Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

«Դրամը թուղթ է, որ պայմանականորեն ընդունվում է իբրև վճարահաշվարկային միջոց»

«Դրամը թուղթ է, որ  պայմանականորեն ընդունվում է  իբրև վճարահաշվարկային միջոց»
20.04.2012 | 00:00

1950 թ. իրավաբան Ֆրանս Մակնամարան գնաց ռեստորան և ընթրիքից հետո գրպանում չգտավ անհրաժեշտ գումարը: Մակնամարան այդ գումարն ուներ, և ռեստորանատերն էլ գիտեր, որ նա վճարունակ է: Այս պատմությունը կարող էր տեղնուտեղն ավարտվել ու մոռացվել, եթե Ֆրանս Մակնամարան, հիմնվելով «Դրամը թուղթ է, որ պայմանականորեն ընդունվում է իբրև վճարահաշվարկային միջոց» հայտնագործության վրա, չորոշեր կատարելագործել այդ «թուղթը»: Խիստ համառոտ` այսպես ստեղծվեցին պլաստիկ քարտերը: Ապրիլի 18-ին «Արարատբանկը» և Diners club International ընկերությունը հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկի մասին:

«Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն օրվա իրադարձությունը որակեց իբրև հաստատված ավանդույթի շարունակություն, երբ բանկն ամեն տարեսկզբին ներկայացնում է վճարահաշվարկային համակարգի նոր գործիք. այդպես է եղել 2010-ին, 2011-ին: 2012-ին «Արարատբանկը» սկսում է համագործակցել Diners club International-ի հետ: Համագործակցությունն ունեցել է երկու փուլ. առաջինը սկսվել է 2011 թ. և բովանդակել է Diners club-ի զարգացման միջավայրի ստեղծումը, երկրորդը կսկսվի 2012-ին, Diners club-ի քարտերի թողարկումով: Պարոն Օսիպյանը պարզաբանեց, որ այժմ ստեղծվում են նոր քարտեր, ինչը շատ կարևոր է, որովհետև քարտերը պիտի համապատասխանեցվեն հայկական շուկային ու հայկական միջավայրին: «Մեր ռազմավարությունը նախատեսում է մատուցել նոր ծառայություններ` նոր շուկաների ուսումնասիրությամբ: Մեզ համար կարևոր է բավարարել մեր հաճախորդների ֆինանսական բոլոր պահանջները, Diners club-ի քարտերը պրեմիում դասի են, շատ արդյունավետ կլինեն մեր այն հաճախորդների համար, ովքեր որոշակի եկամուտ ունեն, հաճախ են մեկնում գործուղումների և հաճախ են ճանապարհորդում: Մինչ այժմ մենք ունեինք աշխարհում գործող 4 վճարահաշվարկային համակարգերից 3-ը, այսօր մեզ միանում է չորրորդը` Diners club-ը»: Աշոտ Օսիպյանը համոզված է, որ Diners club-ի քարտապանները սովորաբար բարձր եկամուտներ ունեցող անձինք են, ովքեր մեծ նշանակություն են տալիս հարմարավետությանը, կարևորում են ծառայությունների արագությունը և աշխարհի ցանկացած կետում իրենց մատուցվող ծառայության որակը:

ԻԲՐԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ. շարունակելով հավատարիմ մնալ իր ռազմավարությանը` «Արարատբանկը» ֆինանսական շուկայի տարբեր հատվածներ ներգրավելու նպատակով ընդլայնում է գործող քարտերի տեսականին` սկսելով կիրառել International վճարահաշվարկային համակարգի պլաստիկ քարտերը, որոնցից աշխարհում 800000 քարտապաններ են օգտվում: Բարձրակարգ քարտապանների հատվածում մրցակցության բարձրացման, առաջարկի դիֆերենցացման և թիրախային խմբի ներգրավման նպատակով 2012-ին «Արարատբանկը» ձեռք է բերել Հայաստանում Diners club վճարահաշվարկային համակարգի քարտերի թողարկման և սպասարկման բացառիկ իրավունք: «Արարատբանկը» այժմ իր քարտային ծրագրերով ապահովում է հասարակության ամենատարբեր շերտերի պահանջը` թողարկելով և սպասարկելով ընտանեկան քարտերից մինչև ուսանողական ու կենսաթոշակային քարտեր: Բիզնեսի համար նախատեսված քարտերը ևս բազմազան են. արդեն 2 տարի բանկը ներդրել է հայաստանյան շուկայում բացառիկ երկակի կիրառման VISA ավտոքարտը և «CLASSIC M» մետրոքարտը: «Արարատբանկն» ունի 90000 գործող քարտ, աշխատավարձային ծրագրի շրջանակներում ընդգրկված է 15000 կորպորատիվ հաճախորդ: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ընդլայնելով բանկոմատների և POS տերմինալների ցանցը, բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տվել օգտվելու 64 բանկոմատներից և 352 POS տերմինալներից:

Diners club Internatio-nal-ի վճարահաշվարկային համակարգի եվրոպական բաժնի տնօրեն Ժան Ֆրանսուա Պոլը ներկայացրեց Diners club-ի պատմությունը` թղթի կտորից ֆինանսական գործուն համակարգի վերածման ամերիկյան երազանքի իրագործումը: Ֆրանսիացու կարծիքով` Diners club International-ի քարտերը նման չեն մյուս քարտերին, որովհետև յուրաքանչյուր երկիր դրանց հնարավորություններն օգտագործում է սեփական զարգացման համար: 2008 թ. մեծ փոփոխություններ եղան համակարգում, Discavery-ն գնեց Diners club International-ը, կատարվեցին մեծ ներդրումներ: Այսօր համակարգը գործում է աշխարհի 185 երկրում (շուտով` 192), 60 արժույթով: Ընկերությունը շարունակում է քայլ առ քայլ մուտք գործել նոր երկրներ, և «Արարատբանկի» հետ համագործակցությունը արդեն կայացած գործարք է: Պարոն Պոլը հանգամանալից և հաճույքով ներկայացրեց «Դիսքավերիի» 25 տարվա պատմությունը ևս` ամփոփելով, որ բոլոր պարագաներում նպատակը եղել է մշակել յուրահատուկ վերաբերմունք և ներկայացնել լրացուցիչ ծառայություններ: Հայաստանում Diners club International-ը աշխատում է միայն «Արարատբանկի» հետ և կարծում է, որ Հայաստանը զարգացող շուկա է ու համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ ունի: Քարտատերերի բոլոր առավելությունների մասին խոսելով` նա նշեց, որ սովորաբար նրանք երկու անգամ ավելի շատ են ծախսում համակարգի մրցակից քարտատերերից: Նա այդ փաստը պատճառաբանեց մեծ ընկերությունների հետ աշխատանքով, քանի որ մարդիկ սովորաբար ավելի մեծ հաճույքով ծախսում են ընկերության, քան անձնական դրամական միջոցները: Կորպորատիվից բացի, կան նաև խառը բրենդավորված քարտեր:

ԻԲՐԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ. 1950 թ. իրավաբան Ֆրանս Մակնամարան հիմնել է Diners club-ը որպես ակումբ, որտեղ մարդիկ, հաճելի ընթրիքից բացի, հաճելի հաղորդակցության հնարավորություն ունեին: Հետագա տասնամյակներում Diners club International-ի քարտերը դարձան աշխարհում առաջին բազմանպատակ օգտագործման վճարամիջոցներ` դառնալով ապրանքների և ծառայությունների դիմաց սպառողների և ընկերությունների վճարման ձևերի ֆինանսական հեղափոխություն: Այսօր Diners club-ը համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ է, որը հոգում է բացառիկ սպառողների վճարային կարիքները, ընկերությունների համար ապահովում վճարային տարատեսակ լուծումներ: Diners club International-ի քարտերը գործում են 185 երկրում, որտեղ տեղակայված է 800000 բանկոմատ: Առօրյա վճարման հարմարավետությունից բացի, քարտերն ընձեռում են կոնսիերժ ծառայությունից մինչև աշխարհի 450 օդանավակայանների սրահներ մուտք գործելու հնարավորություն: Diners club-ի ընձեռած բացառիկ արտոնությունները թույլ են տալիս պնդել, որ այս քարտը քարտապանին տալիս է հատուկ կարգավիճակ:

Diners club International համաշխարհային ընկերության և «Արարատբանկի» համագործակցության մեկնարկի շնորհանդեսին ներկա էին ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներ ևս. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանն ասաց, որ ԿԲ-ի համար շատ կարևոր է «Արարատբանկի» հերթական հաջողությունը, որի շնորհիվ Հայաստան մուտք է գործում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն: Դա, ըստ նրա, նվազագույնը նշանակում է, որ Հայաստանի քարտային համակարգը կայացած է: Diners club International-ի մուտքով շուկայի այդ հատվածում կընդլայնվեն մատուցվող ծառայությունների ծավալները և կբարձրանա որակը: «Զարմանալի չէ այն փաստը, որ այսօր «Արարատբանկն» է այս իրադարձության «մեղավորը», դա բանկի հետևողական քաղաքականության արդյունք է, վերջին տարիների հաջողությունները վկայում են, որ բանկի ղեկավարությունը բարձր խնդիրներ է դրել, որոնց լուծմանը նպաստում է բանկի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը»,- ասաց ԿԲ-ի պաշտոնյան:

«ARCA» վճարահաշվարկային համակարգի ընկերության ներկայացուցիչը ևս կարևորեց իրադարձությունը` Diners club International-ի վճարային քարտերը համարելով այսօրվա շուկայում գործող բոլոր քարտերի նախահայր` ռեստորանում հաշիվը փակելու իրավաբան Ֆրանս Մակնամարայի մտահղացումը վերածվեց վճարահաշվարկային վիթխարի համակարգի գործառնության: Diners club International-ի մուտքը Հայաստան, պարոն Մխիթարյանի գնահատականով, կբարձրացնի մեր երկրի վարկանիշը նաև որպես զբոսաշրջության վայրի: Նա մաղթեց, որ «Արարատբանկի» նախաձեռնությունների յուրաքանչյուր մեկնարկ նման ավարտ ունենա:

Պատասխանելով լրագրողների` Հայաստանում ընկերության գործունեությանը վերաբերող հարցերին` «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասաց, որ բանկն աշխատում է Diners club International-ի հետ Diners club Armenian քարտերի դիզայնի ստեղծման վրա, հաշվի են առնվելու Հայաստանում հաճախորդների եկամտաբերությունը, նախապես ուսումնասիրվել է պահանջարկը: Նրա գնահատմամբ` առաջին տարում կլինի 5000 քարտ, իսկ երեք տարում` 20 000: Նոր ակումբի անդամ դառնալու դեպքում գործող քարտապանների համար ևս կլինեն արտոնություններ քարտի ձեռքբերման, սպասարկման գործընթացում: Այսօր բանկում գործում է աշխատանքային երեք խումբ, որոնք ուսումնասիրում են հաճախորդների առաջարկները, և նոր քարտի դիզայնի մշակման ընթացքում հաշվի կառնվի նրանց կարծիքը ևս: Իսկ Diners club International-ի վճարահաշվարկային համակարգի եվրոպական բաժնի տնօրեն Ժան Ֆրանսուա Պոլը ճշտեց, որ իր կազմակերպությունն արդեն գործում է Վրաստանում, Հայաստանից հետո նախատեսվում է մի քանի ամսից մուտք գործել նաև Ադրբեջան:

Diners club International-ի հետ համագործակցությունն ի՞նչ է ավելացնելու «Արարատբանկին» հարցին ի պատասխան «Արարատբանկի» խորհրդի նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ ասաց.

-Նախ` հաճախորդների թվի և դրամաշրջանառության մեծացում, որն ինքնին կարևորում է բանկի արժեքը: Փաստորեն, բանկը բացառիկ իրավունք է ձեռքբերում` ներկայացնելու Diners club International-ը Հայաստանում, որը նոր հնարավորություններ է բերում բանկի հաճախորդների համար. նրանք կօգտվեն համակարգի ծառայություններից նաև Հայաստանից դուրս` օդանավակայաններում: Սա ըստ էության AMERICAN EXPRESS-ի մրցակիցն է, որը, մասնագետների կարծիքով, ավելի էլիտար ընդգրկում ունի։ Իսկ դա նշանակում է դրամական մուտքեր Հայաստան, որի դիմաց քարտապաններն աշխարհով մեկ բարձրորակ ծառայությունների հնարավորություն են ստանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ