ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերով հրադադարի պահպանման երեք փորձերն էլ Ադրբեջանը ձախողեց։ Այս պահին ընտրություններով խառը ԱՄՆ-ն առանձնապես Արցախի ժամանակը չունի, մյուս համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի գործերն էլ լավ չեն։ Մակրոնի և Թուրքիայի նախագահները փոխադարձ վիրավորանքների դաշտ են բացել, Ֆրանսիայի նախագահն այս պահին զբաղված է իր դեմ տրամադրված իսլամի հետևորդների հարցերով։ Մնում է կրկին Ռուսաստանը, որն ի սկզբանե պատերազմը կանգնեցնելու միակ իրական կողմն է։
ՈՒ հիմա պետք է հասկանալ՝ Հայաստանի իշխանությունը դիվանագիտական խողովակներով քննարկումների մե՞ջ է ռուսական կողմի հետ, թե՞ թողել ենք ամեն ինչ ինքնահոսի։ Եթե հակամարտությունն այս պահին դիվանագիտական լուծում չունի, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, նշանակու՞մ է սա, որ այս ուղղությամբ ևս քայլեր չեն արվում։
Ռուսաստանը, սակայն, Արցախում հրապարակային ոչ մի միջամտություն չցուցաբերելով, ձեռքերը ծալած չի նստում։ Նախօրեին ոչ մեկի կողմից «չսանձվող» Էրդողանն անձամբ զանգել Է Պուտինին՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտությունը «միասին» լուծել։ «Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում առկա իրադարձությունները։ Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծենք այս հարցը։ Եթե ցանկանում եք, եկեք միասին լուծենք։ Դուք խոսեք ձեր գործընկերների հետ, մենք՝ մեր։ Թող մեր երկրների ԱԳՆ ղեկավարներն ու մյուսներն էլ խոսեն։ Կարևորը հասկանանք՝ կլուծե՞նք մենք այս հարցը, թե՞ ոչ։ Եկեք արդեն ավարտենք սա։ Մենք արդար ենք։ Եվ հավատում ենք, որ դուք էլ եք անկեղծ»,- ասել է Էրդողանը։ Իսկ այս զանգին անմիջապես նախորդել էր Սիրիայում ՌԴ-ի կողմից ահաբեկչական խմբավորումների, նրանց որջերի ոչնչացումը։
Ստացվում է, որ Ռուսաստանը միջամտում է պատերազմին, բայց լրիվ այլ ուղղությամբ ու խիստ նշանակետային, իմա՝ Էրդողանին ցավոտ հարվածներ է հասցնում ոչ մեր տարածաշրջանում։ Ի դեպ, շատ փորձագետներ պնդում էին, որ Էրդողանը Սիրիայում, Լիբիայում Ռուսաստանի հետ իր ունեցած հարցերն է փորձում Արցախում լուծել։ Փաստորեն, Ռուսաստանը միանգամից գլխից է բռնում և Թուրքիային ստիպում հասկանալ, թե ինչ վտանգավոր խաղ է սկսել հետխորհրդային տարածքում։
Այդուամենայնիվ, այս «մերձեցումը» և Էրդողանի հայտարարությունը հարցեր են առաջացնում՝ ի՞նչ է նշանակում Ռուսաստանի հետ իրավիճակը միասին հանգուցալուծել։ Այսինքն, նա հրապարակավ նախ ընդունում է, որ Թուրքիան է Ադրբեջանին հրահրում պատերազմը շարունակելու, հետո էլ՝ ինչու՞ միասին, եթե ՌԴ-ն բարձր մակարդակով հայտարարեց, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու։
Մեծ հարց է նաև այն, թե որն է Թուրքիայի լուծման տարբերակը։ Այն վաղուց ապացուցել է, որ մեր դեպքում լուծման մեկ տարբերակ ունի՝ վերացնել Արցախը, հետո՝ Հայաստանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ