Մենք շատ ենք գրում. և՛ պանթուրքիզմի մասին՝ իր նոր դեմքով, և՛ Արցախի դեմ 2020 թ. աշնանային պատերազմի մասին։ Բայց հոկտեմբերի 8-ը բավականաչափ անակնկալներ մատուցեց։ Նրանցից մեկը մերն է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արգիշտի Քյարամյանն այդ օրը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչի համար համապատասխան առաջարկով երկրի ղեկավարին էր դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված ԱԱԾ նախկին ղեկավարի տեղակալ Միքայել Համբարձումյանը։
Վերհիշենք. 29-ամյա Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ն գլխավորել է ընթացիկ տարվա հունիսից։ Իսկ հիմա՝ ճակատագրի նման շրջադարձ։ Կառավարության այդ որոշումը կապված է պատերազմի 11-12 օրվա որոշ իրողությունների հե՞տ, թե՞ կոնկրետ դժգոհություն է ինչ-որ կոնկրետ բանից։ Ի վերջո, լուրեր էին պտտվում, թե համաշխարհային բազմաթիվ շրջանակներ «համոզում» են Փաշինյանին, որ փուլ առ փուլ հանձնի իշխանությունը։ Եվ առաջին փուլում առաջարկել են կառավարությունից և այլ իշխանական կառույցներից հեռացնել «սորոսականներին»։ Ճիշտ է, մենք ապացույցներ չունենք, որ Քյարամյանին առաջ էր մղում ոմն Լարիսա Մինասյան կամ էլ երևանյան «սորոսականներից» ինչ-որ ուրիշը։ Այնուամենայնիվ, նա պաշտոնանկ է արվել։ Մենք կասկածում ենք, որ եթե ոչ պատերազմն ինքը, ապա նրա հետ կապված ինչ-որ բան է ազդել Քյարամյանի պաշտոնանկության վրա։ Օրինակ՝ ուժային կառույցի ոմն բարձրաստիճան պաշտոնյայի մերկացման ամոթալի հանգամանք, կամ էլ օտարերկրացի լրտեսների բացահայտում, որոնց երկրներն այդպես էլ չեն նշվել։ Մի խոսքով, ժամանակը ցույց կտա, թե ում, ինչի համար և ինչպես են «հանում գործից»։
Իսկ այժմ՝ պատերազմի և նրա շուրջը եղած դիվանագիտության մասին։ Պետք է ենթադրել, որ Թուրքիայում և «Բաքվի հանրապետությունում» հոկտեմբերի 8-ին նախորդող օրերին բավական դառն ու բացասական ապրումներ են ունեցել, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահ երկրներից հետո Արցախի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջներին միացավ Գերմանիան, որը նույնիսկ 90-ական թթ. Թուրքիայի և Ալիևների վարչակարգի հավատարիմ պաշտպանն էր։ Մենք չենք սխալվում. նույնիսկ 1991-93 թթ. Բաքվում տիրում էր Ալիևը, պարզապես հիմնական զանգվածը նրան հիշում է «Էլչիբեյ» մականունով, իսկ նա Ալիև է և Հեյդար (ուրեմն և Իլհամ) Ալիևի ազգականը։ Եվ նույնպես՝ նախիջևանցի։ Այսինքն՝ 2020 թ. Գերմանիան ավելի ճկուն է դարձել Թուրքիային և Ալիևների վարչակարգին վերաբերող հարցերում։ Չէ՞ որ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունից հետո, հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը մեկ անգամ էլ հայտարարեց. «Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ հակամարտության բոլոր կողմերը շարագրգռված են, որ, առանց նախապայմանների, մարտական գործողություններն անմիջապես դադարեցվեն, և մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական աջակցությամբ»։ Հաջորդ օրը Մոսկվայից ու Փարիզից հաղորդեցին, որ Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ բանակցությունները կկայանան հոկտեմբերի 8-ին՝ Ժնևում և հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում։ Հենց դրանից հետո (նույնպես հոկտեմբերի 7-ին) Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ թույլ տվեց Ադրբեջանի վրա Եվրախորհրդի ճնշումը Արցախում հրադադարի հասնելու նպատակով. «Տվյալ պահին մենք ակնկալում ենք ադրբեջանական կողմից, որ նա, ինչպես Հայաստանը, հրադադարին համաձայնելու սկզբունքային պատրաստակամություն կհայտնի։ Եթե այդ կողմը դրան պատրաստ չէ, ապա կարծում եմ, որ ԵՄ-ի կողմից պետք է ուժեղացվի ճնշումը նրա վրա»։
Առաջինը հրապարակավ «նեղացավ», իհարկե, Ալիևների վարչակարգը։ Հոկտեմբերի 8-ին նրա ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և Ադրբեջանի վրա հնարավոր ճնշման մասին Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավար Խայկո Մաասի կոչը «խոր ափսոսանք և զարմանք է առաջացնում», նշելով, որ Լեռնային Ղարաբաղում անվերապահ հրադադարի կոչերը կհանգեցնեն միայն «ստատուս քվոն և ադրբեջանական հողերի օկուպացիան պահպանելուն»։ Բաքվում նաև նշեցին, որ Մինսկի խմբի, որի անդամն է նաև Գերմանիան (չշփոթել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի հետ, որոնք են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան), 30-ամյա գործունեությունը «չի մոտեցրել խաղաղությունը Հարավային Կովկասում և չի հանգեցրել Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերմանը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, թե իբր «հայկական զորքերի հանումն ադրբեջանական տարածքներից և օկուպացիայի դադարեցումը ադրբեջանցի ժողովրդի օրինական պահանջն է»։ «Անարդարացի ենք համարում առաջացած իրավիճակում Ադրբեջանի վրա ցանկացած ճնշման մասին հայտարարությունը։ Գերմանիային կոչ ենք անում, որ ճնշում գործադրի Հայաստանի վրա և արդարացի դիրքորոշում ընդունի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի հանումն ապահովելու համար»,- ասված է եզրափակման մեջ։
Բաքվի ԱԳՆ-ն հաշվի չի առնում, որ աշխարհն «արթնացել»։ Եվ աշխարհը զայրանում է. ինչպե՞ս թե, ովքե՞ր են թուրքերը, որ Մերձավոր Արևելքից ահաբեկիչներին նետում են այստեղ-այնտեղ։ Հայաստանի քաղաքացիներին ծանոթացնենք աշխարհի արձագանքի որոշ նրբություններին։ Չէ՞ որ ինչքան ձգվում է պատերազմը, այնքան շատ միջազգային ուժեր են սկսում քննարկել, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում։ Բոլոր կարծիքներից այսօր առանձնացնում ենք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Թեհրանի համալսարանի միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր, պաղեստինյան հարցերով ավագ փորձագետ Խադի Բորխանիի տեսակետները։ Մեր կարծիքով՝ այդ տեսակետները բացարձակապես ճիշտ են արտացոլում օբյեկտիվ իրականությունը։
Նախագահ Ասադը հոկտեմբերի 5-ին ռուսական «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության նոր գալարի գլխավոր նախաձեռնողը եղել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Նա ահաբեկիչներին պաշտպանում է Լիբիայում, գլխավոր հրահրիչն ու նախաձեռնողն է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսված հակամարտության»,- ասել է Սիրիայի նախագահը։ Դատելով այն բանից, որ նա զրուցել է հենց «ՌԻԱ-Նովոստիի» հետ, Ասադն իր տեսակետը համաձայնեցրել է ոչ միայն Թեհրանի, այլև Մոսկվայի հետ։ Հայտնի է, որ Էրդողանը, ի պատասխան, Սիրիան (նաև Կիպրոսը, Հունաստանը և... Իսրայելը) անվանել է «հանցագործ վարչակարգերից մեկը»։ Թուրքի արձագանքն օրինաչափ է, հատկապես Սիրիայի առնչությամբ. այդ երկիրն այն քիչ պետություններից մեկն է, որը դաշնակիցների օգնությամբ խփել է Թուրքիայի «մռութին»։
Բայց ի՞նչ կպատասխանի Էրդողանն այն բանին, որ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը դեռ հոկտեմբերի 4-ին նշել է Թուրքիայի ապակառուցողական դերը Կովկասի և Միջերկրական տարածաշրջաններում, որտեղ Անկարայի գործողությունների հետևանքով լարվածության աճ է եղել։ Ընդ որում, Գեյթը ենթադրել է, որ այդպիսի վարքագիծը «վատ ավարտ» կունենա Թուրքիայի համար. «Անկարան ընդհարվում է տարածաշրջանի այլ երկրների և համաշխարհային տերությունների հետ մի շարք խնդիրներով, և դա լավ չի վերջանա նրա կամ նրա ղեկավարության համար։ Թուրքիայի նախագահը միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին ռազմական տեսակետից։ Էրդողանը միջամտել է նաև Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, ընդհարվել է Հունաստանի և Կիպրոսի հետ, ներխուժել է Միջերկրականի գազային հանքավայրեր, ինչն ստիպել է, որ Ֆրանսիայի նման մեծ և ազդեցիկ երկիրը կործանիչներ և ավիակիր ուղարկի Կիպրոս։ Նույնիսկ Իտալիան, որ ըմբռնմամբ էր վերաբերվում թուրքական շատ դիրքորոշումների, անցել է Ֆրանսիայի կողմը։ Հիմա բոլորն Էրդողանին ասում են, որ նրա գործողությունները պատժվելու են»։ Գեյթին ջղայնացնում է, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին օգտագործում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար. «Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից»։
Մեր պատերազմի մի այլ կողմի վրա է ուշադրություն դարձնում իրանցի պրոֆեսոր Խադի Բորխանին, և մենք համոզված ենք, որ նա իրավացի է։ IRNA գործակալության հետ հարցազրույցում Բորխանին ասել է, որ Իսրայելը փորձում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը, հատկապես Իրանի և Թուրքիայի միջև լարվածություն ստեղծելու նպատակով։ Որոշ մեջբերումներ անենք Բորխանիից. «Լեռնային Ղարաբաղի հարցում Իսրայելը չի մտածում ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի մասին։ Իսրայելում մտածում են, թե ինչպես ձուկ բռնեն այդ պղտոր ջրում։ Իմ կարծիքով, Իսրայելի նպատակներից մեկը, այդ ճգնաժամն օգտագործելով, թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն ստեղծելն է»։ Մենք կավելացնեինք՝ Իսրայելը փորձում է վերածնել Իրանի հետ Թուրքիայի պատերազմի այն պլանը, որի մասին դեռ 1992 թ. տարբեր ԶԼՄ-ներին պատմել են թուրքական MIT հատուկ ծառայության երկու փախած գործակալներ, որոնք վկայում էին, որ թուրք-իրանական պատերազմի նախապատրաստությունը ղեկավարում է Վաշինգտոնը։ Հասկանալի է նաև Իսրայելի հեռահար նպատակը. խոշորածավալ սուննի-շիական զինված հակամարտություն, հենց որին էլ ձգտում էին ԱՄՆ-ը և Իսրայելը, երբ սանձազերծում էին ահաբեկչական պատերազմը Սիրիայի դեմ։ Խորհրդանշական չէ՞, որ Թուրքիայի և Իսրայելի հասցեին մեղադրանքները գրեթե միաժամանակ հնչում են Դամասկոսից ու Թեհրանից։ Բայց Ասադն ու պրոֆեսոր Բորխանին անկասկած իրավացի են։ Ի դեպ, Հայաստանի և Արցախի քաղաքացիներին հայտնենք նշանակալից նորություն. հոկտեմբերի 6-ին Սիրիայում հանդիսավորապես բացվել է Ափըսնիի (Աբխազիայի) Հանրապետության դեսպանությունը, երկրների կառավարությունների միջև պայմանագիր է կնքվել դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների համար անցագրային պահանջների վերացման մասին։ Մեր Արցախն ունենար նման դիվանագիտական հաջողություն...
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններով լրջորեն մտահոգված անձանց միացավ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Ըստ ԱՀԾ-ի ունեցած տեղեկույթի, ակտիվորեն հակամարտության գոտի են բերվում վարձկաններ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրկատ Խամզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։ Խոսքը հարյուրավոր և արդեն անգամ հազարավոր արմատականների մասին է, որոնք ուզում են վաստակել ղարաբաղյան նոր պատերազմում»,- նրա խոսքն է մեջբերվում ԱՀԾ-ի կայքում։ Ղարաբաղում թեժացող զինված հակամարտությունը, նշել է Նարիշկինը, մագնիսի նման իրեն է ձգում զանազան միջազգային ահաբեկչական կառույցների զինյալներին։ Այդ ի՞նչ կիսատխմարներ էին և 2020-ին, և նախորդ տարիներին պահանջում, որ Հայաստանի հասարակությունը «պաշտպանի քրդերին»։ Թող ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալները փորձեն հերքել Ռուսաստանի ԱՀԾ-ի տնօրենի ասածները։ Մենք գրելու ենք միայն ըստ փաստերի, ոչ թե ըստ երևակայության և ասենք. ժամանակն է, որ միջազգային ահաբեկչության դեմ ազնվորեն պայքարող համաշխարհային բոլոր ուժերն ընդհանուր ճակատով հարվածեն Թուրքիային, «Բաքվի հանրապետությանը» և կտրուկ կերպով սահմանափակեն այդ ահաբեկչական երկրների հովանավորների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի, հնարավորությունները։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ