ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼՆԵՐՆ» ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՄՈԼՈՏՈՎԻ ԿՈԿՏԵՅԼՆԵՐՆ» ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
14.09.2010 | 00:00

Եթե հետևելու լինենք Թուրքիայի քաղաքներում ու մայրուղիներում փակցված «Այո» ասելու այսպիսի ցանկություն մենք չենք ունեցել անգամ ամուսնության գրանցման սրահում» ինքնատիպ կարգախոսին, ապա երկրի բնակչության կեսից ավելին` սահմանադրական հանրաքվեի անցկացման օրը նվիրական «այո»-ն ասած 50 միլիոն ընտրողների մոտ 60 տոկոսը, ամենայն հավանականությամբ, պիտի որ սիրատոչոր տենդի մեջ գտնված լիներ։ Իսկ եթե հավատալու լինենք լրատվական գործակալությունների հաղորդումներին, ապա պատկերն այնքան էլ հովվերգական չի թվում. քվեարկության օրը ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, ովքեր փորձել են ձախողել հանրաքվեի անցկացումը, շատ քաղաքներում ու մայրաքաղաքում քվեարկել չցանկացող մարդիկ ընդհարումներ են հրահրել ոստիկանության հետ, իսկ վերջինս, իր հերթին, հարկադրված է եղել արտասվաբեր գազ ու ջրանետներ գործադրել։ Ընդդիմությունը, ինչպես և պետք էր սպասել, հայտարարել է, որ եթե երկրի բնակչության ավելի քան 40 տոկոսը «դեմ» է քվեարկել, իսկ մոտ 28 տոկոսը բոյկոտել է հանրաքվեն, ապա կառավարող կուսակցության աջակցության և ուղղումների մասին խոսելն ավելորդ է։
Նկատենք, որ քվեարկության չեն եկել հատկապես քրդերը։ Անգամ ամենաչափավոր քրդամետ կուսակցությունը հանդես է եկել բոյկոտելու նախաձեռնությամբ, իսկ ամբողջ քարոզչությունն անցել է երկրով մեկ քրդական լուրջ հուզումների պայմաններում։ Քրդերի ռազմականացված կազմավորումների և բանակի միջև Թուրքիայի հարավարևելյան մասում տեղի ունեցած ընդհարումները, նավթամուղների պայթեցումները, ահաբեկչական գործողությունները Միջերկրական և Սև ծովերի հանգստավայրերում, բախումները Ստամբուլի կենտրոնական հրապարակներում, այդ թվում` Աթաթուրքի արձանի քարկոծումներն ու «Մոլոտովի կոկտեյլների» գործադրումը վերջին ժամանակներս չեն դադարել։ Այս ամենն ապացուցում է, որ վարչակազմին այդպես էլ չի հաջողվում հասարակությունը միավորել «ահաբեկչության դեմ պայքարի համազգային գաղափարի» շուրջ, և դա կառավարող վարչակազմի ամենագլխավոր քաղաքական անհաջողությունն է։ Ի դեպ, անհաջողությունները չեն խանգարել բոլոր քաղաքական ուժերին առավելագույնս օգտագործելու «քրդական խաղաքարտը»։ Այսպես, Թուրքիայի գլխավոր շտաբը ծառայողական հետաքննություն է սկսել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ որոշ բարձրաստիճան սպաների կապերի առիթով։ Մյուս կողմից, ընդդիմադիր մամուլն ակտիվորեն լուրեր է տարածում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ Աբդուլլահ Օջալանի ունեցած հանդիպումների մասին։ Իսկ Էրդողանը, ինչպես միշտ, հանդես է եկել տրագիկոմիկ դերասանի իր սովորական նկարագրով և հայտարարել է. «Իմ շահիդի մի կաթիլ արյան, իմ հայրենիքի մի թիզ հողի համար ես պատրաստ եմ ոչ միայն իշխանությունը զոհաբերելու, այլև իմ ամբողջ ունեցվածքը», բայց, միաժամանակ, հիշեցրել է, որ ահաբեկչությունը երկրում ամենևին էլ նոր երևույթ չէ, այլ գոյություն է ունեցել իր իշխանության գալուց դեռ շատ առաջ։
Առհասարակ, հանրաքվեի նախօրեին քաղաքական բուռն վեճերը սովորաբար տեղավորվում էին թատերական շոուի շրջանակներում` արևելյան քաղցր-մեղցր երանգներով, և ակնբախորեն վկայում հասարակության մեջ առկա բևեռացվածության մասին, որը բաժանված է կրոնական և աշխարհիկ կառավարման կողմնակիցների։ Իհարկե, պատահական չէ, որ քվեարկությունն անցկացվեց 30-ամյա վաղեմության արյունալի զինվորական հեղաշրջման օրը։ Խիստ «տպավորիչ» էին ուղիղ եթերում Էրդողանի թափած արցունքները։ Վարչապետին հուզել էին հեռուստաընկերության ցուցադրած 12-ամյա վաղեմության կադրերը, որտեղ նա պատկերված էր ձերբակալությունից մեկ օր առաջ (1998 թվականին նրան դատեցին իր կողմնակիցների միտինգներից մեկի ժամանակ իսլամական բովանդակությամբ ոտանավորների հրապարակային ընթերցման համար, և ստիպված եղավ հեռանալ Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնից)։ Իր հերթին, ընդդիմությունը հսկայական խանդավառությամբ պիտակավորեց` «Էրդողան-սուլթան», «Թուրքիան թևակոխել է խավարի ու վտանգների ժամանակաշրջան»։ Իսկ իշխանությունների բազմահազարանոց միտինգներին ու նրանց «մկանախաղին» ընդդիմությունը հակադրեց ոչ պակաս բազմամարդ ու գունագեղ մի հավաք։
Նկատենք ևս մեկ հետաքրքիր հանգամանք. երկրի կրոնական գործիչներն ակտիվորեն պաշտպանում էին սահմանադրության փոփոխությունները։ Ինչ վերաբերում է զինվորականներին, ապա նրանք, ինչպես նշում են լրատվամիջոցները, ամենևին չմասնակցեցին ներկա բանավեճին և բացահայտորեն չդիմադրեցին «սողացող իսլամականությանը»։ Գուցե այն պատճառով, որ հուլիսի վերջին ձերբակալվեց 28 մարդուց բաղկացած գեներալական հերթական խումբը, իսկ օգոստոսին «զինվորական վերնախավի» հիմնական պաշտոններում նշանակումներ կատարելիս Բարձրագույն ռազմական խորհուրդը տեղեր չգտավ վարչակազմի հակառակորդների համար։ Նախագահ Գյուլն այդ առթիվ լիարժեքորեն և առանց տատանվելու հայտարարեց. «Ճիշտ չէր լինի բարձրացնել այն գեներալների պաշտոնները, որոնց վերաբերյալ ձերբակալության որոշում է ընդունվել»։
Այսպիսով, ի՞նչ փոփոխություններ է կրել Թուրքիայի հիմնական օրենքը սեպտեմբերի 12-ից հետո։ Կամրապնդվի սեռերի հավասարությունը և կարգելվի երեխաների, տարեցների ու հաշմանդամների խտրականությունը։ Աշխատողներին կթույլատրվի անդամակցել ավելի քան մեկ արհմիության, և կվերացվի քաղաքական գործադուլների արգելքը։ Խորհրդարանի պատգամավորները հիմա կկարողանան իրենց տեղերը պահպանել անգամ այն դեպքում, եթե նրանց կուսակցության գործունեությունն արգելվի դատարանի որոշմամբ։ Արմատական փոփոխություն կկրի նաև դատական իշխանության համակարգը։ Հենց նա է մինչև հիմա եղել իսլամականների գլխավոր «թշնամին», ավելին, դատարանները կանոնավորապես փորձել են, ճիշտ է, անհաջող, արգելել «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունը` նրա պարագլուխներին հեռացնելով կառավարությունից։ Բայց գլխավորն այն է, որ ուղղումների փաթեթում թաքցված է գլխավոր վտանգը «սպաների անձեռնմխելի կաստայի» համար, որը, փաստորեն, բացառում է նրանց մասնակցությունը քաղաքականությանը։ Քաղաքացիական դատարաններն այսուհետև իրավունք կստանան դատելու զինվորականներին` պետության դեմ գործած հանցանքների համար, իսկ պահեստ արձակված զինվորականները կկարողանան իրենց հերթին հայցեր ներկայացնել քաղաքացիական դատարան։ 26 ուղղումների մեջ կան, օրինակ, այնպիսիք, որոնք կրճատում են զինվորական տրիբունալների լիազորությունները և վերացնում 1980 թվականի հեղաշրջման կազմակերպիչների անձեռնմխելիությունը։ Թեև այդ միջոցառումը աղմկալի է ու ամբոխահաճո, բայց այն բացահայտորեն ժամանակավրեպ է. գեներալներին դատել, այնուամենայնիվ, չի կարելի։ Վաղեմության ժամկետն է լրացել։ Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, ուղղումները ենթադրում են փոփոխություններ Գերագույն դատարանի դատավորների նշանակման կարգում, որոնց մի մասին կնշանակեն նախագահն ու օրենսդիրները` գործադիր իշխանության ներկայացուցիչներից։ Ի դեպ, ակնհայտ է, որ մի կախյալ և գաղափարականացված դատական իշխանությանը կարող է փոխարինելու գալ ոչ պակաս կախյալ և ոչ պակաս գաղափարականացված մեկ այլ կառուցվածք։
Այսպիսով, թեև դժվար է համաձայնել Էրդողանի այն ուրախ հայտարարություններին, թե «Ռամազանի ամսվա ավարտի առթիվ տոնակատարությունից հետո ժողովրդավարության տոնն է եկել», այդուամենայնիվ, թվում է, Թուրքիան նոր չափումների շրջան է թևակոխել։ Այս փուլում պարզվել է, որ հանրաքվեն երկրի կառավարությանը տրված յուրօրինակ վստահության քվե է, և այսօր Թուրքիայում ներկա իշխանությունն իրական այլընտրանք չունի։ Ընդդիմադիր կուսակցությունների միավորումը սկզբունքորեն կարող էր այլընտրանք դառնալ, բայց դրանց ընտրախավերն ու հետապնդած նպատակները չափազանց տարբեր են։ Ավելին, շատ հավանական է, որ կառավարող կուսակցությունը կշարունակի փորձերը` ընդդիմության ճամբարը պառակտելու և ազգայնականների աջակցությունը ստանալու։ Հանրաքվեի նախօրեին Էրդողանը դիմեց նրանց` «թող մեր եղբայր ազգայնականները հիշեն, թե իրենցից քանիսն է ձերբակալվել ու բանտերում տառապել զինվորական հեղաշրջումների ժամանակ», և դա որոշակի արձագանք է գտել։ Իսկ ընդդիմության այն հայտարարությունները, թե Էրդողանը «երկիրը տանում է դեպի արևելյան բռնապետություն», որ «հանրաքվեն իսլամականներին կտա մի իշխանություն, որպիսին նրանք նախկինում երբեք չեն ունեցել», ավելի շատ նախատեսված են արտաքին սպառողի և եվրոպականացած թուրքերի նվազող շերտի համար։ Դիտորդների մեծ մասի կարծիքով, Թուրքիայի շատ քաղաքացիների շրջանում «մեծանում է անտարբերությունը Բրյուսելի նկատմամբ»։ Դրան խիստ համահունչ են ներկա վարչապետի հոգևոր հոր` նախկին վարչապետ Էրբաքանի «մտքի գոհարներն» այն մասին, թե ամբողջ աշխարհը գտնվում է սիոնիստների վերահսկողության ներքո, որ նրանք «անհագ գիշատիչներ են, կոկորդիլոսի նման, որի վերին ծնոտն ԱՄՆ-ն է, ստորինը` Եվրամիությունը», որ ԵՄ-ն «սատանայական գոյացություն» է, և պետք է փոխել առկա իրավիճակը։ «Ավելի լավ է մենք ստեղծենք մեր իսլամական, թուրքական դաշինքը, որտեղ մենք կմիավորվենք այն պետությունների հետ, որոնց հարազատ են մեր արժեքները, մեր մշակույթը շատ ավելի հարուստ է եվրոպականից, մեր մշակույթն ու արժեքներն անհամատեղելի են Եվրոպայի քրիստոնեական արժեքների հետ» կոչերը, թվում է, նպաստավոր հող են գտնում։
Այդուամենայնիվ, չնայած այն կանխատեսումներին, թե Թուրքիայում «միանգամայն նոր մթնոլորտ կտիրի», շատ հավանական է, որ մինչև հանգստությունն ու ընդհանուր բարօրությունը դեռ շատ ճանապարհ կա անցնելու, իսկ դա, հնարավոր է, շատ «ստորջրյա խութեր» ու տեսանելի խնդիրներ կհարուցի։ Ընդդիմության առաջնորդներն արդեն կանխատեսում են Թուրքիայի պառակտումը։ Նրանք կարծում են, որ կառավարությունը պատրաստվում է «խրախճական հաղթանակի», բայց միաժամանակ չի հասկանում, թե ինչ մահաբեր ռումբ է տեղադրում Թուրքիայի կայունության ու ապագայի հիմքում։
Արդյո՞ք այդպես է։ Փորձենք պարզել` իրո՞ք այդքան լուրջ են սպառնալիքները կառավարող վարչակազմի համար։ Նախ, ակնհայտ է, որ ո՛չ զինվորականները, ո՛չ բյուրոկրատիան չեն կարող և չեն ուզում հանձնվել առանց մարտի։ Երկրորդ, Էրդողանը քվեարկության շեմին կոչ արեց, որ հաջորդ քայլը լինելու է Թուրքիայի անցումը կառավարման նախագահական եղանակին, իսկ այդ քայլը շատ փորձագետներ համարում են «Էրդողան-Գյուլ» տանդեմի պառակտմանը տանող քայլ և հենց կառավարող կուսակցության մեջ հակասությունների սրման պատճառ։ Բացի այդ, գալիք տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և եթե իշխանությունները չհամաձայնեն դրանց վաղաժամկետ անցկացմանը և չփորձեն հանրաքվեի հաջողությունից զորություն քաղել, ապա մայիս-հունիսին իրավիճակը կարող է փոխվել, և դրա կարևոր նախադրյալներ կդառնան ոչ այնքան թուրքական ներքին տարաձայնությունները, որքան և՛ ընդդիմությանը խթանող, և՛ «քրդական ճակատը» բորբոքող արտաքին քաղաքական խնդիրները։ Էրդողանն արդեն միավորում է դրանք և ափսոսում, թե «մեր ընդդիմությունը շահագրգռված է, որ ուժասպառ անի մեզ, նրանց համար գլխավորը հաղթելն է, իսկ պետության ճակատագիրը նրանց քիչ է հետաքրքրում, ահաբեկիչները հարվածներ են հասցնում, իսկ ընդդիմադիր կուսակցություններն ահաբեկիչների հետ միաժամանակ խփում են Անկարայից»։
Իսկ այն, որ իշխանություններն ու անձամբ Էրդողանը շատ թշնամիներ են վաստակել Արևմուտքում, ակնհայտ է։ Թեև Եվրոպան, իբր, ընդունել է հանրաքվեի արդյունքներն ու ողջունել ուղղումները, սակայն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը շարունակում է մնալ խնդրահարույց։ Շատ հետաքրքրական է, որ բառացիորեն հանրաքվեի նախօրեին Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուչասը Թուրքիային կոչ արեց իր զորքերը հետ կանչել Կիպրոսից ու Հունաստանին հանձնել թուրքական Մարաշ քաղաքը։ Պատահակա՞ն է, արդյոք, նման հայտարարությունը։ Երևի ոչ, հատկապես Իսրայելի հետ խառը հարաբերությունների և ԱՄՆ-ի հետ «գործընկերային հարաբերությունների» ձախողման միտումների ուժեղացման համատեքստում։ Այս առումով խիստ հատկանշական են նաև Օբամայի այն հայտարարությունները, թե ինքը տարակույսներ ունի Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունների հուսալիության առնչությամբ, և որ դժվար կլինի Կոնգրեսին համոզել, որ անհրաժեշտ է Անկարային զենք վաճառել «քուրդ ապստամբների» դեմ պայքարելու համար։ Եվ, իհարկե, վերջին և բարձրագոչ ակորդը դարձավ այն, որ ամերիկացիները հրաժարվեցին «Անատոլիական բազե» զորավարժություններին մասնակցելուց։
Սուրճի բաժակում գուշակություն չենք անի իրադարձությունների զարգացման շուրջ, առավել ևս, որ ներգործության չափազանց շատ գործոններ կան, և իրադարձություններն աշխարհում սրընթաց են զարգանում։ Բայց ինչ էլ լինի, անգամ եթե կառավարող կուսակցությանը հաջողվի հանրաքվեի արդյունքների շնորհիվ ամրանալ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրանց համար գլխացավանքն ապահովված է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ