Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսուղերձով դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության կրոնի հարցերով վարչության ղեկավարների խորհրդակցական նիստի մասնակիցներին: Նա հայտարարել է, որ իսլամական աշխարհի համար այս բարդ ժամանակներում մուսուլմանները պետք է ավելի ուշադիր լսեն իրար, ավելի սերտ համագործակցեն:
Ըստ Անադոլու գործակալության՝ Էրդողանն ասել է. «Մեր աշխարհագրության շատ տարածքներում՝ Եմենից Սիրիա, Աֆղանստանից Լիբիա, ցավոք, արյուն ու արցունք է հեղվում, անկայունություն է տիրում: Իսլամական երկրներից, որ դարերի ընթացքում հիշատակվել են մարդկության ու աշխարհի վրա լույս հեղող գիտության, գիտելիքների ենթատեքստում, այսօր, ցավոք, ավելի մռայլ օգնության կոչեր են հնչում: Օրական միջինը հազար մեր մուսուլման եղբայրներից ահաբեկչության կամ բռնության զոհ են դառնում ամբողջ աշխարհում: Հատկապես ռասիզմը, տրայբալիզմը, մազխաբիզմը, ահաբեկչությունը դարձել են խնդիրներ, որ իսլամական աշխարհը քանդում են ներսից»: Նրա խոսքով՝ մուսուլմանական երկրներում տիրող իրավիճակը ոգևորում է իսլամի թշնամիներին ու իմպերիալիստներին նոր հանցագործությունների: «Նրանք, որ վախենում են իսլամի վերելքից, հարձակվում են մեր կրոնի վրա՝ ճգնաժամերի պատրվակով, որ իրենց են ստեղծում: Իսլամաֆոբ ու հակամուսուլմանական հռետորաբանությունը լավագույն գործիքն է, հարմար գործիքը, որ այսօր օգտագործում են արևմտյան քաղաքական գործիչները սեփական ձախողումները թաքցնելու համար: Վերջին օրինակը Արևմուտքում շրջանառվող հասկացություններն են՝ «ֆրանսիական իսլամ», «եվրոպական իսլամ», «ավստրիական իսլամ»: Այդ նախաձեռնությունների հիմնական նպատակը, որ բխում են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, իսլամի ու մուսուլմանների հետ հաշիվները մաքրելն է»՝ ասել է Էրդողանը:
Էրդողանը չի ասում, թե ինչպես են իրենց պահում մուսուլմանները Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում՝ Եվրոպայում: Նրա համար բնական է, որ մուսուլմանը գլխատում է քրիստոնյա ուսուցչի: Չէ՞ որ դա հին թուրքական ավանդույթ է: Էմանուել Մակրոնը այսօր Եվրոպայի միակ նախագահն է, որ հարց է դրել արգելել մզկիթների ֆինանսավորումը այլ երկրներից և այլ երկրներից մոլլաների «ներմուծումը» իր երկիր՝ դա է «ֆրանսիական իսլամը»: Ու ինչի՞ն է դեմ Էրդողանը:
Անկարան դեմ էր, որ Ֆրանսիան ճանաչի հայոց ցեղասպանությունը: Էրդողանը դեմ է, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը:
Իսկ կճանաչի՞:
Երեք քաղաքներ արդեն դիմել են Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախը: Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն հայտարարել է, որ եթե այլ ելք չլինի, Փարիզը նույնպես կճանաչի: Արցախը ճանաչելու կոչ է արել «Հանրապետական» կուսակցությունից սենատոր Վալերի Բուայեն: Նրա խոսքով, ԼՂ-ում Ադրբեջանի «հարձակմանը» հակազդել նշանակում է հակազդել «Եվրոպայում թուրքական իսլամիզմի տարածմանը»: Ազգային ժողովին ճանաչման օրինագիծ են ներկայացրել 20 պատգամավորներ տարբեր կուսակցություններից, այդ թվում՝ Մակրոնի «Առաջ, Հանրապետությունից»: Ինքնին հասկանալի է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հետ կկանչեն իրենց դեսպաններին Ֆրանսիայից, բայց որոշ ժամանակ անց կվերադարձնեն: Այդպես մի քանի անգամ եղել է: Թուրքիան, առավելևս Ադրբեջանը, չեն հանդգնի հարաբերությունները խզել Ֆրանսիայի հետ, որ նաև առևտրատնտեսական գործընկեր է: Այդ թվում՝ ռազմական:
Ի՞նչը կարող է կանխել Մակրոնի՝ Արցախը ճանաչելու նման վճիռը: Փաստացի՝ երեկ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այս պահին բանակցություններն անհնար են՝ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել: Եվ՝ շարունակում է պատերազմը՝ պահանջելով դուրս բերել հայկական բանակը Արցախից: Իսկ դա նշանակում է՝ տարածքը տվեք, դուք հեռացեք: Այս պայմաններում կա 2 ելք՝ պատերազմել մինչև հաղթական ավարտ, զուգահեռ՝ հասնել Արցախի միջազգային ճանաչման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռուսաստանը, օրինակ, դեմ է Արցախի Հանրապետության ճանաչմանը, այլապես Պետական Դուման արդեն կքննարկեր համապատասխան օրինագիծը: Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանը, և հույս ունի Անկարայից պոկել Բաքվին: Գուցե կկարողանա, գուցե պատրանք է: Ինչպես պատրանք էր Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցոթյունը, որից արդեն Մոսկվան հրաժարվում է՝ Անկարային թողնելով սոսկ «գործընկերոջ» կարգավիճակը: Եվգենի Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Պավել Տիմոֆևը գտնում է. «Խնդիրը մի քանի մակարդակի վրա է: Առաջինը՝ ներքաղաքական: Բուայեն ներկայացնում է հանրապետականների կուսակցությունը: Եվ, հավանաբար, այդ կուսակցությունը կարող է ընդունել նրա առաջարկած փաստաթուղթը Սենատի շրջանակում, առավել ևս, նրանք մեծամասնությունն են: Սակայն դա չի նշանակում, որ գործադիր իշխանությունը նկատի կունենա և կհետևի այդ բանաձևին: Թեև նախագահ Մակրոնի կուսակցության և հանրապետականների օրակարգը մի շարք հարցերում համընկնում է, սակայն ոչ բոլոր հարցերում»: Տիմոֆևի կարծիքով՝ Հայաստանը պետք է առաջինն ընդունի ԼՂ անկախությունը, եթե ցանկանում է, որ դա անեն մյուսները: Սակայն կա նաև այլ կարևոր կետ: «Ֆրանսիան, թեև հպարտանում է որոշումներ կայացնելու իր ինքնուրույնությամբ, վերջին շրջանում շատ հաճախ իր գործողությունները համաձայնեցնում է ԵՄ այլ անդամների հետ: Առաջին հերթին Գերմանիայի հետ: Մանավանդ, երբ խոսքը նման լուրջ հարցին է վերաբերվում»,- կարծում է նա: Փարիզի և Անկարայի տարաձայնությունները կապված են ոչ միայն ԼՂ-ի հետ՝ Սիրիա, Լիբիա, հունա-կիպրա-թուրքական վեճ Միջերկրական ծովում: «Կարծում եմ, լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի սրվել: Սակայն, հասկանում եք, Ֆրանսիայի համար ԼՂ-ն և ամբողջ Կովկասը ոչ առաջնային կարևորության մի շրջան է: Այդ պատճառով էլ պատկերացնել, որ Փարիզը պատրաստ է այնտեղ ուղարկել ինչ-որ ռազմական ուժեր, դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է, ընդ որում՝ գիտական»,- գտնում է Տիմոֆևը:
«Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ Փարիզը կճանաչի ԼՂ անկախությունը: «Արդեն իսկ այդ առաջարկը հարված է Ալիևին մեջքից: Ֆրանսիացի սենատորը հետևել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի օրինակին 2016-ի ապրիլյան «քառօրյա պատերազմից հետո»: Այն ժամանակ, որոշ տվյալների համաձայն, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ժողովին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ զինված հակամարտությունից դուրս գալու համար: Եվ Քերին զգուշացրել էր Ալիևին, որ եթե նա չգա Վիեննա, իրենք կճանաչեն ԼՂ անկախությունը: Ալիևն անմիջապես մեկնել է: Եվ հետագայում նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել էր, որ «իրենց վրա ճնշում են գործադրում»՝ ԼՂ անկախության ճանաչման նպատակով: Նա, սակայն, չէր նշել Քերիի անունը»,- պատմել է նա: Նրա կարծիքով, այժմ, երբ ֆրանսիացիները բարձրացրել են այս հարցը, դրդում են Ալիևին բանակցությունների գնալ:
Էմանուել Մակրոնը, իհարկե, կսպասի մինչև Վաշինգտոնում հանդիպեն ԱՄՆ պետքարտուղարը և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները, բայց իր որոշումը կայացնելու է անկախ այդ հանդիպումների արդյունքից: Նույնիսկ անկախ Պուտինի ցանկությունից: Սա նաև Մակրոնի՝ իբրև Եվրոպայի առաջին դեմքի ինքնահաստատման հարց է՝ հեռացող Մերկելից հետո: