ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Աշխարհաքաղաքական մոտեցումներն իրենց տեղը զիջում են աշխարհատնտեսականին

Աշխարհաքաղաքական մոտեցումներն իրենց  տեղը զիջում  են աշխարհատնտեսականին
25.06.2013 | 00:53

Մերձավոր Արևելքում Ռուսաստանի կարևոր խնդիրը իր ազգային շահերի ու նպատակների ձևավորումն է։ Այդ նպատակները զգալիորեն տարբերվում են տարածաշրջանում ԽՍՀՄ-ի ներկայության մոդելից և ոչ միայն ռազմաքաղաքական հնարավորությունների, այլև գաղափարախոսական պատճառով։ Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանն առաջնային կարգով կպաշտպանի տարածաշրջանի մարքսիստական խմբերի շահերը։ Մերձավոր Արևելքում ռուսական քաղաքականության նպատակներում և խնդիրներում որոշակիության բացակայությունը խիստ խոցելի հանգամանք է նրա արտաքին քաղաքականության մեջ։ Դա առաջ է բերում արաբական պետությունների ու կրոնական-քաղաքական շարժումների տարակուսանքն ու զգուշավորությունը։ Ինչ աշխարհաքաղաքական նախագծեր էլ որ ձեռնարկելիս լինեն ԱՄՆ-ն ու եվրոպական պետությունները, նրանք դրանով իրենց տնտեսական շահերն են հետապնդում։ Աշխարհաքաղաքական մոտեցումներն իրենց տեղը զիջում են աշխարհատնտեսականին, այսինքն` իրենց ընկերությունների շահերի պաշտպանությանը, նրանց մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած տնտեսական կայունության հետ կապված մակրոտնտեսական խնդիրների լուծմանը, նավթի ու գազի գների վերահսկողությանը, հաղորդուղիների անվտանգության ապահովմանը և այլն։ Արաբ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Ռուսաստանի ու Իրաքի փոխհարաբերությունների հստակեցումից հետո այդ հարաբերություններում նավթատնտեսական լուրջ ու երկարաժամկետ բաղադրիչի ներկայությունը, տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը ավելի իմաստալից ու տրամաբանված են դարձել։ Թեև Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում մնում են նրա իրական ռազմաքաղաքական հնարավորությունների սահմանափակ շրջանակներում, նրա օրախնդիր դիրքերը Իրաքում և Իրանում (այսինքն` տարածաշրջանի երկու խոշոր պետության նկատմամբ) նախընտրելի ու համոզիչ են։ Տարածաշրջանի պետությունների մյուս խմբերն են. Լևանտական խումբը` Սիրիան, Եգիպտոսը, Հորդանանը և Լիբանանը, ըստ երևույթին, որպես ռազմավարական գործընկերներ ընտրել է ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, Մաղրիբի խումբը` Մարոկկոն, Ալժիրը, Թունիսը և Լիբիան, միարժեքորեն կողմնորոշված է դեպի Եվրոպա, իսկ Արաբական խումբը` Սաուդյան Արաբիան, Եմենը, Պարսից ծոցի պետությունները, անկասկած, մնում է որպես ԱՄՆ-ի գործընկեր։ Հազիվ թե Ռուսաստանին մոտ ժամանակներս հաջողվի ավելի նախընտրելի դիրքեր գրավել այդ երկրներում։ Բայց Իրաքի ու Իրանի հետ ռազմավարական սերտ համագործակցությունը Ռուսաստանին թույլ է տալիս ձեռք բերել երկու խոշորագույն ազգային տնտեսական շուկա, ազդեցություն գործել մնացած տարածաշրջանի վրա և կանխիչ միջոցներ ձեռնարկել իսլամական արմատական շարժումներից ու նրանց գործընկերներից բխող հակառուսական նախագծերի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ, հեռանկարում խնդրաշատ կդառնա ռազմավարական բնույթի երկկողմանի կապերի իրագործումը` Մոսկվա-Բաղդադ-Թեհրան և Մոսկվա-Անկարա-Թել Ավիվ սխեմայով։
Ներկայումս տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ Սիրիայի անօրինակ մերձեցում։ Սիրիայի անկախ դիրքորոշումը պատմական երկար ժամանակաշրջանի ընթացքում (մոտ 30 տարի) և Հաֆեզ Ասադի քաղաքականությունը շարունակելու Բաշար Ասադի հռչակած պատրաստակամությունը թույլ չեն տալիս լիարժեքորեն գնահատել արևմտամետ տրամադրությունների աճը Սիրիայում։ Ըստ էության, Սիրիան դարձել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի, Իրաքի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի համառ պայքարի ասպարեզ։ Սրանք միայն հիմնական մրցակիցներն են։ Փաստորեն, Մեծ Մերձավոր Արևելքի բոլոր պետությունները, ներառյալ Հունաստանը, Հայաստանը, ինչպես նաև միջերկրածովյան երկրները շահագրգռված են Սիրիայի հետ գործընկերային հարաբերությունների պահպանմամբ` որպես տարածաշրջանի աշխարհառազմավարական իմաստով առանցքային պետության։ ԱՄՆ-ի ու Սիրիայի փոխհարաբերություններում, անշուշտ, կան հետևյալ բաղադրիչները. Լիբանանում Սիրիայի ռազմաքաղաքական գերակայությունների պահպանումը, Իրաքի և Իրանի հետ Սիրիայի սահմանափակ համագործակցությունը, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը, իսրայելա-սիրիական հարաբերությունների կարգավորման` Գոլանի բարձունքները վերադարձնելու միակ հույսի համար ԱՄՆ-ի պատասխանատվությունը, ԱՄՆ-ի հետ Սիրիայի տնտեսական և աշխարհատնտեսական համագործակցությունը, Ռուսաստանից Սիրիայի հեռացումը և Եվրամիության հետ համագործակցության հարցում գերակայությունների չընդունումը։ Լիբանանցի փորձագետ Քարիմ Պագրատունու կարծիքով, Ռուսաստանից կտրվելով Սիրիան կստանա անհամեմատ մեծ տնտեսական առավելություններ, քան նրա հետ համագործակցելով։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն պարզ է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությանը զուգընթաց Սիրիան հեռանկարային աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական համագործակցության մեջ է մտնում Իրաքի և Իրանի հետ, որը, ամերիկյան «Սթրեթֆոր» վերլուծական ծառայության կանխատեսումների համաձայն, այսպես թե այնպես, կվերաճի տարածաշրջանային քաղաքական (առնվազն) դաշնախմբի։ Սիրիան հասկանում է, որ առանց այդ երկու տերությունների հետ պատշաճ համագործակցության ինքը կվերածվի «Մեծ Լիբանանի» և չի կարողանա առանցքային քաղաքական դերի հավակնել։ Դրա հետ մեկտեղ, տեսանելի հեռանկարում Սիրիային անհրաժեշտ կլինի սերտ տնտեսական համագործակցություն հաստատել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, եվրոպական այլ պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։
Միաժամանակ, հարկ է նշել մի կարևոր գործոն, որը վճռորոշ դեր է խաղում Ռուսաստանից արաբական պետությունների սառելու գործում։ Խոսքը 90-ականների սկզբին Ռուսաստանի և Իսրայելի փոխհարաբերությունների կարգավորման, Իսրայելի հետ ավելի սերտ, փաստորեն գործընկերային հարաբերություններ հաստատելու Ռուսաստանի մտադրության մասին է և այն հսկայական դերի, որ հրեական քաղաքական շրջանակները խաղում են Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձևավորման գործում։ Հնարավոր է, որ Ռուսաստանում այդ գործոնին մեծ նշանակություն չեն էլ տալիս։ Սակայն մոտավորապես 1979 թվականից Իսրայելը Ռուսաստանում փորձարկում է մի նոր նախագիծ, որի իմաստը հրաժարումն է Ռուսաստանի ազատական և ամերիկամետ ուժերի, ինչպես նաև հայրենասիրական ուժերի հետ միակողմանի համագործակցությունից։ Ներկայումս Իսրայելը, կարծես, պարտավորեցնող հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի տարբեր ուղղությունների հայրենասիրական ուժերի մի քանի խմբավորումների հետ։ Ընդ որում, շեշտը դրվում է արդեն կայացած, բավականին հեղինակավոր գաղափարաբանների, լրատվամիջոցների, արմատական քաղաքական կուսակցությունների ու շարժումների վրա։ Այդ նպատակով Իսրայելում մշակվել է այդ համագործակցության գաղափարախոսական ամրապնդման և ռուսական հայրենասիրական շրջանակներում դրանց արմատավորման նախագիծ։ Տվյալ պարագայում Իսրայելը ներկայացնում են, այսպես կոչված, «հրեական ավանդապաշտները»։ Այսինքն, ընդունվում են բացահայտ ազգային շահերի բացակայությունը և ավանդականության խոր արմատների առկայությունը, օրինակ, Ռուսաստանի հանրահայտ նեոեվրասիական շարժման մեջ, փորձ է արվել ռուսների ու հրեաների համար ստեղծել ընդհանուր գաղափարախոսական ծրագիր։ Դա չի կարող չնկատվել արաբական պետությունների կողմից։ «Հրեական ուղղությունը» Մոսկվայում արաբական պետությունների դեսպանությունների ու հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական ուղղություններից մեկն է։ ԱՄՆ-ում «պետական աջ հակահրեականության» ներկա աճի պայմաններում, արաբական պետությունները նոր հեռանկարներ են ստանում ամերիկացիների հետ հարաբերություններում։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում նախագահական վերջին ընտրությունների ժամանակ առաջին անգամ ձևավորվեց և ակտիվորեն գործում էր արաբական լոբբին ¥արաբական և հայկական լոբբիի, ինչպես նաև համայնքների սերտ համագործակցությունը ցույց է տալիս քաղաքական այդ վեկտորի նպատակներն ու անելիքները¤։ Լիբանանյան քաղգործիչների հետ շփվելիս կարելի է նկատել, որ ընդհանուր առմամբ ռուսների ու ամերիկացիների նկատմամբ արաբների վերաբերմունքը, փաստորեն, նույնն է։
Ընթացիկ տարվա մարտի վերջին-ապրիլի սկզբին Պաղեստինում տեղի ունեցած իրադարձությունները լիովին ցուցադրում են շահագրգիռ կողմերի դիրքորոշումներն ու մտադրությունները և կարգավորման գործընթացի զարգացման հեռանկարները։
ԱՄՆ-ը որոշում է ընդունել Իսրայելին տալ անվտանգության երաշխիքներ, ապահովել նրա ռազմատեխնիկական գերազանցությունը տարածաշրջանում, ինչը պետք է օժանդակի նրա աշխարհառազմավարական գործառույթի շարունակմանը։ ԱՄՆ-ը ենթադրում է ակտիվացնել իսրայելական գործոնը տարածաշրջանի «ցնցման» գործում, ինչը կոչված է պահպանելու ԱՄՆ-ի դիրքերը։ ԱՄՆ-ը նաև մտադիր չէ միջամտելու իսրայելա-պաղեստինյան ներկա զինված դիմակայությանը, երկու կողմերին հնարավորություն տալով ինքնուրույն պարզելու իրենց հարաբերությունները և հասնելու ուժերի բնական հավասարակշռության։ Ընդ որում, ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իսրայելը, անկասկած, առավելություններ ունի և ընդունակ է ճնշելու պաղեստինյան ապստամբությունը, ինչը չի հանգեցնի տարածաշրջանային մեծ պատերազմի բռնկման, քանի որ արաբական պետություններն ընդունակ չեն լայնածավալ պատերազմ մղելու Իսրայելի դեմ։ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելի աջ քաղաքական ուժերին, ինչը չի նշանակում այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք գոյություն ունեին ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության և Իսրայելի ձախ ուժերի միջև։ Բ. Օբամայի և Բ. Նեթանյահուի հարաբերություններն այնքան էլ պարտավորեցնող չեն։ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ շահագրգռված չէ պաղեստինյան պետության ստեղծմամբ, եթե դա հանգեցնելու է հակամարտության հարթմանն ու Իսրայելի և Պաղեստինի հետագա տնտեսական և քաղաքական ինտեգրմանը։ Միաժամանակ, ԱՄՆ-ն առայժմ չունի հակամարտության պահպանման մշակված մոդել։ ԱՄՆ-ի առաջնային անելիքը Իրաքի խնդրի և պաղեստինյան խնդրի առանձնազատումն է, ինչպես նաև Իրաքի մեկուսացումը արաբական ու իսլամական աշխարհում։
Մերձավորարևելյան հարցի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի մարտավարական խնդիրները «սպասողական» են և նպատակ ունեն հասնելու Իսրայելի ու պաղեստինցիների «համակողմանի հոգնածության», ինչի հետևանքով էլ կողմերը սկզբունքային պայմանավորվածության կգան։ Դրան զուգընթաց, լուծված չեն ժամանակի գործոնի հետ կապված հարցերը։ Անհասկանալի է մնում, թե ինչ ժամանակ է ակնկալում ԱՄՆ-ը կարգավորման համար և ինչպես է դա զուգորդվելու Իրաքի խնդրի հետ։ Երևի ԱՄՆ-ը հույս ունի Իրաքի խնդիրը լուծելու պաղեստինյան խնդրի լուծումից շատ առաջ։ Առանց պաղեստինյան խնդրի առկայության, ԱՄՆ-ը հարկադրված կլինի Սիրիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ իր հարաբերությունները կառուցելու այլ, երևի ամենևին չմշակված սկզբունքների ու մոտեցումների հիմքի վրա։ Դրա հետ մեկտեղ, ամերիկացիները հասկանում են, որ պաղեստինյան պետություն պետք է ստեղծվի, և այդ խնդրի լուծումը հնարավոր են համարում տեսանելի ապագայում։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը պաղեստինյան խնդրի լուծման գործում ակտիվություն դրսևորի այն բանից հետո, երբ տարածաշրջանի վերաբերյալ միջնաժամկետ նախագծեր ստեղծվեն։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ