաներգրավումը տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը,
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում,
ԱՄՆ ղեկավարության կողմից հայ գերիների ազատ արձակման ապահովում,
Ամերիկյան հաշվետվողականություն, ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և 907-րդ բանաձևի պահանջների կատարում,
ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայից տեղահանված հայերին օգնություն ցուցաբերում,
Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում», - նշված է հաղորդագրությունում: