Կարևոր չէ՝ ԱՄՆ ընտրություններում կհաղթի Ջո Բայդենը, թե Դնալդ Թրամփը, ամերիկյան ընդհանուր գաղափարն այլևս չկա և գուցե կորսվել է ընդհանրապես՝ գրել է Ռիկե Խավերցը Die Zeit-ում:
Երբ Փենսիլվանիայում և այլ տատանվող նահանգներում, ինչպես Միչիգանը, դեռ ձայների հաշվարկ է կատարվում, Դոնալդ Թրամփը բացահայտ խոսում է խաբեության մասին, ուզում է դադարեցնել ձայների հաշվարկը, իր կողմնակիցներին էլեկտրոնային նամակներով կոչ է անում «պաշտպանել ազգին» և ամենից շատ ցանկանում է իրեն հաղթող հռչակել: Այդ վեճը կարող է հասնել մինչև պահպանողական Գերագույն դատարան: Հնարավոր են և այլ սցենարներ՝ նախագահ, որ պարզապես կմնա Օվալաձև կաբինետում նստած՝ անկախ ինչ կասեն թվերը: Թրամփի ագրեսիվ կողմնակիցները, որ նորից կարող են բախվել հիասթափված ու նույնպես ուղղորդված ձախ ակտիվիստներին: Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ Դոնալդ Թրամփը կգրի Twitter-ում վաղը կամ մեկ ժամ անց: Ոչ ոք չգիտի՝ երկրում որտե՞ղ կբռկվի անելքությունը, լարումն ու կատաղությունը փողոցում: Նույնիսկ լավագույն սցենարի դեպքում խզվածքն ու վնասվածքները ընտրություններից հետո այնքան ակնհայտ են դառնալու, որքան չեն եղել 1861-ի քաղաքացիական պատերազմից հետո: Դոնալդ Թրամփը մարդ է, որ մեծ վնաս տվեց նախագահի պաշտոնին, ժողովրդավարությանը, նախևառաջ ԱՄՆ-ին:
Նա ամենաարմատական ու նշանակալից արդյունքն է բևեռացումի, որ խարխլում էր ԱՄՆ-ը ներսից շատ ավելի վաղ, քան Թրամփի անունը հայտնի դարձավ քաղաքականության մեջ: Նախկինում մեծ ճգնաժամերի ժամանակ երկիրը կարող էր հենվել իր ժողովրդավարության կայունության վրա: Այն հենքի, որ բոլոր քաղաքական ու հասարակական շրջադարձերում աշխատում ու հարգանք էին վայելում կենտրոնական սկզբունքները, օրինակ, անկախ ընտրությունների սկզբունքը: Դոնալդ Թրամփի հետ այդ հասկացությունն անհետացավ: Համակարգը, որ այդքան սողանցքներ է թողնում ընտրությունները աղավաղելու համար, ձախողված համակարգ է և պարտադիր բարեփոխման ենթակա: Պարբերաբար բարդացնել հասարակության զրկված խմբերի մասնակցությունը, սահմանել չափազանց բարձր արգելքներ ընտրողների գրանցման համար, մարտավարական նպատակներով ընտրատեղամասերը վերաձևել՝ այդ ամենը ժողովրդավարությանը վայել չէ: Նման իրավիճակում գտնվող ցանկացած երկրի՝ օրինակելի ժողովրդավարությունը, որ երկար ժամանակ համարվում էր Ամերիկան, ցուցամատը տնկած դասախոսություն կկարդար: Բայց եթե նույնիսկ հաղթի Ջո Բյդենը, ամեն ինչ մեկ ժամում չի փոխվելու: Նա ցանկանում է բուժել ազգի հոգին՝ դա էր նրա նախընտրական կարգախոսը: Իշխանության փոփոխությունից հետո պահպանողական ու ազատական քաղաքացիները չեն սկսելու իրար հետ խոսել ու վիճել կառուցողական: Ոչինչ դա այդպես ցույց չի տալիս, ինչպես այս ընտրությունները: Կարևոր չէ՝ ով կհաղթի այս մենամարտում, Ջո Բայդենը թե Դոնալդ Թրամփը, չորս տարի անց կորսվել է երկիրը: Դոնալդ Թրամփի նախագահական ևս մեկ ժամկետը ցեմենտելու է այդ ձախողումը: Նախագահ Ջո Բայդենը լավագույն դեպքում մի քիչ մեղմացնելու է ցավը, թե ինչ է դարձել ԱՄՆ-ը: Վերադարձը ամերիկյան ընդհանուր գաղափարին երկար ու լարված է լինելու: Առավել հավանական է, որ այդ ճանապարհի վերջին գիտակցությունն է, որ գաղափարն այլևս չկա:
Ռիկե Խավերց. Die Zeit
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգալու շարքային գերմանացիները Անգելա Մերկելի բազմամյա կանցլերության ավարտին, համագերմանական ո՞ր գաղափարն է մնալու գերմանացիներին՝ բարեկեցություն ամեն գնո՞վ, թե՞ ժողովրդավարություն ամեն գնով: Ահաբեկչության ֆինանսավորու՞մ՝ հանուն աշխատատեղերի պահպանման, Էրդողանի թելադրանքով գերմանական ընտրություննե՞ր, բյուրգերի ապահովությու՞ն, թե՞ ԵՄ անվտանգություն, ԵՄ ամրապնդում ու աշխարհում ԵՄ-ի դերի բարձրացում: Ու՞ր կգնա Գերմանիան Մերկելից հետո: Հուսանք՝ ոչ դեպի պոպուլիզմ ու ազգայնականություն, համենայն դեպս Սարացինը ևս գերմանացի էր, որ տարիներ առաջ նախազգուշացնում էր մուլտիլատերալիզմի կործանարար լինելու մասին ու քարկոծվում՝ իբրև եվրոպական արժեքների դեմ քարոզիչ: Այսօր Եվրոպան ինքն է իր արժեքներին դեմ գնում՝ կրակն ընկած իր արժեքների, իմա՝ շահերի ձեռքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ