Անկախության երկու տասնամյակների ընթացքում թերևս ամենամեծ վնասը, որ հասցվել է Հայաստանի տնտեսությանը, արդյունաբերական երբեմնի հզոր կարողության աստիճանական փոշիացումն է: Տարիների ընթացքում կամաց-կամաց պետությունը մի կողմ կանգնեց արդյունաբերության զարգացման խնդիրներից: Փոխվեց դրան ուղղված պետական քաղաքականությունը: Ավելին, կառավարման մարմինների անվանումներից հանվեց «արդյունաբերություն» բառը:
Այսպես, օրինակ, 1950-ականների սկզբին իներցիայի ուժով պահպանված արդյունաբերության նախարարությունը ժամանակի ընթացքում վերափոխվեց արդյունաբերության և առևտրի, հետո` արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության, ավելի ուշ` առևտրի և տնտեսական զարգացման նախարարության: Արդյունքը եղավ այն, որ կորավ ոչ միայն «արդյունաբերություն» բառը, այլև լուրջ վերաբերմունքը տվյալ ոլորտը զարգացնելու հարցում: Դժվար չէ նկատել, որ պատճառներից գլխավորը Հայաստանի «նեոլիբերալների» այն համոզմունքն էր, թե շուկայական տնտեսության պայմաններում պետությունը չպետք է միջամտի տնտեսության զարգացման հարցերին, ուստի անընդունելի համարվեց որևէ կերպ աջակցել արդյունաբերության զարգացմանը: Իհարկե, եղել են նաև առանձին ձեռքբերումներ, որոնք արդյունք են մասնավոր հատվածի ներկայացուցիչների նպատակասլաց աշխատանքի և համառության: Սակայն վերջին տարիների միտումներն արդյունաբերության ոլորտում այլ կերպ, եթե ոչ անկում, չի կարելի որակել: Բարեբախտաբար, արդյունաբերության հանդեպ ներկայիս իշխանությունների վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է: Դրան, թերևս, նպաստում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի փուլում զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների որդեգրած արդյունաբերության զարգացմանն ուղղված հստակ միջամտությունն ու պետության դերի արժևորումը: Հայաստանի կառավարությունը, կարծես, ձերբազատվում է լիբերալիզմի դոգմաներից և փորձում քայլեր ձեռնարկել ազգային տնտեսության առողջացման ուղղությամբ: Այս առումով գնահատելի է նախորդ տարվա ավարտին կառավարության կողմից հավանության արժանացած արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որը նպատակ ունի մշակելու և իրականացնելու ոլորտի աշխուժացմանն ուղղված համարժեք քաղաքականություն:
Մեր համոզմամբ, արդյունաբերության զարգացման արդյունավետ քաղաքականություն մշակելու համար նպատակահարմար է խորությամբ վերլուծել ոչ միայն անցյալի դասերը, այլև հասկանալ տնտեսության այս ճյուղի անկման պատճառներն ու ուղիներ որոնել` ստեղծված իրավիճակից դուրս գալու, արդյունաբերության մրցունակ ձեռնարկություններ կայացնելու:
Ինչպես հայտնի է, սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման և բաշխման առաջին շրջանում առավել ձեռներեցներին բաժին հասավ ոչ միայն ազատ վաճառքի դրված բաժնետոմսերի 80%-ը, այլև ոչինչ չխոստացող և օրեցօր արժեզրկվող սերտիֆիկատների այն 20%-ի զգալի մասը, որն անվճար տրվել էր ձեռնարկության աշխատողներին: Արդյունքում, տնտեսական առաջընթացում նախկինում ոչնչով աչքի չընկնող, իսկ հետագայում գրեթե միանձնյա հայտնված սեփականատերերի մի ամբողջ շերտի ձևավորումն ի չիք դարձրեց աշխատավորի մասնակցությունը գործերի կառավարմանն ու որոշումների կայացմանը: Դրանով պայմանավորված՝ որոշակի մեկուսացում ստեղծվեց նաև նյութական բարիքների արտադրության մեջ կենսականորեն շահագրգռված սոցիալական շերտերի, պետության կողմից մշակվող ու իրականացվող տնտեսական քաղաքականության և ապապետականացված արտադրական կարողությունների միջև: Միաժամանակ, ապապետականացման գործող օրենքով սահմանված գրեթե անսահմանափակ իրավունքներով Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող որևէ ձեռնարկություն կարող էր վաճառվել և վաճառվեց առավել գնողունակ ձեռներեցին, հաճախ՝ օտարերկրացուն, այսպիսով գրեթե անհնար դարձնելով դրա ինտեգրացումը ազգային տնտեսությանն ու սոցիալ-տնտեսական ծրագրերով նախանշված գործընթացներին: Նման վտանգն ավելի մտահոգիչ է հատկապես հանքահումքային ոլորտի օբյեկտների ապապետականացման դեպքում:
Բազմաթիվ վիճելի հարցեր կան նաև օբյեկտների գնահատման մեխանիզմներում և մեթոդներում: Տարիմաստություն է հարուցում այն փաստը, որ չնայած օրենքով նախատեսված պատժամիջոցներին, ապապետականացման ընթացքում գործարքների անվավեր ճանաչման ոչ մի դեպք մինչ օրս այդպես էլ չգրանցվեց:
Գործընթացի բացթողումները շտկելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգը. բացի ամենամյա ծրագրերից, անհրաժեշտ է մշակել ապապետականացման ռազմավարական ծրագիր դրանում և հնարավորինս ներգրավելով սփյուռքի հայ գործարարներին ու նրանց օտարերկրյա գործընկերներին: Բացի այդ, պետք է ապահովել աշխատողների մասնակցությունը գործերի կառավարմանը և հնարավորինս պահպանել ձեռնարկությունների մասնագիտացումը, իսկ առանձին դեպքերում` օբյեկտների գնահատման ժամանակ գնի մեջ ներառել ինժեներա-տեխնիկական, բացառիկ փորձառությամբ կադրերի արժևորված գինը: Խիստ անցանկալի էր, երբ մասնավորեցման առաջին փուլում չպահպանվեցին տարբեր ձեռնարկությունների մասնաճյուղերը մարզերում, ինչը կարող էր կանխել արտահոսքը հատկապես սահմանամերձ շրջաններից։ Ի վերջո, ապապետականացումից ստացված միջոցներով կարելի էր ձևավորել ռազմավարական ճյուղերի ֆինանսավորման պետական ներդրումային ֆոնդ, որը կարող է որոշ ծրագրերի համար ծառայել նաև որպես համաֆինանսավորման աղբյուր:
Ապապետականացված ձեռնարկությունների վերագործարկման խնդիրը մնում է օրակարգային հիմնահարց: Այդ նպատակով առաջարկվում է մանրազնին ուսումնասիրել մինչ օրս կնքված բոլոր խնդրահարույց գործարքները: Լուրջ օրինախախտումների հայտնաբերման դեպքում գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով հնարավոր է չեղյալ համարել գործարքը և անվավեր ճանաչված գործարքի կողմ հանդիսացող օբյեկտի սեփականատիրոջից պետությանը վերադարձնել ընդունման-հանձնման պահին գույքագրված ողջ ունեցվածքը, ներառյալ ինֆորմացիոն ողջ կապիտալը: Ինչ վերաբերում է գույքի պակասող մասին, ապա տվյալ ժամանակվա սեփականատիրոջից պետք է գանձել շուկայական գնի դրամային համարժեքը և հայտարարել նոր մրցույթ՝ նախապատվություն տալով առավել կարճ ժամկետներում վերագործարկման հաշվարկ պարունակող ծրագրերին: Ի դեպ, նման օրինակները քիչ չեն նախկին սոցիալիստական երկրներում (Լեհաստան, ՈՒկրաինա և Ղազախստան):
Առանձին ուշադրության է արժանի արտադրական միջոցներից գույքահարկի գանձման խնդիրը: Տնտեսական բարեփոխումների առաջին փուլում մասնավորեցված, սակայն չաշխատող ձեռնարկությունների վերագործարկման նպատակով, մեր կարծիքով, նպատակահարմար է.
. արտոնություններ սահմանել աշխատող ձեռնարկությունների համար՝ կիրառելով արտադրության հիմնական միջոցներից և անշարժ գույքից գանձվող հարկերի զրոյական դրույքաչափ գործունեության առաջին, իսկ առանձին դեպքերում` նաև երկրորդ և երրորդ տարիներին,
. սահմանել ժամանակային պրոգրեսիվ սանդղակով գանձվող գույքահարկ չաշխատող ձեռնարկությունների արտադրության հիմնական միջոցներից և անշարժ գույքից հետևյալ ձևով.
-արտադրության հիմնական միջոցներից՝ առաջին տարում՝ դրանց շուկայական արժեքի 0,5, երկրորդ տարում՝ 1, երրորդ տարում՝ 2 %-ով, և այսպես շարունակ,
-անշարժ գույքից՝ դրանց շուկայական արժեքի 0 %-ի չափով՝ առաջին տարում, 0,5 %-ի չափով` երկրորդ տարում, և 1 %-ի չափով՝ երրորդ տարում:
Ակնկալվում է, որ չաշխատող ձեռնարկությունների սեփականատերը ստիպված կլինի ընտրություն կատարել հետևյալ քայլերից.
. սեփական ուժերով վերագործարկել ձեռնարկությունը՝ ազատվելու համար աճող հարկային բեռից և օգտվելու գույքահարկի արտոնություններից,
. վերավաճառել ձեռնարկությունը շուկայական գնով կամ հետ վերադարձնել՝ ապապետականացման համար վճարված անվանական գնով,
. վարձակալության տալ արտադրությունը վերագործարկելու պատրաստ բանիմաց մասնագետների՝ պայմանագրային հիմունքներով,
. պետության հետ համատեղ վերագործարկման ծրագիր մշակել` պետական բաժնեմաս տրամադրելով պետպատվերի դիմաց,
. հայտարարել սնանկություն՝ գործող կարգի համաձայն:
Հնարավոր է նաև հարկային արտոնություններ նախատեսել վերագործարկման ծրագիր ներկայացրած ձեռնարկությունների համար՝ հետաձգելով գույքահարկի գանձումը մինչև կառավարության հավանությանն արժանացած վերագործարկման ժամկետները:
Մասամբ ապապետականացված օբյեկտների վերագործարկման համար առաջարկվում է.
. սահմանել պետական բաժնեմասի մեկնարկային գին,
. առաջին հերթին գնման իրավունք վերապահել օբյեկտի ապապետականացված մասի սեփականատիրոջը,
. մյուս մասի սեփականատիրոջ կողմից գործարար հետաքրքրության բացակայության դեպքում հայտարարել մրցույթ,
. առաջարկ ներկայացնել ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը՝ նրանից հետ գնելու այն գործարքի անվանական գնով,
. հետ գնած մասը միացնել պետական բաժնեմասին և այն վերավաճառել մրցույթով կամ աճուրդով կամ վարձակալության տալ երրորդ կողմին:
Անհրաժեշտ է հարկային արտոնություններ նախատեսել նաև վերագործարկման ծրագիր ներկայացրած ձեռնարկությունների համար՝ հետաձգելով գույքահարկի գանձումը մինչև կառավարության հավանությանն արժանացած վերագործարկման ժամկետները:
Թեև մեր երկրում գույքահարկը դեռևս նման տարբերակված բնույթ չի կրում, ինչպես մի շարք զարգացած արդյունաբերական երկրներում, այդուհանդերձ, նպատակահարմար է աստիճանաբար անցում կատարել այս հարկատեսակի կիրառման նոր ոլորտների, որոնք կապահովեն տնտեսության տարբեր ճյուղերի առավել արդյունավետ զարգացում: Անավարտ շինարարության ոլորտում նպատակահարմար է երկար տարիներ սեփականաշնորհած, սակայն անավարտ և հատկապես ժամկետանց շինարարության այնպիսի հարկումը, որը կխթանի դրանց համար պահանջվող աշխատանքների ավարտը, ավելի բարետես դարձնելով շրջապատը, նպատակին ծառայեցնելով ժամանակին ձեռնարկած ծրագրերը և, ընդհանուր առմամբ, նպաստելով տնտեսության զարգացմանը: Հակառակ պարագայում, շինարարական աշխատանքների ավարտի նպատակով անհրաժեշտ նյութական միջոցների բացակայության պայմաններում, անավարտ կառույցները կարող են վերավաճառվել դրա հնարավորությունն ունեցող առավել մրցունակ շինարարական ընկերությունների:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր