Երրորդ հրադադարը ԱՄՆ-ի միջնորդությամբ էր, ու նորից Ադրբեջանը խախտեց: Ի՞նչ են գրում ՍՄՆ թերթերը: Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը կարծում է, որ «Հրադադարի շուրջ համաձայնության հասնելը մղձավանջ է ցանկացած դիվանագետի համար․ առավելություն ունեցող կողմը չի ուզում հրաժարվել ձեռքբերումներից, պաշտպանվողն էլ չի ուզում զիջումների գնալ հրացանի փողի տակ։ Դա էր այն մարտահրավերը, որի առաջ կանգնած էին պետդեպարտամենտի պաշտոնյաները, երբ անցած շաբաթ բանակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն հրադադար հաստատելու համար»: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի բանակցություններում ԱՄՆ-ը ընդգծել է՝ երկու կողմն էլ պետք է ընդունեն, որ ստատուս քվոն փոխվել է։
«Համոզվելու համար, որ հայկական կողմը ընդունում է փոխզիջումների անհրաժեշտությունը, այս ուղերձը փոխանցվել է ամերիկահայերին։
«Անշուշտ, մենք պատրաստ ենք բանական փոխզիջումների», - հոդվածագրին ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Ադրբեջանական կողմը, կարծելով, թե առավելություն ունի, դիմադրել է․ «Կիրակի գիշերվա երեքին Պետդեպը տեղեկություն է ստացել, որ նախագահ Ալիևը հրաժարվում է համաձայնությունից, որը չի հստակեցնում, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն։ Տեքստը վերաշարադրվել է, ավելացվել են «ժամանակացույց» բառը և այլ եզրույթներ ու արտահայտություններ՝ «համապարփակ լուծման հասնելու» համար, ինչպես Ալիևն էր ցանկանում։ Նոր տարբերակը հավանության արժանացավ Բաքվում, Երևանում, Մոսկվայում և Փարիզում, սակայն այդ համաձայնությունն էլ շատ արագ հօդս ցնդեց»։
«Ալիևը դեռ հավատում է մարտադաշտում իր մոտալուտ հաղթանակին, հայերն էլ հաստատակամ են շարունակել պայքարը՝ թույլ չտալու ադրբեջանցիների մուտքը Լաչինի միջանցք։ Զինվորները կռիվը չեն դադարեցնի, քանի դեռ շարունակումը խոստանում է ավելի մեծ ձեռքբերումներ»՝ գրում է Իգնատիուսը՝ ԱՄՆ-ին գնալ հակառակ ճանապարհով ՝ գտնել տարբերակ, որի դեպքում պատերազմի շարունակումը թանկ կնստի կողմերի վրա։ Իգնատիուսը մի քանի տարբերակ է առաջարկում՝ Բաքվին իսրայելական զենքերի մատակարարումը դադարեցնելուց մինչև Ադրբեջանի ու նրա դաշնակից Թուրքիայի հասցեին ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունը՝ հրադադարը արհամարհելու համար»։
New York Times-ը, վերլուծելով, թե որտեղից է գալիս այս հակամարտությունը, և ինչու է սրվել հենց հիմա, գրում է․ «Երբ Հայաստանի կառավարությունը սկսեց կոշտ հայտարարություններ անել, Ադրբեջանը գործի անցավ»։ Թերթի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե Բաքուն այլ քաղաքականություն էր ակնկալում Հայաստանի նոր կառավարությունից ղարաբաղյան հարցում, որին այդպես էլ ականատես չեղավ։ «Բանակցային գործընթացը վերջնականապես տապալվեց, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է», - պնդել է Հաջիևը։
«Թեև հստակ է, որ պատերազմը նախաձեռնողը Ադրբեջանն է, սակայն, վերլուծաբանների կարծիքով, հայկական կողմի այդ ժողովրդահաճո հայտարարություններն էլ իրենց դերն են ունեցել», - գրում է New York Times-ը՝ մեջբերելով ամերիկահայ պատմաբան, Հայաստանի առաջին նախագահի նախկին խորհդական Ժիրար Լիպարիտյանի խոսքերը․ «Մենք տարվեցինք մեր երազանքներով՝ հնարավորինի վրա կենտրոնանալու փոխարեն»։
Վելուծելով հակամարտության անցած երեսուն տարիներն ու կարգավորման ապարդյուն փորձերը՝ New York Times-ը գրում է․ «Այդ ընթացքում Իլհամ Ալիևը, որ ժառանգել էր նախագահությունն իր հորից, զինում էր բանակը՝ նավթից ու գազից ստացած եկամուտներով արդիական զինատեսակներ գնում, իր զինվորականներին ուղարկում էր Թուրիքա՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով վերապատրաստվելու»։
«Միջնորդները պետք է մեծացնեն ճնշումները, ժամանակի կորուստը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել», - պնդում է տարիներ առաջ բանակցային գործընթացի անմիջական մասնակից Քերի Քավանոն բրիտանական Financial Times-ում հրապարակած հոդվածում։ «Եթե Ռուսաստանը,ԱՄՆ-ը ու Ֆրանսիան չակտիվացնեն դիվանագիտական ջանքերը, ռազմական գործողությունները կարող են կտրուկ սրվել։ Արտաքին ուժերը, մասնավորապես, Թուրքիան և Ռուսաստանը կարող են հեշտորեն ներքաշվել այս պատերազմի մեջ»,- զգուշացնում է Մինսկի խմբի նախկին համանախագահը՝ հավելելով, որ պատերազմի ընդարձակման վտանգն աճում է օր-օրի։ Փաստելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստվում են Մինսկի խմբի հովանու ներքո ժնևում նստել բանակցությունների սեղանի շուրջ, Քերի Քավանոն գրում է՝ այդ հանդիպմանը միջազգային դիվանագիտությունը պետք է առավել հետևողական լինի ու մեծացնի ճնշումը։ «Ռուսաստանը, թերևս ամենամեծ հնարավորություններն ունի, առավել ևս, որ այժմ ԱՄՆ-ը նախագահական ընտրությունների վերջին փուլ է մտել։ Ամեն դեպքում դիվանագիտական ջանքերը պետք է համաձայնեցվեն խմբի բոլոր երեք անդամների միջև՝ առավելագույն արդյունքի հասնելու համար»։
Ադրբեջանական բանակը նախատեսում էր իր առջև դրած ծրագիրն ավարտին հասցնել մեկ ամսում, սակայն, չհաջողեց։ Առաջնագծի որոշ հատվածներում հարձակումը ընդհանրապես տապալվել է, չեն լուծվել նաև Բաքվի համար կարևոր քաղաքական խնդիրները», - գրում է ռուսական «Վզգյադը» և փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է որոշ հաջողությունների հասնել և կոտրելով Ղարաղաղի պաշտպանական գիծը՝ առաջանալ մի քանի տասնյակ կիլոմետր։ «Հայկական կողմի թերացումները մարտավարական, հետախուզական և որոշ չափով հոգեբանական պատճառներ ունեն», - պնդում է հոդվածագիրը, ընդգծելով, թե այդ ցավոտ բացթողումները վերաբերում են ոչ միայն Փաշինյանի իշխանավարման շրջանին, այլև այն տաօրինակ վերաբերմունքին, որ ունեին Ստեփանակերտն ու Երևանը վերջին 25 տարում առաջնագծում տիրող իրադրության հանդեպ։ «Չէ որ բոլորն էլ շատ լավ գիտեին, որ ռազմական ռևանշը Ադրբեջանի համար ազգային առաջնահերթությունն է, մինչդեռ Երևանում որևէ մեկն այդ ընթացքում մատը մատին չտվեց, որպեսզի հին պաշտպանական մեծանիզմները համապատասխանեցնեն նոր պատերազմական իրողություններին», -եզրափակում է ռուսական «Վզգլյադը»։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամեն երկիր արտահայտում է իր տեսակետը՝ խորապես անտարբեր պատերազմի պատճառների, բնույթի և հետևանքների նկատմամբ: Հաճախ տեսակետներն այնքան հակասական են՝ ասես նույն պատերազմի մասին չեն: Գերազանցապես աշխարհը չի հասկանում՝ ինչու չի կարելի հանձնել ազատագրված տարածքները, ու դա ոչ թե 30 օրվա, այլ՝ 30 տարվա հետևանք է: Փաստացի՝ այս պատերազմը պետք էր նաև մեզ՝ հասկանալու՝ ինչ սխալներ ենք արել, որոնք հաջողությամբ շարունակում ենք: