Երբեք չէի մտածի, որ երբևէ ուրախ կլինեմ, որ չկան Հրանտ Մաթևոսյանը, Հակոբ Հակոբյանը, Լևոն Խեչոյանը, Հրաչյա Թամրազյանը, Հովհաննես Գրիգորյանը, Աղասի Այվազյանը, չկան Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը… Որովհետև հիմա մենք բեռնատարներով ՀԱՅՐԵՆԻՔ ենք փոխադրում անհայտություն, ու նրանց սիրտը կկանգներ ցավից ու ցասումից: Իսկ մենք դեռ ապրում ենք ու շարունակում դավաճանել նրանց ու մեր հայրենիքին:
Մենք կորցնում ենք ինքնիշխանության իրավունքն ու անկախության հպարտությունը՝ հազարավոր զոհերից հետո: Թե ուրիշ ինչ կորցրեց Հայաստանն այս խայտառակ պատերազմում, վկայում է նոյեմբերի 10-ից հետո ծավալված 10-օրյակը, երբ միակ գործող իշխանությունը նախագահն է, բայց նրան գործելու հնարավորություն չի տալիս 2015-ին փոխված Սահմանադրությունը:
Ի՞նչ շահեց և կորցրեց Ռուսաստանը: Առաջին հայացքից հայ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի ՌԴ նախագահին՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հայ ժողովրդի մտածող հատվածը շնորհակալության պատճառ չունի, ու նրան են ուղղված 10 օրերին Պուտինի իրարահաջորդ հարցազրույցները: Մոսկվան իր նվազագույն ծրագիրը կատարեց՝ իրականացվեց Լավրովի պլանը, որի մեխը ռուս խաղաղապահների տեղակայումն էր: Լավրովի պլանի գերակատարումը ստեղծում է իրավիճակ, որ Մոսկվան ինքն իրեն է հարվածի տակ դնում: Հայ ժողովուրդը չի կարող շնորհակալ լինել Ռուսաստանին՝ Արցախը Ադրբեջանին ու Թուրքիային հանձնելու, 5 տարում հայաթափելու հեռանկարի համար, ոչ էլ Հայաստանը վտանգի տակ դնելու՝ ռուսական անկայուն երաշխիքներով: Փաստացի՝ Ռուսաստանն ինքն իրեն ծուղակը գցեց: Ապացույցը Սիրիան է, որտեղից Թուրքիան ու Ռուսաստանը բարեհաջող դուրս մղեցին ԱՄՆ-ին ու Արևմուտքին և սկսեցին միմյանց դեմ կռվել ու կռվում են մինչև հիմա՝ չկարողանալով միմյանց հաղթել: Նույնը կատարվում է Հայաստանում ու Արցախում: Մոսկվան խնդիր ունի ինքն իրենից խելամիտ լինել՝ Արցախի հարցում Արևմուտքին դուրս չմղելու, փոխարենը խոսում է Արևմուտքի խանդից ու նախանձից: Փոխարենը ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը շարունակում են իներցիայով բարձրաձայնել նախապատերազմյան կարծր դիրքորոշումները՝ նույնիսկ 7 շրջանները հավելումով հանձնելուց հետո: Նրանք շարունակում են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային գործընթացից դուրս մղելու հարց դնել՝ գործադրելով փորձագիտական ու քարոզչական ներուժը՝ համոզելու, որ հետխորհրդային տարածքը ռուսական ազդեցության գոտի է ու չպատասխանելով հարցին՝ ինչու՞ է Մոսկվան իր ազդեցության գոտին հանձնում Թուրքիային: Պատերազմի ժամանակ Պուտինն ու Լավրովը հավաստիացնում էին Փարիզին ու Վաշինգտոնին, որ հարցը կլուծեն, այսօր ԱԳ նախարարի մակարդակով «զարմանք» ու «վրդովմունք» են ապրում, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան պարզաբանումներ են պահանջում եռակողմ հայտարարության ու Թուրքիայի դերի մասին: Ոչ զարմանք, ոչ վրդովմունք չեն ապրում, որ Թուրքիան իրենց հավասար ու ավելի մտնում է Ադրբեջան ու օկուպացնում Արցախը և Հայաստանը: Այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն ի վիճակի է հոխորտալ միայն Արևմուտքի և երբեք իր դաշնակից Թուրքիայի վրա: Պուտինը, որ իր խոսքով՝ ինքն է գրել եռակողմ հայտարարության տեքստը, բացատրություն չունի՝ դարձյալ իր խոսքով 4000 զոհի ու 8000 վիրավորի գնով պատերազմի նպատակը Արցախի օկուպացիա՞ն էր՝ 100 տարի անց նոր փաթեթային նվե՞րը թուրքերին: ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի հայտարարությունները, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի փախստականների վերադարձից, «համատեղ» կյանքից հետո, այլ քաղաքական գործիչների կողմից, հայ ժողովրդի հանդեպ շարունակական դավաճանություն է՝ այն, ինչ մնացել է Արցախից, ռուս-թուրքական հետագա առևտրի փաթեթ դարձնելու համար՝ իր «խաղաղապահների» վերահսկողությամբ: Ինքն իրեն մեղսազրկելու համար՝ Պուտինը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ հրաժարվել է հոկտեմբերի 19-20-ին պատերազմը կանգնեցնելուց՝ շատ ավելի շահեկան վիճակում, քան նոյեմբերի 9-ին: Նա գաղտնազերծել է, որ Ալիևը դնում էր Շուշի փախստականների վերադարձի պահանջ, իսկ քաղաքը պետք է լիներ ռուս խաղաղապահների գոտում:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա չի բխում Հայաստանի ու Արցախի շահից: Զարմանալով հանդերձ այդ պատասխանից` ՌԴ նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի դավաճանել՝ նա ձգտում էր պաշտպանել Հայաստանի շահն ու անվտանգությունը, այլ հարց է՝ որոշումները ճիշտ էին, թե սխալ: Փաստացի՝ ՌԴ նախագահը և մեղադրում է ՀՀ վարչապետին իրավիճակը սխալ գնահատելու մեջ, և մեղադրում է հրապարակ դուրս եկած ընդդիմությանը, որ դավաճանության մեղադրանքով պահանջում է վարչապետի հրաժարականը: Որտե՞ղ է տրամաբանությունը: Փաստացի՝ նա հարկադրական անգործություն է պարտադրում Հայաստանին, որի հաջորդ քայլը լինելու է Հայաստան-Ռուսաստան դաշնային պետության առաջարկը: Բելառուսի հետ չստացվեց, պարտված Հայաստանի հետ գուցե ստացվի: Պուտինն այն կարծիքին է, որ եռակողմ համաձայնագրից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն է: Այսինքն՝ բացառում է, որ հնարավոր է իրավիճակը շտկել այլ բանակցողով: Նա մեղադրում է Հայաստանին, որ անցած տարիներին չի ճանաչել Արցախը, և չի կայացվել Հայաստանին միացնելու որոշում՝ մարտահրավեր նետելով բոլոր ժամանակների իշխանություններին, որ հենց Մոսկվայի թելադրանքով չեն ճանաչել Արցախը՝ համարելով բանակցությունների ավարտ ու հնարավոր պատերազմ: Այսինքն՝ Մոսկվան մաքրում է թե հին, թե նոր մեղքերը՝ ինքն իր գլխին դնելով խաղաղապահ փրկչի լուսապսակը:
Ի՞նչ շահեց Թուրքիան: Աշխարհը տեսավ ու չկանխեց ահաբեկչությունը Անկարայի կատարմամբ՝ վարձկաններին Ադրբեջան մտցնելով ու արգելված զինատեսակներով կռվելով: Անկարան մտավ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի քննարկման մեջ: Պատերազմին զուգահեռ մոբիլիզացրեց Միջին Ասիան՝ ստանալով «Թուրանի բանակ» ստեղծելու համաձայնություն: Թուլացրեց Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և հեղինակազրկեց աշխարհում՝ իբրև հուսալի դաշնակցի: Թուրքիան տեղակայեց զորքերը Ադրբեջանում: Դատելով ոչ մի պայմանավորվածություն չկատարելու Անկարայի «հոբբիից», Թուրքիան ցանկացած պահի կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում՝ սադրանքների ու ահաբեկչությունների միջոցով՝ մոջահեդների թուրքական «առաքումը» շարունակվում է պատերազմի ավարտից հետո էլ:
Ի՞նչ շահեց Ադրբեջանը: Ալիևը կմնա իշխանություն ցմահ՝ նա վերադարձրել է «օկուպացված հողերը»: Նա հաղթող նախագահ է: Ռուս խաղաղապահների մուտքով՝ Ալիևը ինքն իրեն ապահովագրեց իշխանությունը Էրդողանին հանձնելուց: Ալիևը Ադրբեջանը դարձրեց հաղթող երկիր, որ պատերազմով է իրավունք ստացել բանակցություններում թելադրող լինել: Այն, ինչ չարեց Հայաստանը 1994-ից հետո:
Ի՞նչ է անում Հայաստանը: ՈՉԻՆՉ: Ընդհատակից վերադարձած վարչապետը հայտարարություններ է անում, որ վկայում են՝ բացարձակապես կտրված է իրականությունից, բացարձակապես կորցրել է ադեկվատ ընկալման ունակությունը, բացարձակապես չունի պատասխանատվության գիտակցում: Միով բանիվ՝ նրա օրակարգում չկա հրաժարականի հարց՝ Ռուսաստանը նրան «պահում է» վարչապետ: Ինչպես ՀՀ նախորդ նախագահներին: Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ հասկանալ՝ ինչու՞ է ՌԴ-ն իրեն «պահում» և ինչքան դեռ կպահի: Նա «չի հասկանում», որ շարունակում է դավաճանությունը: Որևէ «ճանապարհային քարտեզ», որ ներկայացնում է վարչապետը, պետք է սկսվեր հրաժարականից, Արցախի հարցով նոր բանակցողի և արտահերթ ընտրությունների ժամկետ նշանակելուց: Նրա «ճանապարհային քարտեզը» ծաղր է իրականությանը: Եթե Նիկոլ Փաշինյանն ընդունում է պատասխանատվությունը, պիտի հեռանա՝ հնարավորություն տալով շարունակել բանակցությունները Արցախի հարցով՝ հասնելու եռակողմ հայտարարության բովանդակային փոփոխության: Կայունությունն ու անվտանգությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության կատարմամբ՝ հանգեցրին այս իրավիճակին՝ բազմապատկելով, ոչ թե ուղղելով անցյալի սխալները: Ի հետևանս՝ այսօր ունենք մի վարչապետ, որ հայտարարում է «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, մեզ պե՞տք էր Շուշին», և խորհրդարանական մեծամասնություն, որ ընդվզում է դռների կոտրված բռնակների ու փականների դեմ, բայց պատրաստ չէ պարտության ու հայրենազրկումի պատասխանատվությունը ստանձնել: Թե ինչ քաղաք է Շուշին ու ինչ նշանակություն ունի, Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ հասկանալու, որովհետև երբ ազատագրվում էր Շուշին, չի հասկացել, որ ազատագրվում է Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը, որ հայերը ՀԱՂԹՈՒՄ ԵՆ: Նրա համար ազգային խորհրդանիշը ոչ թե հաղթանակն է, ոչ թե ազատամարտն է, այլ Գյումրիից Երևան հասած սեփական բոթասները: Բոլոր նրանք, որ դեռ ունեն այդ բոթասների պաշտամունքը, պաշտում են պարտությունն ու ստորացումը, մերժում են իրավիճակ փոխելու շանսերը և փակում են Հայաստանի դուռը՝ պատրաստ վաղն էլ լույսը հանգցնելու…
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից հավելյալ պարզաբանումներ են պահանջում Արցախի հարցում եռակողմ հայտարարության վերաբերյալ: Անցած 10-օրյակում, մինչ մենք ներքաղաքական գզվռտոցների ու քաղաքացիական պատերազմի եզրին ենք, Ֆրանսիան փորձում է փրկել այն, ինչ մնացել է Արցախից ու նվազագույն ինքնիշխանություն ապահովել Հայաստանի համար: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ուզում են հասկանալ նաև, թե ինչ դեր ունի Թուրքիան: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի դերը պարզաբանած Էմանուել Մակրոնը լավ գիտի Անկարայի դերը և պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ ու ճանաչել Արցախը՝ ինչպես պատերազմի ժամանակ, եթե մենք տեր լինեինք: Փարիզը ճանաչել է Արցախի անկախությունը, Սենատում օրինագիծ է քննարկվում: Իսկ մենք շարունակում ենք հողեր հանձնել՝ ևս 7 գյուղ Մարտակերտում, որոնց մասին եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն չի եղել: Բայց՝ Ադրբեջանը պահանջում է, Ռուսաստանը չի առարկում, Հայաստանը չի պաշտպանվում: Վստահաբար՝ Փարիզն ու Վաշինգտոնը ուզում են հասկանալ՝ Մոսկվան լիովին հաշվարկե՞լ է իր քայլերի հետևանքները, պատրա՞ստ է հանձնել Կովկասը Թուրքիային: Թե՞ կանգ կառնի ու կգիտակցի, որ միայնակ Անկարայի դեմ չի կարողանում պայքարել ու կարիք ունի Արևմուտքի աջակցության: Գիտակցու՞մ է իր սխալները Իրանը, որոնց պատճառով տարածաշրջանում ստացավ ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի ներկայությունը: Եվ հիմա երրորդ երկիր Ռուսաստանը չորրորդ երկիր Թուրքիայի հետ քննարկում է խաղաղապահ առաքելության մոնիտորինգի համատեղ կենտրոնի հարցը, Թուրքիայի և ՌԴ խորհրդարանները համաժամակյա արտոնում են իրենց զորքերի ներկայությունը Ադրբեջանում: Ռուսաստանը հայտարարում է, որ եռակողմ հայտարարությունում Անկարան չկա, Անկարան հայտարարում է, որ կենտրոնի ստեղծման նպատակը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումն է: Ալիևը հայտարարում է, որ այդպիսի հարց չկա: ԱԳ նախարարի հրաժարականը փաստեց գլխավորը՝ չկա հայկական արտաքին քաղաքականություն: Հայաստանը պետք է ստեղծի արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններով՝ չծնրադրելով ոչ մի մայրաքաղաքի առաջ: Գոնե հիմա հասկանու՞մ ենք, որ 1994-ից հետո ստատուս քվոն պահել են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, և հետայսու էլ Արցախի գոյության ու չգոյության հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է, որտեղ պետք է կարգավիճակի հարցը լուծվի: Մինչև Հայաստանը խելքի գա, սփյուռքը պետք է շարունակի Արցախի ճանաչման պահանջը ԼՂԻՄ-ի սահմաններում: Ողջ լերուք՝ եթե որոշել եք ԼԻՆԵԼ, չեք հանձնվել: Եթե ձեզ չեք համարում դժգույն ու դժբախտ, ու չվերադարձնելով Վազգենի արձանը Շուշիից՝ պատրաստ եք ինքներդ վերադառնալ Շուշի ու Արցախ: Եթե ՏԵՐ եք: Թե՞ արձանը «բռնակներ» չուներ: Իսկ ընտրողների մի հոծ զանգված սպասում է 5-10000-ի, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ունենա «ճիշտ» պատկեր՝ ֆորպոստին վայել: Մեղա քեզ, Վազգեն, մեղա ձեզ, տղերք: Մեզ չներեք: